Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լավ օրինակներից սովորելով՝ առատապես օրհնվել եմ

Լավ օրինակներից սովորելով՝ առատապես օրհնվել եմ

ԵՐԲ պատանի էի, քարոզելն ինձ համար շատ դժվար էր։ Հետագայում, երբ տարբեր առանձնաշնորհումներ ստացա, կարծում էի, որ ինձ տրված հանձնարարությունները ուժերիցս վեր են։ Այնուամենայնիվ, եղել են մարդիկ, որոնց օրինակին հետևելով՝ կարողացել եմ հաղթահարել վախերս և լիաժամ ծառայության այս 58 տարիների ընթացքում հրաշալի օրհնություններ եմ ստացել։ Ուզում եմ պատմել այդ մասին։

Ծնվել եմ Կանադայի ֆրանսախոս Քվեբեկ նահանգի նույնանուն քաղաքում։ Ծնողներս՝ Լուին և Զելիան, ինձ մեծացրել են սիրաշատ օջախում։ Հայրս ամաչկոտ մարդ էր։ Նա շատ էր սիրում կարդալ։ Իսկ ես սիրում էի գրել. հույս ունեի, որ մի օր լրագրող կդառնամ։

Երբ մոտ 12 տարեկան էի, հորս աշխատակիցներից մեկը՝ Ռոդոլֆ Սուսին, իր ընկերոջ հետ մեր տուն եկավ։ Նրանք Եհովայի վկաներ էին։ Ես շատ բան չգիտեի Վկաների մասին և այնքան էլ հետաքրքրված չէի նրանց կրոնով։ Սակայն ինձ տպավորեց այն, որ նրանք Աստվածաշնչի օգնությամբ տրամաբանորեն պատասխանում էին մեր հարցերին։ Ծնողներս նույնպես տպավորված էին, ուստի մենք համաձայնվեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել։

Այդ ժամանակ ես հաճախում էի կաթոլիկ դպրոց։ Երբեմն դասընկերներիս պատմում էի այն, ինչ սովորում էի Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ։ Ի վերջո ուսուցիչներս, որոնք քահանաներ էին, իմացան այդ զրույցների մասին։ Ասածս Սուրբ Գրքի միջոցով հերքելու փոխարեն՝ նրանցից մեկը ողջ դասարանի առաջ ինձ հեղափոխական անվանեց։ Թեև այդ իրավիճակը սթրեսային էր, բայց ինձ օգնեց տեսնել, որ դպրոցի սովորեցրած կրոնական ուսմունքները հակասում են Աստծու Խոսքին։ Հասկացա, որ դա իմ տեղը չէ։ Ուստի ծնողներիս թույլտվությամբ ուրիշ դպրոց տեղափոխվեցի։

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Չնայած որ շարունակում էի ուսումնասիրել Աստվածաշունչը, բայց հոգևորապես դանդաղ էի աճում։ Պատճառն այն էր, որ վախենում էի տնետուն քարոզելուց։ Այն ժամանակ կաթոլիկ եկեղեցին մեծ ազդեցություն ուներ և խիստ հակառակվում էր մեր քարոզչական գործունեությանը։ Քվեբեկի վարչապետը՝ Մորիս Դյուպլեսին, եկեղեցու քաղաքական դաշնակիցն էր։ Նրա հավանությամբ ամբոխները հարձակվում էին Վկաների վրա։ Քարոզելու համար իրոք որ մեծ քաջություն էր անհրաժեշտ։

Վախերս հաղթահարելու հարցում ինձ շատ օգնեց Ջոն Ռեյը, ով ավարտել էր «Գաղաադ» դպրոցի 9-րդ դասարանը։ Այդ փորձառու եղբայրը շատ հեզ էր, խոնարհ ու մատչելի։ Նա հազվադեպ էր ուղղակիորեն խորհուրդ տալիս ինձ, բայց նրա օրինակը բառերից ավելի խոսուն էր։ Ջոնը ֆրանսերենին լավ չէր տիրապետում, ուստի ես նրա հետ հաճախ գնում էի ծառայության և օգնում էի սովորել լեզուն։ Այս ամենի շնորհիվ հաստատապես որոշեցի Եհովայի կողմը կանգնել և Վկաների հետ առաջին հանդիպումից տասը տարի անց՝ 1951 թ. մայիսի 26-ին, մկրտվեցի։

Ջոն Ռեյի (1) լավ օրինակը օգնեց ինձ (2) հաղթահարել տնետուն քարոզելու վախը

Քվեբեկ քաղաքի մեր փոքր ժողովը հիմնականում ռահվիրաներից էր բաղկացած։ Նրանց լավ օրինակը մղեց ինձ ռահվիրայություն սկսել։ Այդ ժամանակ մենք տնետուն քարոզելիս Աստվածաշնչից բացի ուրիշ գրականություն չէինք օգտագործում։ Ուստի հարկավոր էր Սուրբ Գիրքն արդյունավետորեն գործածել։ Դրա համար էլ սկսեցի ավելի շատ համարներ սովորել, որ կարողանայի պաշտպանել ճշմարտությունը։ Սակայն շատերը չէին ուզում նույնիսկ Աստվածաշնչից որևէ հատված կարդալ, եթե Սուրբ Գրքի այդ հրատարակությունը կաթոլիկ եկեղեցու հավանությամբ չէր տպագրված։

1952 թ.-ին ամուսնացա մեր ժողովից մի քրոջ՝ Սիմոնա Պատրիի հետ, ու մենք տեղափոխվեցինք Մոնրեալ։ Մեկ տարի չանցած՝ ծնվեց մեր աղջիկը՝ Լիզը։ Չնայած որ ամուսնությունից կարճ ժամանակ առաջ ես դադարեցրել էի ռահվիրայական ծառայությունս, սակայն մենք փորձում էինք պարզ կյանք վարել, որպեսզի ընտանիքով կարողանայինք լիարժեքորեն մասնակցել ժողովի գործունեությանը։

Տասը տարի անց սկսեցի լրջորեն մտածել կրկին ռահվիրա դառնալու մասին։ 1962 թ.-ին Կանադայի Բեթելում մեկ ամիս սովորեցի երեցների համար նախատեսված Թագավորական ծառայության դպրոցում։ Իմ սենյակակիցը եղբայր Կամիլ Ուելետն էր։ Ծառայության հանդեպ նրա խանդավառությունը խորապես տպավորեց ինձ, որովհետև նա նույնպես ընտանիքի տեր մարդ էր։ Այդ ժամանակ Քվեբեկում չլսված բան էր, որ երեխա ունեցողները ռահվիրա լինեին, բայց Կամիլը ձգտում էր հասնել այդ նպատակին։ Նա հորդորում էր ինձ ծանրութեթև անել իմ իրավիճակը։ Մի քանի ամիս անց հասկացա, որ կարող եմ կրկին ռահվիրայություն սկսել։ Ոմանց կարծիքով՝ դա խելամիտ քայլ չէր, սակայն ես որոշումիցս հետ չկանգնեցի. վստահ էի, որ Եհովան կօրհնի ծառայությունն ընդլայնելու ջանքերս։

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ՔՎԵԲԵԿ ՈՐՊԵՍ ՀԱՏՈՒԿ ՌԱՀՎԻՐԱՆԵՐ

1964 թ.-ին ես ու Սիմոնան Քվեբեկ քաղաքում հատուկ ռահվիրա նշանակվեցինք և մի քանի տարի անցկացրինք այնտեղ։ Թեև մեր գործունեության դեմ հակառակությունը նվազել էր, սակայն չէր վերացել։

Մի շաբաթ օր Քվեբեկից ոչ հեռու գտնվող Սենտ Մարի փոքր քաղաքում ինձ ձերբակալեցին, տարան ոստիկանություն ու կալանավորեցին, քանի որ առանց թույլտվության տնետուն էի քարոզում։ Իմ գործը հանձնվեց Բայարժոն անունով մի դատավորի, որից շատերն էին վախենում։ Նա ինձ հարցրեց, թե ով է լինելու իմ պաշտպանը։ Երբ ասացի՝ Գլեն Հաուն, նա վախեցած բացականչեց. «Միայն թե ոչ նա»։ Եղբայր Գլեն Հաուն  * ճանաչված փաստաբան էր, ով հաջողությամբ պաշտպանում էր Վկաների իրավունքները։ Շուտով դատարանը տեղեկացրեց, որ ինձ առաջադրված մեղադրանքները հանվել են։

Քվեբեկում մեր գործունեության դեմ ստեղծված խոչընդոտների պատճառով դժվար էր համապատասխան տարածքներ վարձակալել հանդիպումների համար։ Մեր փոքր ժողովը կարողացել էր միայն մի ավտոտնակ գտնել, որը չէր ջեռուցվում։ Ցուրտ ձմեռներին վառարանով էինք տաքացնում տարածքը։ Հաճախ էինք հանդիպումը սկսելուց ժամեր առաջ հավաքվում դրա շուրջը և քաջալերական դեպքեր պատմում։

Ի՜նչ ուրախալի է տեսնել, որ տարիների ընթացքում քարոզչական գործը առատ պտուղներ է բերել։ 1960-ականներին Քվեբեկ քաղաքի, Կոտ-Նոր տարածաշրջանի և Գասպե թերակղզու ողջ տարածքում ընդամենը մի քանի փոքր ժողով կար։ Իսկ հիմա այնտեղ ավելի քան երկու շրջան կա, և մեր հավատակիցները գեղեցիկ Թագավորության սրահներում են հավաքվում։

ՇՐՋԱԳԱՅԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

1977 թ.-ին ներկա եղա շրջագայող վերակացուների համար Տորոնտոյում կազմակերպված հանդիպմանը

1970 թ.-ին ես ու Սիմոնան շրջանային ծառայության հրավեր ստացանք, իսկ 1973-ին մեզ մարզային ծառայության նշանակեցին։ Այդ տարիներին շատ բան սովորեցի այնպիսի փորձառու եղբայրներից, ինչպիսիք էին Լորիե Սոմյուրը * և Դեյվիդ Սփլեյնը *, որոնք շրջագայական ծառայություն էին կատարում։ Ամեն համաժողովից հետո ես ու Դեյվիդը իրար խորհուրդներ էինք տալիս, թե ինչպես բարելավենք ուսուցանելու մեր հմտությունները։ Հիշում եմ՝ մի անգամ նա ինձ ասաց. «Լեո՛նս, քո վերջին ելույթը ինձ դուր եկավ։ Այն լավն էր, բայց ես այդքան նյութից երեք ելույթ կպատրաստեի»։ Ես սովորություն ունեի ելույթներիս մեջ շատ տեղեկություններ խցկելու, ուստի պետք է վարժվեի կարճ ու կոնկրետ խոսել։

Ծառայել եմ Կանադայի արևելյան մասի տարբեր քաղաքներում

Մարզային վերակացուների գործը շրջանային վերակացուներին քաջալերելն էր։ Այնուամենայնիվ, քանի որ Քվեբեկում ապրող քարոզիչներից շատերն էին ինձ ճանաչում, հաճախ, երբ այցելում էի շրջաններ, նրանք ցանկանում էին հետս գնալ քարոզչական ծառայության։ Նրանց հետ համագործակցելը հաճելի էր, սակայն չէի կարողանում բավարար ժամանակ հատկացնել շրջանային վերակացուներին։ Մի անգամ այս եղբայրներից մեկը նրբանկատորեն ասաց ինձ. «Հրաշալի է, որ ժամանակ ես տրամադրում մեր հավատակիցներին, բայց մի՛ մոռացիր, որ սա ի՛մ շաբաթն է։ Ես էլ քաջալերության կարիք ունեմ»։ Այս բարի խորհուրդը օգնեց ինձ ավելի հավասարակշռված դառնալ։

Ցավոք, 1976 թ.-ին տեղի ունեցավ մի անսպասելի ողբերգություն։ Իմ սիրելի կինը՝ Սիմոնան, լուրջ հիվանդացավ ու մահացավ։ Նա սիրում էր Եհովային և անձնազոհության ոգի ուներ, ինչը իրեն դարձնում էր հրաշալի կողակից։ Կորստի ցավին կարողացա դիմանալ, քանի որ շարունակեցի ակտիվորեն ծառայել։ Շնորհակալ եմ Եհովային, որ այդ դժվարին ժամանակներում ինձ իր սիրով պատեց և աջակցեց։ Հետագայում ես ամուսնացա մի անգլիախոս քրոջ՝ Քերոլին Էլիոթի հետ։ Նա եռանդուն ռահվիրա էր ու տեղափոխվել էր Քվեբեկ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Քերոլինը շատ մարդամոտ է և ուշադիր է ուրիշների նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր ամաչկոտ են կամ միայնակ են զգում իրենց։ Միանալով շրջագայական ծառայությանս՝ նա իսկական օրհնություն դարձավ ինձ համար։

ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՏԱՐԻ

1978 թ. հունվարին ինձ խնդրեցին դասավանդել Քվեբեկում առաջին անգամ կազմակերպված Ռահվիրայական ծառայության դպրոցում։ Ես շատ անհանգիստ էի, որովհետև կրթական ծրագիրը նոր էր ոչ միայն ուսանողների, այլև ինձ համար։ Բայց լավ էր, որ սովորողներից շատերը փորձառու ռահվիրաներ էին։ Չնայած որ դասավանդողը ես էի, շատ բան ուսանողներից էի սովորում։

Նույն տարի Մոնրեալի օլիմպիական մարզադաշտում միջազգային համաժողով տեղի ունեցավ, որի խորագիրն էր «Հաղթանակող հավատ»։ Դա Քվեբեկում երբևէ անցկացված ամենամարդաշատ համաժողովն էր. ներկաների թիվը գերազանցեց 80 հազարը։ Ինձ նշանակեցին համաժողովի լրատվական բաժին։ Ուստի հնարավորություն ունեցա զրուցելու բազմաթիվ լրագրողների հետ։ Շատ ուրախացա, երբ հետո տեսա, որ լրատվամիջոցները մեր մասին դրականորեն են արտահայտվել։ Հեռուստաալիքներն ու ռադիոկայանները իրենց եթերաժամից ավելի քան 20 ժամ տրամադրեցին համաժողովի առիթով տրված հարցազրույցներին, իսկ տպագիր մամուլում բազում հոդվածներ լույս տեսան։ Իրոք որ հրաշալի վկայություն տրվեց։

ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

1996 թ.-ին կյանքումս մեծ փոփոխություն տեղի ունեցավ։ Մկրտությունիցս ի վեր ծառայել էի ֆրանսախոս Քվեբեկում, և ահա ինձ նշանակեցին ծառայելու Տորոնտոյի տարածքում՝ անգլիախոս մարզում։ Այնպիսի զգացում ունեի, որ դա կարողություններիցս վեր է։ Ինձ սարսափեցնում էր այն միտքը, որ պետք է ելույթներ ունենամ իմ կիսատ-պռատ անգլերենով։ Ուստի պետք է ավելի հաճախ աղոթեի և ավելի շատ ապավինեի Եհովային։

Տորոնտոյի տարածքում ծառայելով՝ երկու հրաշալի տարիներ անցկացրի։ Քերոլինը համբերությամբ օգնում էր ինձ ավելի վարժ խոսել անգլերեն, իսկ հավատակիցները քաջալերում էին ու աջակցում։ Շատ չանցած՝ մենք արդեն բազմաթիվ նոր ընկերներ ունեինք։

Շրջանային համաժողովներին նախորդող օրերին շատ զբաղված էի լինում, քանի որ մի շարք լրացուցիչ հանձնարարություններ ու նախապատրաստական աշխատանքներ էի կատարում։ Բայց չնայած դրան՝ հաճախ ուրբաթ երեկոյան մոտ մեկ ժամ տնետուն էի քարոզում։ Ոմանք թերևս մտածում էին. «Ի՞նչ կարիք կա համաժողովի ծանրաբեռնված օրերից առաջ գնալ ծառայության»։ Սակայն դա ինձ թարմություն էր բերում։ Այսօր ևս, քարոզչական ծառայությանը մասնակցելով, միշտ ոգևորվում եմ։

1998 թ.-ին ես ու Քերոլինը նորից նշանակվեցինք Մոնրեալ, այս անգամ՝ որպես հատուկ ռահվիրաներ։ Ինձ նաև հանձնարարվեց հրապարակային հատուկ վկայություն կազմակերպել, ինչպես նաև աշխատել լրատվամիջոցների հետ՝ վերացնելու Եհովայի վկաների հանդեպ տարածված նախապաշարումները։ Մի քանի տարի կատարեցի այս հանձնարարությունը։ Այժմ ես ու Քերոլինը հաճույքով քարոզում ենք Կանադա տեղափոխված օտարերկրացիներին, ովքեր մեծ մասամբ ցանկանում են ավելին իմանալ Աստվածաշնչի մասին։

Կնոջս՝ Քերոլինի հետ

Մկրտությունիցս հետո 68 տարի է անցել։ Հետադարձ հայացք նետելով այդ տարիներին՝ բավարարվածության խոր զգացումով եմ լցվում։ Անչափ ուրախ եմ, որ սովորեցի սիրել քարոզչական ծառայությունը և շատերին օգնեցի իմանալ ճշմարտությունը։ Ինձ ուրախացնում է նաև աղջկաս՝ Լիզի չմարող նախանձախնդրությունը։ Նա և իր ամուսինը երեխաներին մեծացնելուց հետո սկսել են ծառայել որպես ռահվիրա։ Որքա՜ն երախտապարտ եմ այն հավատակիցներիս, որոնց լավ օրինակն ու իմաստուն խորհուրդները օգնել են ինձ հոգևորապես աճել և տարբեր ձևերով ծառայել Եհովային։ Հասկացել եմ, որ միայն Աստծու հզոր ոգուն ապավինելով է հնարավոր հավատարմորեն կատարել նրա կազմակերպությունից ստացած բոլոր հանձնարարությունները (Սաղ. 51։11)։ Չեմ դադարում շնորհակալություն հայտնել իմ երկնային Հորը, որ ինձ թույլ է տվել գովերգել իր անունը (Սաղ. 54։6

^ պարբ. 16 Տես Գլեն Հաուի կենսագրությունը «Արթնացե՛ք»-ի 2000 թ. ապրիլի 22-ի համարում (էջ 18–24, անգլ., ռուս.)։

^ պարբ. 20 Լորիե Սոմյուրի կենսագրությունը տպագրվել է «Դիտարանի» 1976 թ. նոյեմբերի 15-ի համարում (էջ 690–695, անգլ.)։

^ պարբ. 20 Դեյվիդ Սփլեյնը ներկայումս ծառայում է որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ։