Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Արդյոք պատահականությո՞ւն է

Ձկների վտառը

Ձկների վտառը

Ամեն տարի ավտովթարների պատճառով մահանում է ավելի քան մեկ միլիոն մարդ, և վնասվածքներ է ստանում մոտ 50 միլիոն մարդ։ Սակայն միլիոնավոր ձկներ կարողանում են միասին լողալ՝ առանց իրար բախվելու։ Ինչպե՞ս։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանցից ավտովթարների թիվը նվազեցնելու վերաբերյալ։

Նկատի առնենք հետևյալը։ Շրջապատող միջավայրի մասին վտառներով լողացող ձկները իմանում են աչքերի և հատուկ շոշափելիքի զգայարանի միջոցով, որը կոչվում է կողագիծ։ Այդ զգայարանների միջոցով նրանք ընկալում են մյուս ձկների տեղը իրենց շուրջ գտնվող տարածության մեջ և արձագանքում են հետևյալ կերպ։

  1. Լողալ կողք կողքի։ Կողքի ձկների արագությանը համընթաց են շարժվում և նրանցից որոշակի հեռավորություն են պահում։
  2. Մոտենալ մյուսներին։ Մոտենում են այն ձկներին, որոնք հեռու են։
  3. Խուսափել բախումից։ Փոխում են իրենց ուղղությունը, որ խուսափեն մյուս ձկներին բախվելուց։

Հիմնվելով վտառներով լողացող ձկների այս երեք առանձնահատկության վրա՝ ճապոնացի մեքենա արտադրողները նախագծել են մի քանի փոքր ռոբոտ-մեքենաներ, որոնք կարող են խմբով ընթանալ՝ առանց իրար բախվելու։ Աչքերի փոխարեն՝ դրանք ունեն հաղորդակցման տեխնոլոգիաներ, կողագծի փոխարեն՝ լազերային համակարգ։ Ընկերությունը կարծում է, որ այս տեխնոլոգիան կօգնի նրանց ստեղծելու «չբախվող» ավտոմեքենաներ և «կնպաստի լավ միջավայր ստեղծելուն և առանց խցանումների երթևեկելուն»։

«Գերժամանակակից էլեկտրոնային տեխնոլոգիաներով մենք վերարտադրել ենք ձկների վտառին բնորոշ այդ առանձնահատկությունները,— ասում է Տոշիոկի Անդոն, որը ռոբոտ-մեքենաներ նախագծի գլխավոր ինժեներն է։— Մեքենայացված այս աշխարհում շատ բան ունենք սովորելու վտառով լողացող ձկներից»։

Ի՞նչ ես կարծում։ Ձկների վտառը անմտածվա՞ծ պրոցեսի արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։