Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հավատ. ամուր մնալու գրավական

Հավատ. ամուր մնալու գրավական

ՀԱՎԱՏԸ ահռելի զորություն ունի։ Օրինակ՝ այն օգնում է «հանգցնել Չարի [Սատանայի] կրակոտ նետերը», ով ուզում է հոգևորապես սպանել մեզ (Եփես. 6։16)։ Հավատի շնորհիվ կարող ենք դիմակայել սարի պես ահագնամեծ թվացող դժվարություններին։ Հիսուսն իր աշակերտներին ասել է. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «այստեղից այնտեղ տեղափոխվիր», և կտեղափոխվի» (Մատթ. 17։20)։ Քանի որ հավատը կարող է մեզ հոգևորապես զորացնել, կարևոր է իմանալ, թե ինչ է այն, ինչ կապ կա սրտի ու հավատի միջև, ինչպես կարող ենք զորացնել մեր հավատը և ում պետք է հավատ ընծայենք (Հռոմ. 4։3

Ի՞ՆՉ Է ՀԱՎԱՏԸ

Հավատ ունենալ չի նշանակում պարզապես ընդունել, որ Աստվածաշնչում գրվածը ճիշտ է, չէ՞ որ «դևերն էլ են հավատում [Աստծու գոյությանը] ու սարսռում» (Հակ. 2։19)։ Այդ դեպքում հավատը ի՞նչ է։

Ճիշտ ինչպես վստահ ենք, որ գիշերն ու ցերեկը միշտ կհերթափոխեն իրար, այնպես էլ վստահ ենք, որ Աստված կկատարի իր բոլոր խոստումները

Սուրբ Գրքում տրված է հավատի սահմանումը։ Այն երկու տարր է պարունակում։ Առաջին՝ հավատը «լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան» (Եբր. 11։1ա)։ Եթե հավատ ունես, նշանակում է՝ հաստատապես համոզված ես, որ Եհովայի ասած ամեն խոսք ճշմարիտ է և անպայման կկատարվի։ Մի անգամ Աստված իսրայելացիներին ասաց. «Եթե կարողանայիք խափանել գիշերվա և ցերեկվա մասին իմ ուխտը, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեին, ապա կխափանվեր նաև իմ ծառա Դավթի հետ կնքած ուխտս» (Երեմ. 33։20, 21)։ Երբևէ վախեցե՞լ ես, որ արևն այլևս չի ծագի, և գիշերն ու ցերեկը չեն հերթափոխի իրար։ Եթե չես կասկածում, որ բնության օրենքները մի օր կդադարեն գործել, և չես վախենում, որ Երկիր մոլորակն այլևս չի պտտվի իր առանցքի և Արեգակի շուրջը, ապա արժե՞ կասկածել, որ այդ օրենքները Ստեղծողը չի կարողանա կատարել իր խոստումները։ Իհարկե ո՛չ (Ես. 55։10, 11; Մատթ. 5։18

Երկրորդ՝ հավատը «ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն»։ Հավատի տեր մարդը ունի «ակնհայտ ապացույց», այսինքն՝ համոզիչ փաստեր, որ թեև որոշ բաներ անտեսանելի են, բայց իրականում գոյություն ունեն (Եբր. 11։1բ)։ Բերենք մի օրինակ։ Ենթադրենք՝ երեխադ հարցնում է. «Որտեղի՞ց գիտես, որ օդ գոյություն ունի»։ Չնայած որ երբեք օդը չես տեսել, երեխայիդ օգնում ես տրամաբանել՝ բերելով մի շարք ապացույցներ, որոնցից են շնչառությունը, քամին և այլն։ Երբ ապացույցները համոզում են երեխային, նա ընդունում է անտեսանելի բաների գոյությունը։ Այսպիսով՝ իսկական հավատը հիմնված է ծանրակշիռ փաստերի վրա (Հռոմ. 1։20

ԵՐԱԽՏԱԳԵՏ ՍԻՐՏ

Քանի որ հավատի հիմքում պետք է ապացույցներ լինեն, հավատ ունենալու համար նախ հարկավոր է «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանալ» (1 Տիմոթ. 2։4)։ Բայց դա բավական չէ։ Պողոս առաքյալը գրել է. «Մարդը սրտով [է] հավատում» (Հռոմ. 10։10)։ Մարդը պետք է ոչ միայն հավատա ճշմարտությանը, այլև թանկ համարի այն։ Միայն այդ դեպքում նա կմղվի արտահայտելու իր հավատը, այսինքն՝ գործելու ճշմարտության համաձայն (Հակ. 2։20)։ Եթե մարդը սրտանց չի գնահատում ճշմարտությունը, նա գուցե մերժի նույնիսկ ամենաակնհայտ ապացույցները, հատկապես երբ չի ուզում հրաժարվել իր կանխակալ կարծիքից կամ փորձում է արդարացումներ գտնել իր մարմնական ցանկությունները բավարարելու համար (2 Պետ. 3։3, 4; Հուդա 18)։ Ահա թե ինչու աստվածաշնչյան ժամանակներում ապրած որոշ մարդիկ, հրաշքներ տեսնելով հանդերձ, հավատ չզարգացրին (Թվեր 14։11; Հովհ. 12։37)։ Աստծու սուրբ ոգին հավատ է աճեցնում միայն նրանց մեջ, ում սիրտը իրոք ճշմարտություն է սիրում (Գաղ. 5։22; 2 Թեսաղ. 2։10, 11

ԴԱՎԻԹՆ ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏ ՈՒՆԵՐ. ԻՆՉԻ՞ ՇՆՈՐՀԻՎ

Դավիթ թագավորը բացառիկ հավատի տեր մարդ էր (Եբր. 11։32, 33)։ Սակայն նրա ընտանիքի ոչ բոլոր անդամներն էին այդպես հավատում Աստծուն։ Օրինակ, երբ Դավթի ավագ եղբայր Եղիաբը նրան հանդիմանեց այն բանի համար, որ ցանկանում էր Գողիաթին մարտահրավեր նետել, դրանով ցույց տվեց, որ իր հավատը թերի է (1 Սամ. 17։26–28)։ Ոչ ոք ի ծնե հավատ չի ունենում, և այն ծնողներից չի փոխանցվում երեխաներին։ Ուստի Դավթի անսասան հավատը Աստծու հետ իր ունեցած ջերմ փոխհարաբերությունների պտուղն էր։

27-րդ սաղմոսից իմանում ենք, թե Դավիթն ինչպես էր այդպիսի հավատ զարգացրել (համար 1)։ Նա միշտ խորհում էր իր կյանքում տեղի ունեցած դեպքերի մասին՝ վերհիշելով, թե Եհովան ինչպես է վարվել իր թշնամիների հետ (համար 2, 3)։ Դավիթը խորապես գնահատում էր այն ամենը, ինչ կապված էր Եհովայի երկրպագության հետ (համար 4)։ Ուստի հաճույքով գնում էր խորան և իր հավատակիցների հետ երկրպագում էր Աստծուն (համար 6)։ Նա սրտանց փնտրում էր Եհովային՝ աղոթելով նրան (համար 7, 8)։ Նաև ուզում էր Աստծուց սովորել նրա ճանապարհը (համար 11)։ Հավատը Դավթի համար այնքա՜ն կարևոր էր, որ նա մտածում էր, թե որտեղ կլիներ, եթե հավատ չունենար (համար 13

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ԶՈՐԱՑՆԵԼ ՀԱՎԱՏԴ

Դավթի պես դու էլ կարող ես ամուր հավատ ունենալ, եթե նրա մտածելակերպը որդեգրես և այնպիսի սովորություններ ձեռք բերես, ինչպիսիք նշված են 27-րդ սաղմոսում։ Հավատի հիմքում ճշգրիտ գիտելիքներն են, ուստի որքան շատ ուսումնասիրես Աստծու Խոսքն ու դրա վրա հիմնված հրատարակությունները, այնքան քեզ համար ավելի հեշտ կլինի զարգացնել Աստծու ոգու պտղի մաս կազմող այս հատկությունը (Սաղ. 1։2, 3)։ Ուսումնասիրություն անելիս ժամանակ հատկացրու և խորհիր կարդացածիդ շուրջ։ Խորհրդածությունն է այն պարարտ հողը, որում երախտագիտություն է աճում։ Որքան շնորհակալ լինես Եհովային, այնքան շատ կցանկանաս հավատդ գործերով արտահայտել։ Դու դա կանես, օրինակ, երկրպագելով Աստծուն ժողովի հանդիպումների ժամանակ և մարդկանց պատմելով քո հույսի մասին (Եբր. 10։23–25)։ Հավատդ ակնհայտ կլինի նաև այն դեպքում, եթե «միշտ աղոթք անես և չհանձնվես» (Ղուկ. 18։1–8)։ Ուստի «անդադար աղոթիր» Եհովային՝ համոզված, որ «նա հոգ է տանում» քո մասին (1 Թեսաղ. 5։17; 1 Պետ. 5։7)։ Հավատը մարդուն գործերի է մղում, իսկ գործերը իրենց հերթին ամրացնում են հավատը (Հակ. 2։22

ՀԱՎԱՏ ԸՆԾԱՅԻՐ ՀԻՍՈՒՍԻՆ

Հիսուս Քրիստոսը իր մահվանը նախորդող գիշերը աշակերտներին ասաց. «Հավատացեք Աստծուն, հավատացեք նաև ինձ» (Հովհ. 14։1)։ Հետևաբար պետք է հավատ ընծայենք ոչ միայն Եհովային, այլև իր Որդուն։ Ինչպե՞ս կարող ես փաստել, որ հավատում ես Հիսուսին։ Քննենք երեք ձև։

Ի՞նչ է նշանակում հավատ ընծայել Հիսուսին

Առաջին՝ փրկանքը համարիր այնպիսի նվեր, որ Աստված տվել է անձամբ քեզ։ Պողոս առաքյալը գրել է. «Այս կյանքը ապրում եմ այն հավատով, որ ունեմ Աստծու Որդու հանդեպ, որը սիրեց ինձ և իր անձը տվեց ինձ համար» (Գաղ. 2։20)։ Երբ հավատ ես ընծայում Հիսուսին, լիովին համոզված ես, որ փրկանքը քո՛ օգտի համար է, որ այն հիմք է տալիս ներելու քո՛ մեղքերը, որ քե՛զ է հավիտյան ապրելու հնարավորություն ընձեռում, և որ այն քո՛ հանդեպ Աստծու տածած սիրո մեծագույն ապացույցն է (Հռոմ. 8։32, 38, 39; Եփես. 1։7)։ Այս վստահությունը քեզ ուժ կտա հաղթահարելու մեղավորության և թերարժեքության զգացումը (2 Թեսաղ. 2։16, 17

Երկրորդ՝ մոտեցիր Եհովային՝ աղոթելով նրան Հիսուսի քավիչ զոհի հիման վրա։ Փրկանքի շնորհիվ է, որ Եհովային կարող ենք աղոթել «խոսելու ազատությամբ.... որպեսզի Աստված ողորմություն և անզուգական բարություն ցուցաբերի՝ ճիշտ ժամանակին մեզ օգնելու համար» (Եբր. 4։15, 16; 10։19–22)։ Աղոթքն օգնում է, որ վճռականորեն պայքարենք մեղք գործելու գայթակղության դեմ (Ղուկ. 22։40

Երրորդ՝ հնազանդվիր Հիսուսին։ Հովհաննես առաքյալը գրել է. «Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի։ Իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանքը չի տեսնի, այլ Աստծու զայրույթը մնում է նրա վրա» (Հովհ. 3։36)։ Ուշադրություն դարձրու, որ Հովհաննեսը հավատը հակադրում է անհնազանդությանը։ Ուստի Հիսուսի հանդեպ հավատդ ապացուցելու համար պետք է հնազանդվես նրան։ Դրա համար պետք է կատարես «Քրիստոսի օրենքը», այսինքն՝ այն ամենը, ինչ նա սովորեցրել ու պատվիրել է (Գաղ. 6։2)։ Բացի այդ՝ հարկավոր է հետևել այն ցուցումներին ու խորհուրդներին, որ նա տալիս է «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով (Մատթ. 24։45)։ Հիսուսին հնազանդվելով՝ ուժ կունենաս դիմակայելու ցանկացած փոթորկանման դժվարության (Ղուկ. 6։47, 48

«ԶՈՐԱՆԱԼՈՎ ՁԵՐ ՍՐԲԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՏՈՎ»

Մի անգամ, երբ Հիսուսը պատրաստվում էր բուժել մի տղայի, նրա հայրը բացականչեց. «Հավատում եմ։ Օգնի՛ր ինձ, եթե ինչ-որ տեղ հավատի պակաս ունեմ» (Մարկ. 9։24)։ Այս մարդը որոշ չափով հավատ ուներ, բայց համեստորեն ընդունեց, որ իրեն ավելի շատ հավատ է պետք։ Կլինեն իրավիճակներ, երբ մենք էլ այս մարդու պես ավելի մեծ հավատի կարիք կունենանք։ Ուստի եկեք հիմիկվանից ամրացնենք մեր հավատը։ Ինչպես տեսանք, դրա համար պետք է ուսումնասիրենք Աստվածաշունչը և խորհենք այնտեղ գրվածի շուրջ։ Սա էլ իր հերթին կխորացնի մեր երախտագիտությունը Եհովայի հանդեպ։ Մեր հավատը կզորանա նաև այն ժամանակ, երբ հավատակիցների հետ երկրպագենք Եհովային, մարդկանց պատմենք մեր հույսի մասին և միշտ աղոթենք։ Ամրացնելով մեր հավատը՝ կստանանք բոլոր պարգևներից մեծագույնը՝ կմնանք Աստծու սիրո մեջ։ Սուրբ Գիրքը հորդորում է. «Սիրելինե՛ր, զորանալով ձեր սրբագույն հավատով.... մնացեք Աստծու սիրո մեջ» (Հուդա 20, 21