Ղևտական 6։1-30
6 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Եթե որևէ մեկը*, Եհովայի հանդեպ անհավատարիմ վարվելով+, մեղք գործի և ստի+ իր մերձավորին իրեն վստահված ինչ-որ բանի, իր ձեռքում եղած գրավի+, կողոպուտի վերաբերյալ կամ խաբի իր մերձավորին+,
3 կամ էլ եթե կորած+ բան գտնի ու ստի այդ մասին և սուտ երդում անի+՝ պնդելով, թե այս ամենում ոչ մի մեղք չի գործել,
4 ապա եթե նա մեղք է գործել ու հանցավոր դարձել+, պետք է վերադարձնի այն, ինչ կողոպտել է, կորզել կամ խաբեությամբ վերցրել է, այն, ինչ վստահվել է իրեն, ինչ կորել է, և նա գտել է,
5 կամ ցանկացած բան, որի վերաբերյալ նա սուտ երդում է արել. նա պետք է ամբողջությամբ փոխհատուցի+ դրա դիմաց ու ավելացնի դրա հինգերորդ մասը։ Այն օրը, երբ նրա հանցանքն ապացուցվի, դա պետք է տա նրան, ում որ պատկանում է։
6 Որպես հանցանքի ընծա նա հոտերի միջից պետք է անարատ խոյ+ բերի Եհովային՝ ըստ գնահատված արժեքի։ Այն պետք է բերի քահանայի մոտ որպես հանցանքի ընծա+։
7 Քահանան պետք է քավություն+ անի նրա համար Եհովայի առաջ, և նա ներում կստանա այն բոլոր բաների համար, որոնք արել է և այդպիսով հանցավոր դարձել»։
8 Հետո Եհովան ասաց Մովսեսին.
9 «Պատվիրիր Ահարոնին ու նրա որդիներին ու ասա. «Սա է ողջակեզի+ մասին օրենքը։ Ողջակեզը պետք է մնա զոհասեղանի կրակարանի մեջ ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, և զոհասեղանի կրակը պետք է վառված լինի դրանում։
10 Քահանան պետք է հագնի ծառայության համար նախատեսված կտավե+ հանդերձը, նաև կտավե վարտիքը+՝ իր մարմնի վրա։ Հետո պետք է վերցնի զոհասեղանի վրա կրակով միշտ կլանվող ողջակեզի ճարպոտ մոխիրը+ և այն դնի զոհասեղանի մոտ։
11 Նա պետք է հանի իր հանդերձները+ և ուրիշ հանդերձներ հագնի ու ճարպոտ մոխիրը պետք է տանի ճամբարից+ դուրս՝ մի մաքուր տեղ։
12 Զոհասեղանի կրակը պետք է շարունակ վառվի։ Այն չպետք է հանգչի։ Քահանան ամեն առավոտ կրակի վրա փայտ+ պետք է դնի և ողջակեզը շարի դրա վրա ու խաղաղության զոհերի ճարպոտ կտորները այրի դրա վրա+։
13 Կրակը+ անդադար պետք է վառվի զոհասեղանի վրա։ Այն չպետք է հանգչի։
14 Սա է հացի+ ընծայի մասին օրենքը։ Ահարոնի որդիները թող Եհովայի առաջ այն մատուցեն զոհասեղանի դիմաց։
15 Նրանցից մեկը բռով պետք է վերցնի հացի ընծայի բարձրորակ ալյուրի մի մասը, դրա յուղի մի մասը և ամբողջ կնդրուկը, որը հացի ընծայի վրա է, և այն պետք է այրի զոհասեղանի վրա որպես Եհովային հաճելի բուրմունք, որպես նրան հիշեցում+։
16 Ինչ որ դրանից մնա, Ահարոնն ու նրա որդիները պետք է ուտեն+։ Դրանից հարկավոր է անթթխմոր հացեր+ պատրաստել և ուտել սուրբ վայրում։ Նրանք պետք է ուտեն հանդիպման վրանի գավիթում։
17 Թթխմորով+ այն չի կարելի թխել։ Հրկիզվող+ ընծաներից, որոնք մատուցվում են ինձ, սա տալիս եմ որպես նրանց բաժին։ Մեղքի ընծայի ու հանցանքի ընծայի պես այն անչափ սուրբ է+։
18 Ահարոնի հետնորդներից յուրաքանչյուր տղամարդ+ պետք է ուտի այն։ Եհովային մատուցվող ընծաներից, որոնք հրկիզվում են, սա ձեր բաժինն է դարեդար+, սերնդեսերունդ։ Ամեն ինչ, որ դրանց դիպչի, սուրբ կդառնա»»։
19 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
20 «Սա է Ահարոնի ու նրա որդիների ընծան+, որ նրա օծման+ օրը պետք է մատուցեն Եհովային՝ մշտական հացի ընծա+՝ բարձրորակ ալյուր՝ արդուի+ մեկ տասներորդ չափով։ Կեսը պետք է մատուցվի առավոտյան, կեսը՝ երեկոյան։
21 Այն պետք է յուղով պատրաստվի թավայի+ մեջ։ Լավ խառնած պիտի բերես այն։ Հացի ընծայի թխվածքները պետք է կտոր-կտոր մատուցես որպես Եհովային հաճելի բուրմունք։
22 Սա կանի նաև այն քահանան՝ օծյալը, որը նրա որդիների միջից կփոխարինի+ իրեն։ Սա կանոն է դարեդար։ Այս ընծան ամբողջությամբ պետք է այրվի Եհովայի համար+։
23 Քահանայի+ ամեն մի հացի ընծան պետք է ամբողջությամբ այրվի։ Այն չի կարելի ուտել»։
24 Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
25 «Խոսիր Ահարոնի ու նրա որդիների հետ ու ասա. «Սա է մեղքի ընծայի+ մասին օրենքը։ Մեղքի ընծայի կենդանին Եհովայի առաջ պետք է մորթվի այնտեղ+, որտեղ ողջակեզի կենդանին են մորթում։ Այն անչափ սուրբ է+։
26 Դա պետք է ուտի այն քահանան, որը մեղքի դիմաց մատուցում է այն+։ Դա հարկավոր է ուտել սուրբ վայրում+՝ հանդիպման վրանի գավիթում+։
27 Ամեն ինչ, որ դրա մսին դիպչի, սուրբ կդառնա+, ու եթե որևէ մեկը դրա արյունից հանդերձի վրա ցողի+, սուրբ վայրում պետք է լվանաս այն, ինչը ցողվել է արյունով+։
28 Այն կավե+ անոթը, որում միսը եփվել է, պետք է կոտրվի։ Բայց եթե պղնձե անոթում է եփվել, այն պետք է մաքրել ու ջրով ողողել։
29 Յուրաքանչյուր տղամարդ, որը քահանա է, պետք է ուտի այն+։ Դա անչափ սուրբ է+։
30 Սակայն ոչ մի մեղքի ընծա, որի արյունը+ կբերվի հանդիպման վրան՝ սուրբ վայրում քավություն անելու համար, չի կարելի ուտել։ Այն պետք է կրակով այրվի»»։
Ծանոթագրություններ
^ Բառացի՝ «հոգի»։