Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստծու Խոսքը հայտնի է դառնում միջնադարյան Իսպանիայում

Աստծու Խոսքը հայտնի է դառնում միջնադարյան Իսպանիայում

«Երբ Իսպանիա ուղևորվելիս լինեմ, ամեն ինչից առավել հույս ունեմ, որ ճանապարհին կտեսնեմ ձեզ։ Ցանկանում եմ, որ մի որոշ ժամանակ վայելեմ ձեր ընկերակցությունը» (Հռոմեացիներ 15։24

ՊՈՂՈՍԸ գրեց այս խոսքերը Հռոմում գտնվող իր հավատակիցներին մոտ մ.թ. 56-ին։ Առաքյալը ճամփորդել է դեպի Իսպանիա, թե ոչ, Աստվածաշունչը չի հայտնում։ Ամեն դեպքում Աստծու Խոսքի բարի լուրը հասել է Իսպանիա մ.թ. երկրորդ դարում՝ լինի Պողոսի կամ ուրիշ քրիստոնյա միսիոներների ջանքերի շնորհիվ։

Շուտով Իսպանիայում քրիստոնեական համայնքներ հաստատվեցին ու բարգավաճեցին։ Դա էր պատճառը, որ Իսպանիայում ապրող մարդիկ կարիք ունեցան, որ Աստվածաշունչը թարգմանվի լատիներեն։ Բանն այն էր, որ երկրորդ դարում Իսպանիան երկար ժամանակ Հռոմի տիրապետության տակ էր, և լատիներենը դարձել էր գերիշխող լեզու Հռոմի մեծ կայսրությունում։

ԼԱՏԻՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ

Վաղ իսպանացի քրիստոնյաները մի քանի լատիներեն Աստվածաշնչեր էին թարգմանել, որոնց միասին կոչում էին «Վետուս Լատինա Հիսպանա»։ Այս լատիներեն Աստվածաշնչերը շրջանառվել են Իսպանիայում երկար տարիներ, մինչև Հերոնիմոսը ավարտեց իր հանրահայտ լատիներեն «Վուլգատան» մ.թ. հինգերորդ դարի սկզբում։

Հերոնիմոսի թարգմանությունը, որը նա ավարտին էր հասցրել Բեթլեհեմում (Պաղեստին), շատ արագ հասավ Իսպանիա։ Երբ Լուսինյուսը՝ մի հարուստ Աստվածաշունչ ուսումնասիրող, իմացավ այդ լատիներեն թարգմանության մասին, ցանկացավ որքան հնարավոր է շուտ ձեռք բերել այդ նոր թարգմանության մի օրինակ։ Նա վեց գրագիրների ուղարկեց Բեթլեհեմ, որ կրկնօրինակեն տեքստը և բերեն Իսպանիա։ Հաջորդող դարերում «Վուլգատան» աստիճանաբար փոխարինեց «Վետուս Լատինա Հիսպանային»։ Այս լատիներեն թարգմանությունները հնարավորություն տվեցին Իսպանիայի ժողովրդին կարդալու Աստվածաշունչը և հասկանալու նրա լուրը։ Բայց երբ Հռոմի կայսրությունն անկում ապրեց, նոր լեզվական խնդիր առաջ եկավ։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԳՐԱՔԱՐԵՐԻ ՎՐԱ

Հինգերորդ դարում վեստգոթերը և ուրիշ գերմանական ցեղեր ներխուժեցին Իսպանիա, և նոր լեզուն՝ գոթերենը, նրանց հետ մտավ թերակղզի։ Նրանց կրոնը արիոսականությունն էր՝ քրիստոնեության մի ուղղություն, որը հերքում էր Երրորդությունը։ Ներգաղթյալները նաև իրենց հետ բերեցին Սուրբ Գրքի իրենց թարգմանությունը՝ Վուլֆիլի գոթերեն Աստվածաշունչը։ Այս թարգմանությունը կարդացին Իսպանիայում մինչև վեցերորդ դարի վերջը, երբ Ռեկարեդը՝ վեստոգթերի թագավորը, կաթոլիկ դարձավ և մերժեց արիոսականությունը։ Նա հավաքեց բոլոր արիոսական գրվածքները և ոչնչացրեց, այդ թվում Վուլֆիլի Աստվածաշունչը։ Արդյունքում բոլոր գոթերեն տեքստերը անհետացան Իսպանիայից։

Գրաքարի տախտակ, որի վրա գրված է Աստվածաշնչից մի հատված լատիներեն բարբառներից մեկով՝ մ.թ. 6-րդ դար

Այնուհանդերձ, այդ ընթացքում Աստծու Խոսքը շարունակում էր տարածվել Իսպանիայում։ Գոթերենից բացի, կար նաև լատիներեն բարբառը, որով խոսում էին Իսպանիայում։ Դրանից հետագայում ծնվեցին ռոմանական լեզուները, որոնցով խոսում են Իբերիա թերակղզում *։ Այս լատիներեն բարբառով գրված ամենահին աշխատությունները հայտնի են որպես Վեստգոթական գրաքարեր, քանի որ դրանք գրված են գրաքարի (ածխածնային կարծր հանքաքար) չմշակված  կամ մշակված տախտակների վրա։ Դրանք թվագրված են վեցերորդ և յոթերորդ դարերով, և որոշները պարունակում են հատվածներ «Սաղմոսներ» գրքից ու Ավետարաններից։ Գրաքարերից մեկի վրա գրված է 16-րդ սաղմոսն ամբողջությամբ։

Սուրբ Գրքի տեքստի առկայությունը այս անշուք քարերի վրա ցույց է տալիս, որ այդ ժամանակ հասարակ ժողովուրդը կարդում և արտագրում էր Աստծու Խոսքը։ Ակներևաբար, ուսուցիչները օգտագործում էին այս աստվածաշնչյան հատվածները որպես վարժություններ՝ աշակերտներին կարդալ ու գրել սովորեցնելու համար։ Գրաքարերը էժան էին՝ համեմատած թանկ մագաղաթների հետ, որ միջնադարյան մենաստաններն օգտագործում էին իրենց նկարազարդ Աստվածաշնչերի համար։

Մի հատված նկարազարդված Լեոնի Աստվածաշնչից։ Որքան էլ այդ Աստվածաշնչերը թանկարժեք լինեին, դրանք չէին նպաստում Աստծու Խոսքի լուրի տարածմանը

Այս անգին նկարազարդ Աստվածաշնչերից մեկը գտնվում է Լեոնի (Իսպանիա) Սուրբ Իսիդոր եկեղեցում։ Այն թվագրված է մ.թ. 960 թվականով, 1028 էջերը ունեն մոտ 47 սանտիմետր երկարություն և 34 սանտիմետր լայնություն, իսկ գիրքը կշռում է 18 կիլոգրամ։ Մեկ ուրիշը, որն այժմ պահվում է Վատիկանի գրադարանում, Ռիպոլի Աստվածաշունչն է՝ թվագրված մ.թ. 1020 թվականով։ Այն միջնադարի ամենից շատ նկարազարդումներ ունեցող Աստվածաշնչերից մեկն է։ Այսպիսի արվեստի գործ ստեղծելու համար, օրինակ, մեկ վանականը պետք է ամբողջ օրը նկարեր սկզբնատառը կամ ամբողջ շաբաթվա ընթացքում պատրաստեր մեկ անվանաէջ։ Որքան էլ, սակայն, այդ Աստվածաշնչերը թանկարժեք լինեին, դրանք չէին նպաստում Աստծու Խոսքի տարածմանը։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԱՐԱԲԵՐԵՆՈՎ

Ութերորդ դարում մեկ ուրիշ լեզու տարածում գտավ Իսպանիայում այն պատճառով, որ մահմեդականները ներխուժեցին թերակղզի։ Այն տարածքներում, որ նրանք գաղութներ դարձրին, արաբերենը սկսեց իշխել լատիներենին, և կարիք առաջացավ, որ Աստվածաշունչը թարգմանվի նոր լեզվով։

5–8-րդ դարերում լատիներեն ու արաբերեն Աստվածաշնչերի շնորհիվ իսպանացիները կարողացան կարդալ Աստծու Խոսքը

Աստվածաշնչի արաբերեն շատ թարգմանություններ, հատկապես Ավետարանները շրջանառվեցին միջնադարյան Իսպանիայում։ Ակներևաբար, ութերորդ դարում Խուանը, որը Սևիլիայի եպիսկոպոսն էր, թարգմանեց ամբողջ Աստվածաշունչը արաբերենով։ Ցավոք, արաբերեն այս թարգմանությունների մեծ մասն այլևս գոյություն չունի։ Ավետարանների մի արաբերեն թարգմանություն, որը մեզ է հասել  տասներորդ դարի կեսերից, պահվում է Լեոնի մայր տաճարում (Իսպանիա)։

Ավետարանի արաբերեն թարգմանությունը՝ մ.թ. 10-րդ դար

ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ ԻՍՊԱՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Միջնադարի վերջին տարիների ընթացքում Իբերիա թերակղզում սկսեց ձևավորվել կաստիլերենը (իսպաներեն)։ Այս նոր լեզուն կոչված էր դառնալու կարևոր միջոց Աստծու Խոսքի տարածման համար *։ Իսպաներենով թարգմանված Աստվածաշնչի առաջին տեքստը հայտնվեց La Fazienda de Ultra Mar (Գործունեությունը ծովի այն կողմում) աշխատության մեջ 13-րդ դարի սկզբին։ Այն պարունակում է Իսրայել կատարած ճանապարհորդության արձանագրությունը և նյութեր Հնգամատյանից ու Եբրայերեն Գրությունների այլ գրքերից, ինչպես նաև Հունարեն Գրություններից Ավետարանները և նամակները։

Ալֆոնս X-րդ թագավորը հովանավորեց Աստվածաշնչի թարգմանությունը իսպաներենով

Եկեղեցին հավանություն չտվեց այս թարգմանությանը։ Տառագոնայի խորհուրդը 1234-ին հրաման արձակեց, որ այդ լեզվով առկա աստվածաշնչյան գրքերը պետք է հանձնել հոգևորականներին, որ այրեն։ Ուրախալի է այն փաստը, որ այս հրամանը չկանգնեցրեց Աստվածաշնչի հետագա թարգմանությունները։ Ալֆոնս X-րդ թագավորը (1252-1284թթ.), որը համարվում է գրավոր իսպաներենի հիմնադիրը, ցանկացավ, որ Սուրբ Գիրքը թարգմանվի այս նոր լեզվով, և հովանավորեց այն։ Այս ժամանակաշրջանում արված իսպաներեն թարգմանությունները ներառում են այսպես կոչված Նախաալֆոնսյան Աստվածաշունչը և դրանից կարճ ժամանակ անց լույս տեսած Ալֆոնսի Աստվածաշունչը, որը այդ ժամանակներում ամենամեծ իսպաներեն թարգմանությունն էր։

Էջեր Նախաալֆոնսյան (ձախ) և Ալֆոնսի (աջ) Աստվածաշնչերից (13-րդ դար)

Այս երկու աշխատություններն էլ նպաստեցին նորակազմ իսպաներենի օգտագործմանն ու հարստացմանը։ Ահա թե ինչ է ասում աստվածաշնչագետ Թոմաս Մոնթգոմերին Նախաալֆոնսյան Աստվածաշնչի մասին. «Այս Աստվածաշնչի թարգմանիչը հրաշալի աշխատանք է կատարել։ Թարգմանությունը աչքի է ընկնում ճշգրտությամբ և լեզվի նրբագեղությամբ.... Լեզուն պարզ ու մատչելի է, ինչը անհրաժեշտ էր այն մարդկանց համար, ովքեր լատիներեն չէին հասկանում»։

Այս իսպաներեն Աստվածաշնչերը, սակայն, թարգմանվեցին լատիներեն «Վուլգատայից», ոչ թե բնագիր լեզուներից։ Սկսած 14-րդ դարից՝ հրեա գիտնականները Եբրայերեն Գրությունների մի քանի իսպաներեն թարգմանություններ արեցին եբրայերենից։ Այդ ժամանակ Իսպանիան Եվրոպայում հրեական ամենամեծ համայնք ուներ, և հրեա թարգմանիչները կարող էին օգտվել եբրայերեն մագաղաթներից՝ իրենց թարգմանությունները կատարելու համար *։

Դրա ակնառու օրինակներից է Ալբայի Աստվածաշունչը, որն ամբողջացվել է 15-րդ դարում։ Հայտնի իսպանացի ազնվական Լուիս դե Գուսմանը լիազորեց ռաբբի Մոյսես Արաքելին, որ թարգմանի Աստվածաշունչը «կաստիսո» (մաքուր) իսպաներենով։ Նա երկու պատճառ բերեց, թե ինչու ցանկացավ, որ նոր թարգմանություն լինի։ Նախ ասաց. «Ռոմանական լեզվով այսօր գոյություն ունեցող Աստվածաշնչերը ճշգրիտ չեն լեզվական տեսանկյունից»։ Եվ երկրորդ. «Մեզ նման մարդիկ կարիք ունեն լուսանցքներում գրված նշումների՝ դժվարըմբռնելի հատվածները հասկանալու համար»։ Նրա խոսքերից երևում է, որ իր օրերում ապրող մարդկանց մեծապես հետաքրքրում էր Աստվածաշունչը, այն կարդում էին ու փորձում էին հասկանալ։ Ավելին, դա ցույց էր տալիս, որ Սուրբ Գիրքը տեղի լեզվով արդեն մեծ տարածում էր գտել Իսպանիայում։

 Միջնադարյան թարգմանիչների ու կրկնօրինակողների շնորհիվ Իսպանիայի կրթված մարդիկ կարողացան կարդալ Աստվածաշունչը իրենց մայրենի լեզվով՝ առանց մեծ խնդիրների։ Արդյունքը եղավ այն, որ, ինչպես պատմաբան Խուան Օրթս Գոնսալեսն է նկատում, «մինչև Լյութերի ժամանակները իսպանացիները ավելի լավ գիտեին Աստվածաշունչը, քան գերմանացիներն ու անգլիացիները»։

«Մինչև Լյութերի ժամանակները իսպանացիները ավելի լավ գիտեին Աստվածաշունչը, քան գերմանացիներն ու անգլիացիները» (պատմաբան Խուան Օրթս Գոնսալես)

15-րդ դարի վերջում, սակայն, իսպանական ինկվիզիցիան արգելեց, որ մարդիկ ունենան Սուրբ Գիրքը կամ այն թարգմանեն ցանկացած լեզվով։ Տասնամյակներ շարունակ Աստվածաշունչն Իսպանիայում արգելքի տակ էր։ Այն հանվեց երեք դար հետո։ Այդ դժվարին ժամանակներում մի քանի քաջ թարգմանիչներ արտերկրում թարգմանեցին ու գաղտնի Իսպանիա բերեցին իսպաներեն նոր թարգմանությունները *։

Ինչպես երևում է միջնադարյան Իսպանիայում Աստվածաշնչի հետ կապված այս պատմությունից, հակառակորդները տարբեր ձևերով ջանացել են թաքցնել Աստծու Խոսքը։ Այնուամենայնիվ, նրանք չեն կարողացել լռեցնել Ամենակարողի խոսքերը (Սաղմոս 83։1; 94։20

Շատ գիտնականների անխոնջ ջանքերի շնորհիվ Աստվածաշունչը ոտք դրեց միջնադարյան Իսպանիա ու մեծ տարածում գտավ։ Ժամանակակից թարգմանիչները հետևում են նրանց օրինակին, ովքեր թարգմանել են Սուրբ Գիրքը լատիներեն, գոթերեն, արաբերեն և իսպաներեն։ Արդյունքում միլիոնավոր իսպանախոս մարդիկ այսօր կարող են կարդալ Աստծու Խոսքը իրենց հարազատ լեզվով։

^ պարբ. 10 Այդ թվում կաստիլերեն, կատալաներեն, գալիսերեն, պորտուգալերեն։

^ պարբ. 17 Այսօր իսպաներենը մոտ 540 միլիոն մարդկանց առաջին լեզուն է։

^ պարբ. 20 Տե՛ս 2011թ. «Դիտարանի» դեկտեմբերի 1-ի՝«Աստծու անունը, Ալֆոնսո դե Զամորան և տեքստային ճշգրտությունը» հոդվածը։

^ պարբ. 23 Տե՛ս «Կասիոդորո դե Ռեյնայի պայքարը իսպաներեն Աստվածաշնչի համար» հոդվածը «Դիտարանի» 1996թ. հունիսի 1-ի համարում (անգլ., ռուս.)։