Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պահպանո՞ւմ ես իմաստություն

Պահպանո՞ւմ ես իմաստություն

ՄԻ ՀԵՌԱՎՈՐ գյուղում ապրում էր մի տղա։ Մարդիկ կարծում էին, թե նա տհաս է, և ծիծաղում էին նրա վրա։ Երբ գյուղացիները ուրիշ տեղերից այցելուներ էին ունենում, նրանց առաջ ծաղրում էին տղային։ Նրանք երկու մետաղադրամ էին պահում իրենց ձեռքում՝ մեկը արծաթե մեծ մետաղադրամ, մյուսը՝ փոքր ոսկե, որը երկու անգամ ավելի արժեքավոր է արծաթից, և ասում էին. «Ընտրիր՝ որ մեկն ես ուզում»։ Տղան միշտ արծաթե մետաղադրամն էր վերցնում և փախչում։

Մի օր այդ գյուղ հյուր եկած մի մարդ հարցրեց տղային. «Գիտե՞ս, որ ոսկե մետաղադրամը արծաթից երկու անգամ ավելի արժեքավոր է»։ Տղան ժպտաց ու ասաց. «Գիտեմ»։ «Այդ դեպքում ինչո՞ւ ես արծաթը վերցնում,— հարցրեց այցելուն։— Եթե ոսկին վերցնես, երկու անգամ շատ փող կունենաս»։ Իսկ տղան պատասխանեց. «Եթե ոսկին վերցնեմ, այս խաղը ինձ հետ էլ չեն խաղա։ Գիտե՞ս՝ ինչքան արծաթե մետաղադրամ եմ հավաքել»։ Այս պատմության տղայից նույնիսկ մեծերը սովորելու բան ունեն. դա իմաստությունն է։

Աստվածաշունչն ասում է. «Իմաստություն և խորհելու կարողություն պահպանիր, այդ ժամանակ ապահով կքայլես քո ճանապարհով, և ոտքդ ոչ մի բանի չի դիպչի» (Առակ. 3։21, 23)։ Այո՛, երբ իմանանք, թե ինչ է իմաստությունը, և լինենք իմաստուն, դա մեզ ապահովություն կտա։ Դրա շնորհիվ մեր «ոտքը» կայուն կլինի, և հոգևորապես չենք սայթաքի։

ԻՆՉ Է ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Իմաստուն մարդը տարբերվում է գիտելիքներ և հասկացողություն ունեցող մարդուց։ Գիտելիքներ ունեցողը նա է, ով տեղեկություն կամ փաստեր է հավաքել։ Հասկացողություն ունեցողը տեսնում է, թե ինչպես է մի տեղեկությունը կապված մյուսի հետ։ Իսկ իմաստուն մարդը նա է, ով իր ունեցած գիտելիքներն ու հասկացողությունը միասին է գործի դնում։

Օրինակ՝ անհատը գուցե կարճ ժամանակում կարողանա կարդալ ու հասկանալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը և Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում հարցերին ճիշտ պատասխանի։ Հնարավոր է նաև սկսի ժողովի հանդիպումներին հաճախել ու նույնիսկ լավ մեկնաբանություններ տալ։ Այս ամենը կարող է ցույց տալ, որ նա հոգևորապես առաջադիմում է։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ նա ձեռք է բերել իմաստություն։ Պարտադիր չէ։ Գուցե նա ընդունակ է և ճկուն միտք ունի։ Բայց իմաստուն կդառնա, երբ սկսի ապրել իր սովորած ճշմարտության համաձայն՝ ճիշտ ձևով գործի դնելով գիտելիքներն ու հասկացողությունը։ Նրա կայացրած որոշումների արդյունքից կերևա՝ իմաստություն դրսևորել է, թե ոչ։

Մատթեոս 7։24–27-ում Հիսուսը առակ է պատմում երկու մարդկանց մասին, որոնցից յուրաքանչյուրը տուն կառուցեց։ Նրանցից մեկը խոհեմ էր։ Իմաստություն և հեռատեսություն դրսևորելով՝ նա իր տունը կառուցեց ժայռի վրա և չմտածեց, թե ավազի վրա տուն կառուցելը ավելի էժան և արագ կլինի։ Նա, իմաստություն դրսևորելով, մտածեց հետագայի մասին, թե ինչպիսին կլինեն իր որոշման արդյունքները։ Եվ երբ փոթորիկ եղավ, նրա տունը կանգուն մնաց։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել և պահպանել այս կարևոր հատկությունը՝ իմաստությունը։

ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

Նախ՝ նկատի առնենք, թե ինչ է ասվում Միքիա 6։9-ում. «Իմաստություն ունեցողը կվախենա [Աստծու] անունից»։ Եհովայի անունից վախենալ նշանակում է նրան հարգել, խոր ակնածանք ունենալ թե՛ նրա հանդեպ, թե՛ նրա հաստատած չափանիշների։ Որպեսզի կարողանանք հարգել ինչ-որ մեկին, պետք է հասկանանք, թե ինչպես է նա մտածում։ Դրանից հետո կարող ենք նրան վստահել և սովորել նրանից՝ ընդօրինակելով նրա իմաստությունը։ Երբ մտածում ենք, թե ինչ հետևանքներ կունենան մեր արարքները Եհովայի հետ մեր ունեցած փոխհարաբերությունների վրա, և երբ իր չափանիշների համաձայն ենք որոշումներ կայացնում, այդ ժամանակ ձեռք ենք բերում իմաստություն։

Երկրորդ՝ Առակներ 18։1-ում ասվում է. «Մեկուսացող մարդը իր եսասիրական ցանկությունն է փնտրում։ Նա ամեն տեսակ իմաստության դեմ է դուրս գալիս»։ Եթե զգույշ չլինենք, կարող ենք մեկուսանալ Եհովայից և նրա ժողովրդից։ Դրանից խուսափելու համար պետք է ժամանակ անցկացնենք այն անհատների հետ, ովքեր վախենում են Եհովայի անունից և հարգում են նրա չափանիշները։ Կարևոր է կանոնավոր ներկա լինել ժողովի հանդիպումներին և շփվել մեր հավատակիցների հետ։ Նաև պետք է թույլ տանք, որ այն ամենը, ինչ սովորում ենք հանդիպումների ժամանակ, հասնի մեր սրտին ու մտքին։

Ավելին, եթե մեր սիրտը բացենք Եհովայի առաջ աղոթքի միջոցով, ավելի կմոտենանք նրան (Առակ. 3։5, 6)։ Եվ եթե Աստվածաշունչը և Եհովայի կազմակերպության գրականությունը կարդալիս թույլ տանք, որ ազդեն մեր մտքի ու սրտի վրա, կկարողանանք նախապես տեսնել, թե ինչ արդյունքներ կունենան մեր գործերը, և իմաստուն որոշումներ կկայացնենք։ Իմաստուն կլինի նաև սրտանց ընդունել հասուն եղբայրներից եկող խրատները (Առակ. 19։20)։ Այս դեպքում մենք ոչ թե «դեմ դուրս կգանք» իմաստությանը, այլ իմաստուն կդառնանք։

ԻՆՉՊԵՍ ԿՕԳՆԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Իմաստությունը կարող է պահպանել ընտանիքները։ Օրինակ՝ Աստվածաշունչը հորդորում է կնոջը, որ «խոր հարգանք տածի» ամուսնու հանդեպ (Եփես. 5։33)։ Ինչպե՞ս կարող է ամուսինը արժանանալ իր կնոջ հարգանքին։ Եթե նա ստիպի կնոջը կամ պահանջի, որ վերջինս իրեն հարգի, արդյունքը միայն կարճատև կլինի։ Վիճաբանությունից խուսափելու համար միգուցե կինը ամուսնուն ցույց տա, թե հարգում է նրան։ Սակայն արդյո՞ք նա իր սրտում իսկապես կհարգի ամուսնուն։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Հետևաբար, իմաստուն ամուսինը կձգտի հասնել ոչ թե կարճատև, այլ հարատև արդյունքների։ Եթե նա դրսևորի ոգու պտուղը և լինի սիրող ու բարի, ժամանակի ընթացքում կվաստակի կնոջ խոր հարգանքը։ Սակայն, անկախ նրանից, ամուսինը արժանի է, թե ոչ, քրիստոնյա կինը պետք է հարգի իր ամուսնուն (Գաղ. 5։22, 23

Աստվածաշունչը նաև ասում է, որ ամուսինը պետք է սիրի իր կնոջը (Եփես. 5։28, 33)։ Ամուսնու սերը չկորցնելու համար կինը գուցե մտածի, թե ավելի լավ կլինի, եթե որոշ բաներ, որոնք դուր չեն գա ամուսնուն, չասի նրան, նույնիսկ եթե հարկավոր է ամուսնուն տեղյակ պահել դրանց մասին։ Սակայն արդյո՞ք դա իմաստուն կլինի։ Ի՞նչ կլինի հետևանքը, երբ ամուսինը իմանա, որ կինը որոշ բաներ գաղտնի է պահել իրենից։ Ավելի շա՞տ կսիրի կնոջը։ Դժվար թե։ Փոխարենը՝ եթե կինը հարմար առիթի դեպքում մեղմությամբ խոսի ամուսնու հետ դրանց մասին, հավանաբար ամուսինը կգնահատի նրա անկեղծությունը։ Այդ դեպքում նա ավելի շատ կսիրի կնոջը։

Երեխայիդ խրատելու ձևից է կախված, թե արդյոք նա հետագայում իրեն ազատ կզգա խոսելու քեզ հետ

Երեխաները պետք է հնազանդվեն իրենց ծնողներին, իսկ ծնողները պետք է դաստիարակեն նրանց Եհովայի չափանիշներով (Եփես. 6։1, 4)։ Արդյո՞ք դա նշանակում է, որ ծնողները պետք է «կարելի»-ների և «չի կարելի»-ների երկար ցուցակ կազմեն։ Իրականում երեխաները պետք է հասկանան, թե ինչն է կանգնած ծնողների սահմանած կանոնների կամ պատժի հետևում։ Իմաստուն ծնողը կօգնի երեխային հասկանալ, թե ինչու նա պետք է հնազանդվի։

Օրինակ՝ ենթադրենք՝ երեխան ծնողի հետ անհարգալից է խոսում։ Եթե ծնողը կոպտի կամ հապճեպորեն պատժի երեխային, վերջինս գուցեև չշարունակի այդպես խոսել։ Սակայն հնարավոր է, որ նա սրտնեղի և փակվի իր մեջ։

Իմաստուն կլինի, եթե ծնողները քննեն, թե ինչպես են դաստիարակում իրենց երեխաներին, և թե ինչ արդյունքներ դա կբերի հետագայում։ Ծնողները չպետք է կտրուկ արձագանքեն, երբ երեխան իրենց դնում է անհարմար իրավիճակում։ Փոխարենը՝ կարող են առանձին, հանգիստ ու սիրալիր կերպով բացատրել երեխային, որ Եհովան ակնկալում է, որ նա հարգի իր ծնողներին, և որ դա իր իսկ հավիտենական բարօրության համար է։ Եվ երբ երեխան ցույց տա, որ հարգում է ծնողներին, նա կհասկանա, որ դրանով պատվում է Եհովային (Եփես. 6։2, 3)։ Նման բարի վերաբերմունքի շնորհիվ ծնողները կհասնեն երեխայի սրտին։ Նա կտեսնի, որ ծնողները անկեղծորեն հոգ են տանում իր մասին, և ավելի կհարգի նրանց։ Իսկ երբ խնդիրներ ունենա կամ իր կյանքում կարևոր որոշումների առջև կանգնի, նա ազատ կդիմի իր ծնողներին։

Որոշ ծնողներ, վախենալով, որ կվիրավորեն իրենց երեխայի զգացմունքները, խուսափում են նրան խրատելուց։ Սակայն ի՞նչ կլինի, երբ երեխան մեծանա։ Վախ կունենա՞ Եհովայի հանդեպ և կհասկանա՞, որ նրա չափանիշների համաձայն ապրելը իմաստուն է։ Հակված կլինի՞ իր սիրտը բացելու Աստծու առաջ, թե՞ հոգևորապես կմեկուսանա (Առակ. 13։1; 29։21

Լավ քանդակագործը նախապես գիտի, թե ինչ է ուզում քանդակել։ Նա գործիքով չի հարվածում հումքին որտեղ պատահի և հույս փայփայում, որ մի լավ բան կստացվի։ Իմաստուն ծնողները ժամեր են տրամադրում, որպեսզի սովորեն ու կիրառեն Եհովայի սկզբունքները, ինչի շնորհիվ նաև աստվածավախ են դառնում։ Սերտորեն կապված լինելով Եհովայի և նրա կազմակերպության հետ՝ ծնողները իմաստություն են ձեռք բերում և օգտագործում են այն իրենց ընտանիքները կերտելու համար։

Ամեն օր մենք կայացնում ենք որոշումներ, որոնք կարող են ազդել մեր կյանքի հետագա տարիների վրա։ Պահի ազդեցության տակ՝ հապճեպորեն որոշում կայացնելու փոխարեն՝ ինչո՞ւ ժամանակ չտրամադրենք և նախապես չմտածենք մեր քայլերի մասին։ Եկեք ծանրութեթև անենք և կշռադատենք, թե ինչ հետևանքներ կունենան մեր որոշումները, փնտրենք Եհովայի առաջնորդությունը և նրա տված իմաստությամբ վարվենք։ Այդպես մենք իմաստություն կպահպանենք, և այն մեզ կյանք կտա (Առակ. 3։21, 22