Ղևտական 19։1-37

19  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Խոսիր Իսրայելի բոլոր որդիների հետ և ասա. «Սուրբ եղեք+, քանի որ ես՝ ձեր Աստված Եհովաս, սուրբ եմ+։  Ձեզնից ամեն մեկը թող վախենա իր մորից ու իր հորից+, և դուք պահեք իմ շաբաթները+։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը։  Դեպի փուչ աստվածները չդառնաք+ և ձեզ համար ձուլածո աստվածներ չշինեք+։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը։  Եթե Եհովային խաղաղության զոհ մատուցեք+, ապա այն մատուցեք հավանություն ստանալու համար+։  Զոհը հարկավոր է ուտել այն մատուցելու օրը և դրա հաջորդ օրը, իսկ ինչ որ մնա երրորդ օրը, պետք է կրակով այրվի+։  Սակայն եթե երրորդ օրը ուտեն, ապա այն պիղծ կլինի+։ Այն հավանությամբ չի ընդունվի+։  Ուտողը պետք է պատասխան տա իր հանցանքի համար+, որովհետև նա պղծել է այն սուրբ բանը, որը Եհովայինն է. այդ հոգին պետք է վերանա իր ժողովրդի միջից։  Երբ ձեր երկրի բերքը հավաքեք, ձեր արտի եզրերից այն ամբողջությամբ չհավաքեք և ձեր բերքի մնացորդները չվերցնեք+։ 10  Նաև չքաղեք ձեր խաղողի այգում մնացած խաղողները+, ոչ էլ ձեր խաղողի այգում ընկած խաղողի հատիկները։ Դրանք խեղճին ու պանդուխտին թողեք+։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը։ 11  Գողություն չանեք+, չստեք+, և ձեզնից ոչ ոք իր մերձավորի հետ խարդախությամբ թող չվարվի+։ 12  Իմ անունով սուտ երդում չանեք+, որ ձեր Աստծու անունը չպղծեք։ Ես Եհովան եմ։ 13  Քո մերձավորին չխաբես+ ու կողոպուտ+ չանես։ Վարձու աշխատողի վարձը չպետք է քեզ մոտ մնա ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ+։ 14  Խուլ մարդուն չանիծես և կույրի առաջ խոչընդոտ չդնես+։ Վախեցիր քո Աստծուց+։ Ես Եհովան եմ։ 15  Դատաստանի ժամանակ անարդարություն չանեք։ Խեղճի հետ կողմնապահությամբ+ չվարվես և նախապատվությունը մեծավորին չտաս+։ Դրացուդ արդարությամբ դատիր։ 16  Քո ժողովրդի մեջ զրպարտություն+ անելու նպատակով չշրջես։ Մերձավորիդ կյանքի* դեմ ոտնձգություն չանես+։ Ես Եհովան եմ։ 17  Սրտումդ քո եղբորը չատես+։ Անպատճառ հանդիմանիր մերձավորիդ+, որ նրա հետ միասին մեղք չկրես։ 18  Վրեժխնդիր+ չլինես ու քո ժողովրդի որդիների դեմ ոխ չպահես+. մերձավորիդ սիրիր քո անձի պես+։ Ես Եհովան եմ։ 19  Իմ կանոնները պահեք։ Երկու տեսակ ընտանի կենդանիներ չխաչասերես, քո արտում երկու տեսակ սերմ չցանես+ և երկու տեսակ թելերից գործված հագուստ չհագնես+։ 20  Եթե մի տղամարդ պառկի մի կնոջ հետ ու սերմ թափի, մինչդեռ այդ աղախինը ուրիշ մարդու համար է նախատեսված, փրկագնված չէ, և նրան ազատություն չի տրվել, ապա հարկավոր է պատիժ սահմանել։ Նրանց չպետք է մահվան մատնել, որովհետև կինը ազատ չի արձակվել։ 21  Տղամարդը Եհովային հանցանքի ընծա պետք է բերի հանդիպման վրանի մուտքի մոտ, այսինքն՝ մեկ խոյ՝ հանցանքի ընծայի համար+։ 22  Քահանան հանցանքի ընծայի խոյով Եհովայի առաջ քավություն պետք է անի նրա գործած մեղքի համար, և նրա գործած մեղքը կներվի+։ 23  Երբ գաք այդ երկիրը և ուտելիքի համար ծառ տնկեք, դրա պտուղը պետք է անմաքուր համարեք որպես դրա «թլիփ»։ Երեք տարի այն անթլփատ կլինի ձեզ համար։ Այն չի կարելի ուտել։ 24  Բայց չորրորդ տարում նրա բոլոր պտուղները+ սուրբ կդառնան Եհովային նվիրված տոնական ցնծության համար+։ 25  Իսկ հինգերորդ տարում կարող եք ուտել դրա պտուղը, և այն առատ բերք կտա ձեզ համար+։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը։ 26  Ոչինչ արյունով չուտեք+։ Նախանշաններ չմեկնեք+ և մոգությամբ չզբաղվեք+։ 27  Ձեր քունքամազերը կարճ չկտրեք* և ձեր մորուքի ծայրերը չփչացնեք+։ 28  Մահացած հոգու համար ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք+ և ձեզ վրա դաջվածքներ չանեք։ Ես Եհովան եմ։ 29  Քո աղջկան մարմնավաճառ+ դարձնելով՝ չպղծես, որպեսզի երկիրը մարմնավաճառություն չանի և անառակ բարքերով+ չլցվի։ 30  Իմ շաբաթները պահեք+ և իմ սրբարանին ակնածանքով վերաբերվեք+։ Ես Եհովան եմ։ 31  Ոգեհարցներին+ չդիմեք և գուշակների+ հետ չխորհրդակցեք, որպեսզի նրանց պատճառով անմաքուր չդառնաք։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը։ 32  Ալեհեր մարդու առաջ վեր կաց+ և տարեցին հարգիր+. վախեցիր քո Աստծուց+։ Ես Եհովան եմ։ 33  Եթե ձեր երկրում պանդուխտ բնակվի, նրան վատ մի՛ վերաբերվեք+։ 34  Ձեզ հետ բնակվող պանդուխտը պետք է ձեր բնիկի պես լինի ձեզ համար։ Նրան սիրեք ձեր անձի պես+, որովհետև Եգիպտոսում դուք պանդուխտներ էիք+։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը։ 35  Դատելիս+, չափելիս, կշռելիս+ կամ հեղուկներ չափելիս անարդարություն չանեք։ 36  Ձեզ մոտ թող լինեն ճշգրիտ կշեռք+, ճշգրիտ կշռաքարեր, ճշգրիտ արդու և ճշգրիտ հիմեն։ Ես ձեր Աստված Եհովան եմ, որը հանեց ձեզ Եգիպտոսից։ 37  Պահեք իմ բոլոր կանոններն ու իմ բոլոր դատավճիռները և կատարեք դրանք+։ Ես Եհովան եմ»»։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «արյան»։
Հվնբր սրանով արգելվում էր հեթանոսական սովորություններն ընդօրինակելը։