Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 7

Մենք մեր Հորը՝ Եհովային, շատ ենք սիրում

Մենք մեր Հորը՝ Եհովային, շատ ենք սիրում

«Մենք սիրում ենք, քանի որ առաջինը նա սիրեց մեզ» (1 ՀՈՎՀ. 4։19

ԵՐԳ 3 Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Եհովան ինչպե՞ս է մեզ հնարավորություն տվել դառնալու իր ընտանիքի մի մասը, և նա ինչո՞ւ է դա արել։

ԵՀՈՎԱՆ հրավիրել է մեզ միանալու մի ընտանիքի, որի անդամները սիրում ու պաշտում են իրեն։ Այս մարդիկ նվիրվել են Աստծուն և հավատ են ընծայում նրա Որդու քավիչ զոհի հանդեպ։ Ի՜նչ մեծ պատիվ է լինել այս երջանիկ ընտանիքի մի մասը։ Մենք երջանիկ ենք, որովհետև մեր կյանքը իմաստով է լցվել, իսկ ապագայում այն վերջ չի ունենա. մեզնից ոմանք կապրեն երկնքում, մյուսներն էլ՝ դրախտային երկրի վրա։

2 Սիրուց մղված՝ Եհովան մեզ հնարավորություն է տվել դառնալու իր ընտանիքի մի մասը։ Բայց դրա համար նա հսկայական զոհողություն է արել (Հովհ. 3։16)։ Աստվածաշնչում ասվում է, որ մենք «մեծ գնով ենք գնվել» (1 Կորնթ. 6։20)։ Փրկանք տալով՝ Եհովան ճանապարհ է բացել, որ ջերմ փոխհարաբերություններ զարգացնենք իր հետ։ Մենք պատիվ ունենք տիեզերքի մեծագույն Անձնավորությանը կոչելու «Հայր»։ Եվ ինչպես նշվեց նախորդ հոդվածում, նա ամենալավ Հայրն է։

3. Մեր մտքում ի՞նչ հարցեր գուցե ծագեն (տես նաև « Եհովան նկատո՞ւմ է ինձ» շրջանակը)։

3 Հնարավոր է՝ մեր մտքում ծագի նույն հարցը, որ տվել է սաղմոսերգուներից մեկը. «Ինչո՞վ հատուցեմ Եհովային ինձ արած իր բոլոր բարիքների համար» (Սաղ. 116։12)։ Իրականում մենք չենք կարող մեր երկնային Հորը փոխհատույց լինել իր արած բոլոր լավ բաների համար։ Այնուամենայնիվ, տեսնելով նրա սերը՝ մղվում ենք սիրելու նրան։ Հովհաննես առաքյալը գրել է. «Մենք սիրում ենք, քանի որ առաջինը նա սիրեց մեզ» (1 Հովհ. 4։19)։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր Հորը, որ սիրում ենք իրեն։

ՄԻՇՏ ՄՏԵՐԻՄ ԵՂԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

Եհովայի հանդեպ մեր սերն արտահայտում ենք՝ նրան հաճախակի աղոթելով ու հնազանդ մնալով, ինչպես նաև մարդկանց օգնելով սիրել մեր երկնային Հորը (տես պարբերություն 4–14)

4. Հակոբոս 4։8-ի համաձայն՝ ինչո՞ւ արժե ջանք թափել՝ մտերմանալու Եհովայի հետ։

4 Եհովան ուզում է, որ մոտենանք իրեն և հաղորդակցվենք իր հետ (կարդա Հակոբոս 4։8)։ Նա մեզ հորդորում է «աղոթքում հարատևել» և միշտ ուշադիր լսում է մեր աղոթքները (Հռոմ. 12։12)։ Ի տարբերություն մարդկանց՝ Աստված երբեք չի հոգնում և երբեք այնքան զբաղված չի լինում, որ չկարողանա լսել մեզ։ Իսկ մենք նրան լսում ենք՝ կարդալով իր Խոսքը՝ Աստվածաշունչը, և մեր հրատարակությունները, որոնք օգնում են հասկանալ այն։ Մենք Աստծուն լսում ենք նաև այն ժամանակ, երբ ժողովի հանդիպումներին ուշադրությամբ հետևում ենք ծրագրին։ Գաղտնիք չէ, որ երեխաներն ու ծնողները, իրար հետ հաճախակի շփվելով, մտերմանում են։ Նույն ձևով էլ մենք ենք մտերմանում մեր երկնային Հոր հետ, երբ կանոնավորաբար հաղորդակցվում ենք։

Տես պարբերություն 5

5. Ինչպե՞ս կարող ենք բարելավել մեր աղոթքները։

5 Այժմ մտածիր, թե ինչպիսին են աղոթքներդ։ Եհովան ցանկանում է, որ մեր սիրտը դատարկենք իր առաջ (Սաղ. 62։8)։ Ուստի լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Աղոթքներս ինչի՞ են նման՝ պատճենված կարճ հաղորդագրությունների՞, թե՞ ձեռքով գրված սրտագին նամակների»։ Դու, անկասկած, շատ ես սիրում քո երկնային Հորը և ուզում ես միշտ մտերիմ լինել նրա հետ։ Դրա համար կանոնավոր հաղորդակցություն է անհրաժեշտ։ Ուստի Եհովային վստահիր քո ամենախորունկ գաղտնիքները։ Կիսիր ուրախություններդ ու ցավերդ։ Համոզված եղիր, որ ցանկացած պահի կարող ես օգնություն խնդրել նրանից։

6. Աստծու հետ մտերիմ մնալու համար ի՞նչ է հարկավոր։

6 Մեր երկնային Հոր հետ մտերիմ մնալու համար միշտ պետք է շնորհակալ լինենք նրան։ Մենք համամիտ ենք սաղմոսերգուի հետ, որը գրել է. «Շատ են քո զարմանահրաշ գործերը, որ արել ես մեզ համար, ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, և շատ են մեր մասին քո մտածմունքները։ Չկա մեկը, որ քեզ հետ համեմատվի։ Կպատմեմ ու կխոսեմ դրանց մասին, սակայն դրանք այնքան շատ են, որ չեմ կարող հաշվել» (Սաղ. 40։5)։ Մենք ոչ միայն երախտագիտության զգացում ունենք Եհովայի հանդեպ, այլև խոսքով ու գործով արտահայտում ենք այն։ Եվ դրանով տարբերվում ենք շատերից։ Այսօր մարդկանց մեծ մասը չի գնահատում այն ամենը, ինչ Աստված անում է իրենց համար։ Այո՛, նրանք անշնորհակալ են դարձել, ինչը փաստում է, որ «վերջին օրերում» ենք ապրում (2 Տիմոթ. 3։1, 2)։ Թող որ երբեք այդպիսին չդառնանք։

7. Եհովան ի՞նչ է ակնկալում մեզնից և ինչո՞ւ։

7 Ծնողները շատ են ուզում, որ իրենց երեխաները իրար ընկեր լինեն, ոչ թե անընդհատ վիճեն։ Եհովան նույնպես ցանկանում է, որ իր բոլոր զավակները հաշտ ու համերաշխ լինեն և սիրեն իրար։ Միմյանց հանդեպ սերն է ապացուցում, որ մենք ճշմարիտ քրիստոնյաներ ենք (Հովհ. 13։35)։ Սաղմոսերգուի պես մենք էլ ենք ասում. «Որքա՜ն լավ և որքա՜ն հաճելի է, երբ եղբայրները միասնության մեջ են բնակվում» (Սաղ. 133։1)։ Մեր եղբայրների ու քույրերի հանդեպ սեր դրսևորելով՝ նաև փաստում ենք, որ Եհովային ենք սիրում (1 Հովհ. 4։20)։ Ի՜նչ հաճելի է ապրել մի ընտանիքում, որի անդամները «բարի և կարեկից» են (Եփես. 4։32

ՀՆԱԶԱՆԴ ԵՂԻՐ ԱՍՏԾՈՒՆ

Տես պարբերություն 8

8. 1 Հովհաննես 5։3-ի համաձայն՝ ո՞րը պետք է լինի Աստծուն հնազանդվելու գլխավոր դրդապատճառը։

8 Եհովան ուզում է, որ երեխաները հնազանդվեն իրենց ծնողներին, ուստի ակնկալում է, որ մենք էլ կհնազանդվենք իրեն (Եփես. 6։1)։ Նա արժանի է դրան, քանի որ մեզ կյանք Տվողն է ու այն Պահպանողը։ Ավելին՝ նա ցանկացած ծնողից անհամեմատ իմաստուն է։ Սակայն Եհովային հնազանդվելու գլխավոր պատճառն այն է, որ մենք սիրում ենք նրան (կարդա 1 Հովհաննես 5։3)։ Թեև Աստված մեզանից հնազանդություն պահանջելու շատ հիմքեր ունի, բայց ոչ մեկիս չի ստիպում ենթարկվել իրեն։ Նա մեզ ազատ կամք է տվել, ուստի ուրախանում է, երբ սիրուց մղված ենք որոշում հնազանդվել իրեն։

9–10. Ինչո՞ւ է կարևոր իմանալ Աստծու չափանիշները և ապրել դրանց համաձայն։

9 Ծնողները ձգտում են իրենց երեխաներին պաշտպանել վտանգներից, դրա համար էլ վարքագծի կանոններ են սահմանում։ Երբ երեխաները հետևում են այդ կանոններին, ոչ միայն օգուտ են ստանում, այլև ցույց են տալիս, որ հարգում ու վստահում են իրենց ծնողներին։ Ուրեմն որքա՜ն ավելի կարևոր է, որ մենք էլ իմանանք մեր երկնային Հոր չափանիշները և ապրենք դրանց համաձայն։ Այդպես վարվելով՝ փաստում ենք, որ սիրում ու հարգում ենք նրան։ Բացի այդ՝ Աստծուն հնազանդվելը մեզ օգուտ է բերում (Ես. 48։17, 18)։ Իսկ նրանք, ովքեր մերժում են Եհովային և իր չափանիշները, վնասներ են կրում (Գաղ. 6։7, 8

10 Երբ Աստծուն հաճելի ձևով ենք ապրում, պաշտպանված ենք լինում ֆիզիկական, հոգևոր ու էմոցիոնալ վնասներից։ Մեր Հայրը գիտի, թե մեզ ինչ է պետք երջանիկ լինելու համար։ Ավրորա անունով մի քույր, որն ապրում է Միացյալ Նահանգներում, ասում է. «Ես համոզված եմ, որ իսկական երջանկության բանալին Եհովային հնազանդվելն է»։ Դա իրոք այդպես է։ Իսկ դո՞ւ ինչ օգուտ ես ստացել, երբ հետևել ես քո սիրառատ Հոր սկզբունքներին ու խորհուրդներին։

11. Աստծուն հնազանդվելու հարցում աղոթքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ։

11 Աղոթքն օգնում է մեզ հնազանդվել Աստծուն, նույնիսկ երբ դա անելը դժվար է։ Քանի որ անկատար ենք և մեղք գործելու հակում ունենք, երբեմն այնքան էլ հեշտ չի լինում Եհովայի ասածն անել։ Ուստի պետք է մշտապես պայքարենք այդ հակման դեմ։ Սաղմոսերգուն աղաչում էր Աստծուն. «Հասկացողությո՛ւն տուր ինձ, որ քո օրենքը կատարեմ և ամբողջ սրտով պահեմ այն» (Սաղ. 119։34)։ Դենիզ անունով մի ռահվիրա քույր նշում է. «Երբ ինձ համար դժվար է լինում կատարել Եհովայի պատվերներից որևէ մեկը, աղոթում եմ նրան, որ ինձ ուժ տա ճիշտ վարվելու»։ Կարող ենք վստահ լինել, որ մեր Հայրը միշտ պատասխանում է այսպիսի աղոթքներին (Ղուկ. 11։9–13

ՄԱՐԴԿԱՆՑ ՕԳՆԻՐ ՍԻՐԵԼ ՄԵՐ ՀՈՐԸ

12. Ըստ Եփեսացիներ 5։1-ի՝ ի՞նչ պետք է անենք։

12 Կարդա Եփեսացիներ 5։1։ Որպես Եհովայի «սիրելի զավակներ»՝ մենք ջանում ենք ընդօրինակել նրան։ Իսկ դրա համար պետք է սիրենք մարդկանց և լինենք բարի ու ներողամիտ։ Երբ Աստծուն չճանաչող մարդիկ տեսնեն մեր լավ վարքը, գուցե ցանկանան ավելին իմանալ նրա մասին (1 Պետ. 2։12)։ Քրիստոնյա ծնողները պետք է իրենց երեխաներին վերաբերվեն այնպես, ինչպես Եհովան է մեզ վերաբերվում։ Եթե այդպես վարվեն, հնարավոր է՝ իրենց երեխաները նույնպես ուզենան ընկերանալ մեր սիրառատ Հոր հետ։

Տես պարբերություն 13

13. Ի՞նչ պետք է անենք, որ համարձակ դառնանք։

13 Փոքր երեխան սովորաբար հպարտանում է իր հայրիկով և ուրիշներին ոգևորված պատմում է նրա մասին։ Մենք նույնպես հպարտ ենք, որ Եհովայի պես Հայր ունենք, ուստի ուզում ենք, որ մարդիկ իմանան նրա մասին։ Մենք ունենք նույն զգացումները, ինչ Դավիթ թագավորը, ով գրել է. «Հոգիս Եհովայով պիտի պարծենա» (Սաղ. 34։2)։ Բայց ի՞նչ անենք, եթե ամաչկոտ ենք և ուզում ենք ավելի համարձակ դառնալ։ Պետք է միշտ մտածենք, թե որքան կուրախանա Եհովան, և ինչ մեծ օգուտ կստանան մարդիկ, եթե ամենուր պատմենք նրա մասին։ Բացի այդ՝ չմոռանանք, որ Աստված մեզ քաջություն կտա։ Նա առաջին դարի քրիստոնյաներին համարձակ դարձրեց, ուստի կարող ենք վստահ լինել, որ մեզ էլ կաջակցի (1 Թեսաղ. 2։2

14. Ինչո՞ւ է կարևոր քարոզել բարի լուրը և սովորեցնել ճշմարտությունը։

14 Եհովան կողմնակալ չէ, ուստի ուրախանում է՝ տեսնելով, որ մենք էլ, անկախ մարդկանց ծագումից ու հանգամանքներից, սիրում ենք նրանց (Գործ. 10։34, 35)։ Մարդկանց սեր ցույց տալու լավագույն ձևերից մեկը բարի լուրը քարոզելն ու ճշմարտությունը սովորեցնելն է (Մատթ. 28։19, 20)։ Այս գործը ի՞նչ արդյունքներ է բերում։ Ովքեր ընդունում են ճշմարտությունը, այսօր իսկ բարելավում են իրենց կյանքը և հնարավորություն են ստանում ապագայում ապրելու հավիտյան (1 Տիմոթ. 4։16

ՍԻՐԻՐ ՄԵՐ ՀՈՐԸ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ԵՂԻՐ

15–16. Երջանիկ լինելու ի՞նչ պատճառներ ունենք։

15 Եհովան՝ որպես հոգատար Հայր, ուզում է, որ իր ընտանիքը երջանիկ լինի (Ես. 65։14)։ Մենք, թեպետ զանազան դժվարություններ ենք կրում, երջանիկ լինելու շատ պատճառներ ունենք։ Օրինակ՝ միշտ զգում ենք մեր երկնային Հոր սերը, նաև լավ գիտենք նրա Խոսքը՝ Աստվածաշունչը (Երեմ. 15։16)։ Բացի այդ՝ ապրում ենք մի եզակի ընտանիքում, որի անդամները սիրում են Եհովային ու միմյանց, ինչպես նաև սիրում են նրա օրենքներն ու սկզբունքները (Սաղ. 106։4, 5

16 Մեր երջանկությունը մնայուն է, քանի որ հաստատուն հույս ունենք՝ չքնաղ ապագայի հույս։ Մենք գիտենք, որ շուտով Եհովան կկործանի բոլոր չարերին և իր Թագավորության իշխանության ներքո երկիրը դրախտի կվերածի։ Բացի այդ՝ մահացածները հարություն կառնեն և երջանիկ կապրեն իրենց հարազատների հետ (Հովհ. 5։28, 29)։ Բայց որ ամենակարևորն է, երկնքում ու երկրի վրա բնակվող բոլոր բանական էակները միասին կերկրպագեն Եհովային և նրան կտան այն փառքն ու պատիվը, որին նա արժանի է։ Ի՜նչ ուրախ ժամանակներ են մեզ սպասում։

ԵՐԳ 12 Մեծ Աստված Եհովա

^ պարբ. 5 Մենք գիտենք, որ մեր Հայրը՝ Եհովան, մեզ շատ է սիրում և հրավիրում է միանալու մի ընտանիքի, որի անդամները ի սրտե պաշտում են իրեն։ Աստծու սերը մեզ մղում է նրան սիրելու։ Իսկ ինչպե՞ս արտահայտենք մեր սերը նրա հանդեպ։ Հոդվածը կօգնի մեզ այս հարցում։