Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 2

Աստվածաշունչ. գիրք՝ Աստծու կողմից

Աստվածաշունչ. գիրք՝ Աստծու կողմից
  • Ինչո՞վ է Աստվածաշունչը տարբերվում ցանկացած այլ գրքից

  • Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել քեզ հաղթահարելու անձնական խնդիրներդ

  • Ինչո՞ւ կարող ես վստահել Աստվածաշնչի մարգարեություններին

1, 2. Ինչո՞ւ է Աստվածաշունչը հրաշալի նվեր Աստծու կողմից։

ԵՐԲԵՎԷ ստացե՞լ ես մտերիմ ընկերոջիցդ մի նվեր, որը թանկ է եղել քեզ համար։ Հավանաբար այդ պահը ոչ միայն հաճելի էր, այլև սիրտ ջերմացնող։ Չէ՞ որ նվերը շատ բան է ասում նվիրողի մասին, օրինակ, այն, որ նա թանկ է գնահատում ձեր ընկերությունը։ Անկասկած, դու շնորհակալություն հայտնեցիր նրան քո հանդեպ ցուցաբերած ուշադրության համար։

2 Աստվածաշունչը նվեր է Աստծու կողմից, որի համար մենք պետք է երախտապարտ լինենք։ Այս անզուգական գիրքը այնպիսի տեղեկություններ է մեզ հայտնում, որոնց մասին այլ կերպ երբեք չէինք կարող իմանալ։ Օրինակ՝ այն պատմում է աստղազարդ երկնքի, երկրի, առաջին տղամարդու և կնոջ արարման մասին։ Աստվածաշունչը նաև պարունակում է վստահելի սկզբունքներ, որոնց օգնությամբ մենք կարող ենք հաղթահարել կյանքի խնդիրներն ու հոգսերը։ Այն բացատրում է, թե ինչպես է Աստված իրականացնելու իր նպատակը և լավ պայմաններ հաստատելու երկրի վրա։ Աստվածաշունչը իսկապես հրաշալի նվեր է։

3. Այն, որ Եհովան մեզ Աստվածաշունչ է պարգևել, ի՞նչ է ասում նրա մասին, և ինչո՞ւ է այս գիրքը սիրտ ջերմացնող պարգև։

3 Աստվածաշունչը սիրտ ջերմացնող պարգև է, քանի որ տեղեկություններ է պարունակում այն Նվիրողի՝ Եհովա Աստծու մասին։ Այն, որ Աստված մեզ այսպիսի գիրք է պարգևել, ցույց է տալիս, որ նա ցանկանում է, որ մենք իրեն լավ ճանաչենք։ Աստվածաշունչը կարող է օգնել քեզ մտերմանալու Եհովայի հետ։

4. Աստվածաշնչի լայն տարածում ունենալու հարցում հատկապես ի՞նչն է քեզ տպավորում։

4 Այսօր գրեթե բոլորը Աստվածաշունչ ունեն։ Ամբողջությամբ կամ մասամբ այն տպագրվել է մոտ 2600 լեզուներով և մատչելի է երկրագնդի բնակչության 90 տոկոսին։ Միջին հաշվով ամեն շաբաթ ավելի քան մեկ միլիոն Աստվածաշնչի օրինակներ են տարածվում։ Այն ամբողջությամբ կամ առանձին հատվածներով լույս է տեսել միլիարդավոր օրինակներով։ Իսկապես, չկա ուրիշ ոչ մի գիրք, որ նման լինի Աստվածաշնչին։

Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը առկա է բազմաթիվ լեզուներով

5. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստվածաշունչը «ներշնչված է Աստծուց»։

5 Ավելին, Աստվածաշունչը «ներշնչված է Աստծուց» (կարդա՛  2 Տիմոթեոս 3։16)։ Ինչպե՞ս։ Գիրքը պատասխանում է այդ հարցին. «Մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 Պետրոս 1։21)։ Պատկերացնենք օրինակով. գործատերը քարտուղարին հանձնարարում է նամակ գրել։ Նամակը պարունակում է գործատիրոջ մտքերն ու հրահանգները։ Հետևաբար այն գործատիրոջ նամակն է և ոչ թե քարտուղարի։ Նմանապես Աստվածաշունչը պարունակում է Աստծու խոսքերը, ոչ թե այն անհատների, ովքեր գրի են առել դրանք։ Իրականում, ողջ Աստվածաշունչը «Աստծու խոսքն» է (1 Թեսաղոնիկեցիներ 2։13

ՆԵՐԴԱՇՆԱԿ ԵՎ ՃՇԳՐԻՏ

6, 7. Ինչո՞ւ է Աստվածաշնչի ներդաշնակությունը տպավորիչ։

6 Աստվածաշունչը գրվել է ավելի քան 1600 տարիների ընթացքում։ Այս գիրքը գրողները ապրել են տարբեր ժամանակաշրջաններում և պատկանել են հասարակության տարբեր խավերի։ Ոմանք եղել են հողագործներ, ոմանք էլ ձկնորսներ և հովիվներ։ Մյուսները եղել են մարգարեներ, դատավորներ ու թագավորներ։ Իսկ Ավետարանը գրողներից մեկը՝ Ղուկասը, բժիշկ է եղել։ Չնայած որ Աստվածաշունչը գրողները տարբեր ժամանակներում են ապրել, գիրքը սկզբից մինչև վերջ ներդաշնակ է։ *

7 Աստվածաշնչի առաջին գիրքը մեզ տեղեկացնում է, թե ինչպես սկսվեցին մարդկության խնդիրները։ Իսկ վերջին գիրքը հայտնում է այն մասին, որ ամբողջ երկրագունդը վերածվելու է դրախտի, կամ՝ պարտեզի։ Աստվածաշունչն ընդգրկում է հազարավոր տարիների պատմություն և ցույց է տալիս, թե ինչպես է աստիճանաբար կատարվում Աստծու նպատակը։ Աստվածաշնչի ներդաշնակությունը շատ տպավորիչ է։ Չէ՞ որ հենց դա էլ ակնկալվում է այն գրքից, որն Աստված է տվել։

8. Բեր օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ Աստվածաշունչը գիտականորեն ճշգրիտ է։

8 Աստվածաշունչը ճշգրիտ է նաև գիտական տեսանկյունից։ Այն նույնիսկ այնպիսի տեղեկություններ է հայտնում, որոնց մասին այն ժամանակ ապրող մարդիկ պատկերացում անգամ չունեին։ Օրինակ՝ «Ղևտական» գիրքը հին իսրայելացիների համար պարունակում էր օրենքներ հիգիենայի և կարանտինի մասին, իսկ նրանց շրջապատող ազգերը բոլորովին անտեղյակ էին այդպիսի բաներից։ Այն ժամանակ, երբ մարդիկ սխալ պատկերացումներ ունեին երկրի ձևի վերաբերյալ, Աստվածաշնչում արդեն գրված էր, որ երկիրը շրջանաձև է՝ գնդաձև (Եսայիա 40։22)։ Աստվածաշնչում ճշգրտորեն ասվում էր նաև, որ Աստված «երկիրը կախում է ոչնչի վրա» (Հոբ 26։7)։ Իհարկե, Աստվածաշունչը գիտական ձեռնարկ չէ, բայց երբ խոսում է գիտական թեմաների մասին, ճշգրիտ է։ Արդյոք սա հենց այն չէ՞, ինչ ակնկալում ենք Աստծու կողմից տրված գրքից։

9. ա) Ինչո՞ւ կարելի է ասել, որ Աստվածաշունչը պատմականորեն ճշգրիտ է ու վստահելի։ բ) Աստվածաշունչը գրողների անկեղծությունը ի՞նչ է ասում այդ գրքի մասին։

9 Աստվածաշունչը ճշգրիտ և վստահելի է նաև պատմական տեսանկյունից։ Այնտեղ նկարագրվում են պատմական կոնկրետ դեպքեր, հիշատակվում են ոչ միայն մարդկանց անուններ, այլև նշվում է շատերի տոհմաբանությունը։ * Ի հակադրություն աշխարհիկ պատմաբանների, որոնք հաճախ չեն արձանագրում իրենց ազգի պարտությունները՝ Աստվածաշունչը գրողները անկեղծ մարդիկ են եղել. նրանք գրի են առել ոչ միայն իրենց ազգի, այլև իրենց իսկ թերությունները։ Օրինակ՝ Աստվածաշնչի «Թվեր» գիրքը գրողը՝ Մովսեսը, խոստովանում է իր գործած լուրջ սխալը, որի համար նա խստորեն հանդիմանվեց (Թվեր 20։2–12)։ Նման անկեղծությունը հազվադեպ երեվույթ է պատմական այլ արձանագրություններում, սակայն առկա է Աստվածաշնչում, քանի որ այն Աստծու կողմից է մեզ տրված։

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՐՔ

10. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ Աստվածաշունչը գործնական գիրք է։

10 Աստվածաշունչը ներշնչված է Աստծու կողմից, այդ պատճառով «օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու.... համար» (2 Տիմոթեոս 3։16)։ Այո՛, Աստվածաշունչը գործնական գիրք է։ Այն ճշգրտորեն նկարագրում է մարդու էությունը։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ գրքի Հեղինակը՝ Եհովա Աստված, մարդու Արարիչն է։ Նա ավելի լավ է հասկանում մեր մտածելակերպն ու զգացմունքները, քան մենք ինքներս։ Դեռ ավելին, Եհովան գիտի, թե մեզ ինչ է հարկավոր երջանիկ լինելու համար։ Նա գիտի, թե որ սխալ ճանապարհներից մենք պետք է խուսափենք։

11, 12. ա) Ի՞նչ թեմաների շուրջ խոսեց Հիսուսը Լեռան քարոզում։ բ) Ուրիշ ի՞նչ գործնական թեմաներ է շոշափում Աստվածաշունչը, և ինչո՞ւ են նրանում տեղ գտած խորհուրդները միշտ արժեքավոր։

11 Խորհիր Հիսուսի Լեռան քարոզի մասին, որն արձանագրված է Մատթեոս 5–7-րդ գլուխներում։ Այստեղ Հիսուսը խոսում է բազմաթիվ թեմաների շուրջ, օրինակ՝ ինչպես գտնել իսկական երջանկություն, ինչպես հարթել անհամաձայնությունները, ինչպես աղոթել, ինչպես ճիշտ տեսակետ ունենալ նյութական բաների վերաբերյալ։ Հիսուսի խոսքերն այսօր նույնքան զորեղ ու գործնական են, որքան այն ժամանակ, երբ նա առաջին անգամ ասաց դրանք։

12 Աստվածաշնչյան որոշ սկզբունքներ վերաբերում են ընտանեկան կյանքին, աշխատանքին, ինչպես նաև մարդկանց միջև փոխհարաբերություններին։ Աստվածաշնչի սկզբունքները կիրառելի են բոլորի համար, իսկ խորհուրդները միշտ օգտակար են։ Ահա թե ինչ հայտնեց Եհովան Եսայիա մարգարեի միջոցով. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ» (Եսայիա 48։17

ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ԳԻՐՔ

Եսայիա մարգարեն կանխագուշակեց Բաբելոնի անկումը

13. Բաբելոնի մասին ի՞նչ մանրամասնություններ հայտնեց Եհովան Եսայիայի միջոցով։

13 Աստվածաշունչը պարունակում է բազմաթիվ մարգարեություններ, որոնց մեծ մասն արդեն կատարվել է։ Քննենք մի օրինակ։ Մ.թ.ա. 8-րդ դարում ապրող Եսայիա մարգարեի միջոցով Եհովան հայտնեց, որ Բաբելոն քաղաքը պիտի կործանվի (Եսայիա 13։19; 14։22, 23)։ Մարգարեության մեջ մանրամասնորեն նկարագրվում էր, թե կոնկրետ ինչպես էր քաղաքը նվաճվելու։ Թշնամու զորքը պիտի ցամաքեցներ Բաբելոնի գետը և առանց կռվի մտներ քաղաք։ Եսայիայի մարգարեության մեջ հիշատակվում էր նույնիսկ այն թագավորի անունը, որը պետք է նվաճեր Բաբելոնը։ Այդ թագավորը Կյուրոսն էր (կարդա՛  Եսայիա 44։27–45։2

14, 15. Ինչպե՞ս կատարվեցին Բաբելոնի մասին Եսայիայի մարգարեության որոշ մանրամասներ։

14 Մարգարեությունից շուրջ 200 տարի անց՝ մ.թ.ա. 539թ. հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, մի զորք Բաբելոնի մոտակայքում բանակ դրեց։ Ո՞վ էր զորավարը. պարսից թագավոր Կյուրոսը։ Բեմահարթակը պատրաստ էր, որպեսզի սկսվեր զարմանահրաշ մարգարեության կատարումը։ Բայց արդյո՞ք Կյուրոսի զորքը Բաբելոնը գրավելու էր առանց կռվի, ինչպես որ նախագուշակված էր։

15 Այդ գիշեր բաբելոնացիները խնջույքի մեջ էին և իրենց շատ ապահով էին զգում քաղաքը շրջապատող վիթխարի պարիսպների ներսում։ Կյուրոսը խորամանկորեն փոխում է քաղաքի միջով հոսող գետի հունը։ Շատ չանցած՝ ջրի մակարդակը այնքան է նվազում, որ Կյուրոսի զինվորներն անցնում են գետի միջով և մոտենում քաղաքի պարիսպներին։ Սակայն ինչպե՞ս էր նրա զորքը մտնելու պարիսպներից ներս։ Ինչ-որ անհայտ պատճառով այդ գիշեր քաղաքի դարպասները անզգուշաբար բաց էին թողնվել։

16. ա) Ի՞նչ կանխագուշակեց Եսայիան Բաբելոն քաղաքի մասին։ բ) Ինչպե՞ս կատարվեց Բաբելոնի ամայացման վերաբերյալ Եսայիայի մարգարեությունը։

16 Բաբելոնի վերաբերյալ մարգարեացվել էր. «Նա այլևս երբեք բնակեցված չի լինի և սերնդեսերունդ իր համար բնակության տեղ չի ունենա։ Այնտեղ արաբացին իր վրանը չի կանգնեցնի, և ոչ մի հովիվ իր հոտը չի պառկեցնի» (Եսայիա 13։20)։ Այս մարգարեությունը ոչ միայն կանխատեսում էր Բաբելոնի անկումը, այլև ցույց էր տալիս, որ քաղաքը պիտի առհավետ ամայի մնա։ Այսօր դու կարող ես տեսնել այս խոսքերի իրականացման ապացույցը։ Իրաքի Բաղդադ քաղաքից 80 կիլոմետր դեպի հարավ գտնվող հին Բաբելոնի այդ անբնակ վայրը Եհովայի հետևյալ մարգարեական խոսքերի կատարման լուռ վկայությունն է. «Ես նրան.... կավլեմ ոչնչացման ավելով» (Եսայիա 14։22, 23 *

Բաբելոնի ավերակները

17. Ինչպե՞ս է աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը ամրացնում մեր հավատը։

17 Մեր հավատը, անշուշտ, ամրանում է, երբ հասկանում ենք, որ Աստվածաշունչը վստահելի մարգարեությունների գիրք է։ Այն, որ Եհովա Աստված կատարել է անցյալում կանխագուշակած իր մարգարեությունները, երաշխիք է, որ կկատարի նաև երկրային դրախտի վերաբերյալ իր խոստումը (կարդա՛  Թվեր 23։19)։ Այո՛, մենք ունենք հավիտենական կյանքի հույս, որն «Աստված, որը չի կարող ստել, խոստացավ վաղեմի ժամանակներից առաջ» (Տիտոս 1։2 *

«ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ԿԵՆԴԱՆԻ Է»

18. Ի՞նչ է ասում Պողոս առաքյալը Աստծու Խոսքի զորության վերաբերյալ։

18 Այս գլխում ուսումնասիրված նյութից պարզ է դառնում, որ Աստվածաշունչը իսկապես անզուգական գիրք է։ Նրա արժեքը ավելին է, քան նրանում եղած ներքին ներդաշնակությունը, գիտական և պատմական տեսանկյունից ճշգրտությունը, իմաստությունը և վստահության արժանի մարգարեությունները։ Պողոս առաքյալը գրում է. «Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ և ավելի սուր է, քան ցանկացած երկսայրի սուր. այն ներթափանցում է նույնիսկ մինչև հոգու և ոգու, ինչպես նաև հոդերի ու դրանց ոսկրածուծի բաժանումը և կարող է քննել սրտի մտքերն ու մտադրությունները» (Եբրայեցիներ 4։12

19, 20. ա) Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը օգնել քեզ ինքնաքննություն կատարելու։ բ) Ինչպե՞ս կարող ես ցույց տալ քո երախտագիտությունը Աստծու անզուգական պարգևի՝ Աստվածաշնչի համար։

19 Աստծու «խոսքը», կամ՝ նրա պատգամը ի զորու է փոխելու մեր կյանքը։ Այն կարող է օգնել, որ նոր լույսի ներքո քննենք ինքներս մեզ։ Գուցե ասենք, որ սիրում ենք Աստծուն, սակայն թե ինչպես կարձագանքենք այն ամենին, ինչ սովորեցնում է Աստծու Խոսքը, ցույց կտա մեր իսկական մտավիճակը և նույնիսկ մեր սրտի մղումները։

20 Աստվածաշունչը իրոք որ Աստծու կողմից տրված գիրք է, որն արժե սիրել, կարդալ և ուսումնասիրել։ Ցույց տուր քո երախտագիտությունը աստվածային այս նվերի հանդեպ՝ շարունակելով թափանցել նրա բովանդակության մեջ։ Այդպես վարվելով՝ դու խորապես կհասկանաս մարդկության նկատմամբ Աստծու նպատակը։ Իսկ թե որն է այդ նպատակը, և ինչպես է այն կատարվելու, կքննենք հաջորդ գլխում։

^ պարբ. 6 Թեև որոշ մարդիկ ասում են, որ Աստվածաշնչի որոշ հատվածներ հակասում են իրար, սակայն նման պնդումները անհիմն են։ Տե՛ս «Գիրք բոլորի համար» գրքույկը, էջ 14–17։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 9 Օրինակ՝ ուշադրություն դարձրու Ղուկաս 3։23–38-ում արձանագրված Հիսուսի տոհմաբանությանը։

^ պարբ. 16 Աստվածաշնչի մարգարեությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Գիրք բոլորի համար» գրքույկը, էջ 27–29։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 17 Բաբելոնի կործանումը աստվածաշնչյան կատարված մարգարեություններից ընդամենը մեկն է։ Այլ օրինակներ են Տյուրոս և Նինվե քաղաքների կործանման վերաբերյալ մարգարեությունները (Եզեկիել 26։1–5; Սոփոնիա 2։13–15)։ Բացի այդ, Դանիելը մարգարեացավ, որ Բաբելոնի անկումից հետո մեկը մյուսի հետևից իրար են հաջորդելու աշխարհակալ կայսրություններ։ Դրանց թվում էին լինելու Մարա-Պարսկաստանը (Աքեմենյան պետությունը) և Հունաստանը (Դանիել 8։5–7, 20–22)։ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ մեսիական բազմաթիվ մարգարեությունների իրականացման մասին կարդա «Հիսուս Քրիստոս. խոստացյալ Մեսիան» հավելվածում։