Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Մեր արխիվից

Անմոռանալի ֆիլմ՝ ճիշտ ժամանակին

Անմոռանալի ֆիլմ՝ ճիշտ ժամանակին

«ՍԱ ՀՆԱՐԱՎՈՐ չէ մոռանալ»։ Այսպես արտահայտվեցին շատերը «Արարչության դրամայի» մասին։ Այն թողարկվեց ճիշտ ժամանակին և անջնջելի հետք թողեց հանդիսատեսների մեջ։ «Արարչության դրաման» իսկապես մեծ վկայություն տվեց Եհովայի մասին մինչև այն պահը, երբ հիտլերյան ռեժիմը Եվրոպայում կատաղի հալածանք սկսեց Աստծու ժողովրդի դեմ։ Բայց ի՞նչ էր «Արարչության դրաման»։

«Շյոփֆունգ» (արարչագործություն) գիրքը, որի անունով կոչվեց նոր ֆիլմը

1914թ.-ին Եհովայի վկաների գլխավոր վարչությունը Բրուքլինում (ԱՄՆ, Նյու Յորք) թողարկեց «Արարչության լուսադրաման»։ Այն ութժամանոց գունավոր և հնչյունային ֆիլմ էր։ «Լուսադրաման» դիտեցին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ 1914թ.-ին թողարկվեց այս ֆիլմի կարճ տարբերակը՝ «Էվրիկա դրաման»։ 1920-ականներին ֆիլմի սլայդները, կինոժապավենները և ցուցադրման սարքավորումը բավական մաշվել էին։ Բայց դեռևս կային շատ մարդիկ, որոնք ուզում էին դիտել ֆիլմը։ Օրինակ՝ Լյուդվիգսբուրգ քաղաքի (Գերմանիա) բնակիչները հարցնում էին. «Ե՞րբ է «Լուսադրաման» կրկին ցուցադրվելու»։ Ի՞նչ կարելի էր անել։

1920-ականներին Մագդեբուրգի (Գերմանիա) Բեթելի ներկայացուցիչները փարիզյան լրատվական մի ընկերությունից գնեցին ֆիլմեր, իսկ Լեյպցիգի և Դրեզդենի նկարչա-գծագրական ընկերություններից՝ սլայդներ։ Դրանք վերամշակեցին, ավելացրին նաև «Լուսադրամայի» որոշ սլայդներ, որոնք դեռևս կարելի էր օգտագործել, և ստեղծեցին մեկ ֆիլմ։

Եղբայր Էրիխ Ֆրոստը, որը շնորհալի երաժիշտ էր, ֆիլմի համար երաժշտություն գրեց։ Հեղինակի խոսքերի մի մասը «Արարչագործություն» գրքից էր։ Այդ պատճառով «Լուսադրամայի» վերանայված տարբերակը նոր անուն ստացավ՝ «Արարչության դրամա»։

Նոր ֆիլմի տևողությունը նույնպես ութ ժամ էր, ինչպես որ «Լուսադրամայինը», և ցուցադրվում էր մաս-մաս։ Այն անչափ հետաքրքիր տեղեկություններ էր հայտնում ստեղծագործական օրերի վերաբերյալ, անդրադառնում էր աստվածաշնչյան և աշխարհիկ պատմությանը և շեշտում էր, որ կեղծ կրոնը չի արդարացրել մարդկանց սպասելիքները։ «Արարչության դրաման» ցուցադրվեց Ավստրիայում, Գերմանիայում, Լյուքսեմբուրգում, Շվեյցարիայում և գերմանախոս այլ տարածքներում։

Էրիխ Ֆրոստը և «Արարչության դրամայի» երաժշտության համար նրա գրած նոտաները

Էրիխ Ֆրոստը պատմում է. «Ցուցադրման ժամանակ կոլեգաներիս, մասնավորապես նվագախմբի անդամներին, հորդորում էի ընդմիջումների ժամանակ անցնել շարքից շարք և մարդկանց առաջարկել մեր հիանալի գրքերն ու գրքույկները։ Այսպես մենք ավելի շատ գրականություն բաժանեցինք, քան սովորաբար  բաժանում էինք տնետան ժամանակ»։ Յոհանես Ռաութեն, որը կազմակերպել էր ցուցադրումը Լեհաստանում և ներկայիս Չեխիայում, պատմում է, որ հանդիսատեսներից շատերը հասցեներ թողեցին, որպեսզի հետագայում իրենց այցելեն։ Եղբայրներն ու քույրերը գնացին այս հասցեներով և հետաքրքիր զրույցներ ունեցան աստվածաշնչյան թեմաների շուրջ։

1930-ականներին «Արարչության դրաման» ցուցադրվում էր լեփ-լեցուն դահլիճներում։ Այն քաղաքներում, որտեղ ֆիլմը ցուցադրվում էր, բոլորը Եհովայի վկաների մասին էին խոսում։ 1933թ.-ին գրեթե մեկ միլիոն մարդ արդեն դիտել էր ֆիլմը, որի ցուցադրումները կազմակերպում էր Գերմանիայի մասնաճյուղը։ Կատե Կրաուսը հիշում է. «Դրաման դիտելու համար մենք ամեն օր միայն մեկ ուղղությամբ քայլում էինք 10 կիլոմետր՝ անցնելով անտառներով, բարձրանալով ու իջնելով բլուրները»։ Իսկ Էլզա Բիլհարցն ասում է. ««Արարչության դրաման» իմ մեջ ճշմարտության հանդեպ սիրո հիմք դրեց»։

Ալֆրեդ Ալմենդինգերը պատմում է, որ երբ իր մայրը դիտեց «Արարչության դրաման», այնքան էր տպավորվել, որ Աստվածաշունչ գնեց, որպեսզի այնտեղ գտնի «քավարան» բառը։ Բնականաբար, նա չգտավ այդ բառը, ուստի դադարեց եկեղեցի հաճախելուց ու մկրտվեց։ ««Արարչության դրամայի» միջոցով անհամար մարդիկ ընդունեցին ճշմարտությունը»,— ասաց Էրիխ Ֆրոստը (3 Հովհ. 1–3

Հենց այն ժամանակ, երբ «Արարչության դրամայի» ցուցադրումների թիվը հասավ իր գագաթնակետին, Եվրոպայում նացիստական փոթորիկ բարձրացավ։ 1933թ.-ից Եհովայի վկաների գործունեությունը Գերմանիայում արգելվեց։ Մինչև 1945թ., երբ ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Եվրոպայում Եհովայի ծառաները մեծ հալածանքներ կրեցին։ Էրիխ Ֆրոստը ութ տարի անցկացրեց բանտում։ Բանտից դուրս գալուց հետո նա ծառայեց Վիսբադենի Բեթելում (Գերմանիա)։ Այո՛, այդ անմոռանալի ֆիլմը՝ «Արարչության դրաման», ճիշտ ժամանակին թողարկվեց։ Այն զորացրեց բազմաթիվ քրիստոնյաների, որպեսզի նրանք կարողանան տոկալ հավատի փորձությունների ներքո Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։