ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ժառանգություն, որը փոխանցվեց յոթ սերնդի
Ասում են, որ ես հորս եմ նման՝ կեցվածքով, աչքերով, անգամ հումորի զգացումով։ Բայց նա շատ ավելի արժեքավոր բան է փոխանցել ինձ՝ ժառանգություն, որը մեծապես գնահատվել է յոթ սերնդի կողմից։ Թույլ տվեք պատմել այդ մասին։
Իմ նախահայր Թոմաս (1) * Ուիլյամսը ծնվել է 1815թ. հունվարի 20-ին Անգլիայի Հորնքասլ քաղաքում։ Երկու տարի անց մահացավ նրա մայրը, և չորս երեխաներին մեծացրեց հայրը՝ Ջոն Ուիլյամսը։ Ջոնը Թոմասին ատաղձագործություն սովորեցրեց, սակայն Թոմասը այլ կարիերայի էր ձգտում։
Այդ ժամանակ Անգլիայում կրոնական վերածնունդ էր։ Քարոզիչ Ջոն Ուեսլին հեռացավ Անգլիայի եկեղեցուց և մեթոդիստների ընկերություն ստեղծեց, որը մեծ շեշտ էր դնում Աստվածաշնչի ուսումնասիրության և ավետարանչության վրա։ Ուեսլիի ուսմունքները հրդեհի պես տարածվեցին։ Շուտով Ուիլյամսի ընտանիքը ընդունեց նրա ուսմունքները։ Թոմասը դարձավ ուեսլեյան քարոզիչ և անմիջապես ցանկություն հայտնեց միսիոներական ծառայություն սկսել Խաղաղ օվկիանոսի հարավային շրջաններում։ 1840թ. հուլիսին նա և նրա կինը՝ Մերին, (2) ժամանեցին Լակեբա կղզի * (Ֆիջի), հրաբխային մի կղզի, որտեղ այն ժամանակ մարդակերներ էին ապրում։
ՄԱՐԴԱԿԵՐՆԵՐԻ ՄԵՋ
Ֆիջիում եղած տարիների ընթացքում Թոմասն ու Մերին մեծ փորձությունների միջով են անցել։ Նրանք երկար ժամեր տաժանակիր աշխատանք են կատարել՝ դիմանալով վատ պայմաններին և տրոպիկական սաստիկ շոգին։ Նաև ականատես են եղել անպատմելի սարսափների՝ ցեղային պատերազմի, մարդակերության, տեսել են, թե ինչպես են խեղդում այրի կանանց, սպանում նորածինների։ Բացի այդ, տեղի մարդիկ չեն ընդունել նրանց քարոզչությունը։ Մերին և նրա առաջին որդին՝ Ջոնը, անգամ հիվանդացել են մերձիմահ։ 1843թ.-ին Թոմասը գրեց. «Սիրտս նվաղել է.... հուսահատության եզրին եմ»։ Բարեբախտաբար, Մերին և նա կարողացան տոկալ Եհովայի հանդեպ իրենց հավատի շնորհիվ։
Գործի դնելով իր ատաղձագործական հմտությունները՝ Թոմասը Ֆիջիում կառուցեց առաջին եվրոպական ոճի տունը։ Այն ուներ օդափոխվող՝ փոքր-ինչ բարձրացված հատակ և այլ նորարարություններ, որոնք շարժեցին տեղացիների հետաքրքրասիրությունը։ Նախքան տունը ավարտին հասցնելը ծնվեց երկրորդ որդին՝ Թոմաս Վիթոն (3) Ուիլյամսը՝ իմ անմիջական նախնին։
1843թ.-ին Թոմասը օգնեց թարգմանելու Հովհաննեսի Ավետարանը ֆիջի լեզվով, ինչը բավական դժվար աշխատանք էր։ * Լինելով շնորհալի մարդաբան՝ նա օժտված էր մանրամասներ նկատելու ունակությամբ։ Եվ հենց այդ ունակությունն էլ օգնեց նրան իր հետազոտություններն ու ուսումնասիրությունները ամենայն մանրամասնությամբ արձանագրելու իր գրքում, որը կոչվում է «Ֆիջին և ֆիջիեցիները» (1858)։ Այն 19-րդ դարի դասական մի աշխատություն է։
Ֆիջիում 13 ծանր տարիներ անցկացնելուց հետո Թոմասի առողջությունն ի վերջո այնքան վատացավ, որ նա ստիպված եղավ ընտանիքով տեղափոխվել Ավստրալիա։ Թոմասը երկար տարիներ ծառայեց որպես ականավոր հոգևորական։ Նա մահացավ 1891թ.-ին Բալլարաթում (Վիկտորիա)։
«ՈՍԿԻ» ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ
1883թ.-ին Թոմաս Վիթոն Ուիլյամսը և նրա կինը՝ Ֆիբեն, (4) տեղափոխվեցին Փերթ՝ Արևմտյան Ավստրալիա։ Նրանց երկրորդ որդին՝ Արթուր Բեյքվել (5) Ուիլյամսը, որը իմ հաջորդ անմիջական նախնին է, այդ ժամանակ ինը տարեկան էր։
22 տարեկանում Արթուրը որոշեց իր բախտը փնտրել Կալգուրլիում՝ ոսկու հանքեր ունեցող մի քաղաքում, որը Փերթից մոտ 600 կիլոմետր արևելք էր գտնվում։ Այնտեղ նրա ձեռքն ընկավ մի գրականություն, որը հրատարակվել էր Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների կողմից (այն ժամանակ Եհովայի վկաները այդպես էին կոչվում)։ Նա նույնիսկ բաժանորդագրվեց «Սիոնի Դիտարան» ամսագրին։ Տպավորված իր կարդացածից՝ Արթուրը սկսեց իր ընտանիքին և ուրիշներին պատմել իր նոր գիտելիքների մասին և Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպումներ անցկացնել։ Այսպիսի համեստ սկիզբ ունեցավ Եհովայի վկաների ներկայիս գործունեությունը Արևմտյան Ավստրալիայում։
Արթուրի հայրը՝ Թոմաս Վիթոնը, աջակցում էր նրան այս հարցում, սակայն շատ չանցած՝ մահացավ։ Մայրը՝ Ֆիբեն, ու նրա կրտսեր քույրերը՝ Վիոլեթն ու Մերին, դարձան Աստվածաշունչ ուսումնասիրողներ։ Վիոլեթը դարձավ լիաժամ ավետարանիչ, կամ՝ ռահվիրա։ Արթուրի խոսքերով՝ նա «ամենալավ, ամենաեռանդուն և ամենաջանասեր ռահվիրան է եղել, որի նմանը Արևմտյան Ավստրալիայում չի եղել»։ Թեև Արթուրը չափազանցնում էր, սակայն Վիոլեթի եռանդուն օրինակը մեծ ազդեցություն ունեցավ Ուիլյամսների հետագա սերունդների վրա։
Հետագայում Արթուրն ամուսնացավ և տեղափոխվեց ապրելու Դոնիբրուկ քաղաքում (Արևմտյան Ավստրալիայի հարավ-արևմուտք), որը հայտնի է տարբեր մրգերի աճեցմամբ։ Այնտեղ նա եռանդորեն քարոզում էր աստվածաշնչյան այն մարգարեությունների մասին, որոնք մատնացույց էին անում 1914 թվականը։ * Այդ պատճառով նրան ասում էին՝ «1914 քարոզող խենթ»։ Սակայն մարդիկ դադարեցին նրան ծաղրելուց, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։Արթուրը շարունակում էր վկայություն տալ իր խանութի հաճախորդներին։ Խանութի պատուհանի մոտ նա աստվածաշնչյան հրատարակություններ էր դնում, իսկ պատուհանից կախել էր մի ցուցանակ, որի վրա գրված էր, որ 100 ֆունտ կտրվի նրան, ով կկարողանա ապացուցել, որ Երրորդությունը սուրբգրային ուսմունք է, մի բան, ինչը Արթուրը չէր ընդունում։ Ոչ ոք երբևէ չկարողացավ շահել այդ գումարը։
Ուիլյամսների տունը մի խումբ մարդկանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություններ և ժողովի հանդիպումներ անցկացնելու վայր է եղել։ Հետագայում
Արթուրը Թագավորության սրահ, կամ՝ ժողովի հանդիպումներն անցկացնելու վայր կառուցեց։ Դա Արևմտյան Ավստրալիայում առաջին սրահն էր։ Երբ նա արդեն 70 անց էր, հագնում էր իր կոստյումը, կապում էր փողկապը, հեծնում էր իր հին ձին, որի անունը Դոլ էր, և գնում էր Դոնիբրուկ մարզի հեռավոր վայրերում քարոզելու։Ինչ խոսք, հոր օրինակը, որը մեղմ ու հարգված անձնավորություն էր, բայցև շատ եռանդուն, մեծ ազդեցություն ունեցավ երեխաների վրա։ Արթուրի դուստրը՝ Ֆլորենսը, (6) որպես միսիոներ ծառայեց Հնդկաստանում։ Իսկ նրա որդիները՝ Արթուր Լինդսին (7) և Թոմասը, իրենց հոր նման՝ երկար տարիներ ժողովում ծառայեցին որպես երեց։
ՔԱՂՑՐ «ԼԵՅԴԻ ՈՒԻԼՅԱՄՍ»
Արթուր Լինդսի Ուիլյամսը՝ իմ հոր պապը, բարի անձնավորություն էր, ինչի համար շատ սիրված էր։ Նա միշտ ժամանակ էր գտնում մարդկանց համար և հարգանքով էր վերաբերվում բոլորին։ Նա եղել է նաև կացնահարների չեմպիոն և 12 տարիների ընթացքում 18 անգամ հաղթել է փայտ հատելու տարածաշրջանային մրցաշարը։
Մի անգամ նրա երկու տարեկան որդին՝ Ռոնալդը, (8) (այսինքն՝ իմ պապը) վերցրել է կացինն ու սկսել կացնահարել մեր տան մոտ նոր տնկված փոքրիկ խնձորենին։ Այդուհանդերձ, տարիներ անց այն յուրահատուկ քաղցրության խնձորներ տվեց, քանի որ ժամանակին Ռոնալդի մայրը զգուշությամբ փաթաթել էր «վիրավոր» ծառը։ Խնձորի այս տեսակը կոչվեց «Լեյդի Ուիլյամս», որը հետագայում դարձավ «Cripps Pink» կոչվող աշխարհահռչակ խնձորի նախածնողը։
Հետագայում Ռոնալդը, կամ՝ Գրեմփը, ինչպես ես էի ասում նրան, սկսեց շինարարական գործեր անել։ Նա և տատս երկար տարիներ որպես կամավորներ մասնակցել են Ավստրալիայում և Սողոմոնի կղզիներում իրականացվող շինարարական նախագծերի։ Այժմ Գրեմփը մոտ 80 տարեկան է, սակայն ժողովում ծառայում է որպես երեց և շարունակում է աջակցել Արևմտյան Ավստրալիայում Թագավորության սրահներ կառուցելու և վերանորոգելու աշխատանքներին։
ԹԱՆԿ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ծնողներս՝ Ջեֆրի (9) և Ջանիս (10) Ուիլյամսները, մեծ ջանքեր են թափել, որ քրոջս՝ Կատարինին, (11) և ինձ (12) սովորեցնեն թանկ գնահատել քրիստոնեական սկզբունքները։ Արդեն 13 տարեկանում մտերիմ փոխհարաբերություններ ունեի Եհովայի հետ։ Հիշում եմ՝ համաժողովներից մեկի ժամանակ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Ջոն Բարը հորդորեց պատանիներին՝ ասելով. «Ձեռքից բաց մի՛ թողեք այն թանկ բանը, որ ունեք՝ Եհովային ճանաչելու և սիրելու հնարավորությունը»։ Այդ գիշեր ես իմ կյանքը նվիրեցի Եհովային։ Երկու տարի անց սկսեցի ռահվիրա ծառայել։
Այսօր ես վայելում եմ իմ լիաժամ ծառայությունը կնոջս՝ Քլոեի հետ Թոմ Փրայս հանքարդյունաբերական քաղաքում (Արևմտյան Ավստրալիայի հյուսիս-արևմուտք)։ Մենք մեր կարիքները հոգում ենք՝ աշխատելով կես դրույք։ Ծնողներս, քույրս ու նրա ամուսինը՝ Էնդրյուն, ռահվիրա են ծառայում Փորտ Հեդլենդում՝ մոտ 420 կիլոմետր դեպի հյուսիս։ Հայրս ու ես ժողովում ծառայում ենք նաև որպես երեցներ։
Յոթ սերունդ առաջ իմ նախահայր Թոմաս Ուիլյամսը վճռեց ծառայել Եհովա Աստծուն։ Ես իսկապես օրհնված եմ, որ այդպիսի հարուստ հոգևոր ժառանգություն եմ ստացել իմ նախնիներից։
^ Թվերը մատնացույց են անում 12-րդ և 13-րդ էջերի նկարներում պատկերված մարդկանց։
^ Նախկին անվանումն է Լակեմբա։ Գտնվում է Ֆիջիի արևելյան մասում։
^ Միսիոներ Ջոն Հանթը ֆիջի լեզվով թարգմանել է Նոր Կտակարանի մեծ մասը, որը հրատարակվել է 1847-ին։ Այդ թարգմանությունը ուշագրավ է, քանի որ դրանում օգտագործվել է Աստծու անունը՝ «Ջիովա»։
^ Այս թեմայի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «1914 թվական. հատկանշական տարի Աստվածաշնչի մարգարեությունում» հավելվածը, որը գտնվում է «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից և առկա է նաև օնլայն՝ www.jw.org կայքում։