ՀԱՐՑ 9
Պե՞տք է հավատամ էվոլյուցիային
ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒ ԿՎԱՐՎԵՍ
Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Ալեքսը տարակուսանքի մեջ է։ Նա միշտ հավատացել է Աստծու գոյությանը և գիտի, որ նա է ամեն ինչ ստեղծել։ Բայց այսօր նրա կենսաբանության ուսուցիչը մեծ համոզվածությամբ ասաց, որ էվոլյուցիան փաստ է՝ հիմնված հավաստի գիտական հետազոտությունների վրա։ Ալեքսը չի ուզում հիմարի տպավորություն թողնել։ «Ի վերջո,— մտածում է նա,— եթե գիտնականներն են ապացուցել, որ էվոլյուցիան ճիշտ է, ես ո՞վ եմ, որ կասկածեմ»։
Եթե դու լինեիր Ալեքսի փոխարեն, կընդունեի՞ր էվոլյուցիոն տեսությունը զուտ այն բանի համար, որ դասագրքերում այն ներկայացված է որպես փաստ։
ԿԱՆԳ ԱՌ ԵՎ ՄՏԱԾԻՐ
Մարդկանց կարծիքներն այս հարցում խիստ տարբեր են։ Շատերը անմիջապես ասում են, թե ինչին են հավատում, սակայն լիովին չեն հասկանում, թե ինչու։
-
Որոշ մարդիկ հավատում են ստեղծագործությանը միայն այն պատճառով, որ եկեղեցում նրանց դա են սովորեցրել։
-
Որոշ մարդիկ հավատում են էվոլյուցիային միայն այն պատճառով, որ դպրոցում նրանց դա են սովորեցրել։
ՎԵՑ ՀԱՐՑ, ՈՐ ԱՐԺԵ ՔՆՆԵԼ
Աստվածաշնչում ասվում է. «Ամեն տուն ինչ-որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է» (Եբրայեցիներ 3։4)։ Տրամաբանակա՞ն է հավատալ այս խոսքերին։
Եթե ասենք, թե կյանքը Արարիչ չունի, նույնն է, որ ասենք, թե տունը կառուցող չունի. դա անհեթեթություն է
ՊՆԴՈՒՄ։ Տիեզերքում ամեն բան մեծ պայթյունի հետևանքով է առաջացել։
1. Ո՞վ էր կամ ի՞նչն էր այդ մեծ պայթյունի պատճառը։
2. Ո՞րն է ավելի տրամաբանական՝ այն, որ ամեն բան ոչնչի՞ց է առաջացել, թե՞ այն, որ առաջացել է ինչ-որ մեկի շնորհիվ։
ՊՆԴՈՒՄ։ Մարդիկ առաջացել են կենդանիներից։
3. Եթե մարդիկ առաջացել են կենդանիներից, օրինակ՝ կապիկներից, ապա ինչպե՞ս բացատրել այն ահռելի տարբերությունը, որ կա բանական մարդու ունակությունների և կապիկների ունակությունների միջև։
4. Ինչո՞ւ են կյանքի անգամ պարզագույն տեսակներն անչափ բարդ։
ՊՆԴՈՒՄ։ Էվոլյուցիոն տեսությունը ապացուցված է։
5. Այն մարդը, ով նման կարծիք է հայտնում, արդյոք անձամբ քննե՞լ է փաստերը։
6. Ինչքա՞ն մարդ է հավատում էվոլյուցիային միայն այն պատճառով, որ նրանց ասել են, թե բոլոր բանիմաց մարդիկ հավատում են դրան։
«Եթե քայլես անտառով ու տեսնես մի գեղեցիկ տնակ, կմտածե՞ս. «Այ քեզ բա՜ն։ Ծառերը այնպես են իրար վրա ընկել, որ արդյունքում այսպիսի հրաշալի տնակ է առաջացել»։ Դե իհարկե, այդպես չես մտածի։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է հավատանք, որ տիեզերքում ամեն ինչ պատահականորեն է առաջացել» (Ջուլիա)։
«Եթե մեկը քեզ ասի, որ տպարանում պայթյուն է եղել, և ներկը ցփնվել է պատերին ու առաստաղին, ու արդյունքում մի հաստափոր բառարան է առաջացել, կհավատա՞ս» (Գվեն)։
ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ՀԱՎԱՏԱԼ ԱՍՏԾՈՒՆ
Աստվածաշունչը հորդորում է քեզ գործի դնել բանականությունդ (Հռոմեացիներ 12։1)։ Սա նշանակում է, որ Աստծու հանդեպ ունեցած հավատիդ վրա չպետք է ազդեն
-
ԷՄՈՑԻԱՆԵՐԸ (Ես զգում եմ, որ վերևում ինչ-որ մեկը կա)
-
ՇՐՋԱՊԱՏԸ (Ես ապրում եմ այնպիսի միջավայրում, որտեղ բոլորը հավատում են Աստծուն)
-
ՈՒՐԻՇՆԵՐԻ ՃՆՇՈՒՄԸ (Ես մեծացել եմ կրոնասեր ընտանիքում և այլ ընտրություն չեմ ունեցել)
Փոխարենը՝ հավատդ պետք է ամուր հիմքեր ունենա։
«Երբ դպրոցում ուսուցիչը բացատրում է, թե ինչպես է մեր օրգանիզմը գործում, իմ մեջ կասկած չի մնում, որ Աստված գոյություն ունի։ Մեր մարմնի յուրաքանչյուր օրգան, նույնիսկ ամենափոքրը ունի իր դերն ու նշանակությունը և կատարում է իր ֆունկցիան այնպես, որ մենք հաճախ չենք էլ իմանում։ Մարդու մարմինը իրականում զարմանահրաշ մի բան է» (Թերեզա)։
«Երբ նայում եմ մի երկնաքերի, զբոսանավի կամ մեքենայի, ինքս ինձ հարցնում եմ. «Ո՞վ է կառուցել կամ ստեղծել սա»։ Օրինակ՝ մասնագիտական հմտություն է պետք մեքենա շինելու համար, քանի որ մեքենան կաշխատի այն դեպքում, երբ դրա բազմաթիվ փոքր մասերը փոխկապակցված գործեն։ Եթե մեքենա ստեղծելու համար հարկավոր է մարդու միջամտությունը, ապա ինչ կարելի է ասել մարդ ստեղծելու մասին» (Ռիչարդ)։
«Ինչքան շատ էի խորանում գիտության մեջ, այդքան էվոլյուցիան ավելի անհավանական էր թվում.... Իմ կարծիքով՝ էվոլյուցիան ընդունելու համար ավելի շատ «հավատ» է պետք, քան Աստծու գոյությունն ընդունելու համար» (Էնթոնի)։
ՄՏԱԾԻՐ
Չնայած տասնամյակներ տևած հետազոտություններին՝ գիտնականները դեռևս չեն կարողանում այնպիսի սահմանում տալ էվոլյուցիային, որ իրենք բոլորը համակարծիք լինեն։ Եթե նույնիսկ գիտնականները, ովքեր այդ մասին ավելի շատ բան գիտեն, ընդհանուր եզրակացության չեն գալիս, մի՞թե սխալ է, որ դու կասկածներ ունենաս այդ տեսության վերաբերյալ։