Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ԴԵՅՎԻ ԼՈՍ

Կենսաքիմիկոսը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն

Կենսաքիմիկոսը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն

Դոկտոր Դեյվի Լոսը կենսաքիմիկոս է և ապրում է Բելգիայում։ Մի ժամանակ նա կասկածում էր Ստեղծչի գոյությանը և էվոլյուցիայի կողմնակից էր։ Ի՞նչը ստիպեց նրան վերանայելու կյանքի ծագման մասին իր հայացքները։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։

— Ինչպե՞ս սկսեցիք գիտության ոլորտում հետազոտություններ անել։

— Երբ սովորում էի համալսարանում, որոշեցի քիմիա ուսումնասիրել։ Ինձ չափազանց հետաքրքրում էին սպիտակուցներն ու նուկլեինաթթուները, որոնք մեր երկրագնդի վրա ամենաբարդ մոլեկուլներն են։ Հետո սկսեցի հետաքրքրվել, թե ինչպես է արևի լույսը ազդում որոշ մոլեկուլների վրա։

— Հավատո՞ւմ էիք Աստծուն։

— Փոքր տարիքում հավատացել եմ։ Հետո Լուվենի կաթոլիկ համալսարանում մեզ սովորեցրին, որ կյանքը առաջ է եկել բնական պրոցեսների արդյունքում։ Պրոֆեսորների բացատրությունները շատ համոզիչ էին։ Բացի այդ, նրանք փորձ ունեցող գիտնականներ էին, ուստի հավատացի նրանց։ Դրանից հետո արդեն դժվար էր հավատալ Աստծու գոյությանը։

— Ի՞նչը պատճառ եղավ, որ վերանայեք Ձեր հայացքները։

— 1999թ.-ին հանդիպեցի դպրոցական ընկերներիցս մեկին, որը Եհովայի վկա էր դարձել։ Նա ինձ հրավիրեց իրենց ժողովի հանդիպմանը, և ես գնացի։ Այդ ժամանակ մի Եհովայի վկա եկավ մեր տուն և թողեց «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը *։

— Ի՞նչ կարծիք կազմեցիք այդ գրքի մասին։

— Ինձ տպավորեցին գրքում ներկայացված գիտական հետազոտություններն ու փաստարկները։ Հասկացա, որ բնության մեջ կյանքի տեսակները էվոլյուցիայի շնորհիվ չեն առաջ եկել։

— Իսկ բնության մեջ ի՞նչն է Ձեզ ավելի շատ տպավորում։

— Իմ աշխատանքն է եղել ուսումնասիրել ցիանոբակտերիայի (կապտականաչ ջրիմուռ) մոլեկուլները, որոնք օվկիանոսներում  ապրող միկրոօրգանիզմներ են և չեն սնվում այլ կենդանի օրգանիզմներով։ Որոշ գիտնականներ կարծում են, թե սրանք են եղել մեր երկրագնդի առաջին կենդանի օրգանիզմները։ Այս մանրէները, օգտագործելով արևի լույսի էներգիան, բարդ քիմիական ֆունկցիաներ են կատարում՝ ջուրը և ածխաթթու գազը վերածում են սննդի։ Թե ինչպես է տեղի ունենում այս պրոցեսը, մինչ օրս լիովին չենք հասկանում։ Նաև ինձ ապշեցնում է այն, թե ինչպիսի արդյունավետությամբ է այս մանրէն կլանում լույսը։

— Տերևներն էլ են արևի լույսը սննդի վերածում։ Ինչո՞վ է ցիանոբակտերիան տարբերվում։

— Որքան իջնում ես ծովի խորքը, այնքան թափանցող լույսը նվազում է։ Ուստի ցիանոբակտերիան կլանում է ցանկացած քանակության լույսի էներգիա, որը հասնում է իրեն, և դա անում է իր լուսահավաք անտենաների միջոցով, որոնք չափազանց բարդ կառուցվածք ունեն։ Ի տարբերություն ուրիշ բույսերի՝ այն լույսի էներգիայի 100 տոկոսն է օգտագործում։ Լույս կլանելու նրա ունակությունը գրավում է նույնիսկ արևային մարտկոցներ պատրաստող ինժեներներին։ Ներկայումս գոյություն ունեցող ոչ մի արևային մարտկոց այնքան արդյունավետ չի գործում, որքան որ այս մանրէն։

— Ի վերջո ի՞նչ եզրակացության եկաք։

Հասկացա, որ ինժեներները պարզապես փորձում են ընդօրինակել արդեն իսկ գոյություն ունեցող կենդանի օրգանիզմներում գործող հրաշալի մեխանիզմները, որոնք Աստծու կողմից են ծրագրված

— Հասկացա, որ ինժեներները պարզապես փորձում են ընդօրինակել արդեն իսկ գոյություն ունեցող կենդանի օրգանիզմներում գործող հրաշալի մեխանիզմները, որոնք Աստծու կողմից են ծրագրված։ Բայց իմ հավատը ոչ միայն գիտական հետազոտությունների արդյունք էր, այլև Աստվածաշնչի մանրակրկիտ ուսումնասիրության։

— Ի՞նչը համոզեց Ձեզ, որ Աստվածաշունչը Աստծուց ներշնչված գիրք է։

— Շատ բան, օրինակ՝ մարգարեությունների ճշգրտորեն կատարվելը։ Դարեր առաջ Եսայիա մարգարեն մանրամասնորեն տեղեկություններ էր հայտնել Հիսուսի մահվան և թաղման մասին։ Գիտենք, որ այս մարգարեությունը նախքան Հիսուսի մահանալն էր գրվել, քանի որ Եսայիայի մագաղաթը, որը գտնվել է Կումրանում, կրկնօրինակվել է Հիսուսի ծնվելուց հարյուրավոր տարիներ առաջ։

Այդ մարգարեության մեջ գրված է. «Նրա թաղվելու վայրը ամբարիշտների հետ կլինի, ու երբ մահանա, հարուստների հետ կլինի» (Եսայիա 53։9, 12)։ Եվ հենց այդպես էլ եղավ. Հիսուսը մահապատժի ենթարկվեց հանցագործների հետ, բայց թաղվեց հարուստի գերեզմանում։ Սա ընդամենը մեկն է կատարված բազմաթիվ մարգարեություններից, որոնք վստահեցրել են ինձ, որ Աստվածաշունչն իսկապես ներշնչված է Աստծուց (2 Տիմոթեոս 3։16)։ Որոշ ժամանակ անց ես դարձա Եհովայի վկա։

— Ձեր կրոնում ի՞նչն է Ձեզ դուր գալիս։

Մեր հավատը կույր հավատ չէ, այն չի անտեսում գիտական փաստերը

— Մեր հավատը կույր հավատ չէ, այն չի անտեսում գիտական փաստերը։ Իսկ սկզբունքները, որոնցով առաջնորդվում ենք, լիովին հիմնված են Աստվածաշնչի վրա։ Լինելով Եհովայի վկա՝ ես ուրախությամբ Աստվածաշնչի բարի լուրն եմ հայտնում մարդկանց և օգնում եմ գտնելու իրենց հուզող հարցերի պատասխանները։

^ պարբ. 9 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։