Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ինչո՞ւ պետք է հիշենք Հիսուսի մահը
Հիսուսի մահը ամենակարևոր իրադարձությունն է պատմության մեջ։ Հիսուսը մահացել է, որպեսզի մարդիկ կարողանան ապրել այն կյանքով, որ Աստված էր նպատակադրել նրանց համար։ Մարդիկ չէին ստեղծվել վատ գործեր անելու հակումով, նաև նրանք չպետք է հիվանդանային ու մահանային (Ծննդոց 1։31)։ Սակայն առաջին մարդու՝ Ադամի միջոցով մեղքը աշխարհ մտավ։ Հիսուսը տվեց իր կյանքը, որպեսզի մեզ փրկի մեղքից ու մահից (կարդա՛ Մատթեոս 20։28; Հռոմեացիներ 6։23)։
Աստված առանձնահատուկ սեր դրսևորեց մեր հանդեպ՝ իր Որդուն երկիր ուղարկելով, որ նա մահանա մեզ համար (1 Հովհաննես 4։9, 10)։ Հիսուսը պատվիրեց իր աշակերտներին, որ հիշեն իր մահը՝ կատարելով մի պարզ արարողություն, որի ժամանակ օգտագործվում է հաց ու գինի։ Ամեն տարի այդ արարողությունը կատարելով՝ մենք մեր երախտագիտությունն ենք ցույց տալիս Եհովա Աստծու և Հիսուսի դրսևորած սիրո համար (կարդա՛ Ղուկաս 22։19, 20)։
Ո՞վ պետք է օգտվի հացից և գինուց
Երբ Հիսուսը առաջին անգամ պատվիրեց իր աշակերտներին հիշել իր մահը, նա խոսեց մի ուխտի մասին (Մատթեոս 26։26–28)։ Այդ ուխտը աշակերտներին, ինչպես նաև սահմանափակ թվով ուրիշ մարդկանց հնարավորություն տվեց երկնքում Հիսուսի հետ թագավորներ և քահանաներ լինելու։ Թեև միլիոնավոր մարդիկ են նշում Հիսուսի մահը, սակայն հացից և գինուց օգտվում են միայն նրանք, ովքեր ուխտի մեջ են Հիսուսի հետ (կարդա՛ Հայտնություն 5։10)։
Արդեն մոտ 2000 տարի է, ինչ Եհովան ընտրում է նրանց, ովքեր թագավորներ են լինելու (Ղուկաս 12։32)։ Ի տարբերություն նրանց, ովքեր հավիտյան ապրելու են երկրի վրա՝ երկինք գնացողների թիվը քիչ է (կարդա՛ Հայտնություն 7։4, 9, 17)։