Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նամակ Հունաստանից

Քարոզում ենք Եվրոպայի ծայր հարավում

Քարոզում ենք Եվրոպայի ծայր հարավում

ԼԵՖԿԱ հսկա լեռները աստիճանաբար փոքրանում էին, մինչև որ անհետացան տեսադաշտից։ Մեր նավը, Կրետե կղզուց դուրս գալով, շարժվում էր դեպի Գավդոս։ Միջերկրական ծովի խորունկ ջրերից վեր խոյացող այս փոքր կղզին քարտեզի վրա ընդամենը մի փոքր կետ է՝ Եվրոպայի հարավային ծայրակետը։ 13 հոգուց բաղկացած մեր խումբը անհամբերությամբ սպասում էր, թե երբ պետք է տեղ հասնի, որպեսզի քարոզի տեղի բնակիչներին։

Թվում էր, թե ամռան այդ շոգ օրը մեզ հանգիստ ուղևորություն է խոստանում։ Բայց շատ չանցած՝ կատաղի քամիները փոթորկեցին ծովը։ Ալիքները հարվածում էին նավին՝ այս ու այն կողմ տարուբերելով։ Սկսեցի ինձ վատ զգալ։ Ակամայից հիշեցի Պողոս առաքյալի մասին, որը դարեր առաջ Գավդոսի մոտով նավով անցնելիս, որն այն ժամանակ հայտնի էր Կլավդա անունով, նույնպես փոթորկի մեջ էր ընկել (Գործեր 27։13–17)։ Միակ մտահոգությունս ապահով տեղ հասնելն էր։

Տրիպիտի հրվանդան՝ Եվրոպայի հարավային ծայրակետը

Վերջապես նշմարվեցին Գավդոսի ժայռոտ ափերը, որոնց եզրերը մխրճվում էին ծովի մեջ։ Այն 300 մետր բարձրության, լեռնագագաթներ չունեցող բարձրավանդակ է, ունի մոտավորապես 26 քառակուսի մետր տարածություն, որը մեծ մասամբ ծածկված է սոճիների խիտ անտառներով ու թփուտներով։ Տեղ-տեղ կարելի է տեսնել ափերի երկայնքով աճող գիհիներ, որոնք հասնում են մինչև ծովի շուրթերը։

Մի ժամանակ այս կղզին ուներ մոտ 8000 բնակիչ։ Սակայն այսօր նրանց թիվը հազիվ 40-ի է հասնում։ Ժամանակակից քաղաքակրթությունն ասես ոտք չի դրել այստեղ։ Թեպետ բեռնատար նավեր հաճախ են անցնում այստեղով, սակայն Կրետե կղզու հետ մշտական ջրային կապ չկա։ Վատ եղանակի պատճառով նավերի մեկնումը հաճախ է հետաձգվում կամ չեղյալ համարվում։

Գավդոս գալու մեր նպատակը մարդկանց ուրախ և ոգևորիչ լուր հայտնելն էր, որ շուտով մարդիկ կարող են հրաշալի ապագա ունենալ՝ կատարելապես առողջ լինել ու հավիտյան ապրել։ Երբ մեր նավը մոտեցավ նավամատույցին, անհամբերությամբ սպասում էինք, թե երբ ենք այդ լուրը նրանց հայտնելու։

Սակայն մեր գունատ դեմքերը խոսում էին այն մասին, որ չորս ու կես ժամ տևած ճանապարհորդությունը ամենևին էլ հեշտ ու հանգիստ չի անցել։ Ուստի կարճատև քունը և մի գավաթ սուրճը հենց այն էր, ինչ պետք էր թարմանալու համար։ Պողոս առաքյալի ճանապարհորդության մասին աստվածաշնչյան դրվագը աչքի անցկացնելուց և թախանձագին աղոթելուց հետո անցանք գործի։

Կղզու բնակիչները բարյացակամ էին և հյուրասեր։ Նրանք հրավիրում էին մեզ իրենց տուն և հյուրասիրություն ցույց տալիս։ Մենք ոչ միայն բարի լուրն էինք հայտնում նրանց, այլև, երբ անհրաժեշտ էր լինում, գործնական օգնություն էինք առաջարկում։ Օրինակ, երբ զրուցում էինք մի կնոջ հետ, մեր խմբի անդամներից մեկը, որն էլեկտրիկ է, նկատեց, որ նրա աշխատանքի վայրում մի սարք վերանորոգման կարիք ունի և առաջարկեց նորոգել այն։ Կինը շատ տպավորվեց, վերցրեց աստվածաշնչյան գրականությունը ու գովեց մեզ մեր կատարած ծառայության համար։ Մեկ ուրիշ կին իր երախտագիտությունն արտահայտեց՝ ասելով. «Ձեր աշխատանքը Աստծուց է և ոչ թե մարդկանցից։ Դա ակնհայտ է, քանի որ դուք եկել եք քարոզելու այս հեռավոր կղզում»։

Տեղի բնակիչները շատ թանկ գնահատեցին մեր բերած աստվածաշնչյան գրականությունը։ Մի տղամարդ, վերցնելով «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը, ասաց, որ կուզեր ավելի շատ գրականություն ունենալ ձմռան ամիսներին կարդալու համար։ Մեկ ուրիշ տղամարդ էլ գրականություն վերցրեց ոչ միայն իր, այլև իր խանութում դնելու համար, որ հաճախորդները կարդան։ Նա տվեց մեզ իր հասցեն, որ ամեն ամիս փոստով ամսագրեր ուղարկենք։ Իսկ մի ընտանիք անչափ տպավորվեց, երբ Աստվածաշնչում ցույց տվեցինք այն հատվածը, որտեղ նշվում է իրենց փոքրիկ կղզու մասին, և մեծ ուրախությամբ ամսագրեր վերցրեց։

Թեև այս բոլոր արձագանքները շատ քաջալերական էին, սակայն մեզնից ոմանց մեջ Գավդոս կղզին տխուր հուշեր արթնացրեց։ Սարակինիկո ծովածոցում կա մի շինություն, որտեղ տարիներ առաջ ապրել են քաղաքսորյալներ։ Եհովայի վկա Էմմանուել Լիոնուդակիսը 1930-ականների վերջին քարոզելու պատճառով աքսորվել էր այստեղ *։ Գավդոսի մասին պատմում էին, որ այդ ժամանակ այն «մի ամայի կղզի է եղել՝ լի թունավոր կարիճներով։ Այստեղ շատերը.... մահացել են սովի, հիվանդության և զրկանքների պատճառով։ Ուստի այս տարածքը իրավամբ կոչվել է մահվան կղզի»։ Լիոնուդակիսը որպես կերակուր ձուկ է որսացել և լինելով միակ Վկան՝ քարոզել է մյուս աքսորյալներին։ Նրա աղջիկը, փեսան և թոռը, տեսնելով այս վայրը, որտեղ մոտ 70 տարի առաջ ապրել է Լիոնուդակիսը, հուզվեցին։ Մեզ համար նա հավատարմության և ծառայության մեջ ակտիվ լինելու հրաշալի օրինակ է։

Շինություն, որտեղ աքսորյալներ են ապրել, և նրանց անուններով հուշաքար (Սարակինիկո ծովածոց)

Այդ աքսորյալների համար Գավդոսը դրախտային կղզի չէր, սակայն մեզ համար այն մի հաճելի վայր էր, քանի որ մենք շաբաթ և կիրակի օրերին քարոզեցինք ամբողջ կղզում՝ զրուցելով անկեղծ մարդկանց հետ և բաժանելով 46 ամսագիր և 9 գրքույկ։ Անհամբերությամբ սպասում ենք, թե երբ ենք կրկին տեսնելու մեր այս նոր ընկերներին։

Հասավ հրաժեշտի պահը, սակայն եղանակը նորից իր չար կատակը խաղաց։ Մենք պետք է մեկնեինք ժամը 17։00-ին, բայց մեկնումը հետաձգվեց։ Նավ նստեցինք կեսգիշերին և պատրաստվեցինք դժվարություններով լի ճանապարհորդության։ Վերջապես, գիշերը ժամը 3-ին շարժվեցինք։ Մոտ 5 ժամ փոթորկոտ ծովի ալիքների դեմ պայքարից հետո հասանք Կրետե կղզի։ Երբ վերջապես ափ դուրս եկանք, գետինն ասես փախչում էր մեր ոտքերի տակից։ Ուժասպառ էինք, սակայն ուրախ, քանի որ կարողացել էինք Եհովայի անունը հայտնի դարձնել Գավդոս կղզում (Եսայիա 42։12)։ Խմբի բոլոր անդամները համոզված էին, որ իրենց ջանքերը իզուր չէին։ Մեր կրած դժվարությունները շուտով կմոռացվեն, բայց այս հետաքրքիր ճանապարհորդությունը ընդմիշտ կհիշենք։

^ պարբ. 11 Էմմանուել Լիոնուդակիսի կենսագրությունը կարող եք կարդալ «Դիտարանի» 1999թ. սեպտեմբերի 1-ի համարում, էջ 25–29 (անգլ. ռուս.)։