ՕԼԵՀ ՌԱՁԻՄԻՆՍԿԻ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բանտի ճաղերն ինձ չբաժանեցին Եհովայից

Բանտի ճաղերն ինձ չբաժանեցին Եհովայից

 Ծնվել եմ 1964 թ.-ին՝ Սիբիրում, ուր ծնողներս աքսորվել էին Ուկրաինայից։ Փոքրուց տեսել եմ, որ ծնողներս և պապիկ-տատիկներս լիակատար վստահություն ունեն Եհովայի հանդեպ, նույնիսկ բանտարկության մեջ։ Մորական պապիկիս յոթ տարի բանտ նստեցրին շրջանային վերակացու ծառայելու համար։ Տարիներ անց ես նույնպես ազատազրկվելու էի, և Եհովայի հանդեպ վստահությունս փորձվելու էր։

 1966 թ.-ին մենք վերադարձանք Ուկրաինա։ Իմ ամենավաղ հիշողություններից մեկը կապված է բանտարկված պապիկիս այցելելու հետ։ Այդ ժամանակ չորս տարեկան էի։ Մայրս ու ես գնացքով երկար ճանապարհ անցանք Կրիվոյ Ռոգից (Ուկրաինա) մինչև մորդովական ուղղիչ գաղութ (կենտրոնական Ռուսաստան)։ Մենք ընդամենը երկու ժամ կարող էինք անցկացնել պապիկիս հետ, այն էլ հսկիչների ներկայությամբ։ Բայց նրանք գոնե թույլ տվեցին, որ նստեմ պապիկիս գիրկը։

Վստահում եմ Եհովային դպրոցական տարիներին

Եղբորս՝ Միխայլոյի հետ (աջ կողմում)

 Ուկրաինայում մանկությանս տարիներից ի վեր Եհովայի հանդեպ իմ վստահությունը շատ անգամ է փորձվել։ Օրինակ՝ այնտեղ դպրոց գնալիս երեխաները պետք է դպրոցական համազգեստի վրա փոքրիկ Լենինի նկարով հնգաթև աստղ կրեին։ a Իսկ ավելի բարձր դասարաններում պետք է կարմիր վզկապ կրեին, ինչով ցույց կտային, որ աջակցում են Լենինի գաղափարախոսությանը։ Ես հրաժարվեցի կրել քաղաքական նշանակություն ունեցող այդ խորհրդանիշները, քանի որ գիտակցում էի, որ Եհովան արժանի է մեր լիակատար նվիրվածությանը։

 Ծնողներս օգնեցին, որ ճշմարտությունը իմ սրտում էլ աճի, ու անձամբ որոշեմ ծառայել Եհովային։ Նրանք համբերատարորեն ինձ օգնում էին տրամաբանել տարբեր հարցերի շուրջ և բացատրում էին, թե, օրինակ, ինչու է կարևոր քաղաքական հարցերում չեզոք մնալ։ Նաև քաջալերում էին ինձ, որ ջանասեր աշակերտ լինեմ, քանի որ այդպես Եհովայի անունը բարձր կպահեի։

 Մի օր «Նաուկա ի ռելիգիա» (գիտություն և կրոն) պետական ամսագրի թղթակիցներից մեկը եկավ մեր դպրոց։ Այդ ամսագրում աթեիզմ էր պրոպագանդվում։ Ուսուցիչներս ինձ նստեցրին առաջին շարքում, որ ուշադիր լսեմ թղթակցին, ով Աստծու գոյությունը հերքող դասախոսություն էր ներկայացնում։

 Դասախոսությունից հետո ինձ տարան նրա մոտ, որ խոսի հետս։ Նա հարցրեց, թե որ կրոնին եմ պատկանում։ Ես էլ առանց վարանելու ասացի. «Ես Եհովայի վկա եմ»։ Նա ոչինչ չասաց, միայն շնորհակալություն հայտնեց, որ ուշադրությամբ լսել եմ իրեն։ Ուսուցիչներս վրդովված ու հուսախաբված էին։

Վստահում ենք Եհովային որպես ընտանիք

 Մեր տանը Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն էինք տպագրում և հետո տարածում էինք այն։ Այդ գործն անելիս ողջ ընտանիքով միշտ ապավինել ենք Եհովային։ Բացի այդ՝ հայրս ծառայում էր որպես Ուկրաինայի կենտրոնական մասի շրջանային վերակացու և այցելում էր տարբեր ժողովներ ու խմբեր։

 1978 թ.-ի փետրվարին՝ փոքր եղբորս՝ Պավլիկի ծնվելուց ընդամենը երկու օր առաջ, կեսօրին դպրոցից տուն եկա և տեսա, որ այն ամբողջությամբ տակնուվրա է արված։ Ոստիկանությունը խուզարկել էր մեր տունը և բռնագրավել մեր ունեցած աստվածաշնչյան ողջ գրականությունը։

 Հաջորդ օրը, երբ գնացինք դպրոց, նկատեցի, որ ուսուցիչներս կասկածամիտ հայացքով սևեռուն նայում են ինձ ու կրտսեր եղբորս՝ Միխայլոյին. նրանք մտածում էին, թե մենք ամերիկյան լրտեսների երեխաներ ենք։ Դա շատ զավեշտալի էր։ Սակայն ժամանակի ընթացքում նրանցից շատերը հասկացան, որ սխալ կարծիք են ունեցել մեր մասին։ Իսկ դասընկերներիցս ոմանք հետագայում նույնիսկ Եհովայի վկաներ դարձան։

 1981 թ.-ին մեր տունը կրկին խուզարկեցին։ Թեև դեռ 18 տարեկան չկայի, ինձ հորս ու պապիս հետ կանչեցին դատախազություն։ Ավագ քննիչը փորձում էր վախեցնել ինձ՝ սպառնալով, որ բանտ կնստեցնի։ Իսկ քաղաքացիական հագուստով մեկ ուրիշ մարդ ինձ պայծառ ապագա էր խոստանում, եթե համաձայնեի համագործակցել իրենց հետ։ Ըստ էության՝ նրանք ինձ հետ բարի ու չար ոստիկան էին խաղում։ Ինձ համոզելու համար նրանք հիշեցրին հայրիկիս, պապիկիս, հորեղբայրներիս ու մորեղբայրներիս բանտարկությունների մասին։ Բայց գաղափար անգամ չունեին, որ այդ հիշեցումները ճիշտ հակառակ ազդեցությունը կթողնեն. ավելի շատ համոզվեցի, որ ես էլ Եհովայի օգնությամբ կկարողանամ դիմանալ բանտի դժվարություններին (Փիլիպպեցիներ 4։13

Ձախից աջ՝ հայրս, ես, Պավլիկը, մայրս և Միխայլոն (իմ բանտարկությունից կարճ ժամանակ առաջ)

Վստահում եմ Եհովային բանտի ճաղերի հետևում

 18 տարիս բոլորելու հաջորդ օրը զորակոչի ծանուցում ստացա։ Եվ քանի որ հրաժարվեցի զինծառայությունից, ինձ վերցրին նախնական կալանքի։ Ես մոտ 85 մարդկանց հետ փակված էի մի մեծ խցում, որտեղ ընդամենը 34 մահճակալ կար։ Ուստի ստիպված էինք հերթով քնել դրանց վրա։ Մեզ թույլ էին տալիս լողանալ շաբաթական մեկ անգամ։

 Երբ մտա խուց, և դուռը հետևիցս փակվեց, տեսա, որ բոլորի հայացքները դեպի ինձ են սևեռված։ Խցի անկյունում գտնվողները միանգամից հարցրին, թե ինչում եմ մեղադրվում։ Ես շատ լարված էի, բայց մտաբերեցի Դանիելի մասին արձանագրությունը, ով առյուծների գուբում անվնաս մնաց։ Դա օգնեց ինձ լիովին ապավինել Եհովային և հանդարտ մնալ (Եսայիա 30։15; Դանիել 6։21, 22

 Ճաշից հետո բանտարկյալներից մեկը մոտեցավ ինձ ու սկսեց հավատիս մասին շատ հարցեր տալ։ Ամբողջ խցում աստիճանաբար լռություն տիրեց, քանի որ մյուս բանտարկյալները սկսել էին ուշադիր լսել մեր զրույցը։ Ես մոտ չորս-հինգ ժամ պատմեցի հավատալիքներիս մասին։ Սիրտս Եհովայի հանդեպ անսահման երախտագիտությամբ էր լցված նրա օգնության համար։

 Դատավարությունից առաջ աղերսեցի Եհովային, որ ինձ իմաստություն և քաջություն տա համոզմունքներս պաշտպանելու համար։ Մեղադրող կողմը փորձեց ապացուցել, որ Աստծու հանդեպ հավատն ինձ համար ընդամենը պատրվակ է զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Ես էլ իմ հերթին բացատրեցի դատարանին, որ բանակում ծառայելով՝ կտխրեցնեմ տիեզերքի ամենազորեղ Անձնավորությանը։ Այդուհանդերձ, 1982 թ.-ին դատարանը ինձ մեղավոր ճանաչեց և դատապարտեց երկու տարվա ազատազրկման աշխատանքային գաղութում։

 Գաղութում ինձ հետ հինգ այլ Վկաներ էլ կային, ինչի համար անչափ ուրախ էի։ Թեև մենք շատ կարճ էինք կարողանում զրուցել, երբեմն՝ ընդամենը մի քանի րոպե, բայց միշտ աստվածաշնչյան համար էինք քննարկում։ Մեզնից ոչ ոք Աստվածաշունչ չուներ, բայց մեր ընտանիքներն ու ընկերները հաճախ էին սուրբգրային համարներ ներառում իրենց նամակներում, երբեմն էլ նույնիսկ գաղութում եղած աշխարհիկ գրականության մեջ էինք հանդիպում։

Վստահում եմ Եհովային հրատապ բուժօգնության հարցի առաջ կանգնելիս

 1983 թ.-ին, երբ բանտի արհեստանոցում էի, վերամբարձ կռունկը պատահաբար վայր գցեց մետաղյա թիթեղների մի կույտ, որը կշռում էր մոտ երկու տոննա (4 409 ֆունտ)։ Այդ բեռը հետևի կողմից հարվածեց ինձ, գետնին տապալեց և ճզմեց ձախ ոտքս։

 Այդ պահին աղոթեցի Եհովային, որ ինձ ուժ տա՝ դիմանամ անասելի ցավին։ Բանտի բուժքույրը խորհուրդ տվեց ցավը մեղմելու համար բարձրաձայն հայհոյել, բայց ես փոխարենը սկսեցի Թագավորության երգերը երգել։

 Հիվանդանոց հասնելու համար երեք տրանսպորտ փոխեցի՝ բեռնատար, մոտորանավակ և ապա՝ շտապօգնության մեքենա։ Ճանապարհը վեց ժամ տևեց, և ես շատ արյուն կորցրի։ Վստահ էի, որ վիրահատության կարիք կլինի, ուստի աղոթեցի, որ Եհովան բժիշկներին իմաստություն տա, և նրանք հարգեն Աստվածաշնչի վրա հիմնված իմ դիրքորոշումը արյան փոխներարկման վերաբերյալ։ Երբ բժշկին բացատրեցի համոզմունքներս, նա չցանկացավ լսել, բայց ես աղաչեցի նրան հարգել որոշումս։ Ասացի, որ պատրաստ եմ պատասխանատվությունն ինձ վրա վերցնել անարյուն բուժման հետևանքների համար։ Վերջապես, հուրախություն ինձ, նա համաձայնեց վիրահատել առանց արյան փոխներարկման։ Բայց իմ ձախ ոտքը պետք է մասամբ անդամահատեին։

 Վիրահատությունից հետո ես չափազանց թույլ էի։ Մի քանի շաբաթ կյանքի ու մահվան պայքար էի մղում։ Եվ մի օր բուժքույրերից մեկն ինձ ասաց, որ իմ ապաքինումն արագացնելու համար բանտի ուտելիքի փոխարեն ինձ տրվելու էր ավելի սննդարար կերակուր, որը դրվելու էր մոտակա սառնարանում։ Ինձ թույլատրվել էր ամեն օր ուտել մի գդալ մեղր, մեկ թարմ ձու և մի կտոր կարագ։ Պատահարի մասին իմանալով՝ ծնողներս էին պայմանավորվել, որ իրենք ինձ համար բերեն այդ սննդամթերքը։ Բայց առաքումն ընդունող զինծառայողուհին՝ սերժանտը, բերված սնունդը մեկ անգամ վերցնելուց հետո այլևս չընդունեց։

 Այդուհանդերձ, համոզվեցի, որ Եհովայի ձեռքը կարճ չէ (Եսայիա 59։1)։ Իմ վիրակապերը փոխելուց հետո բուժքույրերը միշտ ինձ համար բաժին էին թողնում իրենց բերած ուտելիքից։ Նաև միշտ համալրում էին սառնարանի հատուկ սննդամթերքիս պաշարը։ Դա ինձ հիշեցրեց աստվածաշնչյան պատմությունը այրի կնոջ մասին, որի կժի միջի յուղը չէր պակասում (1 Թագավորներ 17։14-16

 Այդպես ես աստիճանաբար կազդուրվեցի։ Նաև մեծ մխիթարություն ու քաջալերանք էի ստանում ընտանիքիս և ընկերներիս ուղարկած նամակներից։ Ինձ 107 նամակ էին գրել, որոնց բոլորին էլ պատասխանեցի։ Ես նույնիսկ կապոց ստացա մեկ ուրիշ գաղութում գտնվող իմ եղբայրներից։

 Երկար ու ձիգ երկու ամիսներից հետո վերջապես թույլ տվեցին՝ լողանամ։ Ես արդեն երազում էի, թե երբ եմ հետ գնալու գաղութ, որ նորից վայելեմ այնտեղ գտնվող եղբայրների ընկերակցությունը։

 Բժիշկներից մեկը, որը պատրաստում էր իմ դուրսգրման թղթերը, ինձ կանչեց իր մոտ ու շատ հարցեր տվեց իմ հավատի մասին։ Վերջում նա ուժ ու կորով մաղթեց, որ հավատարիմ մնամ իմ համոզմունքներին։ Շատ զարմանալի էր այդպիսի խոսքեր լսել ռազմական համազգեստ հագած մարդուց։

 1984-ի ապրիլին կայացավ իմ վաղաժամկետ ազատման հարցով լսումը։ Ինձ հարց ուղղեցին, թե արդյոք պատրաստ եմ զինծառայություն կատարել բանակում։ Ես պատասխանեցի, որ եթե այդտեղ կանգնած եմ հենացուպերով և միայն մեկ ոտքով, նշանակում է՝ այդ հարցը միանգամայն անտեղի է։ Ուստի նրանք ինձ այլ հարց ուղղեցին, թե արդյոք կկատարեի զինծառայություն, եթե երկու ոտք ունենայի։ Ես պատասխանեցի, որ չէի անի ու վճռականորեն ասացի, որ հավատարիմ կմնամ իմ Աստծուն։ Նրանք խոստացան ամեն ինչ անել, որ մինչև վերջ կրեմ իմ պատիժը։ Սակայն ինձ ազատման ժամկետիցս 2 ամիս ու 12 օր շուտ ազատ արձակեցին։

Ես Միխայլոյի հետ (աջ կողմում)՝ աշխատանքային գաղութից ազատվելուցս հետո

Վստահում եմ Եհովային բանտից դուրս գալուց հետո

 Բանտից դուրս գալուց մեկ տարի անց ոտքս պրոտեզավորեցին։ Մինչ օրս էլ ամեն առավոտ պրոտեզը տեղադրելու համար մոտ մեկ ժամ եմ ծախսում։ Այն կրելը հատկապես դժվար է ձմռանը, քանի որ ոտքիս մնացած մասը արյան վատ շրջանառության պատճառով շատ դժվարությամբ է տաքանում։ Ես 19 տարեկանից ի վեր չեմ կարողանում վազել, բայց նոր աշխարհում կիրագործեմ այդ երազանքս (Եսայիա 35։6

Մեր ամուսնության օրը

 Բանտից դուրս գալուց հետո աշխատանք գտնելը դժվար էր, քանի որ գործատուները մեծ մասամբ չէին ցանկանում հաշմանդամի ընդունել։ Բայց գտա գործ, ընդ որում երբեք նստակյաց աշխատանք չեմ արել։ Որոշ ժամանակ աշխատել եմ որպես մեխանիկ և տարատեսակ փոխադրամիջոցներ վերանորոգել։ Հետո էլ աշխատել եմ շինարարության բնագավառում։

 1986-ին ամուսնացա մի անուշիկ քրոջ՝ Սվիտլանայի հետ։ Նա էլ էր ինձ պես ծնվել Վկաների ընտանիքում, ու նրա տատիկ-պապիկներն էլ էին Վկաներ եղել։ Երբ նոր էինք սկսել ժամադրվել, միասին որոշել էինք, որ Եհովային ծառայելը պետք է ամենաառաջնայինը լինի մեր ընտանիքում։ Եվ Սվիտլանան հետագայում հաճախ էր ասում, որ շատ ուրախ է այդ որոշման համար։

 Մեր երեխաները Օլյան և Վոլոդյան օգնում էին ինձ մեր հնամաշ տունը վերանորոգելու գործում և այդպես շինարարական հմտություններ սովորեցին։ Երբ արդեն ավելի մեծ էին, նրանք հաճույքով աջակցում էին Թագավորության սրահների կառուցման նախագծերին։ Նաև ռահվիրայություն սկսեցին։ Հիմա Օլյան շինարարության ծառայող է, իսկ Վոլոդյան ծառայում է որպես երեց։

Մեր փեսան՝ Օլեգը, մեր դուստրը՝ Օլյան, Սվիտլանան, ես, մեր հարսը՝ Աննան, և մեր որդին՝ Վոլոդյան

 Սվիտլանան միշտ հավատարիմ աջակից է եղել ինձ համար և օգնել է, որ կատարեմ ժողովում ունեցած պարտականություններս։ 1990-ականներին Ուկրաինայի շատ ժողովներում 200-ից ավելի քարոզիչներ կային և ընդամենը մեկ-երկու երեց։ Ամիսը մեկ անգամ ես շաբաթ-կիրակի օրերին գրականություն էի հասցնում Ուկրաինայի կենտրոնական մասի ժողովներին։

Վստահում եմ Եհովային առ այսօր

 2022 թ.-ին ես ու Սվիտլանան որոշեցինք տեղափոխվել Կրիվոյ Ռոգից։ Այժմ մենք ծառայում ենք Ավստրիայի ժողովներից մեկում։

 Կյանքիս վաղ տարիներին ես շատ բան եմ սովորել իմ Վկա ազգականներից, ովքեր գոհունակ էին՝ չնայած իրենց ունեցած բազում դժվարություններին։ Աստվածաշունչը մեզ օգնում է, որ խորությամբ ճանաչենք մեր Արարչին և մտերմանանք նրա հետ (Հակոբոս 4։8)։ Եվ հենց դա է մեր կյանքը իմաստով լցնում։ Այնքան ուրախ եմ, որ տարբեր դժվարությունների միջով անցնելիս միշտ շարունակել եմ վստահել Եհովային և նրան տալ այն պատիվը, որին նա իրավամբ արժանի է։

Սվիտլանայի հետ Ավստրիայում

a Վլադիմիր Լենինը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության հիմնադիրն էր և Խորհրդային Միության առաջին ղեկավարը։