Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մարգարեության կատարման մասին հավաստող լուռ վկա

Մարգարեության կատարման մասին հավաստող լուռ վկա

ԻՏԱԼԻԱՅԻ ՀՌՈՄ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՎԵՐ Է ԽՈՅԱՆՈՒՄ ՄԻ ՀԱՂԹԱԿԱՄԱՐ, ՈՐԸ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ Է ԳՐԱՎՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԾԱՅՐԵՐԻՑ։ ՀԱՂԹԱԿԱՄԱՐԸ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՀՌՈՄԻ ՍԻՐԵԼԻ ԿԱՅՍՐԵՐԻՑ ՄԵԿԻ՝ ՏԻՏՈՍԻ ՊԱՏՎԻՆ։

Տիտոսի հաղթակամարը զարդարված է երկու մեծ քանդակապատկերներով, որոնցում նկարագրվում է մի հայտնի պատմական իրադարձություն։ Սակայն քչերին է հայտնի, որ այդ հուշարձանը սերտորեն կապված է Աստվածաշնչի հետ։ Այն լուռ վկայում է աստվածաշնչյան մարգարեությունների ճշգրիտ կատարման մասին։

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՔԱՂԱՔԸ

Առաջին դարի սկզբներին Հռոմեական կայսրության սահմանները տարածվում էին Բրիտանիայից և Գալիայից (այժմ՝ Ֆրանսիա) մինչև Եգիպտոս, և կայսրության ողջ տարածքում կայունություն և բարեկեցություն էր տիրում։ Բայց Հռոմի իշխանություններին անընդհատ անախորժություններ էր պատճառում կայսրության հեռավոր տարածքներից մեկը՝ իր խռովարարությամբ հայտնի Հրեաստանի պրովինցիան։

Հին Հռոմի վերաբերյալ մի հանրագիտարանում ասվում է. «Հռոմի տիրապետության տակ գտնվող քիչ տարածքներ կարող էին համեմատվել Հրեաստանի հետ այն հարցում, թե որքան ուժգին հակակրանք էին տեղի բնակիչները տածում Հռոմի իշխանության հանդեպ, ընդ որում այդ հակակրանքը փոխադարձ էր։ Հրեաներին վրդովեցնում էր այն, որ օտար տիրակալները հաշվի չէին առնում իրենց ավանդույթները, իսկ Հռոմը հրեաների անզիջողականության պատճառով ծայրահեղ անհանդուրժողականություն էր դրսևորում նրանց նկատմամբ» (Encyclopedia of Ancient Rome)։ Հրեաներից շատերը հույս ունեին, որ գալու էր մի փրկիչ՝ քաղաքական առաջնորդ, ով երկիրն ազատելու էր հռոմեացիների ատելի լծից, և Իսրայելի համար կրկին ոսկե դարաշրջան էր սկսվելու։ Բայց մ. թ. 33 թ.-ին Հիսուս Քրիստոսը մարգարեացավ, որ Երուսաղեմին աղետալի վախճան է սպասում։

Նա ասաց. «Օրեր կգան, երբ թշնամիներդ քո շուրջը սուր գերաններով պատնեշ կկանգնեցնեն և կշրջապատեն ու ամեն կողմից կնեղեն քեզ և քեզ ու քո մեջ եղող երեխաներիդ գետին կտապալեն և քարը քարի վրա չեն թողնի քեզանում» (Ղուկաս 19։43, 44

Հիսուսի խոսքերը թերևս շփոթության մեջ գցեցին նրա աշակերտներին։ Դրանից երկու օր հետո, երբ աշակերտները հեռվից դիտում էին Երուսաղեմի տաճարը, նրանցից մեկը հիացած ասաց. «Ուսուցի՛չ, տե՛ս, ինչպիսի՜ քարեր և ինչպիսի՜ շինություններ են»։ Եվ իսկապես, տեղեկությունների համաձայն՝ տաճարի որոշ քարեր ունեին ավելի քան 11 մետր (35 ֆուտ) երկարություն, 5 մետր (15 ֆուտ) լայնություն և 3 մետր (10 ֆուտ) բարձրություն։ Սակայն, ի պատասխան այդ հիացական բացականչության՝ Հիսուսն ասաց. «Այս բոլորը, որ տեսնում եք, կքանդվեն։ Օրեր կգան, երբ քարը քարի վրա չի մնա այստեղ» (Մարկոս 13։1; Ղուկաս 21։6

Իսկ ավելի ուշ Հիսուսը նրանց ասաց. «Երբ տեսնեք Երուսաղեմը՝ զորքերով շրջապատված, իմացեք, որ նրա ամայացումը մոտեցել է։ Այդ ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն, և ովքեր Երուսաղեմում են, թող դուրս գան, իսկ ովքեր Երուսաղեմի շրջակայքում են, թող չմտնեն այնտեղ» (Ղուկաս 21։20, 21)։ Արդյոք Երուսաղեմի կործանման վերաբերյալ Հիսուսի խոսքերը կատարվեցի՞ն։

ՔԱՂԱՔԻ ՎԱԽՃԱՆԸ

Դրանից հետո անցավ երեսուներեք տարի, և Հրեաստանը դեռևս տառապում էր հռոմեական լծի ներքո։ Բայց մ. թ. 66 թ.-ին, երբ Հրեաստանի կառավարիչ՝ հռոմեացի պրոկուրատոր Գեսիոս Ֆլորոսը, սուրբ տաճարի գանձարանից գումար բռնագանձեց, հրեաների համբերության բաժակը լցվեց։ Շատ չանցած՝ Երուսաղեմը լցվեց կռվի ելած հրեաների կատաղի խմբերով, որոնք կոտորեցին  տեղի հռոմեական կայազորը և իրենց Հռոմից անկախ հայտարարեցին։

Մոտ երեք ամիս անց ավելի քան 30 000-անոց հռոմեական զորքը Կեստիոս Գալլոսի գլխավորությամբ արշավեց դեպի Երուսաղեմ՝ ճնշելու ապստամբությունը։ Հռոմեացիները արագորեն մտան քաղաք և սկսեցին փորել տաճարի պարսպի տակը։ Բայց հետո, առանց որևէ ակնհայտ պատճառի, նրանք հետ քաշվեցին։ Ապստամբ հրեաները ցնծության մեջ էին։ Նրանք իսկույն սկսեցին հետապնդել նահանջող զորքին։ Այդ ընթացքում, մինչ մարտնչող կողմերը հեռու էին քաղաքից, քրիստոնյաները, հետևելով Հիսուսի նախազգուշացմանը, Երուսաղեմից փախան Հորդանան գետից այն կողմ գտնվող սարերը (Մատթեոս 24։15, 16

Հաջորդ տարի հռոմեական զորքը կրկին արշավեց Հրեաստանի դեմ, այս անգամ՝ զորավար Վեսպասիանոսի և նրա որդու՝ Տիտոսի գլխավորությամբ։ Սակայն մ. թ. 68 թ.-ին Ներոն կայսրը մահացավ, և դրանից շատ չանցած՝ Վեսպասիանոսը վերադարձավ Հռոմ՝ նստելու կայսերական գահին։ Հրեաների դեմ արշավանքը շարունակեց նրա որդին՝ Տիտոսը՝ 60 000-անոց զորքով։

Մ. թ. 70 թ. հունիսին հռոմեացի զինվորները Տիտոսի հրամանով կտրեցին Երուսաղեմի շրջակայքում գտնվող բոլոր ծառերը և դրանցից ստացված սրածայր գերաններով 7 կիլոմետր (4,5 մղոն) երկարությամբ պատնեշ կառուցեցին քաղաքի շուրջը։ Սեպտեմբեր ամսին հռոմեացիներն արդեն կողոպտել և հրի էին մատնել քաղաքն ու տաճարը և քարը քարի վրա չէին թողել, ճիշտ ինչպես մարգարեացել էր Հիսուսը (Ղուկաս 19։43, 44)։ Ըստ մոտավոր մի հաշվարկի՝ այդ ժամանակ մոտ 500 000 մարդ կոտորվեց Երուսաղեմում և երկրի մյուս մասերում։

ՏՈՆՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մ. թ. 71 թ.-ին Տիտոսը վերադարձավ Հռոմ՝ ցնծագին ընդունելության արժանանալով քաղաքի բնակչության կողմից։ Ողջ մայրաքաղաքը տոնում էր այդ մեծ հաղթանակը։ Դրա առթիվ կազմակերպվել էր քաղաքի պատմության մեջ երբևիցե եղած ամենափառահեղ հաղթական շքերթներից մեկը։

Ամբոխները զմայլվում էին քաղաքի փողոցներում ծփացող այդ աննկարագրելի հարստությամբ։ Նրանց հիացած հայացքների ներքո տանում էին ավար վերցված նավեր, հսկայական պատգարակներ, որոնց վրա ցուցադրված էին պատերազմի տեսարաններ, ինչպես նաև Երուսաղեմի տաճարից հափշտակված իրերը։

Մ. թ. 79 թ.-ին Տիտոսը, հաջորդելով իր հորը՝ Վեսպասիանոսին, նստեց Հռոմի գահին։ Բայց ընդամենը երկու տարի անց հանկարծամահ եղավ։ Նրա փոխարեն կայսր դարձավ՝ նրա եղբայրը՝ Դոմետիանոսը։ Գահին նստելուն պես վերջինս մի հաղթակամար կառուցեց Տիտոսի պատվին։

ՏԻՏՈՍԻ ՀԱՂԹԱԿԱՄԱՐԸ

Տիտոսի հաղթակամարն այսօր (Հռոմ)

Ներկայումս ամեն տարի Հռոմ այցելող հարյուր հազարավոր մարդիկ զմայլվում են Տիտոսի հաղթակամարով։ Ոմանց համար այդ կամարը արվեստի հոյակերտ նմուշ է, ոմանց համար՝ Հռոմեական կայսրության հաղթական ուժի հավաստիք, ոմանց համար էլ կործանված Երուսաղեմի ու նրա տաճարի հիշատակին նվիրված հուշակոթող։

Սակայն նրանք, ովքեր ընթերցում և խորությամբ ուսումնասիրում են Աստվածաշունչը, գիտեն, որ Տիտոսի հաղթակամարը շատ ավելի մեծ նշանակություն ունի։ Այն լուռ վկայում է աստվածաշնչյան մարգարեությունների ճշգրիտ կատարման և արժանահավատության մասին և փաստում է, որ դրանք իսկապես ներշնչված են Աստծուց (2 Պետրոս 1։19–21