Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Ամուսնական անհավատարմություն

Ամուսնական անհավատարմություն

Չնայած որ հասարակությունը բարձր բարոյականությունն ու ամուսնական հավատարմությունը առաքինության ցուցանիշ է համարում, այնուամենայնիվ դավաճանությունը շարունակում է քայքայել բազմաթիվ ընտանիքներ։

Ո՞րն է դավաճանությունը

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Որոշ մշակույթներում արտամուսնական սեռական կապը սխալ չի համարվում, հատկապես եթե ամուսինն է դավաճանողը։ Ոմանք էլ ամուսնությունը չեն համարում հարատև միություն։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշունչը ասում է, որ շնություն է համարվում այն գիտակցված սեռական հարաբերությունը, որը տեղի է ունենում ամուսնացած անհատի և այն մարդու միջև, ով իր կողակիցը չէ, անկախ նրանից՝ տղամարդ է թե կին (Հոբ 24։15; Առակներ 30։20)։ Շնությունը նողկալի բան է Աստծու աչքում։ Այդ արարքի համար հին Իսրայելում մահապատիժ էր հասնում (Ղևտական 18։20, 22, 29)։ Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին, որ հեռու մնան շնությունից (Մատթեոս 5։27, 28; Ղուկաս 18։18–20

ԻՆՉՈՒ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԵԶ։

Շնություն գործողը խախտում է այն ուխտը, որը տվել էր կողակցին ամուսնության օրը։ Դրանով նա նաև «մեղք է գործում Աստծու դեմ» (Ծննդոց 39։7–9)։ Ուստի Աստվածաշունչը զգուշացնում է, որ «Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին» (Եբրայեցիներ 13։4)։ Բացի այդ, շնությունը կարող է անխղճորեն բաժանել երեխաներին իրենց ծնողներից։

«Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի, և ամուսնական անկողինը՝ չպղծվի» (Եբրայեցիներ 13։4

Կարո՞ղ է շնությունը վերջ դնել ամուսնական միությանը

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշունչը թույլ է տալիս ամուսնալուծվել, եթե կողակիցը շնություն է գործել (Մատթեոս 19։9)։ Դա նշանակում է, որ ամուսնական անհավատարմության դեպքում անմեղ կողմը իրավունք ունի որոշելու՝ մնալ անհավատարիմ կողակցի հետ, թե բաժանվել։ Սա անձնական որոշում է (Գաղատացիներ 6։5

Մյուս կողմից՝ ամուսնությունը Աստծու աչքում սուրբ միություն է և ողջ կյանքի համար է (1 Կորնթացիներ 7։39)։ Աստված ատում է, երբ անհատը ուզում է բաժանվել՝ ոչ էական հիմքեր բերելով ու ասելով, թե գոհ չէ իր կողակցից։ Հետևաբար, ամուսնալուծությունը չպետք է թեթև բան համարել (Մաղաքիա 2։16; Մատթեոս 19։3–6

«Ասում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ոք, ով բաժանվում է իր կնոջից առանց պոռնկության պատճառի, դրդում է նրան շնություն գործելու» (Մատթեոս 5։32

Շնությունը աններելի՞ մեղք է

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Ո՛չ։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված ներում է նրանց, ովքեր զղջում են և այլևս չեն կրկնում իրենց մեղքերը, որոնց թվում է նաև շնությունը (Գործեր 3։19; Գաղատացիներ 5։19–21)։ Բացի այդ, Աստվածաշունչը նշում է այնպիսի մարդկանց մասին, ովքեր շնացողներ են եղել, բայց փոխվել ու դարձել են Աստծու ընկերը (1 Կորնթացիներ 6։9–11

Աստված ներողամտություն դրսևորեց նաև հին Իսրայելի Դավիթ թագավորի հանդեպ, ով շնություն էր գործել իր ռազմիկներից մեկի կնոջ հետ (2 Սամուել 11։2–4)։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ նրա արարքը զզվելի էր Աստծուն (2 Սամուել 11։27)։ Սակայն երբ Դավիթը հանդիմանություն ստացավ, զղջաց, և Աստված ներեց նրան։ Ինչ խոսք, նա կրեց իր արարքի դառը հետևանքները (2 Սամուել 12։13, 14)։ Տարիներ անց իմաստուն Սողոմոն թագավորը գրեց, որ ով «շնություն է գործում, խոհեմ սիրտ չունի» (Առակներ 6։32

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։

Եթե դավաճանել ես կողակցիդ, ապա թե՛ նրանից, թե՛ Աստծուց պետք է ներողություն խնդրես (Սաղմոս 51։1–5)։ Սովորիր ատել շնությունը, ինչպես որ Աստված է ատում (Սաղմոս 97։10)։ Վճռիր հեռու մնալ պոռնկագրությունից, սեռական ֆանտազիաներից, ֆլիրտից կամ որևէ այլ բանից, ինչը քո մեջ կրքեր կարթնացնի մեկի հանդեպ, ով քո կողակիցը չէ (Մատթեոս 5։27, 28; Հակոբոս 1։14, 15

Իսկ եթե քո կողակիցն է դավաճանել քեզ, վստահ եղիր, որ Աստված հասկանում է, թե դու ինչ ես զգում (Մաղաքիա 2։13, 14)։ Նրանից մխիթարություն և առաջնորդություն խնդրիր, ու նա «նեցուկ կլինի քեզ» (Սաղմոս 55։22)։ Եթե որոշես ներել կողակցիդ և շարունակես նրա հետ ապրել, երկուսդ էլ պետք է շատ ջանքեր ներդնեք, որ վերականգնեք ձեր խարխլված օջախը (Եփեսացիներ 4։32

«Եհովան ներում է քո մեղքը»,— ասաց Նաթան մարգարեն, երբ Դավիթը զղջաց (2 Սամուել 12։13