Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստծու Թագավորությունը երբ կսկսի ղեկավարել երկիրը

Աստծու Թագավորությունը երբ կսկսի ղեկավարել երկիրը

Հիսուսի հավատարիմ հետևորդները ցանկանում էին իմանալ, թե Աստծու Թագավորությունը երբ էր սկսելու ղեկավարել երկիրը։ Հիսուսը բացատրեց, որ նրանք չէին իմանալու, թե կոնկրետ երբ է դա լինելու (Գործեր 1։6, 7)։ Բայց ավելի վաղ Հիսուսը ասել էր նրանց, որ երբ տեսնեն որոշակի իրադարձություններ միաժամանակ կատարվելիս, պետք է հասկանային, «որ Աստծու թագավորությունը մոտ է», և եկել է ժամանակը, որ այն սկսի ղեկավարել աշխարհը (Ղուկաս 21։31

ԱՊԱԳԱ ԻՆՉ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԵՑ ՀԻՍՈՒՍԸ

Նա ասաց. «Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, մեծ երկրաշարժեր կլինեն, տեղ-տեղ՝ համաճարակներ ու սովեր» (Ղուկաս 21։10, 11)։ Ինչպես մարդու մատի բոլոր գծերը միասին մեկ եզակի մատնահետք են կազմում, այնպես էլ այս բոլոր իրադարձությունները միասին կազմում են հստակ մի նշան, որը հնարավոր չէ շփոթել այլ բանի հետ։ Եվ ճիշտ ինչպես մատնահետքով հնարավոր է ճշգրտորեն ճանաչել մարդուն, այնպես էլ այդ բոլոր իրադարձությունների միաժամանակ կատարվելն էր հստակ ցույց տալու, «որ Աստծու թագավորությունը մոտ է»։ Արդյոք այդ իրադարձություններն իսկապես կատարվե՞լ են միաժամանակ և ողջ աշխարհի մասշտաբով։ Տեսնենք՝ ինչ են ասում փաստերը։

1 ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

1914 թ.-ին բռնկվեց մարդկային ողջ պատմության մեջ իր նմանը չունեցող մի պատերազմ։ Պատմաբանները այդ տարեթիվը համարում են շրջադարձային, քանի որ այդ ժամանակ էր, որ մարդկությունը առաջին անգամ տեսավ համաշխարհային պատերազմ։ Այդ աշխարհամարտի ժամանակ առաջին անգամ հսկայածավալ մասշտաբներով գործի դրվեցին տանկեր, օդային ռումբեր, գնդացիրներ, թունավոր գազեր և այլ մահացու զենքեր։ Դրան հաջորդեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ժամանակ ասպարեզ եկան ատոմային զենքերը։ 1914-ից ի վեր բազում պատերազմներ են մղվել աշխարհի այս կամ այն մասում, որոնք միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել։

2 ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ

Հայտնի մի հանրագիտարանում ասվում է, որ ամեն տարի «զգալի վնաս» պատճառող մոտ 100 երկրաշարժ է գրանցվում (Britannica Academic)։ Իսկ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ «տարիներ շարունակ (մոտավորապես 1900 թ.-ից ի վեր) հավաքված վիճակագրական տվյալները հիմք են տալիս կանխատեսելու, որ ամեն տարի սպասվում է մոտ 16 ուժգին երկրաշարժ»։ Ոմանք գուցե մտածեն, որ երկրաշարժերի թվի աճը իրականում պայմանավորված է նրանով, որ ներկայումս գործիքային գրանցման շնորհիվ ավելի շատ տվյալներ ենք ստանում։ Սակայն փաստն այն է, որ կործանարար երկրաշարժերը ողջ աշխարհում աննախադեպ մարդկային կորուստների և տառապանքի պատճառ են դառնում։

3 ՍՆՆԴԻ ՊԱԿԱՍ

Աշխարհի տարբեր մասերում պատերազմները, կաշառակերությունը, տնտեսության անկումը, գյուղատնտեսական ռեսուրսների սխալ տնօրինումը, ծայրահեղ եղանակային պայմաններին բավարար չափով պատրաստված չլինելը հանգեցնում են սննդի պակասի։ Պարենի համաշխարհային ծրագրի 2018 թ. վիճակագրության համաձայն՝ «ամբողջ աշխարհում 821 միլիոն մարդ սովի է մատնված, որից 124 միլիոնը ծայրահեղ վիճակում է» (2018 Year in Review)։ Թերսնման պատճառով ամեն տարի մոտ 3,1 միլիոն երեխա է մահանում։ 2011 թ.-ին ողջ աշխարհում երեխաների մահացության 45 տոկոսի պատճառը թերսնումն է եղել։

4 ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության լույս ընծայած մի հրատարակության մեջ ասվում է. «21-րդ դարում արդեն մի քանի լայնամասշտաբ համաճարակներ են գրանցվել։ Վերադարձել են վաղեմի հիվանդությունները՝ խոլերան, ժանտախտը, դեղին տենդը, և ի հայտ են եկել նորերը՝ սուր ծանր շնչառական համախտանիշը, գրիպի տարբեր համավարակներ, Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը, Էբոլան և Զիկան»։ Իսկ վերջինը COVID-19 համավարակն է։ Թեև գիտնականները և բժիշկները շատ բաներ են բացահայտել հիվանդությունների վերաբերյալ, բայց այդպես էլ չեն կարողացել բուժում գտնել բոլոր հիվանդությունների դեմ։

5 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հիսուսը, խոսելով վերոհիշյալ նշանի մաս կազմող մեկ այլ իրադարձության մասին, ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։ Մինչ աշխարհում քաոսային իրավիճակ է տիրում, բոլոր ազգերից ավելի քան ութ միլիոն մարդ Աստծու Թագավորության մասին բարի լուրն են քարոզում. այդ լուրը քարոզվում է 240 երկրներում ավելի քան 1 000 լեզվով։ Սա աննախադեպ իրադարձություն է մարդկության պատմության մեջ։

ԻՆՉՈՒ Է ԱՅԴ ՆՇԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՄԵԶ ՀԱՄԱՐ

Հիսուսի տված նշանի այս առանձնահատուկ իրադարձություններն այսօր կատարվում են։ Ինչո՞ւ պետք է այս փաստին լրջորեն վերաբերվենք։ Քանի որ Հիսուսն ասել է. «Երբ տեսնեք այս բաները կատարվելիս, իմացեք, որ Աստծու թագավորությունը մոտ է» (Ղուկաս 21։31

Շուտով Աստծու Թագավորության իշխանության ներքո Աստծու կամքը կկատարվի երկրի վրա

Հիսուսի տված նշանը և Աստվածաշնչի վրա հիմնված ժամանակագրական հաշվարկները օգնում են հասկանալ, որ Աստված 1914 թ.-ին a երկնքում հաստատել է իր Թագավորությունը և իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, դարձրել թագավոր (Սաղմոս 2։2, 4, 6–9)։ Շուտով Աստծու Թագավորությունը կսկսի ղեկավարել երկիրը։ Այն կվերացնի մյուս բոլոր կառավարությունները և երկիրը դրախտ կդարձնի, որ մարդիկ այնտեղ ապրեն հավիտյան։

Շատ շուտով կիրականանան Հիսուսի սովորեցրած տիպար աղոթքի հետևյալ խոսքերը. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։ Սակայն նախ իմանանք, թե ինչ է արել այդ Թագավորությունը իր հիմնադրումից՝ 1914 թ.-ից ի վեր, և թե ինչ փոփոխություններ կլինեն, երբ այն սկսի իշխել ողջ մարդկության վրա։

a 1914 թ. վերաբերյալ մանրամասներ կարող եք գտնել«Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 32-րդ դասում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։