ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ
«Ե՞րբ է լինելու հաջորդ համաժողովը»
1932 ԹՎԱԿԱՆԻ նոյեմբերի վերջն էր։ Մեխիկոյում՝ մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող այս աշխույժ քաղաքում, մեկ շաբաթ առաջ սկսել էին գործել խաչմերուկներում տեղադրված էլեկտրական լուսացույցները։ Սակայն դա արդեն հնացած նորություն էր։ Քաղաքի լրագրողների ուշադրության կենտրոնում շաբաթվա իրադարձությունն էր։ Նրանք, ֆոտոխցիկները ձեռքներին, գնացքի կայարանում սպասում էին մի հատուկ հյուրի՝ Ջոզեֆ Ռադերֆորդին՝ Դիտարանի ընկերության նախագահին։ Տեղի Վկաները նույնպես եկել էին այստեղ՝ դիմավորելու եղբայր Ռադերֆորդին, որը գալիս էր՝ մասնակցելու եռօրյա համաժողովին։
«Ոսկե դար» ամսագրում նշվեց. «Մեքսիկայում ճշմարտության առաջխաղացման պատմության մեջ այս համաժողովը, անկասկած, կհիշվի որպես շատ կարևոր իրադարձություն»։ Սակայն ի՞նչն էր նշանակալից դարձրել այս համաժողովը, որին ներկա էր ընդամենը մոտ 150 մարդ։
Նախքան այդ համաժողովը ճշմարտությունը Մեքսիկայում մեծ տարածում չէր գտել։ 1919-ից սկսած՝ փոքր համաժողովներ էին կազմակերպվել, սակայն հաջորդող տարիներին ժողովների թիվը նվազել էր։ Երբ 1929 թ.-ին Մեխիկոյում մասնաճյուղ բացվեց, թվաց, թե ամեն ինչ կփոխվի։ Սակայն աճի համար որոշ խոչընդոտներ կային։ Օրինակ, երբ գրքեր տարածողներին խորհուրդ տվեցին քարոզելիս առևտրով չզբաղվել, նրանցից մեկը վիրավորվեց և Աստվածաշնչի ուսումնասիրության իր խումբը ստեղծեց։ Բացի այդ, մասնաճյուղի վերակացուի սխալ վարքի պատճառով հարկ եղավ նրան մեկ ուրիշով փոխարինելու։ Ուստի Մեքսիկայում հավատարիմ Վկաները հոգևոր աջակցության կարիք ունեին։
Իր այցելության ընթացքում եղբայր Ռադերֆորդը այս հավատարիմներին քաջալերեց։ Նա համաժողովին երկու ոգևորիչ ելույթ ներկայացրեց և ռադիոյով հինգ դասախոսություն կարդաց։ Առաջին անգամ Մեքսիկայի ռադիոկայանները բարի լուրը հնչեցրին ողջ երկրով մեկ։ Համաժողովից հետո մասնաճյուղի նոր նշանակված վերակացուն կազմակերպեց Թագավորության գործը, և եռանդուն Վկաները նոր ուժով ու Եհովայի օրհնությամբ շարունակեցին քարոզել։
Հաջորդ տարի Մեքսիկայում երկու համաժողով անցկացվեց. մեկը՝ Վերակրուս նավահանգստային քաղաքում, իսկ մյուսը՝ Մեխիկոյում։ Դաշտում իրականացվող ժրաջան աշխատանքը սկսեց լավ պտուղներ բերել։ 1931 թ.-ին երկրում կար 82 քարոզիչ, իսկ տասը տարի հետո՝ տասն անգամ ավելի։ 1941 թ.-ին Մեխիկոյում անցկացվող աստվածապետական համաժողովին ներկա էր մոտ 1000 հոգի։
«ՆՐԱՆՔ ՀԵՂԵՂԵԼ ԵՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ»
1943 թ.-ին Վկաները ազդագրերի միջոցով մարդկանց տեղեկացրին «Ազատ ժողովրդի աստվածապետական համաժողովի» մասին, որն անցկացվեց Մեքսիկայի 12 քաղաքներում։ * Այդ ազդագրերը կոչվում էին «սենդվիչներ», քանի որ բաղկացած էին երկու ցուցանակից, որոնք ուսակապերով իրար էին միանում. մեկը կրում էին առջևից, մյուսը՝ հետևից։ Այս քարոզչական մեթոդը Վկաների կողմից կիրառվում էր 1936 թ.-ից։
«Նասիոն» ամսագիրը տեղեկացրեց, թե ինչ հաջողություն ունեցավ Մեխիկոյում կազմակերպված ազդագրերով երթը. «[Համաժողովի] առաջին օրը [Վկաներին] հորդորեցին ավելի շատ մարդկանց հրավիրել։ Հաջորդ օրը այնքան մարդ եկավ, որ չէին կարողանում տեղավորվել դահլիճում»։ Այս երթերի արդյունքները դուր չեկան կաթոլիկ եկեղեցուն, որը Վկաների դեմ արշավ կազմակերպեց։ Չնայած հակառակությանը՝ անվախ եղբայրներն ու քույրերը շարունակեցին դուրս գալ փողոց։ «Նասիոն» ամսագիրը նշեց. «Ամբողջ քաղաքում երևում էին.... ազդարարական «սենդվիչների» վերածված տղամարդիկ ու կանայք»։ Հոդվածում բերված էր մի նկար, որում պատկերված էին Մեխիկոյի փողոցներով քայլող եղբայրները։ Նկարի տակ գրված էր. «Նրանք հեղեղել են փողոցները»։
«ԱՎԵԼԻ ՓԱՓՈՒԿ ՈՒ ՏԱՔ.... ՔԱՆ ՑԵՄԵՆՏԵ ՀԱՏԱԿԸ»
Այդ տարիներին Վկաների մեծամասնությունը պետք է մեծ զոհողություններ աներ Մեքսիկայում անցկացվող սակավաթիվ համաժողովներին ներկա լինելու համար։ Շատ պատվիրակներ գալիս էին մեկուսի գյուղերից։ Գնացքները չէին հասնում այդ գյուղեր, նույնիսկ այդտեղ տանող ճանապարհներ չկային։ Մի ժողով գրեց. «Մեր բնակավայրի մոտով անցնող միակ գիծը հեռագրական գիծն է»։ Ուստի պատվիրակները պետք է ջորիով կամ ոտքով մի քանի օր գնային, որ գնացք նստեին և հասնեին այն քաղաք, որտեղ համաժողով էր անցկացվելու։
Վկաների մեծ մասը աղքատ էր։ Նրանք հազիվ կարողանում էին վճարել միայն մեկ ուղղությամբ գնալու ճանապարհածախսը։ Հասնելով համաժողովի վայր՝ շատերը մնում էին տեղի Վկաների տանը, որոնք սրտանց իրենց դռները բացում էին հավատակիցների առաջ։ Մյուսները գիշերում էին Թագավորության սրահներում։ Մի անգամ 90 պատվիրակներ մնացին մասնաճյուղում, որտեղ նրանց համար «որպես մահճակալ էին ծառայում գրքերի ստվարաթղթե արկղերը, որոնք դրված էին շարքերով, մեկ անձի համար՝ 20 արկղ»։ «Տարեգրքում» նշվում էր, որ պատվիրակներն իրենց գոհունակությունն էին հայտնում՝ ասելով, որ այդ մահճակալները «ավելի փափուկ ու տաք էին, քան ցեմենտե հատակը»։
Երախտագետ Վկաները համոզված էին, որ այդ հոգևոր խնջույքներին ներկա լինելու համար արժեր ցանկացած զոհողություն անել։ Այսօր էլ Մեքսիկայի քարոզիչները, որոնց թիվը գրեթե մեկ միլիոնի է հասնում, երախտագիտության նույն ոգին են դրսևորում։ * 1949 թ.-ին Մեքսիկայի մասնաճյուղի հաշվետվության մեջ եղբայրների մասին գրված էր. «Դժվարությունները չեն թուլացրել նրանց ոգին, քանի որ յուրաքանչյուր համաժողով երկար ժամանակ մնում է նրանց զրույցների գլխավոր թեման։ Եղբայրները միշտ հարցնում են. «Ե՞րբ է լինելու հաջորդ համաժողովը»»։ Մեքսիկայի վկաները այսօր էլ նույն տրամադրվածությունն ունեն։ (Կենտրոնական Ամերիկայի մեր արխիվներից)
^ պարբ. 9 1944 թ. «Տարեգրքում» ասվում էր, որ այս համաժողովի շնորհիվ «Մեքսիկայում Եհովայի վկաներին սկսեցին ավելի լավ ճանաչել»։
^ պարբ. 14 2016 թ.-ին Մեքսիկայում Հիշատակի երեկոյին ներկա է եղել 2 262 646 մարդ։