Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մարգարեություններ, որոնք կատարվել են

Մարգարեություններ, որոնք կատարվել են

Ամսագրի առաջին հոդվածում նշվեց այն լեգենդի մասին, թե ինչպես Կրեսոսը, հավատալով Դելփյան պատգամախոսին, պարտվեց Պարսկաստանի թագավորի դեմ պատերազմում։ Մինչդեռ Աստվածաշնչում այդ նույն պարսից թագավորի մասին կա մի ուշագրավ մարգարեություն, որը կատարվել է ամենայն մանրամասնությամբ։

Այդ թագավորի ծնվելուց մոտ 200 տարի առաջ եբրայեցի մարգարե Եսայիան կանխագուշակել էր, որ Կյուրոս անունով մի մարդ գրավելու է հզոր Բաբելոն քաղաքը, և նկարագրել էր, թե ինչպես։

Եսայիա 44։24, 27, 28. «Այսպես է ասում Եհովան.... Ես Նա եմ, ով ջրերի անդունդին ասում է. «Գոլորշիացի՛ր. ես կցամաքեցնեմ քո բոլոր գետերը»։ Նա եմ, ով Կյուրոսի մասին ասում է. «Նա իմ հովիվն է և լիովին կկատարի այն ամենը, ինչ ուզում եմ։ Կկատարի նաև Երուսաղեմի մասին իմ ասածը, թե՝ «այն կվերակառուցվի» և տաճարի մասին, թե՝ «քո հիմքը կգցվի»»»։

Ըստ հույն պատմիչ Հերոդոտոսի՝ Կյուրոսի զորքը փոխում է Բաբելոն քաղաքի միջով անցնող Եփրատ գետի ջրերի ուղղությունը։ Կյուրոսի այս խելամիտ ռազմավարական քայլի շնորհիվ նրա զորքերը կարողանում են գետի հունով մտնել քաղաք։ Քաղաքը գրավելուց հետո Կյուրոսը ազատում է գերեվարված հրեաներին և թույլ է տալիս, որ նրանք վերադառնան ու վերակառուցեն Երուսաղեմը, որը կործանվել էր 70 տարի առաջ։

Եսայիա 45։1. «Այսպես է ասում Եհովան իր օծյալին՝ Կյուրոսին, որի աջ ձեռքից նա բռնում է, որպեսզի ազգերը նրան հպատակեցնի, թագավորների մեջքից հանի գոտին, նրա առաջ բացի երկփեղկ դռները, այնպես որ նույնիսկ դարպասները չփակվեն»։

Պարսիկները ներս են մտնում քաղաքի պարսպի հսկայական երկփեղկ դարպասով, որը անզգուշորեն բաց էր թողնվել։ Եթե միայն բաբելոնացիները իմանային, թե ինչ էր ծրագրել Կյուրոսը, կփակեին գետի կողմ բացվող բոլոր դարպասները։ Բայց փաստն այն էր, որ քաղաքը անպաշտպան էր մնացել։

Այս ուշագրավ մարգարեությունը ընդամենը մեկն է աստվածաշնչյան այն բազում մարգարեություններից, որոնք ամենայն ճշգրտությամբ կատարվել են։ * Ի տարբերություն մարդկանց արած կանխատեսումների, որոնք նրանք հաճախ վերագրում են իրենց կեղծ աստվածներին, աստվածաշնչյան մարգարեությունների աղբյուրը ճշմարիտ Աստված է, նա, ով ասել է. «Ես ամենասկզբից ասում եմ այն, ինչ լինելու է վերջում, ու վաղեմի ժամանակներից այն, ինչը դեռ չի եղել» (Եսայիա 46։10

Նման խոսքեր կարող էր ասել միայն ճշմարիտ Աստված, ում անունը Եհովա է։ Ըստ մի շարք աստվածաշնչագետների՝ «Եհովա» անունը նշանակում է «նա դարձնում  է»։ Աստծու անունը ցույց է տալիս, որ նա ունակ է իմանալու ապագան և ըստ իր կամքի՝ դեպքերին համապատասխան ընթացք տալու։ Այն մեզ վստահեցնում է, որ Աստված անպայման իրականացնելու է իր բոլոր խոստումները։

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

Աստվածաշնչում կան մի շարք մարգարեություններ, որ վերաբերում են մեր օրերին։ Մոտ 2 000 տարի առաջ Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ «վերջին օրերում» «չափազանց դժվար ժամանակներ էին լինելու»։ Իսկ ի՞նչ վերջին օրերի մասին է խոսքը։ Դա ոչ թե երկրի և մարդկության վերջն է, այլ ընդհարումների, ճնշումների և ցավերի, որոնք հազարամյակներ շարունակ տառապանք են պատճառել մարդկությանը։ Այժմ քննենք «վերջին օրերին» վերաբերող մի քանի մարգարեություն։

2 Տիմոթեոս 3։1–5. «Բայց իմացիր, որ վերջին օրերում.... մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր, որ Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն, բայց նրա զորությունն ուրանում են»։

Թերևս կհամաձայնեք, որ մեր օրերում այս վատ հատկությունները գնալով ավելի ու ավելի շատ են դրսևորվում մարդկանց մեջ։ Այսօր մենք շրջապատված ենք ինքնահավան, փողասեր ու հպարտ մարդկանցով։ Նրանք պահանջկոտ են և դժվարությամբ են համաձայնության գալիս ուրիշների հետ։ Անշուշտ նկատել եք, որ համատարած բնույթ է կրում նաև ծնողներին չհնազանդվելը, և ընդհանուր առմամբ մարդիկ ավելի շատ սիրում են հաճույքները, քան Աստծուն։ Օրեցօր աշխարհի վիճակը ավելի ու ավելի է վատանում։

Մատթեոս 24։6, 7. «Պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր կլսեք.... Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ»։

Որոշ հաշվարկների համաձայն՝ 1914 թ.-ից սկսած՝ պատերազմների և զինված ընդհարումների հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է ավելի քան 100 միլիոն մարդ։ Այս թիվը գերազանցում է շատ երկրների ողջ բնակչության թիվը։ Այս ահռելի ցուցանիշները վկայում են այն մասին, թե պատերազմներն իրենց հետ որքան տառապանք, վիշտ ու արցունքներ են բերել։ Արդյոք ազգերն ու պետությունները սովորե՞լ են իրենց սխալներից և վերջ դրե՞լ են պատերազմներին։

Մատթեոս 24։7. «Տեղ-տեղ սովեր.... կլինեն»։

Ինչպես տեղեկացնում է «Պարենի համաշխարհային ծրագիրը», «այսօրվա աշխարհում, որտեղ բավարար սնունդ է արտադրվում յուրաքանչյուր մարդու կերակրելու համար, 815 միլիոն մարդ, այսինքն՝ ամեն 9-ից մեկը, ամեն օր դատարկ ստամոքսով է պառկում քնելու։ Դեռ ավելին, ամեն 3 հոգուց մեկը տառապում է թերսնումից»։ Որոշ հաշվարկների համաձայն՝ սովի պատճառով ամեն տարի մոտ երեք միլիոն երեխա է մահանում։

Ղուկաս 21։11. «Մեծ երկրաշարժեր կլինեն»։

Ամեն տարի մոտ 50 000 երկրաշարժեր են տեղի ունենում, որոնց ցնցումները այնքան ուժգին են, որ մարդիկ զգում են դրանք։ Դրանցից մոտ 100-ը զգալի վնասներ են պատճառում շինություններին, և գրեթե ամեն տարի շատ մեծ երկրաշարժ է լինում։ Որոշ տվյալների համաձայն՝ 1975-ից 2000 թվականներն ընկած ժամանակահատվածում երկրաշարժերը 471 000 մարդու կյանք են խլել։

Մատթեոս 24։14. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը»։

Եհովայի վկաները, որոնց թիվը ամբողջ աշխարհում ավելի քան ութ միլիոն է, մոտ 240 երկրներում քարոզում են Աստծու Թագավորության մասին բարի լուրը։ Նրանք այդ լուրը հռչակում են ամենուր՝ մարդաշատ քաղաքներում, խուլ գյուղերում, ջունգլիներում և լեռնային տարածքներում։ Երբ Աստված համարի, որ բավարար չափով վկայություն է տրվել, և քարոզչական գործն ավարտվի, այդ ժամանակ, ինչպես ասվում է վերոնշյալ մարգարեությունում, «կգա վերջը»։ Ի՞նչ է դա նշանակում։ Մարդկային կառավարումը առհավետ անցյալի գիրկը կանցնի՝ իր տեղը զիջելով նոր կառավարությանը՝ Աստծու Թագավորությանը։ Իսկ թե Աստծու որ խոստումները կիրականանան նրա Թագավորության իշխանության ներքո, կիմանաք հաջորդ հոդվածներից։