Դանիել 5։1-31

  • Բաղդասար թագավորի խնջույքը (1-4)

  • Մի ձեռք գրում է պատին (5-12)

  • Դանիելին ասում են, որ բացատրի գրության նշանակությունը (13-25)

  • Գրության նշանակությունը. Բաբելոնը կործանվելու է (26-31)

5  Բաղդասար թագավորը+ մեծ խնջույք էր կազմակերպել իր հազար մեծամեծների համար և գինի էր խմում նրանց առաջ:+  Գինովցած Բաղդասարը հրամայեց բերել այն ոսկե և արծաթե անոթները, որոնք իր հայր Նաբուգոդոնոսորը վերցրել էր Երուսաղեմի տաճարից:+ Թագավորն ուզում էր իր մեծամեծների, իր կանանց ու հարճերի հետ խմել դրանցով:  Այդ ժամանակ Երուսաղեմում գտնվող ճշմարիտ Աստծու տան սրբարանից վերցված ոսկե անոթները բերեցին, և թագավորն ու իր մեծամեծները, իր կանայք ու հարճերը խմեցին դրանցով:  Նրանք գինի խմեցին ու գովաբանեցին ոսկե, արծաթե, պղնձե, երկաթե, փայտե ու քարե աստվածներին:  Այդ պահին մարդու ձեռք հայտնվեց ու սկսեց գրել արքայական պալատի պատին՝* ճրագակալի մոտ, և թագավորը տեսավ ձեռքը, որը գրում էր:  Նա գունատվեց ու այնքան վախեցավ, որ ոտքերը թուլացան,+ և ծնկները սկսեցին դողալ:  Թագավորը բղավելով հրամայեց, որ բերեն ոգի կանչողներին, քաղդեացիներին* ու աստղագուշակներին:+ Նա ասաց Բաբելոնի իմաստուններին. «Նրան, ով կկարդա այս գրությունը և կբացատրի դրա նշանակությունը, մանուշակագույն* հագուստ կհագցնեն, ոսկե վզնոց կգցեն նրա պարանոցին,+ և թագավորության մեջ նա երրորդ իշխանը կլինի»:+  Թագավորի բոլոր իմաստունները ներս մտան, սակայն չկարողացան կարդալ գրությունը կամ բացատրել դրա նշանակությունը:+  Բաղդասար թագավորը էլ ավելի վախեցավ ու գունատվեց, իսկ նրա մեծամեծները շփոթահար եղան:+ 10  Թագուհին, լսելով թագավորի ու նրա մեծամեծների խոսքերը, մտավ խնջույքի սրահ: Նա ասաց. «Ո՛վ թագավոր, հավիտյան ո՛ղջ եղիր, ինչո՞ւ ես գունատվել, թող ոչինչ չվախեցնի քեզ: 11  Քո թագավորության մեջ մի մարդ կա, որի մեջ սուրբ աստվածների ոգին է: Քո հոր օրերում նա հայտնի էր արտասովոր գիտելիքներով, հասկացողությամբ և այնպիսի իմաստությամբ, որ աստվածներն ունեն:+ Քո հայրը՝ Նաբուգոդոնոսոր թագավորը, նրան մոգությամբ զբաղվող քրմերի, ոգի կանչողների, քաղդեացիների և աստղագուշակների վերակացու նշանակեց:+ Քո հա՛յրը դա արեց, ո՛վ թագավոր: 12  Դանիելը, որին թագավորը Բաղդասասար կոչեց,+ բացառիկ հասկացողություն* ու գիտելիքներ ուներ, նաև երազներ մեկնելու, հանելուկներ լուծելու և բարդ խնդիրներ հանգուցալուծելու ունակություն:+ Հիմա թող կանչեն Դանիելին, ու նա կբացատրի գրության նշանակությունը»: 13  Ուստի Դանիելին բերեցին թագավորի մոտ: Թագավորը հարցրեց նրան. «Դո՞ւ ես Դանիելը՝ այն մարդկանցից մեկը,+ որոնց իմ հայրը՝ թագավորը, Հուդայից գերեվարել է:+ 14  Լսել եմ, որ աստվածների ոգին է քո մեջ,+ և որ օժտված ես արտասովոր գիտելիքներով, հասկացողությամբ ու բացառիկ իմաստությամբ:+ 15  Իմաստուններին ու ոգի կանչողներին ինձ մոտ բերեցին, որ կարդան այս գրությունը և բացատրեն դրա նշանակությունը, սակայն նրանք չեն կարողանում դա անել:+ 16  Իսկ քո մասին լսել եմ, որ կարողանում ես մեկնություններ տալ+ ու բարդ խնդիրներ հանգուցալուծել: Եվ հիմա, եթե կարողանաս կարդալ գրությունն ու բացատրել դրա նշանակությունը, քեզ մանուշակագույն հագուստ կհագցնեն, ոսկե վզնոց կգցեն պարանոցիդ, և դու թագավորության մեջ երրորդ իշխանը կլինես»:+ 17  Դանիելը պատասխանեց թագավորին. «Թող քո պարգևները քեզ մնան, ու նվերներդ ուրիշներին տուր: Այնուհանդերձ, ես կկարդամ գրությունը թագավորի համար և կբացատրեմ դրա նշանակությունը: 18  Ո՛վ թագավոր, Բարձրյալ Աստվածը քո հայր Նաբուգոդոնոսորին տվել էր թագավորություն, մեծություն, փառք ու պատիվ:+ 19  Նրա մեծությունը, որ Աստված տվել էր, ահուդողի մեջ էր գցել տարբեր լեզուներով խոսող բոլոր ժողովուրդներին և ազգերին:+ Ում որ ուզում էր, սպանում էր կամ ողջ թողնում, և ում որ ուզում էր, բարձրացնում էր կամ ցածրացնում:+ 20  Բայց երբ գոռոզացավ ու համառ դարձավ և սկսեց հանդգնությամբ վարվել,+ գահընկեց արվեց ու զրկվեց փառքից: 21  Նրան վռնդեցին ու հեռացրին մարդկանցից, և նրա սիրտը գազանի սրտի պես դարձավ, ու նա վայրի էշերի հետ բնակվեց: Նրան բուսականությամբ էին կերակրում, ինչպես ցլերին, և նրա մարմինը երկնքի ցողով էր թրջվում: Ի վերջո նա հասկացավ, որ մարդկային թագավորությունների վրա իշխանությունը Բարձրյալ Աստծուն է պատկանում, և նա այն տալիս է նրան, ում ուզում է:+ 22  Բայց դու, ո՛վ Բաղդասար, որ նրա որդին ես, չխոնարհեցրիր քո սիրտը, թեև գիտեիր այդ ամենը: 23  Դու մեծամտանալով դուրս եկար երկնքի Տիրոջ դեմ+ և քեզ մոտ բերել տվեցիր նրա տան անոթները:+ Ապա դու և քո մեծամեծները, քո կանայք ու հարճերը գինի խմեցիք դրանցով և գովաբանեցիք արծաթե, ոսկե, պղնձե, երկաթե, փայտե ու քարե աստվածներին, որոնք ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում և ոչինչ չգիտեն:+ Բայց այն Աստծուն, ով իշխանություն ունի քո կյանքի*+ ու գործերի վրա, դու չփառաբանեցիր: 24  Ուստի նա այդ ձեռքն ուղարկեց, և այս գրությունը գրվեց:+ 25  Այստեղ գրված է. «ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ու ՓԱՐՍԻՆ»: 26  Այս բառերի նշանակությունը սա է: ՄԵՆԵ՝ Աստված հաշվել է քո իշխանության օրերը և դրան վերջ է դրել:+ 27  ԹԵԿԵԼ՝ դու կշռվել ես, ու քաշդ պակաս է եղել: 28  ՓԵՐԵՍ՝ քո թագավորությունը բաժանվել ու տրվել է մարերին և պարսիկներին»:+ 29  Այդ ժամանակ Բաղդասարը հրաման տվեց, և Դանիելին մանուշակագույն հագուստ հագցրին, պարանոցին ոսկե վզնոց գցեցին ու ազդարարեցին, որ նա թագավորության մեջ երրորդ իշխանն է լինելու:+ 30  Հենց այդ գիշեր քաղդեացիների թագավոր Բաղդասարը սպանվեց:+ 31  Իշխանությունը տրվեց մարաց Դարեհին,+ որը մոտ 62 տարեկան էր:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ծեփած պատին»:
Այսպես էր կոչվում այն խմբավորումը, որը զբաղվում էր գուշակությամբ:
Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:
Կամ՝ «ոգի»:
Բռց.՝ «ում ձեռքում է քո շունչը»: