Քո խոսքը «այո» է և միևնույն ժամանակ՝ «ո՞չ»
Պատկերացնենք այսպիսի իրավիճակ։ Երեցը, որը հիվանդանոցների հետ կապի կոմիտեի անդամ է, երիտասարդ եղբոր հետ պայմանավորվում է կիրակի առավոտյան ծառայության գնալ։ Բայց այդ առավոտ մեկ ուրիշ եղբայր զանգում է նրան ու ասում, որ իր կինը վթարի է ենթարկվել և շտապ տեղափոխվել հիվանդանոց։ Նա խնդրում է երեցին օգնել իրեն բժիշկ գտնելու, որը կարող է անարյուն վիրահատություն կատարել։ Երեցը չի գնում ծառայության, որպեսզի կարողանա օգնել դժվար կացության մեջ հայտնված այս ընտանիքին։
Պատկերացնենք մեկ ուրիշ իրավիճակ։ Միայնակ մայրը, որը երկու երեխա ունի, ժողովի մի ամուսնական զույգից հրավեր է ստանում երեկոն միասին անցկացնելու։ Երբ նա այդ մասին ասում է երեխաներին, նրանց աչքերը ուրախությունից սկսում են փայլել։ Նրանք անհամբերությամբ սպասում են այդ երեկոյին։ Սակայն մեկ օր առաջ ամուսինները քրոջն ասում են, որ անսպասելի բան է եղել, և իրենք չեն կարող նրանց հյուրընկալել։ Ավելի ուշ քույրն իմանում է, որ իրենց հրավիրելուց հետո այդ զույգը ինքն է հրավեր ստացել ընկերներից՝ միասին ժամանակ անցկացնելու, և ընդունել է հրավերը։
Անշուշտ, լինելով քրիստոնյաներ, մենք պետք է պահենք մեր խոսքը։ Երբեք չպետք է թույլ տանք, որ մեր «այո»-ն միևնույն ժամանակ «ոչ» լինի (2 Կորնթ. 1։18)։ Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, որ իրավիճակները կարող են տարբեր լինել։ Երբեմն գուցե մեզ թվա, թե այլ տարբերակ չկա, բացի մեր պայմանավորվածությունից հրաժարվելուց։ Մի անգամ Պողոս առաքյալի հետ նման բան պատահեց։
ՊՈՂՈՍԻՆ ՄԵՂԱԴՐԵՑԻՆ ՓՈՓՈԽԱՄԻՏ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ
Պողոսը երրորդ միսիոներական ճանապարհորդությունն էր կատարում։ 55թվականն էր. նա Եփեսոսում էր։ Այդ ժամանակ առաքյալը ծրագրեց Էգեյան ծովով գնալ Կորնթոս, ապա այնտեղից մեկնել Մակեդոնիա։ Հետո Երուսաղեմ գնալու ճանապարհին նա ծրագրեց երկրորդ անգամ այցելել Կորնթոսի ժողով՝ ակներևաբար վերցնելու Երուսաղեմի եղբայրների համար հավաքված նվերը (1 Կորնթ. 16։3)։ Դա երևում է 2 Կորնթացիներ 1։15, 16 համարներից, որտեղ կարդում ենք. «Այս վստահությամբ ես նախապես մտադրվել էի ձեզ մոտ գալ, որ դուք դարձյալ ուրախանաք, և ձեզ մոտ կանգ առնելուց հետո գնալ Մակեդոնիա, ապա Մակեդոնիայից վերադառնալ ձեզ մոտ և կուզեի, որ դուք ճանապարհի մի մասը ուղեկցեիք ինձ դեպի Հրեաստան»։
Ըստ ամենայնի, Պողոսը Կորնթոս գալու իր նպատակի մասին կորնթացի եղբայրներին տեղեկացրել էր իր մի նամակում (1 Կորնթ. 5։9)։ Այդ նամակը գրելուց կարճ ժամանակ անց, սակայն, առաքյալը Քլոյեի տնեցիներից և ուրիշներից իմացավ, որ լուրջ տարաձայնություններ կան ժողովում (1 Կորնթ. 1։10, 11)։ Ուստի որոշեց փոխել իր պլանները և գրեց «1 Կորնթացիներ» նամակը։ Այս նամակում նա սիրառատ խորհուրդներ տվեց։ Նաև գրեց, որ նախ գնալու է Մակեդոնիա և հետո գալու է Կորնթոս * (1 Կորնթ. 16։5, 6)։
Ըստ երևույթին, երբ կորնթացի եղբայրները ստացան Պողոսի նամակը, ժողովի «գերընտիր առաքյալներից» ոմանք մեղադրեցին նրան փոփոխամիտ լինելու և խոստումները չկատարելու մեջ։ Բայց Պողոսն ասաց. «Ուրեմն երբ մտադրվեցի գալ, մի՞թե թեթևամտություն դրսևորեցի։ Կամ ինչ որ նպատակադրում եմ, եսասիրական մղումներո՞վ եմ անում, որ մեկ ասեմ՝ «այո՛, իհարկե», իսկ հետո՝ «ո՛չ, ոչ մի դեպքում»» (2 Կորնթ. 1։17; 11։5)։
Գուցե հարցնենք. «Պողոս առաքյալ իրո՞ք «թեթևամտություն էր դրսևորել»»։ Իհարկե ո՛չ։ «Թեթևամտություն» թարգմանված բառը ունի «փոփոխամտություն» իմաստը։ Այլ խոսքով՝ Պողոսին մեղադրում էին այն բանում, որ նա իր խոսքը չի պահում, ասում էին, որ նրան չի կարելի վստահել։ Պողոսի հռետորական հարցը, որ ասաց՝ «ինչ որ նպատակադրում եմ, եսասիրական մղումներո՞վ եմ անում», Կորնթոսի քրիստոնյաներին պետք է որ հստակ ցույց տար, որ նա վստահելի է և իր ծրագրերը ուրիշ պատճառով է փոխել։
Պողոսը հերքեց իր դեմ ուղղված մեղադրանքը՝ գրելով. «Ինչպես որ Աստծուն կարելի է վստահել, այնպես էլ ձեզ ուղղված մեր խոսքը «այո» չէ և միևնույն ժամանակ՝ «ոչ»» (2 Կորնթ. 1։18)։ Անկասկած, նա հանուն իր կորնթացի եղբայրների և քույրերի փոխեց իր որոշումը։ 2 Կորնթացիներ 1։23-ում կարդում ենք, որ առաքյալը «նրանց խնայելու համար էր», որ հետաձգեց Կորնթոս գնալը։ Պողոսը հնարավորություն տվեց նրանց ուղղվելու նախքան իր գալը։ Մակեդոնիայում եղած ժամանակ Պողոսը Տիտոսից իմացավ, որ իր նամակը հասել է իր նպատակին, որ կորնթացիները տրտմել են ու զղջացել, և նա շատ ուրախացավ դրա համար (2 Կորնթ. 6։11; 7։5–7)։
ՆՐԱ ՄԻՋՈՑՈՎ «ԱՅՈ» ԵՂԱՆ
Այն մեղադրանքը, թե Պողոսը փոփոխամիտ է, կարող էր նշանակել, որ նրան չէր կարելի վստահել նաև քարոզչական գործում։ Սակայն Պողոսը հիշեցրեց կորնթացի քրիստոնյաներին, որ ինքը քարոզել է նրանց Հիսուս Քրիստոսի մասին։ «Աստծու Որդին՝ Քրիստոս Հիսուսը, որի մասին ես, Սիլվանոսը և Տիմոթեոսը քարոզեցինք ձեզ, չեղավ «այո» և միևնույն ժամանակ՝ «ոչ», այլ նրա պարագայում «այո»-ն «այո» եղավ» (2 Կորնթ. 1։19)։ Պողոսն ընդօրինակում էր Հիսուս Քրիստոսին։ Մի՞թե Քրիստոսին չէր կարելի վստահել։ Պարզ է, որ նա լիովին արժանի էր վստահության։ Հիսուսը թե՛ ծառայելիս և թե՛ առօրյայում միշտ ճշմարտությունն էր խոսում (Հովհ. 14։6; 18։37)։ Այն, ինչ նա քարոզում էր, լիովին ճշմարիտ էր. Պողոսը նույն բանն էր քարոզում, ուստի մարդիկ առաքյալի խոսքերին լիովին կարող էին վստահել։
Անշուշտ, Եհովան «ճշմարտության Աստված» է (Սաղ. 31։5)։ Դա տեսնում ենք նաև Պողոսի հետևյալ խոսքերից. «Որքան որ Աստծու խոստումներ կան, [Քրիստոսի] միջոցով «այո» եղան»։ Հիսուսը, երկրի վրա եղած ժամանակ պահելով իր անարատությունը, փաստեց, որ Եհովայի խոստումները անպայման իրականանալու են։ Պողոսը շարունակում է. «Դրա համար էլ [Հիսուսի] միջոցով «ամեն» ենք ասում՝ փառք տալով Աստծուն» (2 Կորնթ. 1։20)։ «Ամեն» բառը այստեղ նշանակում է, որ Քրիստոսի միջոցով Եհովան անձամբ երաշխավորեց, որ իր յուրաքանչյուր խոստում կատարվելու է։
Պողոսը, Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի պես, միշտ ճիշտն էր խոսում. նրա խոսքերը «այո» չէին և միևնույն ժամանակ «ոչ» (2 Կորնթ. 1։19)։ Նա փոփոխամիտ մարդ չէր, ով խոստումներ է տալիս «եսասիրական մղումներով» (2 Կորնթ. 1։17)։ Ավելին, առաքյալը «ընթանում էր ոգով» (Գաղ. 5։16)։ Նա միշտ ուրիշների լավն էր ուզում։ Նրա «այո»-ն այո էր։
ՔՈ «ԱՅՈ»-Ն ԱՅՈ՞ Է
Այսօր սովորական բան է, երբ աստվածաշնչյան սկզբունքներով չապրող մարդիկ խոսք են տալիս մի բան, բայց հետո որևէ չնչին պատճառով կամ էլ սեփական քմահաճույքից ելնելով իրենց խոսքը չեն պահում։ Գործարար հարաբերություններում նրանց «այո»-ն ոչ միշտ է այո լինում նույնիսկ այն դեպքում, երբ գրավոր համաձայնագիր է կնքվել։ Շատերի համար ամուսնությունը, որը համաձայնություն է երկու կողմերի միջև, այլևս չի համարվում ողջ կյանքի համար ստանձնած պարտավորություն։ Ամուսնալուծությունների կտրուկ աճը ցույց է տալիս, որ բազմաթիվ մարդիկ ամուսնությունը համարում են այնպիսի միություն, որը հեշտությամբ կարելի է քանդել (2 Տիմոթ. 3։1, 2)։
Իսկ քո «այո»-ն այո՞ է։ Ինչպես տեսանք հոդվածի սկզբում, գուցե այնպես ստացվի, որ ստիպված լինես չեղյալ անել պայմանավորվածությունդ այն պատճառով, որ առաջացել են այնպիսի հանգամանքներ, որոնց վրա չես կարող ազդել։ Այդուհանդերձ, լինելով քրիստոնյա, դու պետք է ջանաս ամեն ինչ անել, որ խոսքիդ տերը լինես (Սաղ. 15։4; Մատթ. 5։37)։ Եթե այդպես վարվես, քեզ կճանաչեն որպես մի անձնավորության, ով վստահելի է, իր խոսքի տերն է և միշտ ճիշտ է խոսում (Եփես. 4։15, 25; Հակ. 5։12)։ Երբ մարդիկ տեսնեն, որ վստահելի ես, ավելի շատ հակված կլինեն լսելու քեզ, երբ նրանց պատմես Աստծու Թագավորության մասին ճշմարտությունը։ Ուստի եկեք այնպես անենք, որ մեր «այո»-ն իսկապես այո լինի։
^ պարբ. 7 «1 Կորնթացիներ» նամակը գրելուց կարճ ժամանակ անց Պողոսն իսկապես Տրովադայով գնաց Մակեդոնիա, որտեղ և գրեց «2 Կորնթացիներ» նամակը (2 Կորնթ. 2։12; 7։5)։ Հետո գնաց Կորնթոս։