ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԵՐԲ ՄԱՀԱՆՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Սխա՞լ է արդյոք երկար ժամանակ սգալը
Անկասկած պատահել է այնպես, որ կարճ ժամանակով հիվանդացել եք ու արագ ապաքինվել։ Հավանաբար, հետագայում նույնիսկ չեք էլ հիշել այդ մասին։ Սակայն այլ է պարագան, երբ մարդը վիշտ է ապրում։ Հոգեբան Ալան Վուլֆելտը իր գրքում նշում է. «Իրականում «վիշտը հաղթահարել» հասկացություն գոյություն չունի»։ Ապա ավելացնում է. «Պարզապես, երբ ժամանակ է անցնում, և մեզ շրջապատող մարդիկ աջակցում են մեզ, ցավն աստիճանաբար մեղմանում է» (Healing a Spouse’s Grieving Heart)։
Օրինակ՝ նկատի առնենք, թե ինչպես արձագանքեց Աբրահամ նահապետը, երբ մահացավ նրա կինը։ Աստվածաշունչն ասում է. «Աբրահամը սկսեց ողբալ ու լաց լինել Սառայի համար» (Ծննդոց 23։2, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.)։ «Սկսեց» բառը ցույց է տալիս, որ Աբրահամը մի որոշ ժամանակ սգացել է, և կորստի ցավը հաղթահարելու համար ժամանակ է պահանջվել։ * Մեկ այլ օրինակ է Հակոբը, որին հավատացրել էին, թե նրա որդուն՝ Հովսեփին, հոշոտել է մի վայրի գազան։ Նա «շատ օրեր սգաց» իր որդու համար, և նրա ընտանիքի անդամները չէին կարողանում մխիթարել նրան։ Անգամ տարիներ անց Հովսեփի մահվան պատճառած ցավը դեռ մորմոքում էր նրա սիրտը (Ծննդոց 37։34, 35; 42։36; 45։28)։
Նման զգացումներ ունեն նաև մեր օրերում ապրող շատ մարդիկ, ովքեր մտերիմ անձնավորության են կորցրել։ Նկատի առնենք երկու այդպիսի օրինակ։
-
«Իմ ամուսինը՝ Ռոբերտը, մահացավ 2008 թ. հուլիսի 9-ին դժբախտ պատահարից։ Դա մի սովորական օր էր։ Նախաճաշից հետո, երբ նա պատրաստվում էր գնալ աշխատանքի, մենք, ինչպես միշտ, գրկախառնվեցինք, միմյանց համբուրեցինք և ասացինք՝ սիրում եմ քեզ։ Արդեն վեց տարի է անցել, բայց սրտիս ցավը դեռ չի ամոքվել։ Կարծում եմ, որ երբեք չեմ համակերպվի Ռոբի կորստի հետ» (Գեյլ, 60 տարեկան)։
-
«Թեև արդեն 18 տարի է, ինչ կինս մահացել է, բայց ես դեռ կարոտում եմ նրան ու սգում նրա կորուստը։ Երբ շրջակա բնության մեջ ինչ-որ գեղեցիկ բան եմ տեսնում, անմիջապես նա է գալիս միտքս. մտածում եմ, թե նա որքան կհիանար՝ տեսնելով այն, ինչ ես եմ տեսնում հիմա» (Էյթյեն, 84 տարեկան)։
Ինչպես տեսանք, միանգամայն բնական է, որ մարդիկ խոր ցավ են ապրում և երկար ժամանակ սգում են իրենց հարազատի մահը։ Ամեն մարդ յուրովի է սգում, հետևաբար խելամիտ չի լինի քննադատել դիմացինին այն բանի համար, թե նա ինչպես է արձագանքում իր կյանքում տեղի ունեցած դժբախտությանը։ Նաև չպետք է մեղադրենք ինքներս մեզ՝ մտածելով, թե չափազանց սուր և բուռն ենք արձագանքում հարազատի կորստին։ Այդուհանդերձ, ի՞նչ կարող ենք անել, որ հաղթահարենք կորստի ցավը։
^ պարբ. 4 Աբրահամի որդին՝ Իսահակը, նույնպես երկար ժամանակ վշտի մեջ է եղել։ Ինչպես կտեսնեք այս ամսագրի՝ «Ընդօրինակեք նրանց հավատը» խորագրի հոդվածում, Իսահակը իր մոր մահից երեք տարի անց դեռ սգում էր նրա կորուստը (Ծննդոց 24։67)։