Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

Որմզդեղն. անտառի յուրօրինակ հսկա

Որմզդեղն. անտառի յուրօրինակ հսկա

«ՈՐՄԶԴԵՂՆԸ անճոռնի և տարօրինակ կենդանի է. ինչո՞ւ է նա այդքան բարձր, իսկ գլուխը այդքան երկարավուն»։ Այս խոսքերի հեղինակ 19-րդ դարի գրող Հենրի Դեյվիդ Թորոն դժվար թե միակն է, որ այդպիսի կարծիք ունի այս կենդանու մասին։ Քանի որ որմզդեղնը ծիծաղելի արտաքին ունի, և քչերն են այս մեկուսացող կենդանուն տեսնում վայրի բնության մեջ, որոշ մարդիկ կարծում են, թե նա ծանրաշարժ ու դանդալոշ կենդանի է։ Բայց արդյո՞ք այդպես է։ Հյուսիսային Ամերիկայից ու Եվրասիայից հետազոտողները շատ բան են բացահայտել այս յուրօրինակ կենդանու մասին։

Ոչ ոք չի ժխտում, որ որմզդեղնը ամենախոշոր եղջերուն է։ Թեև նա երկար ոտքեր ունի, ինչի պատճառով էլ դանդաղաշարժ է, բայց հենց այդ ոտքերի շնորհիվ է, որ հետ է մղում գայլերի ոհմակին։ Որմզդեղնը լողալ սովորում է ծնվելուց մի քանի օր հետո։ Նա լողալով կիլոմետրեր է անցնում և սուզվում մոտ 6 մետր՝ ջրային բույսեր գտնելու համար։

Որմզդեղնը կարող է շարժել աչքերը և զգալ իր հետևում եղած շարժումը՝ առանց գլուխը թեքելու։ Նրա քիթը նույնպես յուրահատուկ է։ Հետազոտողները կարծում են, որ քանի որ որմզդեղնի քթանցքները իրարից հեռու են, նա կարողանում է ճշգրտորեն իմանալ, թե որտեղ է գտնվում օբյեկտը։ Լսողությունը մեկ ուրիշ յուրահատուկ զգայարան է։ Կենդանու ականջները ձայներ են ընկալում բոլոր ուղղություններից, ու նա կարողանում է լսել ուրիշ որմզդեղների ձայները  անգամ 3 կիլոմետր հեռավորությունից։

Որմզդեղնի ձագերը, որոնց մի գրող նկարագրել է որպես «ծիծաղելի-սիրունիկ» արարածներ, հետաքրքրասեր են ու աշխույժ։ Մայրերը, որոնց անվանում են կովեր, սիրով ու քնքշությամբ հոգ են տանում նրանց և պաշտպանում։ Էգերը հարձակվում են ցանկացած արարածի վրա, ով ուզում է որսալ ձագերին, այդ թվում գայլերի, արջերի և նույնիսկ մարդկանց վրա։ Երբ ձագն արդեն մոտ մեկ տարեկան է, իսկ մայրը նորից հղի է, վերջինս իր փոքրիկին ագրեսիվորեն հեռացնում է իրենից, որ սովորի ինքնուրույն հոգալ իր կարիքները։

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ

Եթե որմզդեղները սնվում են բույսերով, ապա ինչո՞վ են սնվում ցուրտ ձմռանը։ Նրանք շատ են սնվում տաք եղանակին։ Ամեն օր ուտում են 23 կիլոգրամ անասնակեր, անկախ այն բանից՝ բույսը 3 մետր բարձրություն ունի, թե ջրի տակ է։ Նրանց չորս խոռոչանի ստամոքսը մարսում է կերը՝ առանձնացնելով անհրաժեշտ սննդարար նյութերը և ճարպեր կուտակելով։ Որմզդեղնը այլ խնդիրների էլ է բախվում ձմռանը։

Խստաշունչ ցուրտը և առատ ձյունը մեկ ուրիշ փորձություն են այս կենդանու համար։ Ձմռանը նա համեմատաբար հանգիստ կյանք է վարում՝ խնայելով էներգիան և պահպանելով ջերմությունը քուրքի տակ։ Գայլերից փախչելը հատկապես դժվար է լինում ձմռանը, բայց հաճախ նրա համար մեծ վտանգ են ներկայացնում մարդիկ՝ որսորդներն ու վարորդները։

Որմզդեղնը սիրում է աղ ուտել, որը ձյունը հալեցնելու նպատակով շաղ են տալիս ճանապարհների վրա։ Սակայն քանի որ մուգ մորթի ունի և սովորաբար փողոցն անցնում է արևամուտից հետո, վարորդները դժվարությամբ են նկատում նրան, ու բախում է տեղի ունենում։ Արդյունքում մարդիկ մահանում են, իսկ կենդանին սատկում է։

ԱՇԽՈՒՅԺ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Որմզդեղնը սիրում է խաղալ օվկիանոսի ալիքների մեջ և տաք ջրերում։ Զուգավորման ժամանակ արուներն ու էգերը շատ քնքուշ են իրար նկատմամբ, իսկ մայրերի նվիրվածությունը իրենց ձագերի հանդեպ ուղղակի սիրտ է ջերմացնում։ Երբ մարդիկ են պահում ձագերին, նրանք սիրով կապվում են իրենց տերերի հետ։ Դոկտոր Վալերիուս Գիստը հետևյալն է նշում. «Այս տարօրինակ կենդանին, որը անդուր դեմք ունի, կարող է խելացի լինել, ջերմություն և անմնացորդ նվիրվածություն դրսևորել»։

Որմզդեղնի ձագերը հետաքրքրասեր են ու աշխույժ

Սակայն պետք է հիշել, որ որմզդեղնը վայրի կենդանի է։ Եթե մի օր տեսնես նրան վայրի բնության մեջ, հարգալից եղիր և շատ մի՛ մոտեցիր նրան։ Որոշակի հեռավորություն պահելը շատ կարևոր է, հատկապես երբ մոտակայքում ձագեր կան։ Այդուհանդերձ, նույնիսկ հեռվից կհիանաս անտառի այս յուրօրինակ հսկայով։