Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀԱՎԵԼՎԱԾ

Աստծու անվան գործածությունն ու նշանակությունը

Աստծու անվան գործածությունն ու նշանակությունը

ԻՆՉՊԵ՞Ս է թարգմանված Սաղմոս 83։18-ը քո Աստվածաշնչում։ Հայերեն «Նոր աշխարհ» թարգմանության մեջ այս համարը հետևյալ կերպ է հնչում. «Որպեսզի մարդիկ իմանան, որ դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա»։ Այս համարը նույն ձևով է թարգմանված նաև Աստվածաշնչի բազմաթիվ այլ հրատարակություններում։ Սակայն շատ թարգմանություններից Եհովա անունը հանված է և փոխարինված է «Տեր» կամ «Աստված» տիտղոսներով։ Իսկ ի՞նչը պետք է գործածվի այս համարում՝ տիտղո՞սը, թե՞ անունը։

Աստծու անունը եբրայերեն տառերով

Այս համարում խոսվում է անվան մասին։ Եբրայերեն բնագիր տեքստում (այդ լեզվով է գրի առնվել Աստվածաշնչի մեծ մասը) գրված է Աստծու անզուգական անձնանունը՝ եբրայերեն יהוה (ՅՀՎՀ) տառերով։ Հայերենում այդ անվան ընդունված ձևն է՝ «Եհովա»։ Արդյո՞ք այն հանդիպում է աստվածաշնչյան միայն մեկ համարում։ Ո՛չ։ Եբրայերեն բնագիր տեքստերում այն հանդիպում է գրեթե 7000 անգամ։

Որքա՞ն կարևոր է Աստծու անունը։ Ուշադրություն դարձնենք Հիսուս Քրիստոսի սովորեցրած տիպար աղոթքին, որը սկսվում է հետևյալ խոսքերով. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը» (Մատթեոս 6։9)։ Իսկ ավելի ուշ Աստծուն ուղղած իր աղոթքում Հիսուսն ասաց. «Հա՛յր, փառավորի՛ր քո անունը»։ Աստված երկնքից պատասխանեց Հիսուսին՝ ասելով. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ» (Հովհաննես 12։28)։ Ակնհայտ է, ուրեմն, որ Աստծու անունը մեծ կարևորություն ունի։ Այդ դեպքում ինչո՞ւ է որոշ թարգմանություններից հանվել այդ անունը և փոխարինվել տիտղոսներով։

Գոյություն ունի երկու հիմնական պատճառ։ Առաջին պատճառն այն է, որ շատերը պնդում են, թե պետք չէ գործածել Աստծու անունը, քանի որ այսօր հայտնի չէ, թե ինչպես է այն ճշգրիտ կերպով արտասանվել։ Հին եբրայերենում ձայնավորներ չեն եղել։ Հետևաբար, ոչ ոք այսօր չի կարող վստահությամբ ասել, թե ինչպես է աստվածաշնչյան ժամանակներում արտասանվել «ՅՀՎՀ»-ն։ Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք չպետք է գործածենք Աստծու անունը։ Օրինակ՝ աստվածաշնչյան ժամանակներում «Հիսուս» անունը արտասանվել է Եշուա կամ էլ, հավանաբար, Եհոշուա։ Մինչդեռ այսօր ամբողջ աշխարհում մարդիկ տարբեր ձևերով են արտասանում Հիսուսի անունը, ինչպես որ ընդունված է իրենց լեզվում։ Նրանք գործածում են այդ անունը, չնայած որ չգիտեն, թե ինչպես է այն արտասանվել առաջին դարում։ Նույնը կարելի է ասել քո անվան մասին. եթե ճանապարհորդես օտար երկրներ, կհամոզվես, որ քո անունը տարբեր լեզուներում տարբեր ձևերով է հնչում։ Հետևաբար այն, որ հայտնի չէ, թե անցյալում ինչպես է արտասանվել Աստծու անունը, պատճառ չէ, որ չօգտագործենք այն։

Երկրորդ պատճառը, թե ինչու է Աստծու անունը հանվել Աստվածաշնչից, կապված է վաղուց ի վեր արմատավորված հրեական ավանդության հետ։ Շատերն այն կարծիքին են, որ Աստծու անունը չի կարելի արտասանել։ Նրանք եկել են այս համոզմանը հավանաբար այն պատճառով, որ սխալ են հասկացել աստվածաշնչյան հետևյալ օրենքը. «Քո Աստված Եհովայի անունը անպատշաճ ձևով չօգտագործես, քանի որ Եհովան անպատիժ չի թողնի նրան, ով իր անունը անպատշաճ ձևով է օգտագործում» (Ելք 20։7

Այս օրենքը արգելում է սխալ ձևով գործածել Աստծու անունը, բայց արդյո՞ք արգելում է հարգալից ձևով գործածել։ Ամենևի՛ն։ Եբրայերեն Գրությունները (Հին Կտակարանը) գրի առնող բոլոր անհատներն էլ եղել են հավատարիմ տղամարդիկ, որոնք ապրել են հին Իսրայել ազգին տրված Աստծու Օրենքի համաձայն։ Նրանք հաճախ են օգտագործել Աստծու անունը։ Օրինակ՝ այն ընդգրկել են բազմաթիվ սաղմոսներում, որոնք բարձրաձայն երգում էին Եհովայի երկրպագուները։ Եհովա Աստված իր երկրպագուներին նույնիսկ պատվիրել էր կանչել իր անունը, և նրա հավատարիմ ծառաները հնազանդվում էին այդ պատվերին (Հովել 2։32; Գործեր 2։21)։ Քրիստոնյաներն այսօր չեն վարանում հարգալից կերպով օգտագործել Աստծու անունը, ինչպես որ, անկասկած, անում էր Հիսուսը (Հովհաննես 17։26

Փոխարինելով Աստծու անունը տիտղոսներով՝ Աստվածաշնչի թարգմանիչները լուրջ սխալ են գործում։ Նրանք Աստծուն ներկայացնում են որպես մարդկանցից հեռու և անդեմ ուժ, մինչդեռ Աստվածաշունչը մարդկանց հորդորում է մտերմություն անել Եհովայի հետ (Սաղմոս 25։14)։ Մի՞թե մտերիմ կլինեիր մեկի հետ, որի անունը նույնիսկ չգիտես։ Նմանապես, եթե մարդիկ չիմանան Աստծու անունը, ինչպե՞ս կարող են մտերմանալ նրա հետ։ Դեռ ավելին, եթե մարդիկ չեն գործածում Աստծու անունը, ապա չեն էլ հասկանում այդ անվան նշանակությունը։ Իսկ ի՞նչ է նշանակում Եհովա անունը։

Իր հավատարիմ ծառա Մովսեսին Աստված անձամբ բացատրեց իր անվան նշանակությունը։ Նա ասաց. «Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ» (Ելք 3։14)։ Փաստորեն, Եհովան կարող է դառնալ այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակները իրականացնելու համար։ Եվ ոչ միայն։ Նա կարող է նաև իր ստեղծագործության մեջ ցանկացած բան դարձնել այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակը իրագործելու համար։

Ենթադրենք՝ դու կարող ես դառնալ այն, ինչ ցանկանում ես։ Ի՞նչ կանես քո ընկերների համար։ Եթե նրանցից մեկը լուրջ հիվանդ լինի, դու կդառնաս հմուտ բժիշկ և կբուժես նրան։ Իսկ եթե մյուսը ֆինանսական խնդիրներ ունենա, կդառնաս հարուստ բարերար և կհանես նրան այդ վիճակից։ Սակայն իրողությունն այն է, որ դու ի վիճակի չես դառնալու այն, ինչ կցանկանաս. ոչ ոք ի վիճակի չէ։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ կտեսնես, թե ինչպես է Եհովան դառնում այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի իրականացնի իր նպատակները։ Նա պատրաստ է գործի դնելու իր զորությունը հօգուտ բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն (2 Տարեգրություն 16։9)։ Եհովայի անձնավորության այս գեղեցիկ կողմերը փակ են նրանց համար, ովքեր չգիտեն նրա անունը։

Հստակ է, ուրեմն, որ Եհովա անունը պետք է գրվի Աստվածաշնչում։ Աստծու անվան նշանակությունն իմանալով և այն երկրպագության մեջ գործածելով՝ մենք ավելի կմտերմանանք մեր երկնային Հոր՝ Եհովայի հետ։ *

^ պարբ. 3 Աստծու անվան մասին ավելի շատ բան իմանալու համար, թե որն է այդ անվան նշանակությունը, և ինչու այն պետք է գործածենք երկրպագության մեջ, տե՛ս «Աստծու Խոսքի ուսումնասիրության ուղեցույց» գրքույկը (մաս 1) և «Աստծու անունը հավիտյան կմնա» գրքույկը (անգլ., ռուս.)։ Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։