ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՌԱՋԱՑԵԼ ԿՅԱՆՔԸ
Երկու հարցեր, որոնց պատասխաններն արժե գտնել
1 Ինչպե՞ս է սկիզբ առել կյանքը
ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՄԱՆՔ։ Կյանքն առաջացել է ինքնաբերաբար անկենդան մատերիայից։
ԻՆՉՈՒ ՈՄԱՆՑ ՉԻ ԳՈՀԱՑՆՈՒՄ ԱՅԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ Ներկայումս գիտնականները կենդանի օրգանիզմների մոլեկուլային կառուցվածքի և նրանց ներսում ընթացող քիմիական պրոցեսների մասին ավելի շատ բան գիտեն, քան երբևէ, բայցևայնպես նրանք դեռևս չեն կարողանում հստակ սահմանել, թե ինչ է կյանքը։ Հսկայական անդունդ կա անկենդան նյութի և պարզագույն կենդանի բջջի միջև։
Գիտնականները ենթադրություններ են անում այն մասին, թե միլիարդավոր տարիներ առաջ ինչպիսի պայմաններ էին տիրում երկրի վրա։ Նրանք տարբեր տեսակետներ ունեն այն հարցի վերաբերյալ, թե որտեղ է առաջացել կյանքը, օրինակ՝ արդյոք այն առաջացել է հրաբխի ներսո՞ւմ, թե՞ օվկիանոսի հատակի տակ։ Մեկ այլ կարծիքի համաձայն՝ կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրամասերը նախ կազմավորվել են տիեզերքում ինչ-որ մի տեղ և հետո երկնաքարերի միջոցով տեղափոխվել են Երկիր մոլորակ։ Բայց այս վարկածը չի պատասխանում այն հարցին, թե ինչպես է առաջացել կյանքը, այլ պարզապես բացատրում է, որ այն սկիզբ է առել ինչ-որ այլ տեղում։
Գիտնականները ենթադրում են, որ գոյություն են ունեցել ինչ-որ մոլեկուլներ, որոնք ներկայիս գենետիկական նյութերի նախասկզբնական ձևերն են եղել։ Գիտնականների կարծիքով՝ այդ մոլեկուլները առաջացել են պատահականորեն, անկենդան նյութից և կարողացել են ինքնավերարտադրվել։ Սակայն գիտական ոչ մի ապացույց չկա, որ այդպիսի մոլեկուլներ երբևիցե գոյություն են ունեցել։ Նաև գիտնականները չեն կարողացել այդպիսի մոլեկուլ ստեղծել լաբորատոր պայմաններում։
Կենդանի օրգանիզմները ինֆորմացիա պահելու և մշակելու բացառիկ ունակություն ունեն։ Բջիջները վերծանում, փոխանցում և կատարում են իրենց գենետիկական կոդում եղած հրահանգները։ Որոշ գիտնականներ գենետիկական կոդը նմանեցնում են համակարգչի ծրագրակազմին, իսկ բջջի քիմիական կառուցվածքը՝ համակարգչի սարքակազմին։ Բայց էվոլյուցիան չի կարողանում բացատրել, թե որտեղից է առաջացել գենետիկական կոդում պարունակվող ինֆորմացիան։
Բջջի գործունեության համար անհրաժեշտ են սպիտակուցային մոլեկուլներ։ Սպիտակուցային մոլեկուլը բաղկացած է հարյուրավոր ամինաթթուներից, որոնք շղթայաձև կապված են իրար որոշակի հաջորդականությամբ։ Բացի այդ, սպիտակուցային մոլեկուլը իր ֆունկցիան կատարելու համար պետք է պարուրվի և ձեռք բերի հատուկ եռաչափ կառուցվածք։ Որոշ գիտնականներ եզրակացնում են, որ չափազանց անհավանական է, որ անգամ մեկ սպիտակուցային մոլեկուլ կարողանար ինքնաբերաբար առաջանալ։ «Քանի որ բջջի գործունեության համար անհրաժեշտ են հազարավոր տարբեր սպիտակուցներ, խելամիտ չէ մտածել, թե դրանք առաջացել են պատահականության արդյունքում»,— գրում է ֆիզիկոս Փոլ Դեյվիսը։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ։ Գիտության գրեթե բոլոր բնագավառներում տասնամյակներ շարունակ արված հետազոտություններից հետո անհերքելի է մնացել այն փաստը, որ կյանքն առաջանում է միայն գոյություն ունեցող կյանքից։
2 Ինչպե՞ս են առաջացել կենդանի օրգանիզմները
ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՄԱՆՔ։ Առաջին կենդանի օրգանիզմը աստիճանաբար զարգացել է, և պատահական մուտացիաների ու բնական ընտրության արդյունքում դրանից առաջ են եկել բազմաթիվ կենդանի օրգանիզմներ, այդ թվում նաև մարդը։
ԻՆՉՈՒ ՈՄԱՆՑ ՉԻ ԳՈՀԱՑՆՈՒՄ ԱՅԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ Որոշ բջիջներ ավելի բարդ կառուցվածք ունեն, քան մյուսները։ Ըստ մի աշխատության՝ այն, թե ինչպես կարող էին պարզագույն բջիջները վերածվել ավելի բարդ բջիջների, «հաճախ համարվում է էվոլյուցիայի երկրորդ մեծ առեղծվածը կյանքի ծագման հարցից հետո»։
Գիտնականները հայտնաբերել են, որ յուրաքանչյուր բջջի ներսում կան մոլեկուլային բարդ մեխանիզմներ՝ բաղկացած սպիտակուցային մոլեկուլներից, որոնք, միմյանց հետ համագործակցելով, բարդ ֆունկցիաներ են կատարում։ Օրինակ՝ այդ մոլեկուլները սննդանյութեր են տեղափոխում և դրանք վերածում էներգիայի, ինչպես նաև նորոգում են բջջի տարբեր մասերը և ինֆորմացիա են փոխանցում բջջի ներսում։ Արդյոք հնարավո՞ր էր, որ նման բարդ բաղադրամասերը հավաքվեին ու ներդաշնակորեն համագործակցեին պատահական մուտացիաների և բնական ընտրության արդյունքում։ Շատերը դժվարանում են ընդունել այդ տեսակետը։
Թե՛ կենդանիները և թե՛ մարդիկ առաջանում են մեկ բեղմնավորված բջջից։ Սաղմի ներսում բջիջները կիսվում ու բազմանում են և ի վերջո սկսում են տարբերակվել՝ ստանալով տարբեր ձևեր ու կատարելով զանազան ֆունկցիաներ, որպեսզի կազմավորեն մարմնի առանձին մասերը։ Էվոլյուցիան չի կարողանում բացատրել, թե ինչպես է յուրաքանչյուր բջիջ «իմանում»՝ ինչ պետք է դառնա և ուր պետք է փոխադրվի օրգանիզմի ներսում։
Այսօր գիտնականները հստակ գիտեն՝ որպեսզի մեկ տեսակի կենդանին վերածվեր այլ տեսակի կենդանու, պետք է փոփոխություններ տեղի ունենային բջջի մեջ մոլեկուլային մակարդակով։ Եթե գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչպես կարող էր պարզագույն բջիջը առաջանալ էվոլյուցիայի միջոցով, այդ դեպքում մի՞թե խելամիտ է մտածել, որ մեր մոլորակի բազմազան կենդանական աշխարհը առաջացել է պատահական մուտացիաների և բնական ընտրության արդյունքում։ Կենսաբանական գիտությունների պրոֆեսոր Մայքլ Բիհին կենդանիների կառուցվածքի մասին ասում է, որ թեև ուսումնասիրությունների արդյունքում «պարզ է դարձել, որ կենդանի օրգանիզմները ապշեցուցիչ բարդ կառուցվածք ունեն, սակայն գիտնականներին բոլորովին էլ չի հաջողվել պարզել, թե ինչպես են այդ բարդ կառուցվածք ունեցող օրգանիզմներն առաջացել պատահական պրոցեսների արդյունքում առանց բանական առաջնորդության»։
Մարդիկ օժտված են հասկացողությամբ և ինքնագիտակցությամբ։ Նաև կարող են մտածել ու տրամաբանել, ունենալ բարոյական արժեքներ և զարգացնել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են առատաձեռնությունը, անձնազոհությունը, ինչպես նաև կարող են զանազանել ճիշտն ու սխալը։ Գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչպես էր հնարավոր, որ մարդ արարածի այդ բացառիկ ունակությունները առաջանային պատահական մուտացիաների և բնական ընտրության արդյունքում։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ։ Թեև շատերը անհերքելի փաստ են համարում այն, որ կյանքն առաջացել է էվոլյուցիայի միջոցով, սակայն բազմաթիվ մարդկանց չեն գոհացնում կյանքի ծագման և զարգացման վերաբերյալ էվոլյուցիոն տեսության տված պատասխանները։