Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մարկոսը չվհատվեց

Մարկոսը չվհատվեց

Սովորեցրեք ձեր երեխաներին

Մարկոսը չվհատվեց

ՄԱՐԿՈՍԸ մեկն է Աստվածաշնչի այն չորս գրողներից, որոնք պատմել են Հիսուս Քրիստոսի մասին։ Նրա գրած գիրքը, որ կոչվում է Մարկոսի Ավետարան, ամենակարճն է և ամենահեշտ կարդացվողը։ Իսկ ո՞վ էր Մարկոսը։ Ի՞նչ ես կարծում, նա գիտե՞ր Հիսուսին։ * Եկ տեսնենք, թե ինչ դժվարությունների միջով է անցել Մարկոսը, և իմանանք, թե ինչու նա երբեք չդադարեց քրիստոնյա լինելուց։

Աստվածաշնչում առաջին անգամ Մարկոսի մասին հիշատակվում է այն դեպքից հետո, երբ Հերովդես Ագրիպպաս թագավորը Պետրոս առաքյալին բանտ գցեց։ Մի գիշեր հրեշտակն ազատեց Պետրոսին, և վերջինս անմիջապես գնաց Մարկոսի մոր՝ Մարիամի տուն, որն ապրում էր Երուսաղեմում։ Բանտից ազատվելու դեպքը տեղի ունեցավ մ.թ. 33–ի Պասեքից (երբ Հիսուսին սպանեցին) մոտ տասը տարի անց (Գործեր 12։1–5, 11–17

Գիտե՞ս, թե ինչու Պետրոսը գնաց Մարիամի տուն։ Հավանաբար այն պատճառով, որ նա ճանաչում էր նրա ընտանիքի անդամներին և գիտեր, որ Հիսուսի աշակերտները այնտեղ են հանդիպումներ անցկացնում։ Մարկոսի զարմիկ Բառնաբասը երկար ժամանակ էր, ինչ աշակերտ էր՝ սկսած առնվազն մ.թ. 33–ի Պենտեկոստեից։ Աստվածաշնչում նշվում է, որ նա մեծ նվիրաբերություն էր արել նոր աշակերտներին օգնելու նպատակով։ Ուստի, հնարավոր է, Հիսուսը ճանաչում էր Բառնաբասին, ինչպես նաև Մարիամին և նրա որդուն՝ Մարկոսին (Գործեր 4։36, 37; Կողոսացիներ 4։10

Իր անունը կրող Ավետարանում Մարկոսը գրել է, որ այն գիշերը, երբ Հիսուսը ձերբակալվեց, մի երիտասարդ կար, որը «իր մերկ մարմնի վրա» վերնահագուստ ուներ։ Մարկոսը նշել է, որ այդ երիտասարդը փախավ, երբ թշնամիները բռնեցին Հիսուսին։ Ի՞նչ ես կարծում, ո՞վ էր այդ երիտասարդը։ Դա, հավանաբար, Մարկոսն էր։ Ուստի երբ Հիսուսը և իր առաքյալները դուրս եկան այն տնից, որտեղ նշեցին Պասեքը, Մարկոսն ակներևաբար իր վրա գցեց վերնահագուստը և հետևեց նրանց (Մարկոս 14։51, 52

Ինչ խոսք, Մարկոսը հոգևոր միջավայրում էր ապրում։ Հավանական է՝ նա ներկա էր 33 թ. Պենտեկոստեին, երբ սուրբ ոգին թափվեց աշակերտների վրա։ Բացի այդ, նա սերտորեն շփվում էր Աստծու հավատարիմ ծառաների հետ, օրինակ՝ Պետրոսի։ Մարկոսը նաև ընկերակցում էր իր զարմիկ Բառնաբասին։ Վերջինս օգնեց Սողոսին՝ նրան տանելով Պետրոսի մոտ գրեթե երեք տարի անց այն բանից հետո, երբ Հիսուսը տեսիլքում երևաց Սողոսին։ Տարիներ անց Բառնաբասը գնաց Տարսոն՝ գտնելու Սողոսին (Գործեր 9։1–15, 27; 11։22–26; 12։25; Գաղատացիներ 1։18, 19

Մ.թ. 47–ին Բառնաբասը և Սողոսը միսիոներ նշանակվեցին։ Նրանք իրենց հետ վերցրեցին նաև Մարկոսին։ Բայց անհայտ պատճառով Մարկոսը որոշ ժամանակ անց թողեց նրանց և վերադարձավ տուն՝ Երուսաղեմ։ Դրանից Սողոսը, որը հետագայում հայտնի դարձավ իր հռոմեական Պողոս անունով, բարկացավ։ Նա կարծում էր, որ Մարկոսի կողմից դա լուրջ թերացում է, որը չի կարելի անտեսել (Գործեր 13։1–3, 9, 13

Միսիոներական ճանապարհորդությունից վերադառնալով՝ Պողոսն ու Բառնաբասը պատմեցին իրենց մեծ հաջողությունների մասին (Գործեր 14։24–28)։ Ամիսներ անց նրանք որոշեցին վերադառնալ ու այցելել նոր աշակերտներին բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզել էին։ Բառնաբասը ուզում էր իրենց հետ վերցնել Մարկոսին։ Բայց գիտե՞ս, թե ինչ էր կարծում Պողոսը։ Նա «կարծում էր, թե տեղին չէր լինի իրենց հետ վերցնել նրան», քանի որ Մարկոսը նախորդ անգամ թողել էր իրենց ու վերադարձել տուն։ Այն, ինչ պատահեց հետո, անշուշտ, տխրեցրեց Մարկոսին։

Կրքերը բորբոքվեցին, «բարկության ուժեղ պոռթկում եղավ», և Պողոսն ու Բառնաբասը բաժանվեցին։ Բառնաբասը վերցրեց Մարկոսին և գնաց Կիպրոս՝ այնտեղ քարոզելու, իսկ Պողոսն ընտրեց Շիղային և գնաց այցելելու նոր աշակերտներին, ինչպես որ պլանավորել էին։ Որքա՜ն վհատված պետք է լիներ Մարկոսը՝ իմանալով, որ իր պատճառով Պողոսն ու Բառնաբասը վիճել են (Գործեր 15։36–41

Մենք չգիտենք, թե ինչու Մարկոսը թողեց ու գնաց տուն։ Հավանաբար, նա, ինչպես ինքն էր կարծում, հիմնավոր պատճառ ուներ։ Ամեն դեպքում, Բառնաբասը համոզված էր, որ նման բան այլևս չի կրկնվի։ Եվ նա իրավացի էր։ Մարկոսը թևաթափ չեղավ։ Հետագայում նա Պետրոսի հետ միսիոներական ծառայություն կատարեց հեռավոր Բաբելոնում։ Այնտեղից Պետրոսը նամակով ողջույններ ուղարկեց՝ ավելացնելով, որ բարևներ է ուղարկում «նաև Մարկոսը՝ իմ որդին» (1 Պետրոս 5։13

Պետրոսն ու Մարկոսը մտերիմներ էին, քանի որ միասին ծառայում էին Աստծուն։ Մարկոսի Ավետարանից ևս կարելի է եզրակացնել, որ նրանք մտերիմ ընկերներ էին։ Մարկոսը գրել է այն ամենը, ինչ Պետրոսը, որը եղել է դեպքերի ականատես, պատմել է իրեն։ Օրինակ՝ համեմատենք, թե ավետարանագիրներն ինչպես են ներկայացնում Գալիլեայի ծովի վրա տեղի ունեցած փոթորկի դեպքը։ Մարկոսը նշում է մանրամասնություններ, թե նավակի մեջ կոնկրետ որտեղ և ինչի վրա էր Հիսուսը քնած, այնպիսի բաներ, որոնք միայն ձկնորսները, ինչպիսին Պետրոսն էր, կարող էին նկատել։ Մենք սրանում կհամոզվենք, եթե կարդանք և համեմատենք Մատթեոս 8։24, Մարկոս 4։37, 38 և Ղուկաս 8։23 համարները։

Պողոսը, երբ բանտարկված էր Հռոմում, գովեց Մարկոսին նրա հավատարիմ աջակցության համար (Կողոսացիներ 4։10, 11)։ Իսկ երբ նա դարձյալ բանտարկված էր այնտեղ, գրեց Տիմոթեոսին՝ խնդրելով իր հետ բերել Մարկոսին։ Առաքյալը բացատրեց, թե ինչու. «Նա օգտակար է ինձ ծառայության համար» (2 Տիմոթեոս 4։11)։ Այո՛, Մարկոսը ծառայության մեջ առանձնաշնորհումներ ունեցավ, քանի որ չվհատվեց։

Հարցեր

○ Որտե՞ղ է ապրել Մարկոսը, և ինչո՞ւ կարող ես ասել, որ նա թերևս ճանաչել է Հիսուսին։

○ Ո՞վ է մասնավորապես օգնել ու աջակցել Մարկոսին։

○ Ինչի՞ց կարող էր Մարկոսը վհատվել։

○ Որտեղի՞ց գիտենք, որ Մարկոսը ի վերջո շահեց Պողոս առաքյալի բարեհաճությունը։

[ծանոթագրություն]

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։

[նկար 25–րդ էջի վրա]

Ո՞վ կարող էր լինել այս երիտասարդը։ Ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ

[նկար 26–րդ էջի վրա]

Ի՞նչ օրհնություններ ստացավ Մարկոսն այն բանի համար, որ չվհատվեց