Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լեզուները և Բաբելոնի աշտարակաշինությունը

Լեզուները և Բաբելոնի աշտարակաշինությունը

«Եհովան ցրեց նրանց ողջ երկրի երեսով, և նրանք դադարեցին քաղաքը կառուցելուց։ Այդ պատճառով այն կոչվեց Բաբելոն, որովհետև այնտեղ Եհովան ամբողջ երկրի լեզուն խառնեց» (Ծննդոց 11։8, 9

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ գրված այս պատմությունը իսկապե՞ս տեղի է ունեցել։ Արդյո՞ք բոլոր մարդիկ միանգամից են սկսել տարբեր լեզուներով խոսել։ Ոմանց համար ծիծաղելի է լեզուների առաջացման և տարածման մասին այս պատմությունը։ Մի հեղինակ գրում է. «Բաբելոնի աշտարակի մասին առասպելը իմ լսած ամենաանհեթեթ պատմությունն է»։ Նույնիսկ մի հրեա ռաբբի այն անվանեց «ազգերի ծագման մասին պրիմիտիվ բացատրություն»։

Ինչո՞ւ մարդիկ չեն հավատում այս պատմությանը։ Պատճառներից մեկն այն է, որ այն հակասում է լեզվի ծագման մասին որոշ տեսակետների։ Օրինակ՝ կան գիտնականներ, որ այն կարծիքին են, թե լեզվական խմբերը միանգամից չեն առաջացել, այլ աստիճանաբար են զարգացել՝ սերելով մեկ մայր լեզվից։ Ոմանք էլ այն կարծիքին են, թե որոշ նախալեզուներ անկախ զարգացում են ունեցել՝ պարզագույն հնչյուններից վերածվելով բարդ խոսքի։ Այսպիսի և իրար հակասող այլ տեսակետները պատճառ են դարձել, որ շատերը համաձայնվեն պրոֆեսոր Վ. Թ. Ֆիթչի հետ, որն իր՝ «Լեզվի էվոլյուցիա» գրքում գրել է. «Մենք դեռևս համոզիչ պատասխաններ չունենք» (The Evolution of Language)։

Իսկ ի՞նչ են հնագետներն ու հետազոտողները հայտնաբերել լեզվի ծագման և զարգացման վերաբերյալ։ Նրանց հայտնագործությունները թիկունք կանգնո՞ւմ են վերը նշված տեսակետներին, թե՞ հաստատում են Աստվածաշնչի պատմության ճշմարտացիությունը։ Նախ քննենք Բաբելոնի աշտարակաշինության վերաբերյալ որոշ մանրամասներ։

ԵՐԲ ԵՎ ՈՐՏԵՂ

Աստվածաշունչը հայտնում է, որ այն դեպքը, երբ Աստված խառնեց լեզուները, և մարդիկ ցրվեցին աշխարհով մեկ, տեղի է ունեցել «Սենաար երկրում», որը հետագայում կոչվեց Բաբելոն (Ծննդոց 11։2)։ Ե՞րբ է դա տեղի ունեցել։ Աստվածաշնչից  տեղեկանում ենք, որ «երկիրը [այսինքն՝ երկրի բնակչությունը] բաժանվել է» Փալեկի օրերում, որը ծնվել էր Աբրահամից մոտ 250 տարի առաջ։ Ուստի այդ դեպքը, ակներևաբար, տեղի է ունեցել մոտ 4200 տարի առաջ (Ծննդոց 10։25; 11։18–26

Ըստ որոշ գիտնականների՝ ժամանակակից լեզուները առաջ են եկել մեկ նախալեզվից, կամ՝ մայր լեզվից, որով մարդիկ խոսել են մոտ 100000 տարի առաջ *։ Ուրիշներն էլ պնդում են, թե այսօրվա լեզուները սերել են մի քանի հիմնալեզուներից, որոնցով խոսել են առնվազն 6000 տարի առաջ։ Իսկ ինչպե՞ս են լեզվաբանները որոշում մեռած լեզուների զարգացման փուլերը։ «Դա չափազանց դժվար է,— ասում է «Էկոնոմիստ» ամսագիրը։— Ի տարբերություն կենսաբանների՝ լեզվաբանները անցյալն ուսումնասիրելու համար բրածոներ չունեն»։ Ամսագրում նաև նշվում է, որ մի էվոլյուցիոնիստ-լեզվաբան եզրակացությունների է հանգում՝ «ենթադրությունների հիման վրա հաշվարկներ անելով» (Economist)։

Այնուամենայնիվ, «լեզվաբանական բրածոներ» կան։ Որո՞նք են այդ բրածոները, և ի՞նչ են դրանք բացահայտում լեզուների ծագման մասին։ «Նոր բրիտանական հանրագիտարանը» բացատրում է. «Միակ լեզվաբանական բրածոները՝ գրավոր խոսքի ամենավաղ արձանագրությունները, արվել են ոչ ավելի, քան 4000 կամ 5000 տարի առաջ»։ Որտե՞ղ են հնագետները հայտնաբերել դրանք. Ստորին Միջագետքում՝ հին Սենաարում *։ Փաստորեն, առկա նյութական ապացույցը թիկունք է կանգնում Աստվածաշնչում նշված փաստերին (The New Encyclopædia Britannica)։

ՏԱՐԲԵՐ ԼԵԶՈՒՆԵՐ, ՏԱՐԲԵՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԵՐ

Աստվածաշնչում կարդում ենք, որ Բաբելոնում Աստված խառնեց «նրանց լեզուն, որ չկարողանան մեկը մյուսի լեզուն հասկանալ» (Ծննդոց 11։7)։ Արդյունքում շինարարները «դադարեցին քաղաքը կառուցելուց» և ցրվեցին «ողջ երկրի երեսով» (Ծննդոց 11։8, 9)։ Աստվածաշունչը չի ասում, թե ժամանակակից բոլոր լեզուները սերել են մեկ մայր լեզվից։ Ընդհակառակը՝ այն հայտնում է, որ մարդիկ հանկարծ սկսեցին խոսել արդեն իսկ ձևավորված նոր ու բոլորովին տարբեր լեզուներով, և յուրաքանչյուրը կարողանում էր իր լեզվով արտահայտել իր զգացմունքներն ու մտքերը։

Սեպագիր կավե սալիկ, Միջագետք, մ.թ.ա. 3-րդ հազարամյակ

Ի՞նչ կարելի է ասել ներկայիս լեզվական խմբերի, դրանց նմանությունների և տարբերությունների մասին։ Գիտնական Լիրա Բորոդիտսկին գրել է. «Երբ լեզվաբանները խորությամբ ուսումնասիրեցին աշխարհի լեզուները (7000 կամ ավելի, որոնցից միայն մի մասն է ուսումնասիրվել), բազմաթիվ անկանխատեսելի տարբերություններ գտան»։ Թեպետ մի լեզվաընտանիքի լեզուներն ու բարբառները, ինչպիսին, օրինակ, հարավային Չինաստանի կանտոներեն և հաքքա բարբառներն են, կարող են իրար նման լինել, սակայն դրանք լիովին տարբերվում են մեկ այլ լեզվաընտանիքի, օրինակ՝ Իսպանիայի արևմտյան կատալան և վալենսերեն լեզուներից։

Լեզուները ձևավորում են մարդկանց մտածողությունը, որից կախված է, թե ինչպես անհատը կնկարագրի իրեն շրջապատող աշխարհը, գույները, չափերը, տարածությունը և ուղղությունը։ Օրինակ՝ մի լեզվով մարդիկ ասում են՝ «քո աջ ձեռքին բզեզ է նստել», իսկ մեկ այլ լեզվով նույն բանը ասում են՝ «քո հարավարևմտյան ձեռքին բզեզ է նստել»։  Ինչ խոսք, այսպիսի տարբերությունները կարող են մարդուն շփոթեցնել։ Ուստի զարմանալի չէ, թե ինչու էր Բաբելոնի շինարարների համար անհնարին շարունակել իրենց գործը։

ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀՆՉՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ԲԱՐԴ ԽՈՍՔ

Ինչպիսի՞ն էր մարդկության սկզբնական լեզուն։ Աստվածաշնչից իմանում ենք, որ առաջին մարդ Ադամը կարողանում էր նոր բառեր կազմել, օրինակ, երբ կենդանիներին ու թռչուններին անուններ էր տալիս (Ծննդոց 2։20)։ Նա նույնիսկ բանաստեղծություն հորինեց՝ արտահայտելու զգացմունքները իր կնոջ հանդեպ։ Իսկ երբ Սատանան օձի միջոցով խոսեց Եվայի հետ, վերջինս պարզ ասաց, թե ինչ է Աստված իրենց պատվիրել և ինչպիսին կլինեն այդ պատվերին չհնազանդվելու հետևանքները (Ծննդոց 2։23; 3։1–3)։ Սկզբնական լեզուն հնարավորություն էր տալիս մարդկանց լիարժեքորեն հաղորդակցվելու և նույնիսկ ստեղծագործելու։

Երբ Բաբելոնում լեզուները խառնվեցին, մարդիկ սկսեցին իրար չհասկանալ և չկարողացան համախմբել իրենց ուժերը։ Նրանց նոր լեզուները մարդկության սկզբնական լեզվի պես լիարժեք լեզուներ էին։ Դարերի ընթացքում մարդիկ մեծ քաղաքներ կառուցեցին, հզոր բանակներ կազմեցին և տարբեր ազգերի հետ առևտրով զբաղվեցին (Ծննդոց 13։12; 14։1–11; 37։25)։ Կարո՞ղ էին նրանք այդ ամենն անել, եթե նրանց լեզուն չունենար հարուստ բառապաշար և քերականություն։ Ըստ Աստվածաշնչի՝ սկզբնական լեզուն և Բաբելոնում առաջ եկած լեզուները պարզագույն հնչյուններ չէին, այլ բարդ խոսք՝ լիարժեք լեզուներ։

Ժամանակակից հետազոտությունները թիկունք են կանգնում այս եզրահանգմանը։ Լեզվաբանական մի հանրագիտարանում գրված է. «Քննության ենթարկված յուրաքանչյուր մշակույթ, անկախ նրանից, թե որքան «պրիմիտիվ» է համարվում, ունի լիարժեքորեն զարգացած լեզու, որի բարդությունը չի զիջում այսպես կոչված «քաղաքակիրթ ազգերի» լեզուների բարդությանը» (The Cambridge Encyclopedia of Language)։ Հարվարդ քոլեջի պրոֆեսոր Սթիվըն Փինքըրը իր գրքում գրում է. «Գոյություն չունի քարի դարի լեզու» (The Language Instinct)։

ԼԵԶՎԻ ԱՊԱԳԱՆ

Լեզվաբանական բրածոների, տարբեր լեզվական խմբերի միջև տարբերությունների և հին լեզուների բարդության մասին խոսելուց հետո ի՞նչ հետևություն կարող ենք անել։ Շատերը եկել են այն եզրակացության, որ Բաբելոնում տեղի ունեցածի մասին Աստվածաշնչի պատմությունը իրական է։

Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովա Աստված խառնեց մարդկանց լեզուները, քանի որ նրանք ապստամբեցին նրա դեմ (Ծննդոց 11։4–7)։ Սակայն նա խոստացել է, որ «ժողովուրդներին մաքուր լեզու կտա, որպեսզի նրանք բոլորը կանչեն Եհովայի անունը և ուս ուսի ծառայեն նրան» (Սոփոնիա 3։9)։ Այդ «մաքուր լեզուն»՝ Աստծու Խոսքի ճշմարտությունը, միավորում է աշխարհի տարբեր մասերում ապրող մարդկանց։ Ուստի տրամաբանական է, որ Աստված ապագայում կմիավորի ողջ մարդկությանը՝ տալով մեկ լեզու։

^ պարբ. 8 Լեզվի վերաբերյալ տեսակետները սովորաբար հիմնված են այն ենթադրության վրա, որ մարդը առաջ է եկել կապկանման էակից։ Այս հարցի վերաբերյալ տեղեկություն կարող եք գտնել «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկում, էջ 27–29։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 9 Հնագետները Սենաարի տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերել են մի քանի բուրգանման, աստիճանաձև տաճար-աշտարակներ։ Աստվածաշունչը հայտնում է, որ Բաբելոնում շինարարները քարերի փոխարեն աղյուսներով էին կառուցում և որպես շաղախ ասֆալտ էին օգտագործում (Ծննդոց 11։3, 4)։ Հանրագիտարանը նշում է, որ Միջագետքում քարը «հազվագյուտ բան էր կամ էլ ընդհանրապես չկար», բայց ասֆալտը առատ էր։