Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Հիսուսի օրերում ինչպե՞ս էին տաճարում նվիրաբերություններ արվում

Տաճարի գանձատունը գտնվում էր կանանց գավիթում։ Մի գրքում ասվում է. «[Կանանց գավիթում] շուրջ բոլորը սյունաշար էին, որոնց ներսի կողմում՝ պատի դիմաց, տասներեք գանձանակներ, կամ՝ «շեփորներ» կային, [որտեղ] գցվում էին նվիրաբերությունները» (The Temple—Its Ministry and Services)։

Գանձանակները կոչվում էին «շեփորներ», քանի որ դրանց վերին հատվածը նեղ էր, ներքևի հատվածը՝ լայն։ Յուրաքանչյուր գանձանակի վրա գրված էր, թե ինչի համար է տվյալ նվիրաբերությունը։ Հավաքված գումարը օգտագործվում էր կոնկրետ նպատակներով։ Հիսուսը կանանց գավիթում էր, երբ տեսավ, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ, այդ թվում կարիքավոր մի այրի նվիրաբերություն անում (Ղուկաս 21։1, 2

1-ին և 2-րդ գանձանակները նախատեսված էին տաճարի հարկի համար. մեկը՝ տվյալ տարվա համար, մյուսը՝ նախորդ տարվա։ 3–7-րդ գանձանակները նախատեսված էին տատրակի, աղավնու, փայտի, խնկի և ոսկե անոթների նվիրաբերությունների համար՝ ըստ յուրաքանչյուրի համար սահմանված արժեքի։ Եթե անհատը այդ արժեքից ավելի շատ գումար էր նախատեսել, ապա ավելացած գումարը գցում էր մյուս գանձանակներից մեկը։ 8-րդ գանձանակը մեղքի ընծայից ավելացած գումարի համար էր։ 9–12-րդ գանձանակները հանցանքի ընծայից, թռչունների զոհաբերություններից, ուխտավորների և բորոտների մատուցած զոհաբերություններից ավելացած գումարի համար էին։ Իսկ 13-րդ գանձանակը կամավոր նվիրաբերությունների համար էր։

Աստվածաշնչի գրող Ղուկասը վստահարժա՞ն պատմիչ է

Ղուկասը գրել է իր անունով կոչվող Ավետարանը, ինչպես նաև «Առաքյալների գործերը» գիրքը։ Նա ասում է, որ «սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել է», բայց որոշ աստվածաշնչագետներ կասկածի են ենթարկել նրա արձանագրությունների ճշգրտությունը (Ղուկաս 1։3)։ Եկեք տեսնենք, թե արդյոք Ղուկասը վստահարժա՞ն պատմիչ է։

Ղուկասը հիշատակում է պատմական փաստեր, որոնց ճշգրտությունը հնարավոր է ստուգել։ Նա օգտագործում է հռոմեական պաշտոնյաների ոչ այնքան հատնի մի շարք տիտղոսներ, օրինակ՝ Փիլիպպեի համար՝ պրետորներ, կամ՝ քաղաքի պաշտոնյաներ, Թեսաղոնիկեի համար՝ պոլիտարքներ, կամ՝ քաղաքի իշխաններ, Եփեսոսի համար՝ կազմակերպիչներ (Գործեր 16։20; 17։6; 19։31)։ Ղուկասը Հերովդես Անտիպասին կոչում է չորրորդապետ, կամ՝ մարզի կառավարիչ, իսկ Սերգիոս Պողոսին՝ Կիպրոսի պրոկոնսուլ (Գործեր 13։1, 7

Ղուկասի կողմից տիտղոսների ճշգրիտ գործածումը ուշագրավ է, քանի որ երբ փոխվում էր Հռոմի որևէ տարածքի կարգավիճակը, փոխվում էր նաև կառավարչի տիտղոսը։ Այդուհանդերձ, «ամեն անգամ, երբ «Գործեր»-ում այդպիսի տեղեկություն է նշվում, այն ճշգրիտ է լինում թե՛ հիշատակված վայրի, թե՛ ժամանակի առնչությամբ», ինչպես ասում է աստվածաշնչագետ Բրյուս Մեցգերը։ Իսկ աստվածաշնչագետ Ուիլյամ Ռամզին Ղուկասի մասին ասում է, որ նա իսկապես «շատ լավ պատմիչ» է։