Գործեր 19։1-41
19 Մինչ Ապողոսը+ Կորնթոսում էր, Պողոսը գնաց Եփեսոս՝+ անցնելով ծովից հեռու գտնվող շրջաններով: Այնտեղ նա հանդիպեց մի քանի աշակերտների
2 և հարցրեց նրանց. «Երբ հավատացյալներ դարձաք, սուրբ ոգի ստացա՞ք»:+ Նրանք պատասխանեցին. «Մենք չենք էլ լսել, որ սուրբ ոգի կա»:
3 Նա հարցրեց. «Այդ դեպքում ինչպե՞ս եք մկրտվել»: Նրանք էլ պատասխանեցին. «Հովհաննեսի սովորեցրածի համաձայն»:+
4 Պողոսն ասաց. «Հովհաննեսը մարդկանց մկրտում էր որպես նրանց մեղքերի զղջման խորհրդանիշ:+ Նա ժողովրդին հորդորում էր հավատալ նրան, ով իրենից հետո էր գալու,+ այսինքն՝ Հիսուսին»:
5 Դա լսելով՝ նրանք մկրտվեցին Տեր Հիսուսի անունով:
6 Երբ Պողոսը ձեռքերը այդ աշակերտների վրա դրեց, սուրբ ոգին իջավ նրանց վրա,+ և նրանք սկսեցին օտար լեզուներով խոսել ու մարգարեանալ:+
7 Բոլորը միասին մոտ 12 հոգի էին:
8 Երեք ամիս շարունակ նա ժողովարանում համարձակությամբ քարոզում էր՝+ Աստծու թագավորության մասին ելույթներ անելով և համոզիչ փաստարկներ բերելով:+
9 Բայց երբ մի քանիսը համառորեն չցանկացան հավատալ և մարդկանց առաջ սկսեցին վիրավորական խոսքերով արտահայտվել Ճանապարհի* մասին,+ Պողոսը հեռացավ նրանցից+ և աշակերտներին իր հետ տարավ: Նա ամեն օր ելույթներ էր անում Տյուրանոսի դպրոցի լսարանում:
10 Նա ուսուցանեց երկու տարի, և Ասիայի բոլոր բնակիչները՝ թե՛ հրեաները, թե՛ հույները, լսեցին Տիրոջ խոսքը:
11 Աստված Պողոսի միջոցով շարունակում էր արտասովոր հրաշքներ գործել:+
12 Մարդիկ անգամ նրա մարմնին դիպած թաշկինակներն ու գոգնոցները տանում էին հիվանդների մոտ,+ ու նրանք բուժվում էին, և չար ոգիները դուրս էին գալիս մարդկանց միջից:+
13 Որոշ հրեաներ, որոնք շրջում ու դևեր էին հանում, փորձեցին դա անել Տեր Հիսուսի անունով: Նրանք ասում էին դիվահար մարդկանց. «Հիսուսի անունով, ում մասին Պողոսը քարոզում է, հրամայում եմ դուրս ելնել»:+
14 Այդպես էին անում նաև հրեա ավագ քահանա Սկևայի յոթ որդիները:
15 Բայց մի անգամ չար ոգին ասաց նրանց. «Հիսուսին գիտեմ,+ Պողոսին էլ եմ ծանոթ,+ իսկ դո՞ւք ով եք»:
16 Եվ այն մարդը, որի մեջ այդ չար ոգին էր, հարձակվեց նրանց վրա և մեկ առ մեկ գետին տապալեց, այնպես որ նրանք մերկ ու վիրավոր փախան այդ տնից:
17 Այդ մասին իմացան Եփեսոսի բոլոր բնակիչները՝ թե՛ հրեաները և թե՛ հույները: Բոլորը վախով համակվեցին, և Տեր Հիսուսի անունը մեծարվում էր:
18 Հավատացյալ դարձածներից շատերը գալիս խոստովանում էին իրենց արածները՝ բացահայտ պատմելով դրանց մասին:
19 Մոգությամբ զբաղվող մեծ թվով մարդիկ իրենց գրքերը մեկտեղ հավաքեցին և բոլորի առաջ այրեցին:+ Նրանք հաշվեցին դրանց ընդհանուր արժեքը, և այն 50 000 արծաթադրամ կազմեց:
20 Այսպես Եհովայի խոսքը զորավոր կերպով տարածվում էր և ավելի ու ավելի մեծ ազդեցություն էր ունենում մարդկանց վրա:+
21 Այս ամենից հետո Պողոսը որոշեց, որ Մակեդոնիա+ ու Աքայա գնալուց հետո ճանապարհ կընկնի դեպի Երուսաղեմ:+ Նա ասաց. «Երուսաղեմից հետո պետք է նաև Հռոմ գնամ»:+
22 Նա Մակեդոնիա ուղարկեց իր օգնականներից երկուսին՝ Տիմոթեոսին+ ու Երաստոսին,+ իսկ ինքը մի որոշ ժամանակ մնաց Ասիայում:
23 Այդ ժամանակ Ճանապարհի+ հետ կապված մեծ խռովություն բարձրացավ:+
24 Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիսի տաճարի արծաթյա մանրակերտներ էր պատրաստում, և նրա շնորհիվ արհեստավորները մեծ եկամուտ էին ունենում:+
25 Նա հավաքեց իր հետ աշխատող, ինչպես նաև ուրիշ արհեստավորների ու ասաց. «Դուք լավ գիտեք, որ մեր բարեկեցությունը այս գործից է կախված:
26 Բայց ինչպես տեսնում ու լսում եք, այդ Պողոսը շատ մարդկանց համոզել է, որ ձեռքով պատրաստված աստվածները իրական աստվածներ չեն,+ և դա նրան հաջողվել է անել ոչ միայն Եփեսոսում,+ այլև ողջ Ասիայում:
27 Ավելին՝ վտանգ կա, որ ոչ միայն մեր այս գործը կվարկաբեկվի, այլև մեծ աստվածուհի Արտեմիսի տաճարը կարհամարհվի, և նա, ում ամբողջ Ասիան և ողջ երկիրն են պաշտում, կզրկվի իր մեծափառությունից»:
28 Սա լսելով՝ մարդիկ բարկությամբ լցվեցին ու սկսեցին բղավել. «Մե՜ծ է եփեսացիների Արտեմիսը»:
29 Քաղաքում իրարանցում սկսվեց, և ժողովուրդը ներխուժեց թատրոն՝ իր հետ քարշ տալով Պողոսի ուղեկիցներ Գայոսին ու Արիստարքոսին,+ որոնք մակեդոնացիներ էին:
30 Պողոսն ուզում էր ներս մտնել, որ խոսեր ժողովրդի հետ, բայց աշակերտները չթողեցին:
31 Նույնիսկ տոների և խաղերի կազմակերպիչներից ոմանք, ովքեր ընկերական հարաբերություններ ունեին նրա հետ, մարդ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի զգուշացնեն, որ չմտնի թատրոն և իրեն վտանգի չենթարկի:
32 Բանն այն է, որ այնտեղ խառնաշփոթ էր տիրում. ոմանք մի բան էին բղավում, իսկ ուրիշները՝ այլ բան, և մեծամասնությունը չգիտեր, թե ինչի համար է հավաքվել:
33 Այդ ժամանակ ամբոխի միջից դուրս հանեցին Ալեքսանդրոս անունով մի մարդու, որին հրեաները առաջ էին հրում: Ալեքսանդրոսը ձեռքով նշան արեց՝ ցույց տալով, որ ուզում է խոսել ժողովրդի առաջ:
34 Բայց երբ պարզ դարձավ, որ նա հրեա է, բոլորը սկսեցին միաձայն բացականչել՝ «Մե՜ծ է եփեսացիների Արտեմիսը», և մոտ երկու ժամ դա էին բղավում:
35 Երբ քաղաքի կառավարիչը ի վերջո հանդարտեցրեց ամբոխին, ասաց. «Եփեսոսի՛ բնակիչներ, ո՞վ չգիտի, որ Եփեսոս քաղաքը մեծ Արտեմիսի տաճարի և երկնքից ընկած պատկերի պահապանն է:
36 Քանի որ սա անժխտելի է, հանդարտությո՛ւն պահպանեք և հապճեպ մի՛ գործեք:
37 Այս մարդիկ, որոնց բերել եք այստեղ, ո՛չ տաճար կողոպտողներ են, ո՛չ էլ մեր աստվածուհուն անարգողներ:
38 Ուրեմն եթե Դեմետրիոսն+ ու նրա հետ եղող արհեստավորները որևէ մեկի դեմ մեղադրանք ունեն, դրա համար կան դատավարության օրեր և պրոկոնսուլներ.* թող դատարանո՛ւմ իրար դեմ մեղադրանքներ ներկայացնեն:
39 Իսկ եթե ձեր ուզածը ավելին է, ապա դրա հետ կապված որոշում պետք է կայացվի օրինականորեն գումարված ժողովում,
40 որովհետև այսօրվա պատահածի համար մեզ կարող են խռովություն հրահրելու մեջ մեղադրել. չէ՞ որ մենք ոչ մի պատճառ չենք կարող ներկայացնել այս անզուսպ հավաքը արդարացնելու համար»:
41 Այս խոսքերն ասելուց հետո նա հավաքվածներին ասաց, որ ցրվեն:
Ծանոթագրություններ
^ Խոսքը քրիստոնեական ապրելակերպի և ուսմունքի մասին է:
^ Հռոմեական պրովինցիայի կառավարիչ: