Եբրայեցիներ 3։1-19

  • Հիսուսը ավելի մեծ փառքի է արժանի, քան Մովսեսը (1-6)

    • Ամեն բան ստեղծողն Աստված է (4)

  • Նախազգուշացում անհավատ չլինելու վերաբերյալ (7-19)

    • «Երանի՜ թե այսօր լսեք նրա ձայնը» (7,15)

3  Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, որ կանչվել եք* երկինք գնալու,+ խորհրդածեք այն առաքյալի և քահանայապետի մասին, որին հանրորեն դավանում ենք, այսինքն՝ Հիսուսի:+ 2  Նա հավատարիմ էր Աստծուն, ով տվեց իրեն այդ պատասխանատվությունը,+ ճիշտ ինչպես Մովսեսն էր հավատարիմ Աստծու տան* մեջ ծառայելիս:+ 3  Բայց Հիսուսը ավելի մեծ փառքի է արժանի,+ քան Մովսեսը. չէ՞ որ տուն կառուցողը ավելի մեծ պատվի է արժանի, քան իր կառուցած տունը:* 4  Ամեն տուն կառուցող ունի, մինչդեռ ամեն բան ստեղծողն Աստված է: 5  Մովսեսը հավատարիմ էր որպես Աստծու տան մեջ ծառայող սպասավոր, և դա նախապատկերում էր այն ամենը,* ինչի մասին հռչակվելու էր հետագայում: 6  Քրիստոսն էլ հավատարիմ է որպես Աստծու տունը ղեկավարող որդի:+ Իսկ մենք Աստծու տունն ենք,+ եթե, իհարկե, խոսում ենք համարձակությամբ* և մինչև վերջ ամուր ենք պահում այն հույսը, որը մեր ուրախությունն է: 7  Ուստի ահա թե ինչ է ասվում սուրբ ոգու միջոցով.+ «Երանի՜ թե այսօր լսեք նրա ձայնը, ով ասում է. 8  «Մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես ձեր նախահայրերը, որոնք իմ ցասումը բորբոքեցին այն օրը, երբ փորձեցին ինձ անապատում:+ 9  Այնտեղ ձեր նախահայրերը, 40 տարի շարունակ իմ գործերը տեսնելով հանդերձ, փորձեցին ու ստուգեցին ինձ:+ 10  Այդ պատճառով էլ ես զզվեցի այս սերնդից ու ասացի. «Նրանք միշտ իրենց սրտի ցանկություններով են շարժվում և իմ ճանապարհները այդպես էլ չըմբռնեցին»: 11  Այնպես որ բարկությամբ լցված՝ երդվեցի. «Նրանք իմ հանգստի մեջ չեն մտնի»»»:+ 12  Եղբայրնե՛ր, զգույշ եղեք, որ ձեզնից ոչ մեկը չհեռանա կենդանի Աստծուց, և արդյունքում ձեր մեջ երբևէ չար ու անհավատ սիրտ չձևավորվի:+ 13  Եվ քանի դեռ այդ «այսօրը» չի վերջացել,+ շարունակեք ամեն օր քաջալերել միմյանց, որպեսզի ոչ մեկիդ սիրտը չկարծրանա՝ տրվելով մեղքի մոլորեցնող հրապույրին:* 14  Չէ՞ որ մենք Քրիստոսի հետ մասնակից կլինենք ամեն ինչին միայն այն դեպքում, եթե սկզբում ունեցած մեր վստահությունը ամուր պահենք մինչև վերջ,+ 15  ինչպես որ ասվում է. «Երանի՜ թե այսօր լսեք նրա ձայնը, ով ասում է. «Մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես ձեր նախահայրերը, որոնք իմ ցասումը բորբոքեցին այն օրը»»:+ 16  Եվ ովքե՞ր էին, որ Աստծու ձայնը լսելով հանդերձ՝ բորբոքեցին նրա ցասումը: Չէ՞ որ Մովսեսի առաջնորդությամբ Եգիպտոսից դուրս եկածներն էին:+ 17  Եվ ո՞ւմ հանդեպ էր Աստված զզվանք զգում 40 տարի շարունակ:+ Չէ՞ որ նրանց հանդեպ, ովքեր մեղք գործեցին և մահացան անապատում:+ 18  Նա ո՞ւմ երդվեց, որ չեն մտնելու իր հանգստի մեջ: Չէ՞ որ նրանց, ովքեր անհնազանդ էին: 19  Այսպիսով՝ տեսնում ենք, որ իրենց անհավատության պատճառով նրանք չվայելեցին այն:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «հրավեր եք ստացել»:
Խոսքը Իսրայելի ազգի մասին է:
Կամ՝ «տան մեջ ծառայողը»:
Կամ՝ «վկայում էր այն ամենի մասին»:
Կամ՝ «ազատությամբ», «վստահությամբ»:
Կամ՝ «ուժին»: