Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս են երեխաները փոխում ամուսնական կյանքը

Ինչպե՞ս են երեխաները փոխում ամուսնական կյանքը

Ընտանեկան երջանկության բանալին

Ինչպե՞ս են երեխաները փոխում ամուսնական կյանքը

Չարլզ. * «Ես ու Մերին ուրախությունից ցնծում էինք, երբ լույս աշխարհ եկավ մեր դուստրը։ Սակայն նրա ծնվելուց հետո առաջին մի քանի ամիսներին ես շատ անքուն գիշերներ անցկացրի։ Մենք նրա մասին հոգ տանելու և նրան դաստիարակելու հետ կապված շատ ծրագրեր էինք կազմել, բայց դրանք հօդս ցնդեցին»։

Մերի. «Մեր մանկիկի ծնունդը ամբողջովին փոխեց իմ կյանքը։ Փոխվեցին նաև առաջնահերթություններս։ Անհրաժեշտ էր կերակրի շիշը միշտ պատրաստ պահել, տակդիրը փոխել ու երեխային հանգստացնել։ Անշուշտ, սրանք մեծ փոփոխություններ էին։ Միայն ամիսներ անց կարողացա վերականգնել փոխհարաբերություններս Չարլզի հետ»։

ՇԱՏԵՐԸ կհամաձայնեն, որ երեխա ունենալը կյանքի ամենամեծ ուրախություններից է։ Աստվածաշունչը երեխաներին կոչում է Աստծուց տրված «պարգև» (Սաղմոս 127։3)։ Ինչպես Չարլզը և Մերին, այնպես էլ առաջին անգամ ծնող դարձած ամուսնական զույգերը գիտեն, որ երեխաները կարող են անսպասելիորեն փոխել ամուսնական կյանքը։ Օրինակ՝ մայրը, ողջ ուշադրությունը կենտրոնացնելով առաջնեկի վրա, գուցե զարմանքով նկատի, թե ինչպես են իր մարմինն ու սիրտը արձագանքում նորածնի ամեն մի թնկթնկոցին։ Իսկ հորը հնարավոր է հիացմունք պատճառի կնոջ ու երեխայի միջև ձևավորված ջերմ կապը։ Բայց միևնույն ժամանակ նա թերևս մտահոգվի՝ կարծելով, որ անտեսված է մնում կողակցի կողմից։

Փաստորեն, առաջնեկի լույս աշխարհ գալը, ըստ ամենայնի, ճգնաժամ է առաջ բերում ամուսնական կյանքում։ Անհատի էմոցիոնալ անկայունությունը և կողակիցների չլուծված հարցերը գուցե ի հայտ գան և լուրջ բնույթ կրեն այն ժամանակ, երբ նրանք ծնող դառնան։

Ինչպե՞ս կարող են ծնողները առաջին մի քանի դժվար ամիսների ընթացքում հարմարվել փոփոխություններին, երբ առաջնեկը պահանջում է իրենց ողջ ուշադրությունը։ Ի՞նչ կարող է անել զույգը՝ մտերիմ փոխհարաբերություններ պահպանելու համար։ Ինչպե՞ս կարող են ամուսինները հարթել տարաձայնությունները, որոնք ծագում են ծնողական պարտականությունները կատարելիս։ Եկեք քննենք այդ խնդիրներից յուրաքանչյուրն առանձին-առանձին և տեսնենք, թե ինչպես կարող են աստվածաշնչյան սկզբունքներն օգնել ամուսնական զույգերին դիմագրավելու դրանց։

ԽՆԴԻՐ 1։ Ամեն ինչ սկսում է երեխայի շուրջը պտտվել։

Նորածինը խլում է մոր ողջ ժամանակն ու ուշադրությունը։ Մայրը կարող է էմոցիոնալ բավարարվածություն զգալ՝ հոգ տանելով իր երեխային։ Մինչդեռ ամուսինը թերևս անտեսված զգա իրեն։ Մանուելը, որն ապրում է Բրազիլիայում, ասում է. «Այն ժամանակը, որ կինս պետք է հատկացներ ինձ, տրամադրում էր երեխային՝ ողջ ուշադրությունը կենտրոնացնելով նրա վրա։ Դա ամենամեծ փոփոխությունն էր ինձ համար։ Մինչ այդ երկուսով էինք, բայց հանկարծ ամեն ինչ փոխվեց. իմ տեղը զբաղեցրեց երեխան»։ Ինչպե՞ս է հնարավոր վարվել նման իրավիճակում։

Հաջողության բանալին։ Եղեք համբերատար։ «Սերը համբերատար է ու բարի,— ասում է Աստվածաշունչը։— Սերը «իր շահը չի փնտրում, բարկությամբ չի բորբոքվում»» (1 Կորնթացիներ 13։4, 5)։ Ի՞նչ կարող են անել ամուսինն ու կինը, որպեսզի կիրառեն այս խորհուրդը, երբ ծնվում է առաջնեկը։

Իմաստուն ամուսինը հավաստիացնում է կնոջը իր սիրո մեջ՝ հասկանալով, որ ծննդաբերությունը ֆիզիկական և մտավոր առումով ազդում է նրա վրա և որ այդ պատճառով նրա տրամադրությունը կարող է կտրուկ փոխվել *։ Ադամը, որն ապրում է Ֆրանսիայում և ունի 11 ամսական աղջիկ, խոստովանում է. «Երբեմն դժվար է դիմանալ, երբ կնոջս տրամադրությունը կտրուկ փոխվում է։ Բայց ես հիշեցնում եմ ինքս ինձ, որ նրա հիասթափությունները իրականում ինձ հետ կապված չեն։ Պարզապես նա այդպես է արձագանքում նոր իրավիճակի հետևանքով առաջացած սթրեսին»։

Քո կինը երբեմն սխա՞լ է հասկանում քեզ, երբ փորձում ես օգնության ձեռք մեկնել նրան։ Եթե այո, ապա մի շտապիր վիրավորվել (Ժողովող 7։9)։ Փոխարենը՝ համբերատար եղիր և փորձիր նրա շահերը վեր դասել քո հետաքրքրություններից։ Այդ դեպքում կխուսափես նրան վհատեցնելուց (Առակներ 14։29

Մյուս կողմից՝ խորաթափանց կինը կփորձի աջակցել իր ամուսնուն հոր դերը կատարելու հարցում։ Նա ամուսնու հետ միասին հոգ կտանի երեխային, համբերատարությամբ ցույց կտա, թե ինչպես փոխել տակդիրը կամ պատրաստել կերակրի շիշը, չնայած որ սկզբում ամուսինը գուցե անփութորեն անի այդ գործը։

Էլենը՝ 26-ամյա մի մայր, հասկացավ, որ պետք է որոշ փոփոխություններ կատարի ամուսնու հանդեպ ունեցած իր վերաբերմունքի մեջ։ Նա ասում է. «Ես պետք է մի փոքր կրճատեի այն ժամանակը, որը տրամադրում էի երեխային, և հիշեցնեի ինքս ինձ, որ չպետք է լինեմ չափից շատ քմահաճ, երբ ամուսինս փորձում է կիրառել երեխայի խնամքին վերաբերող իմ առաջարկները»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Կանա՛յք, եթե ձեր ամուսինը երեխայի խնամքի հետ կապված որևէ գործ այնպես չի անում, ինչպես դուք, մի՛ շտապեք քննադատել նրան կամ էլ ասել, որ կրկին փորձի։ Փոխարենը՝ գովե՛ք այն ամենի համար, ինչը որ նրան հաջողվում է անել։ Եթե այդպես վարվեք, ապա նա իրեն ավելի վստահ կզգա և պատրաստ կլինի իսկական հենարան դառնալու ձեզ համար։ Ամուսիննե՛ր, ավելի քիչ ժամանակ տրամադրեք ոչ կարևոր բաներին, որպեսզի ձեր կնոջն ավելի շատ օգնեք, հատկապես երեխայի ծննդից հետո առաջին մի քանի ամիսների ընթացքում։

ԽՆԴԻՐ 2։ Ձեր ամուսնական կապը թուլանում է։

Ուժասպառ լինելով անկանոն քնի և անսպասելի ճգնաժամի պատճառով՝ ծնող դարձած շատ զույգեր պայքարում են, որ պահպանեն իրենց մտերիմ փոխհարաբերությունները։ Վիվիենը, որը երկու երեխաների մայր է (Ֆրանսիա), խոստովանում է. «Սկզբում ես այնքան էի կենտրոնացել մայրական պարտականությունների վրա, որ գրեթե մոռացել էի կնոջ իմ դերը»։

Մյուս կողմից՝ ամուսինը գուցե չհասկանա, որ հղիությունը թե՛ ֆիզիկապես, թե՛ զգացապես ազդել է իր կնոջ վրա։ Նորածինը կարող է խլել այն ժամանակն ու էներգիան, որը նախկինում ամուսինները տրամադրում էին իրենց սեռական և էմոցիոնալ կարիքները բավարարելուն։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող է ամուսնական զույգը համոզված լինել, որ անօգնական սիրելի փոքրիկը սեպ չի խրում իրենց փոխհարաբերությունների մեջ։

Հաջողության բանալին։ Հավաստիացրեք միմյանց սիրո մեջ։ Աստվածաշունչը, նկարագրելով ամուսնությունը, ասում է. «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն» * (Ծննդոց 2։24)։ Եհովա Աստված նպատակադրել էր, որ երեխաները ի վերջո առանձնանային իրենց ծնողներից։ Սակայն նա ցանկանում էր, որ ամուսինն ու կինը «մեկ մարմին» լինեն հավիտյան (Մատթեոս 19։3–9)։ Ինչպե՞ս կարող է այդ փաստը գնահատելը օգնել վերջերս երեխա ունեցած ամուսիններին ճիշտ առաջնահերթությունների հետևելու։

Վիվիենը, որի մասին նշվեց վերևում, ասում է. «Խորհելով Ծննդոց 2։24-ում գրված խոսքերի շուրջ՝ հասկացա, որ «մեկ մարմին» եմ դարձել ամուսնուս և ոչ թե երեխայիս հետ և որ պետք է ամրացնեմ մեր ամուսնական փոխհարաբերությունները»։ Թերեզան, որը երկու տարեկան աղջիկ ունի, ասում է. «Երբ զգում եմ, որ ամուսնուս հետ փոխհարաբերություններս սառչում են, անմիջապես քայլեր եմ ձեռնարկում, ու թեև օրվա մեջ ինձ հաջողվում է միայն մի փոքր ժամանակ տրամադրել նրան, ձգտում եմ այդ ընթացքում ողջ ուշադրությունս կենտրոնացնել նրա վրա»։

Իսկ դո՛ւք, ամուսիննե՛ր, ի՞նչ կարող եք անել ձեր ամուսնական փոխհարաբերություններն ամրացնելու համար։ Ասեք ձեր կանանց, որ սիրում եք նրանց և փաստեք դա՝ քնքշությամբ վարվելով նրանց հետ։ Շատ ջանքեր գործադրեք փարատելու համար ցանկացած անվստահություն, որ ձեր կանայք կարող են ունենալ։ Սառան՝ 30-ամյա մի մայր, ասում է. «Կինը կարիք ունի գնահատված և սիրված լինելու, նույնիսկ եթե նրա մարմինը փոփոխության է ենթարկվել հղիության պատճառով»։ Ալենը, որն ապրում է Գերմանիայում և երկու տղաների հայր է, հասկանում է, որ իր կինը էմոցիոնալ աջակցության կարիք ունի։ Նա ասում է. «Ես միշտ փորձում եմ ծանր պահերին կնոջս համար թիկունք լինել»։

Բնական է, որ երեխայի ծնունդը խանգարում է ամուսինների սեռական հարաբերություններին։ Ուստի ամուսինն ու կինը պետք է քննարկեն, թե ինչ կարիքներ ունեն։ Աստվածաշունչն ասում է, որ ամուսինների սեռական հարաբերությունների հետ կապված փոփոխությունները պետք է լինեն «փոխադարձ համաձայնությամբ» (1 Կորնթացիներ 7։1–5)։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հաղորդակցվել։ Կախված ձեր դաստիարակությունից կամ մշակույթից՝ գուցե տրամադրված չլինեք խոսելու միմյանց հետ այդ հարցի շուրջ։ Բայց նման զրույցները կարևոր են, մինչ հարմարվում եք ձեր ծնողական պարտականություններին։ Եղեք կարեկից, համբերատար և անկեղծ (1 Կորնթացիներ 10։24)։ Եթե հետևեք այս խորհուրդներին, կխուսափեք տարաձայնություններից և կխորացնեք ձեր սերը իրար հանդեպ (1 Պետրոս 3։7, 8

Ամուսինները կարող են նաև խորացնել իրենց սերը՝ միմյանց հանդեպ գնահատանք ցույց տալով։ Իմաստուն ամուսինը կհասկանա՝ գործի մեծ մասը, որ անում է մայրացած կինը, մնում է աննկատ։ Վիվիենն ասում է. «Օրվա վերջում հաճախ ինձ թվում է, թե ոչինչ չեմ արել, չնայած որ շարունակ զբաղված եմ եղել երեխայիս խնամելով»։ Չնայած զբաղվածությանը՝ խորաթափանց կինը զգույշ կլինի, որ չթերագնահատի ամուսնու՝ ընտանիքին աջակցելու համար թափած ջանքերը (Առակներ 17։17

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Մայրե՛ր, մինչ երեխան քնած է, հնարավորության դեպքում դուք էլ մի փոքր քնեք։ Այսպիսով ուժ կհավաքեք և ավելի շատ էներգիա կունենաք ամուսնական պարտականությունները կատարելու համար։ Հայրե՛ր, հնարավորության դեպքում արթնացե՛ք գիշերը, որ կերակրեք կամ փոխեք երեխայի տակդիրը, որպեսզի ձեր կինը կարողանա հանգստանալ։ Շարունակ հավաստիացրեք ձեր կողակցին, որ սիրում եք նրան՝ որևէ գրություն թողնելով, հաղորդագրություն ուղարկելով կամ էլ երբ խոսում եք նրա հետ հեռախոսով։ Իրար հետ զրուցելու առանձին ժամանակ տրամադրեք։ Խոսեք ոչ միայն երեխայի, այլև մեկդ մյուսի մասին։ Ամուր պահեք ձեր մտերիմ փոխհարաբերությունները։ Այդպես կկարողանաք ավելի հեշտությամբ դիմագրավել այն դժվարություններին, որոնց բախվում եք ծնող դառնալիս։

ԽՆԴԻՐ 3։ Տարաձայնություն ծնողական պարտականությունները կատարելիս։

Ամուսինները թերևս հասկանան, որ իրենց վեճերն առաջանում են տարբեր ծագում ունենալու պատճառով։ Ասամի անունով ճապոնացի մի կին ու նրա ամուսինը՝ Կատսուրոն, բախվել են այդ խնդրին։ Ասամին պատմում է. «Տեսնում էի, որ Կատսուրոն չափից ավելի հանդուրժող է մեր աղջկա հանդեպ։ Իսկ նա, իր հերթին, մտածում էր, որ ես չափազանց խիստ եմ»։ Ինչպե՞ս կարելի է նման իրավիճակում խուսափել միմյանց ուղղելուց։

Հաջողության բանալին։ Հաղորդակցվեք իրար հետ և աջակցեք իրար։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրեց. «Հանդգնությունը միայն կռիվ է առաջ բերում, բայց իրար հետ խորհրդակցողների մոտ իմաստություն կա» (Առակներ 13։10)։ Որքանո՞վ ես տեղյակ, թե ինչպես է ամուսինդ վերաբերվում դաստիարակությանը առնչվող հարցերին։ Եթե որոշեք դաստիարակության հետ կապված որոշ հարցեր քննարկել երեխայի ծնունդից հետո միայն, ապա հետագայում ծագած խնդիրները հաջողությամբ լուծելու փոխարեն՝ դուք հաճախ կվիճեք։

Օրինակ՝ համաձայնության եկե՞լ եք հետևյալ հարցերի շուրջ. «Ինչպե՞ս եք ձեր երեխայի մեջ լավ սնվելու և քնելու սովորություններ սերմանելու։ Արդյոք գրկելո՞ւ եք փոքրիկին ամեն անգամ, երբ նրա քնելու ժամը գա, և նա լաց լինի։ Ինչպե՞ս եք արձագանքելու, երբ երեխան՝ չնայած ձեր ջանքերին, սովորություն չդարձնի զուգարան գնալը»։ Ակնհայտ է, որ ձեր որոշումները կտարբերվեն մյուս ամուսնական զույգերի կայացրած որոշումներից։ Էթանը, որը երկու երեխաների հայր է, ասում է. «Դուք պետք է այդ հարցերը մանրամասնորեն քննարկեք, որպեսզի ընդհանուր հայտարարի գաք։ Այդպես կկարողանաք ճիշտ արձագանքել երեխայի կարիքներին»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Հիշիր այն դաստիարակչական մեթոդները, որոնք կիրառել են քո ծնողները։ Որոշիր, թե նրանց որ վարքագիծը կամ մեթոդներն ես ցանկանում ընդօրինակել, որը՝ ոչ։ Քննարկիր այդ ամենը կողակցիդ հետ։

Երեխայի դրական ազդեցությունը ամուսնական կյանքում

Ինչպես անփորձ չմշկորդ զույգին է ժամանակ և համբերություն անհրաժեշտ սառույցի վրա հավասարակշռություն պահելու համար, այնպես էլ ձեզ է ժամանակ հարկավոր, որ կարողանաք հաջողությամբ կատարել ձեր ծնողական պարտականությունները։ Արդյունքում ձեզ ավելի վստահ կզգաք։

Երեխային խնամելու ընթացքում կփորձվի կողակցի հանդեպ ունեցած ձեր նվիրվածությունը, և մեկընդմիշտ կփոխվեն ձեր փոխհարաբերությունները։ Այնուամենայնիվ, երեխային հոգ տանելը նաև հնարավորություն կտա զարգացնելու հրաշալի հատկություններ։ Եթե կիրառես Աստվածաշնչի իմաստուն խորհուրդները, Քենեթ անունով մի հոր նման փորձառու կդառնաս։ Նա ասում է. «Երեխաներ մեծացնելը դրական ազդեցություն է ունեցել կնոջս ու ինձ վրա։ Մենք այժմ ավելի քիչ ենք կենտրոնանում մեզ վրա և ավելի մեծ սիրով ու հասկացողությամբ ենք վերաբերվում միմյանց»։ Այսպիսի փոփոխությունները ամուսնական կյանքում, անշուշտ, հաճելի են։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 3 Անունները փոխված են։

^ պարբ. 11 Շատ մայրեր իրենց ընկճված են զգում ծննդաբերությանը հաջորդող մի քանի շաբաթների ընթացքում։ Ոմանք էլ ավելի լուրջ խնդիրների են բախվում, ինչպես օրինակ՝ հետծննդյան դեպրեսիան է։ Այն մասին, թե ինչպես բնորոշել այս հիվանդությունը և դիմանալ դրա հետևանքով առաջ եկած դժվարություններին, տե՛ս «Ես հաղթահարեցի հետծննդյան դեպրեսիան» («Արթնացե՛ք», 2002​թ. հուլիսի 22, անգլ., ռուս.) և «Ինչպես ախտորոշել հետծննդյան դեպրեսիան» («Արթնացե՛ք», 2003​թ. հունիսի 8, անգլ., ռուս.) հոդվածները։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այս հոդվածները կարող եք գտնել նաև www.watchtower.org կայքում։

^ պարբ. 19 Մի աշխատության համաձայն՝ Ծննդոց 2։24-ում օգտագործված եբրայերեն «միանալ» բայը կարող է նշանակել «ամուր կապված լինել ինչ-որ մեկին սիրո և հավատարմության կապով»։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ...

Անցած շաբաթվա ընթացքում ի՞նչ եմ արել՝ ցույց տալու, որ գնահատում եմ այն, ինչ կողակիցս անում է ընտանիքի համար։

Ե՞րբ եմ վերջին անգամ կողակցիս հետ անկեղծ զրույց ունեցել, որը չի առնչվել մեր երեխային։