Դանիել 11։1-45
11 «Մարաց Դարեհի+ իշխանության առաջին տարում ես սկսեցի աջակցել ու զորացնել նրան:*
2 Այն, ինչ հիմա կպատմեմ քեզ, վստահարժան է:
Պարսկաստանում ևս երեք թագավոր է իշխանության գալու,* և չորրորդը ավելի մեծ հարստություն է կուտակելու, քան մյուս բոլորը: Երբ նա իր հարստությամբ զորավոր դառնա, ամենքին և ամեն բան կհանի Հունաստանի թագավորության դեմ:+
3 Մի հզոր թագավոր է ի հայտ գալու, որը մեծ իշխանություն է ունենալու*+ և անելու է այն, ինչ կամենալու է:
4 Երբ նա հասնի իր իշխանության գագաթնակետին, նրա թագավորությունը կփլուզվի և կցրվի երկրի չորս կողմերով:*+ Այն չի տրվի նրա սերունդներին և այլևս չի լինի այնքան հզոր, որքան որ նրա իշխանության օրոք էր, քանի որ նրա թագավորությունը արմատախիլ կլինի և ուրիշներին կտրվի:
5 Նրա իշխաններից մեկը, այսինքն՝ հարավի թագավորը, կհզորանա: Բայց մեկ ուրիշը* կգերազանցի նրան ու շատ մեծ իշխանություն կունենա, ավելի մեծ, քան նրանը:
6 Տարիներ անց նրանք դաշինք կկնքեն իրար հետ, և հարավի թագավորի աղջիկը կգա հյուսիսի թագավորի մոտ, որպեսզի համաձայնություն կնքի: Բայց նա կկորցնի իր զորությունը, թագավորը նույնպես կկորցնի իր զորությունը: Աղջիկը, նրան բերողները, ինչպես նաև նրա հայրն ու այդ ժամանակներում նրան զորացնողը ուրիշների ձեռքը կմատնվեն:
7 Աղջկա արմատներից առաջացած մի ընձյուղ կզբաղեցնի նրա* տեղը: Նա դուրս կգա զորքի և հյուսիսի թագավորի ամրոցի դեմ, կհարձակվի դրանց վրա ու հաղթանակ կտանի:
8 Նրանց աստվածներով, ձուլածո կուռքերով, արծաթե ու ոսկե թանկարժեք իրերով և գերիներով նա կգա Եգիպտոս: Նա մի քանի տարի հյուսիսի թագավորին հանգիստ կթողնի:
9 Հյուսիսի թագավորը կհարձակվի հարավի թագավորի թագավորության վրա, բայց հետո կվերադառնա իր երկիր:
10 Իսկ նրա որդիները կպատրաստվեն պատերազմի ու հսկայական զորք կհավաքեն: Նա առաջ կշարժվի ու հեղեղի պես կանցնի երկրով: Բայց հետո հետ կդառնա ու ողջ ճանապարհին կպատերազմի, մինչև որ հասնի ամրոցը:
11 Հարավի թագավորը կզայրանա, դուրս կգա և կպատերազմի նրա, այսինքն՝ հյուսիսի թագավորի դեմ: Նա էլ մեծ բազմություն ոտքի կհանի, բայց այն կտրվի նրա* ձեռքը:
12 Այդ բազմությունը կպարտվի:* Նա* կմեծամտանա ու կկործանի տասնյակ հազարավորների, բայց չի օգտվի իր հզոր դիրքից:
13 Հյուսիսի թագավորը կվերադառնա և նախորդից ավելի մեծ բազմություն կհավաքի: Որոշ ժամանակ անց՝ մի քանի տարի հետո, նա անպայման կգա մեծ և լավ սպառազինված զորքով:
14 Այդ ժամանակներում շատերը հարավի թագավորի դեմ դուրս կգան:
Քո ժողովրդի միջից բռնարար մարդիկ* կընկնեն ուրիշների ազդեցության տակ ու կփորձեն իրագործել տեսիլքը, բայց հաջողություն չեն ունենա:
15 Հյուսիսի թագավորը կգա, պատնեշ կկանգնեցնի և մի ամրացված քաղաք կգրավի: Իսկ հարավի զորքերը,* անգամ նրա լավագույն ռազմիկները չեն կարողանա դիմադրել. նրանք դիմադրելու ուժ չեն ունենա:
16 Հարավի թագավորի դեմ դուրս եկողը կանի այն, ինչ կկամենա, և ոչ ոք չի կարողանա դիմակայել նրան: Նա կկանգնի Չքնաղ* երկրում,+ և նրա ձեռքում կործանելու զորություն կլինի:
17 Նա կվճռի գալ իր թագավորության ողջ զորությամբ: Նրա հետ համաձայնություն կկնքվի, ու նա կիրագործի իր մտքինը: Նրան թույլ կտրվի վնաս հասցնել կանանց աղջկան: Վերջինս չի կարողանա դիմադրել ու այլևս նրանը չի լինի:
18 Նա* իր ուշադրությունը կդարձնի ծովափնյա շրջաններին ու շատ տարածքներ կգրավի: Եվ մի զորապետ վերջ կդնի նրա գոռոզ վարքագծին, և գոռոզությամբ վարվողը կնվաստացվի:
19 Հետո վերջինս կվերադառնա իր երկրի ամրոցները, բայց կսայթաքի և կընկնի ու այլևս գոյություն չի ունենա:
20 Նրա տեղը կզբաղեցնի մեկ ուրիշը, ով հավաքագրող* կուղարկի, որ նա անցնի փառահեղ թագավորության միջով: Բայց մի քանի օրից նա* կկործանվի, թեև պատճառը ո՛չ բարկությունը կլինի, ո՛չ էլ պատերազմը:
21 Նրա տեղը կզբաղեցնի մեկը, ով արհամարհված* է, և նրան թագավորական մեծափառության չեն արժանացնի: Նա կգա խաղաղ ժամանակ* և խորամանկությամբ* կտիրանա թագավորությանը:
22 Նա կջախջախի զորքերը, որ հեղեղի են նման: Դրանք կկործանվեն, իսկ ուխտի+ Առաջնորդը+ կսպանվի:
23 Քանի որ նրա հետ դաշինք կկնքվի, նա խաբեությամբ կվարվի և փոքրաթիվ ազգի օգնությամբ կհզորանա:
24 Խաղաղ ժամանակ նա կմտնի մարզի ամենահարուստ տարածքները և կանի այն, ինչ իր նախորդները չեն արել: Նա ժողովրդի միջև կբաժանի կողոպտվածը, ավարը և ունեցվածքը, ծրագրեր կկազմի ամրությունների դեմ, բայց միայն մի որոշ ժամանակ:
25 Նա ուժ և քաջություն կհավաքի, որ մեծ զորքով դուրս գա հարավի թագավորի դեմ: Հարավի թագավորն էլ կպատրաստվի պատերազմելու նրա դեմ չափազանց մեծ ու հզոր զորքով: Բայց նա* չի կարողանա դիմադրել, որովհետև իր դեմ ծրագրեր կկազմվեն:
26 Նրան կկործանեն հենց նրա ընտիր կերակուրներն ուտողները:
Նրա զորքը կջախջախվի, և շատերը կսպանվեն:
27 Այս երկու թագավորների սիրտը հակված կլինի չարիք անելու: Նրանք կնստեն մի սեղանի շուրջ և կստեն իրար: Սակայն հաջողություն չեն ունենա, քանի որ վերջը սահմանված ժամանակին է գալու:+
28 Նա* իր երկիր կվերադառնա շատ ունեցվածքով և կվճռի դուրս գալ սուրբ ուխտի դեմ: Նա կիրագործի իր մտադրությունն ու կվերադառնա իր երկիր:
29 Սահմանված ժամանակին նա կրկին դուրս կգա հարավի դեմ: Բայց այս անգամ առաջվա պես չի լինի,
30 քանի որ նրա դեմ դուրս կգան Կիտիմի+ նավերը, և նա կխոնարհեցվի:
Նա կվերադառնա ու իր բարկությունը կթափի սուրբ ուխտի վրա+ և կիրագործի իր մտադրությունը: Երբ վերադառնա, ուշադրություն կդարձնի սուրբ ուխտը դրժողներին:
31 Նրա զորքերը* գործի կանցնեն և կպղծեն սրբարանը,+ որն ամրոց է, ու կդադարեցնեն մշտական զոհաբերությունը:+
Եվ հիմք կդրվի կործանում բերող գարշանքին:+
32 Նա կեղծավոր խոսքերով* հավատուրացության կտանի նրանց, ովքեր չար գործեր են անում՝ այդպիսով դրժելով ուխտը: Բայց իր Աստծուն ճանաչող ժողովուրդը ամուր կլինի և հաջողություն կունենա:
33 Իմաստություն ունեցող+ մարդիկ շատերին կսովորեցնեն: Մի քանի օր նրանց տառապանք կպատճառեն. նրանք կընկնեն սրից, կայրվեն կրակով, կգերեվարվեն և կկողոպտվեն:
34 Բայց երբ տառապեն, նրանց մի փոքր օգնություն ցույց կտրվի: Շատերը, կեղծավոր խոսքեր ասելով,* կմիանան նրանց:
35 Իմաստություն ունեցող մարդկանցից ոմանց տառապանք կպատճառեն, որպեսզի դրա շնորհիվ մինչև վերջի ժամանակը ժողովուրդը զտվի, մաքրվի և սպիտակեցվի:+ Սա լինելու է սահմանված ժամանակին:
36 Այդ թագավորը կանի այն, ինչ կկամենա, նա իրեն բոլոր աստվածներից կբարձրացնի ու կմեծարի և աստվածների Աստծու դեմ+ ապշեցուցիչ բաներ կխոսի: Նա հաջողություն կունենա, մինչև բարկության ժամանակը ավարտվի, քանի որ այն, ինչ որոշվել է, պետք է կատարվի:
37 Նա կարհամարհի իր հայրերի Աստծուն, կարհամարհի նաև կանանց ցանկություններն ու մյուս բոլոր աստվածներին և իրեն բոլորից բարձր կդասի:
38 Նա փառք կտա ամրոցների աստծուն՝ իր հայրերին անծանոթ մի աստծու՝ տալով նրան ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր և այլ արժեքավոր բաներ:
39 Այդ օտար աստծու օգնությամբ նա հաջողություն կունենա ամենաանառիկ ամրոցների դեմ պայքարում: Իրեն ընդունողներին* նա մեծ փառք կշնորհի ու նրանց շատերի վրա կառավարիչ կնշանակի: Վճարի դիմաց նա տարածքներ կտա:
40 Վերջի ժամանակում հարավի թագավորը հակամարտության մեջ կմտնի հյուսիսի թագավորի հետ, և վերջինս փոթորկի պես դուրս կգա նրա դեմ կառքերով, հեծյալներով ու շատ նավերով: Նա կմտնի երկրներ և հեղեղի պես կանցնի դրանցով:
41 Նաև կմտնի Չքնաղ երկիր+ ու շատ երկրներ կտապալի: Բայց նրա ձեռքից կազատվեն Եդոմը, Մովաբն ու ամմոնացիների գլխավորները:
42 Նա կշարունակի իր զորությունն օգտագործել ընդդեմ երկրների, ու Եգիպտոսն էլ չի ազատվի:
43 Նա կտնօրինի թաքնված գանձերը՝ ոսկին, արծաթը ու Եգիպտոսի բոլոր թանկարժեք բաները: Իսկ լիբիացիներն ու եթովպացիները կհետևեն նրան:
44 Բայց արևելքից և հյուսիսից ստացած լուրերը կանհանգստացնեն նրան, և նա մեծ ցասումով դուրս կգա, որպեսզի շատերին ոչնչացնի ու կործանի:
45 Իր արքայական վրանները կկանգնեցնի մեծ ծովի ու Չքնաղ երկրի սուրբ լեռան միջև:+ Նա կգնա դեպի իր վախճանը, և ոչ ոք նրան չի օգնի»:
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ Միքայելին:
^ Բռց.՝ «վեր կենալու»:
^ Կամ՝ «մեծ տարածքի վրա է իշխելու»:
^ Բռց.՝ «դեպի երկնքի չորս քամիները»:
^ Ըստ ամենայնի, խոսքը հյուսիսի թագավորի մասին է:
^ Ըստ ամենայնի, խոսքը հարավի թագավորի մասին է:
^ Ըստ ամենայնի, խոսքը հարավի թագավորի մասին է:
^ Բռց.՝ «կտարվի»:
^ Այսինքն՝ հարավի թագավորը:
^ Կամ՝ «կողոպտիչների որդիները»:
^ Բռց.՝ «բազուկները»:
^ Կամ՝ «Փառահեղ»:
^ Այսինքն՝ հյուսիսի թագավորը:
^ Հավանաբար «հարկահավաք» կամ «վերահսկիչ»:
^ Ըստ ամենայնի, խոսքը հյուսիսի թագավորի մասին է:
^ Կամ՝ «արհամարհելի»:
^ Կամ՝ «խարդավանքներով»:
^ Կամ հնարավոր է՝ «առանց նախազգուշացնելու»:
^ Ըստ ամենայնի, խոսքը հյուսիսի թագավորի մասին է:
^ Ըստ ամենայնի, խոսքը հյուսիսի թագավորի մասին է:
^ Բռց.՝ «բազուկները»:
^ Կամ՝ «շողոքորթությամբ»:
^ Կամ՝ «շողոքորթությամբ»:
^ Կամ հնարավոր է՝ «Ցանկացած մեկին, ում ինքը կընդունի»: