Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 8

Նախանձի դեմ պայքարելով՝ հետամուտ եղիր խաղաղության

Նախանձի դեմ պայքարելով՝ հետամուտ եղիր խաղաղության

«Եկեք հետամուտ լինենք այն ամենին, ինչը խաղաղություն է բերում և նպաստում է միմյանց կերտելուն» (ՀՌՈՄ. 14։19

ԵՐԳ 113 Խաղաղությունը մեր ժառանգությունն է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Նախանձի հետևանքով ի՞նչ տեղի ունեցավ Հովսեփի ընտանիքում։

ՀԱԿՈԲԸ իր բոլոր որդիներին էլ սիրում էր, բայց 17-ամյա Հովսեփի հանդեպ առանձնապես ջերմ զգացմունքներ ուներ։ Ինչպե՞ս դրան արձագանքեցին Հովսեփի եղբայրները։ Նրանք նախանձով լցվեցին ու սկսեցին ատել նրան։ Հովսեփը ոչինչ չէր արել նրանց ատելությանն արժանանալու համար։ Այնուամենայնիվ, եղբայրները ստրկության վաճառեցին Հովսեփին և խաբեցին իրենց հորը՝ ասելով, թե մի վայրի գազան հոշոտել է իր սիրելի որդուն։ Նախանձի պատճառով նրանք խաթարեցին ընտանիքի խաղաղությունը և խոցեցին իրենց հոր սիրտը (Ծննդ. 37։3, 4, 27–34

2. Գաղատացիներ 5։19–21 համարների համաձայն՝ նախանձն ինչո՞ւ է շատ վտանգավոր։

2 Աստվածաշնչում նախանձը * հիշատակվում է մարմնի կործանարար գործերի շարքում, որոնց պատճառով մարդը չի կարող ժառանգել Աստծու Թագավորությունը (կարդա Գաղատացիներ 5։19–21)։ Նախանձը հաճախ այնպիսի թունավոր պտուղներ է բերում, ինչպիսիք են թշնամությունները, պառակտումները և զայրույթի պոռթկումները։

3. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

3 Հովսեփի եղբայրների օրինակից երևում է, թե նախանձը ինչպես կարող է քայքայել մարդկանց փոխհարաբերությունները և խլել ընտանիքի խաղաղությունը։ Ճիշտ է, մենք երբեք չենք վարվի նրանց պես, բայց բոլորս էլ անկատար ենք ու նենգավոր սիրտ ունենք (Երեմ. 17։9)։ Ուստի զարմանալի չէ, որ երբեմն գուցե նախանձենք ինչ-որ մեկին։ Դրա համար շատ կարևոր է իմանալ, թե սովորաբար ինչն է նախանձ առաջացնում մարդու սրտում։ Այս հարցում մեզ կօգնեն աստվածաշնչյան որոշ օրինակներ։ Հոդվածից կիմանանք նաև, թե ինչպես կարող ենք պայքարել նախանձի դեմ և նպաստել խաղաղության։

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՆԱԽԱՆՁ ԱՌԱՋԱՑՆԵԼ

4. Փղշտացիները ինչո՞ւ էին նախանձում Իսահակին։

4 Ունեցվածքը։ Իսահակը հարուստ մարդ էր, ինչի պատճառով դարձավ փղշտացիների նախանձի առարկան (Ծննդ. 26։12–14)։ Նրանք նույնիսկ հողով ծածկեցին այն ջրհորները, որոնցից խմում էին Իսահակի հոտերը (Ծննդ. 26։15, 16, 27)։ Այսօր շատերը փղշտացիների պես նախանձում են այն մարդկանց, ովքեր ավելի շատ ունեցվածք ունեն, քան իրենք։ Եվ ոչ միայն ցանկանում են ուրիշի ունեցածը, այլև ուզում են, որ նա զրկվի դրանից։

5. Կրոնական առաջնորդներն ինչո՞ւ էին նախանձում Հիսուսին։

5 Սիրված լինելը։ Հրեա կրոնական առաջնորդները նախանձում էին Հիսուսին, որովհետև ժողովուրդը սիրում էր նրան (Մատթ. 7։28, 29)։ Հիսուսը Աստծու ներկայացուցիչն էր և ճշմարտությունն էր սովորեցնում։ Այդուհանդերձ, կրոնական առաջնորդները չարանենգ ստեր էին տարածում նրա բարի անունն արատավորելու համար (Մարկ. 15։10; Հովհ. 11։47, 48; 12։12, 13, 19)։ Ի՞նչ դաս ենք քաղում այս օրինակից։ Մենք պետք է ներքին պայքար մղենք, որ չնախանձենք այն հավատակիցներին, ովքեր իրենց լավ հատկանիշների շնորհիվ արժանանում են ժողովի սիրուն։ Նախանձելու փոխարեն՝ ավելի լավ է՝ ձգտենք ունենալ այն որակները, որ նրանք ունեն (1 Կորնթ. 11։1; 3 Հովհ. 11

6. Դիոտրեֆեսի նախանձը ինչպե՞ս էր դրսևորվում։

6 Առանձնաշնորհումները։ Առաջին դարի քրիստոնյաներից մեկը՝ Դիոտրեֆեսը, նախանձում էր այն եղբայրներին, ովքեր ժողովում առաջնորդություն էին վերցնում։ Նա ուզում էր հավատակիցների մեջ «առաջինը լինել», դրա համար փորձում էր չար խոսքերով վարկաբեկել Հովհաննես առաքյալին և մյուս պատասխանատու եղբայրներին (3 Հովհ. 9, 10)։ Մենք դժվար թե այնքան հեռու գնանք, որքան Դիոտրեֆեսը, բայց հնարավոր է՝ սկսենք նախանձել այն հավատակցին, ով ստացել է մեր ուզած առանձնաշնորհումը, հատկապես եթե կարծում ենք, որ նրա պես համապատասխանում ենք այն ստանալու պահանջներին։

Մեր սիրտն ասես հող լինի, իսկ լավ հատկությունները՝ գեղեցիկ ծաղիկներ։ Մինչդեռ նախանձը թունավոր մոլախոտ է։ Նախանձը կարող է խեղդել լավ հատկությունները, օրինակ՝ սերը, կարեկցանքն ու բարությունը (տես պարբերություն 7)

7. Նախանձն ինչպե՞ս կարող է անդրադառնալ մեր էության վրա։

7 Նախանձը թունավոր մոլախոտ է։ Եթե այն արմատներ գցի մեր սրտում, հետո դժվար կլինի ձերբազատվել դրանից։ Մյուս վատ հատկությունները, օրինակ՝ եսասիրությունը, հպարտությունն ու մրցակցության ոգին կարող են ավելի պարարտացնել նախանձի հողը։ Այս մոլախոտը կարող է մեր մեջ խեղդել այնպիսի լավ հատկություններ, ինչպիսիք են սերը, բարությունն ու կարեկցանքը։ Այդ իսկ պատճառով, եթե մեր սրտում նախանձի նշույլ ենք տեսնում, պետք է անմիջապես արմատախիլ անենք այն։ Ինչպե՞ս։

ԵՂԻՐ ԽՈՆԱՐՀ ՈՒ ԳՈՀՈՒՆԱԿ

Սուրբ ոգու օգնությամբ կարող ենք արմատախիլ անել նախանձի մոլախոտերը և դրանց տեղը խոնարհություն ու գոհունակություն աճեցնել (տես պարբերություն 8–9)

8. Ո՞ր հատկություններն են օգնում պայքարել նախանձի դեմ։

8 Նախանձի դեմ պայքարելու համար խոնարհություն և գոհունակություն է պետք։ Եթե զարգացնենք այս լավ հատկությունները, նախանձի համար այլևս տեղ չի լինի մեր սրտում։ Խոնարհությունը կօգնի, որ չափից մեծ կարծիք չունենանք մեր մասին։ Խոնարհ մարդը չի մտածում, թե ինքը ավելիին է արժանի, քան մյուսները (Գաղ. 6։3, 4)։ Գոհունակ մարդն էլ բավարարվում է իր ունեցածով և չի համեմատվում ուրիշների հետ (1 Տիմոթ. 6։7, 8)։ Այս հատկություններն ունեցողը ուրախանում է, երբ դիմացինը ինչ-որ լավ բան է ձեռք բերում։

9. Գաղատացիներ 5։16 և Փիլիպպեցիներ 2։3, 4 համարների համաձայն՝ սուրբ ոգին ինչպե՞ս կարող է օգնել մեզ։

9 Նախանձի դեմ պայքարելու և խոնարհություն ու գոհունակություն զարգացնելու համար մեզ անհրաժեշտ է Աստծու սուրբ ոգու օգնությունը (կարդա Գաղատացիներ 5։16; Փիլիպպեցիներ 2։3, 4)։ Այն կարող է օգնել մեզ քննելու մեր ամենախոր մտքերն ու մղումները։ Եհովայի աջակցությամբ մեր սրտից ու մտքից կկարողանանք արմատախիլ անել թունավոր մոլախոտերը և դրանց փոխարեն օգտակար բաներ աճեցնել (Սաղ. 26։2; 51։10)։ Քննենք Մովսեսի ու Պողոսի օրինակները, ովքեր կարողացել են հաղթել նախանձի դեմ պայքարում։

Մի երիտասարդ վազելով գալիս է Մովսեսի ու Հեսուի մոտ և տեղեկացնում, որ ճամբարում երկու տղամարդիկ մարգարեանում են։ Հեսուն Մովսեսին ասում է, որ արգելի այդ մարդկանց, սակայն Մովսեսը այդպես չի անում։ Նա ուրախություն է արտահայտում, որ Եհովան իր ոգին նրանց վրա էլ է դրել (տես պարբերություն 10)

10. Ո՞ր իրավիճակը կարող էր փորձություն դառնալ Մովսեսի համար (տես ամսագրի շապիկի նկարը)։

10 Մովսեսը մեծ իշխանություն ուներ Աստծու ժողովրդի մեջ, սակայն նախանձ չէր, ուստի չէր փորձում այդ առանձնաշնորհումը միայն իրեն պահել։ Մի անգամ Եհովան Մովսեսից վերցրեց սուրբ ոգու մի մասը և տվեց Իսրայելի մի խումբ երեցների, որոնք կանգնած էին հանդիպման վրանի մոտ։ Շուտով Մովսեսն իմացավ, որ երկու այլ երեցներ, ովքեր չէին եկել այնտեղ, նույնպես սուրբ ոգի էին ստացել ու սկսել էին «մարգարեների պես պահել» իրենց։ Հեսուն նրան խնդրեց, որ այդ երկու երեցներին արգելի մարգարեանալ։ Ինչպե՞ս արձագանքեց Մովսեսը։ Նա նախանձով չլցվեց, որ Եհովան այդպիսի ուշադրություն էր դարձրել նրանց։ Հակառակը, խոնարհություն դրսևորելով՝ ուրախացավ, որ այդ մարդիկ նման առանձնաշնորհում էին ստացել (Թվեր 11։24–29)։ Ի՞նչ ենք սովորում Մովսեսից։

Երեցները ինչպե՞ս կարող են խոնարհություն դրսևորելու հարցում ընդօրինակել Մովսեսին (տես պարբերություն 11–12) *

11. Երեցներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Մովսեսին։

11 Եթե երեց ես, քեզ երբևէ խնդրե՞լ են կրթել ինչ-որ մեկին, որ ժողովում կատարի քո սիրած գործը։ Օրինակ՝ գուցե շատ ես սիրում անցկացնել «Դիտարանի» շաբաթական ուսումնասիրությունը։ Սակայն եթե Մովսեսի պես խոնարհ ես, չես վախենա, որ ժողովում պակաս կարևոր կդառնաս, եթե մեկ ուրիշ եղբոր սովորեցնես հմտորեն կատարել այդ գործը։ Ընդհակառակը, կուրախանաս, որ օգնում ես եղբորդ։

12. Շատ քրիստոնյաներ ինչպե՞ս են փաստում, որ խոնարհ են ու գոհունակ։

12 Նկատի առնենք մեկ ուրիշ իրավիճակ, որին բախվում են տարեց եղբայրները։ Տասնամյակներ շարունակ ոմանք ծառայում են որպես երեցների խորհրդի կոորդինատոր, բայց երբ դառնում են 80 տարեկան, այդ առանձնաշնորհումը հոժարակամորեն փոխանցում են մեկ ուրիշ եղբոր։ Իսկ շրջանային վերակացուները 70 տարեկանում խոնարհաբար համաձայնվում են դադարեցնել իրենց այդ ծառայությունը և այլ նշանակում ստանալ։ Վերջին տարիներին էլ ամբողջ աշխարհում շատ բեթելցիներ նշանակվել են ծառայելու դաշտում։ Այս հավատարիմ եղբայրներն ու քույրերը չեն դառնանում, որ այժմ ուրիշներն են կատարում իրենց սիրած հանձնարարությունները։

13. Պողոսն ինչո՞ւ կարող էր նախանձել 12 առաքյալներին։

13 Պողոս առաքյալը ևս լավ օրինակ է խոնարհ ու գոհունակ լինելու հարցում։ Նա թույլ չէր տալիս, որ իր մեջ նախանձի մոլախոտեր աճեն։ Թեև Պողոսը ժրաջանորեն ծառայում էր, բայց իր նամակներից մեկում խոնարհաբար ասաց. «Առաքյալների մեջ ես փոքրագույնն եմ և արժանի չեմ առաքյալ կոչվելու» (1 Կորնթ. 15։9, 10)։ Տասներկու առաքյալները Հիսուսի երկրային ծառայության ընթացքում հետևել էին նրան, բայց Պողոսը Հիսուսի մահից ու հարությունից հետո էր քրիստոնյա դարձել։ Թեև հետագայում նա նշանակվեց «առաքյալ ազգերի համար», սակայն չէր կարող դառնալ 12 առաքյալներից մեկը (Հռոմ. 11։13; Գործ. 1։21–26)։ Պողոսը չնախանձեց այդ 12 տղամարդկանց, որ այդքան սերտորեն շփվել էին Հիսուսի հետ և այդպիսի առանձնաշնորհում էին ստացել։ Նա բավարարվեց իր ունեցածով։

14. Եթե խոնարհ ու գոհունակ լինենք, ինչպե՞ս կվարվենք։

14 Եթե մենք էլ խոնարհ ու գոհունակ լինենք, Պողոսի պես կվարվենք ու կհարգենք նրանց, ում Եհովան իշխանություն է տվել (Գործ. 21։20–26)։ Աստված այնպես է կազմակերպել քրիստոնեական ժողովը, որ այնտեղ առաջնորդություն վերցնող եղբայրներ լինեն։ Եհովան նրանց համարում է «մարդկանց տեսքով պարգևներ», չնայած որ անկատար են (Եփես. 4։8, 11)։ Երբ հարգում ենք երեցներին և խոնարհաբար հետևում ենք նրանց տված խորհուրդներին ու հրահանգներին, Եհովայի հետ մտերիմ ենք մնում և խաղաղ փոխհարաբերություններ ենք ունենում մեր հավատակիցների հետ։

ՀԵՏԱՄՈՒՏ ԵՂԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

15. Ի՞նչ պետք է անենք Եհովային հնազանդվելու համար։

15 Խաղաղությունը չի կարող ծաղկել այնտեղ, որտեղ նախանձի մոլախոտեր են աճում։ Ուստի մենք պետք է դրանք արմատախիլ անենք մեր սրտից, նաև չպետք է դրանց սերմերը ցանենք ուրիշների սրտում։ Մենք պարտավոր ենք պայքարել նախանձի դեմ, եթե ուզում ենք հնազանդվել Եհովային, ով պատվիրել է «հետամուտ լինել այն ամենին, ինչը խաղաղություն է բերում» (Հռոմ. 14։19)։ Իսկ ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որ ուրիշներին օգնենք պայքարել նախանձի դեմ։ Եվ ինչպե՞ս կարող ենք նպաստել խաղաղության։

16. Ի՞նչ կարող ենք անել, որ ուրիշների սրտում նախանձ չառաջացնենք։

16 Մեր վերաբերմունքն ու պահվածքը կարող են մեծ ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Այս աշխարհը բոլորին դրդում է «ցուցադրաբար ներկայացնել» իրենց ունեցածը, ինչը նախանձի տեղիք է տալիս (1 Հովհ. 2։16)։ Ուստի լավ կլինի, որ անընդհատ չխոսենք այն մասին, թե ինչ ունենք կամ ինչ ենք պլանավորում ձեռք բերել։ Իսկ եթե ժողովում մեզ առանձնաշնորհումներ են տրված, լավ կլինի՝ մեզ համեստ պահենք, որ հավատակիցների մեջ նախանձ չառաջացնենք։ Ուրիշների ուշադրությունը հրավիրելով մեր առանձնաշնորհումների վրա՝ պարարտ հող կստեղծենք նախանձի մոլախոտերի համար։ Բայց եթե անկեղծորեն հետաքրքրվենք մարդկանցով, ինչպես նաև նրանց շնորհակալություն հայտնենք ու գովենք իրենց արած լավ բաների համար, կօգնենք, որ նրանք բավարարվածության զգացում ունենան։ Այդպես կնպաստենք ժողովի միասնությանն ու խաղաղությանը։

17. Հովսեփի եղբայրները ի՞նչ փոփոխություն էին արել իրենց մեջ, և դա ինչի՞ն նպաստեց։

17 Մենք կարո՛ղ ենք հաղթել նախանձի դեմ պայքարում։ Վերհիշենք Հովսեփի եղբայրների օրինակը։ Հովսեփին ստրկության վաճառելուց տարիներ անց նրանք հանդիպեցին նրան Եգիպտոսում։ Բայց նախքան Հովսեփը եղբայրներին կհայտներ իր ով լինելը, ստուգեց, թե արդյոք նրանք փոխվել են։ Նա ճաշի հրավիրեց նրանց, որի ժամանակ ամենակրտսեր եղբորը՝ Բենիամինին, շատ ավելի մեծ բաժին տվեց, քան մյուսներին (Ծննդ. 43։33, 34)։ Չնայած դրան՝ եղբայրները չնախանձեցին Բենիամինին, այլ ցույց տվեցին, որ անկեղծորեն մտահոգվում են իրենց եղբոր և հոր՝ Հակոբի համար (Ծննդ. 44։30–34)։ Քանի որ Հովսեփի եղբայրները ազատվել էին նախանձից, դա նպաստեց, որ ընտանիքում նորից խաղաղություն հաստատվի (Ծննդ. 45։4, 15)։ Եթե մենք էլ մեր սրտից արմատախիլ անենք նախանձի մոլախոտերը, կնպաստենք մեր ընտանիքի ու ժողովի խաղաղությանը։

18. Եթե խաղաղ միջավայր ստեղծենք, ապա Հակոբոս 3։17, 18 համարների համաձայն՝ արդյունքը ի՞նչ կլինի։

18 Եհովան ուզում է, որ պայքարենք նախանձի դեմ և հետամուտ լինենք խաղաղության։ Դրա համար մենք պետք է ամեն ջանք գործադրենք։ Ինչպես արդեն նշել ենք, բոլորս էլ նախանձելու հակում ունենք (Հակ. 4։5)։ Բացի այդ՝ ապրում ենք մի աշխարհում, որը շարունակ նախանձի սերմեր է ցանում մարդկանց սրտերում։ Սակայն եթե ձգտենք լինել խոնարհ, գոհունակ ու երախտագետ, նախանձի համար տեղ չենք թողնի մեր սրտում։ Արդյունքում խաղաղ միջավայր կստեղծենք մեր շուրջը, որում «արդարության պտուղ» կաճի (կարդա Հակոբոս 3։17, 18

ԵՐԳ 130 Ներողամիտ լինենք

^ պարբ. 5 Եհովայի կազմակերպության մեջ խաղաղություն է տիրում։ Բայց այն կարող է խաթարվել, եթե թույլ տանք, որ նախանձը արմատներ գցի մեր սրտում ու սկսի աճել։ Ուստի եկեք իմանանք, թե ինչն է նախանձ առաջացնում, նաև քննարկենք, թե ինչպես կարող ենք պայքարել այդ վնասակար հակման դեմ և նպաստել խաղաղության։

^ պարբ. 2 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Սուրբ Գրքի համաձայն՝ նախանձը մարդուն դրդում է ոչ միայն ցանկանալ ուրիշի ունեցածը, այլև նրան զրկել դրանից։

^ պարբ. 61 ՆԿԱՐ։ Երեցների խորհրդի հանդիպման ժամանակ տարեց եղբորը խնդրում են կրթել երիտասարդ երեցին, որ իր փոխարեն՝ նա՛ անցկացնի «Դիտարանի» ուսումնասիրությունը։ Չնայած որ տարեց եղբայրը շատ է սիրում այդ գործը, սրտանց կատարում է երեցների որոշումը՝ գործնական խորհուրդներ տալով երիտասարդ եղբորը և անկեղծորեն գովելով նրան։