ԴԱՍ 1
Ի՞նչ է բարի լուրը
1. Ի՞նչ լուր է հայտնում Աստված։
Աստված սիրում է մարդկանց և ուզում է, որ վայելեն կյանքը երկրի վրա։ Նա երկիրը և նրա վրա եղած ամեն բան ստեղծել է մարդկության համար։ Շուտով Աստված գործի է անցնելու, որ մենք լավ ապագա ունենանք։ Նա կվերացնի այն ամենը, ինչը տառապանք է պատճառում բոլորիս։ Կարդա՛ Երեմիա 29։11։
Ոչ մի կառավարության չի հաջողվել վերացնել բռնությունը, հիվանդությունները կամ մահը։ Բայց շուտով Աստված մարդկային կառավարությունների փոխարեն հաստատելու է իր կառավարությունը։ Սա բարի լուր է, քանի որ այդ Թագավորության հպատակները կապրեն խաղաղ պայմաններում և լավ առողջություն կունենան։ Կարդա՛ Եսայիա 25։8; 33։24; Դանիել 2։44։
2. Ինչո՞ւ է բարի լուրը հռչակելու գործը հրատապ։
Տառապանքին վերջ կդրվի միայն այն ժամանակ, երբ Աստված երկրի վրայից վերացնի չար մարդկանց (Սոփոնիա 2։3)։ Իսկ ե՞րբ դա տեղի կունենա։ Աստծու Խոսքում մարգարեացվել էր այն իրավիճակը, որն այսօր ահաբեկում է մարդկանց։ Ներկայիս դեպքերը ցույց են տալիս, որ մոտ է այն ժամանակը, երբ Աստված գործի կանցնի։ Կարդա՛ 2 Տիմոթեոս 3։1–5։
3. Ի՞նչ պետք է անենք մենք։
Մենք պետք է սովորենք Աստծու մասին նրա Խոսքից՝ Աստվածաշնչից։ Այն ասես նամակ լինի՝ գրված սիրող հոր կողմից։ Գրքում ասվում է, թե ինչպես կարող ենք ավելի լավ կյանքով ապրել հիմա և հավիտենական կյանք վայելել երկրի վրա ապագայում։ Այն, որ քեզ օգնում են հասկանալու Աստվածաշունչը, ոմանց գուցե դուր չգա։ Սակայն մի պահ մտածիր՝ մի՞թե արժե կորցնել հիանալի ապագա ունենալու հնարավորությունը։ Կարդա՛ Առակներ 29։25; Հայտնություն 14։6, 7։