Ուրախություն. հատկություն, որ ստանում ենք Աստծուց
ՄԱՐԴԻԿ ուզում են ուրախ կյանքով ապրել։ Սակայն վերջին օրերում՝ այս «չափազանց դժվար ժամանակներում», բոլորն էլ նեղություններ են կրում (2 Տիմոթ. 3։1)։ Անարդարության, առողջական խնդիրների, գործազրկության, վշտի կամ անհանգստություն ու ցավ պատճառող այլ բաների հետևանքով ոմանք, հնարավոր է, աստիճանաբար կորցնեն իրենց ուրախությունը։ Վհատությունը կարող է պատուհասել նույնիսկ Աստծու ծառաներին։ Եթե քեզ էլ է նման բան պատահել, ապա ինչպե՞ս կարող ես վերագտնել ուրախությունդ։
Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանանք, թե ինչ է իսկական ուրախությունը, և ինչպես են ուրիշները այն պահպանել՝ չնայած փորձություններին։ Այնուհետև կիմանանք, թե ինչ անենք, որ պահպանենք մեր ուրախությունը և բազմապատկենք այն։
Ի՞ՆՉ Է ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Ուրախությունը չպետք է շփոթենք բարձր տրամադրություն ունենալու կամ զվարթ լինելու հետ։ Օրինակ՝ հարբեցողը չափից շատ խմելուց հետո կարող է բարձր տրամադրություն ունենալ։ Սակայն երբ նա սթափվում է, զվարթությունն անցնում է, ու նորից սկսվում է խնդիրներով լի կյանքը։ Այդ կարճատև զգացումը իսկական ուրախություն չէ (Առակ. 14։13)։
Ուրախությունը սրտում խոր արմատներ գցած հատկություն է։ Այն սահմանվում է որպես «զգացում, որն առաջանում է լավ բան ստանալու կամ ակնկալելու արդյունքում»։ Ուրախություն ասելով՝ հասկանում ենք այն վիճակը, որում գտնվում է գոհ ու երջանիկ մարդը։ Այն պահպանվում է՝ անկախ նրանից՝ հանգամանքները բարենպաստ են, թե ոչ (1 Թեսաղ. 1։6)։ Հնարավոր է՝ մարդը ինչ-որ բանի պատճառով անհանգստանա, բայց նրա սիրտը ուրախ լինի։ Օրինակ՝ առաքյալները ծեծվեցին Քրիստոսի մասին խոսելու համար, սակայն «ուրախանալով գնացին Սինեդրիոնի առաջից, որովհետև արժանի եղան նրա անվան համար անարգանքի ենթարկվելու» (Գործ. 5։41)։ Իհարկե, նրանք ուրախացան ոչ թե ծեծվելու համար, այլ քանի որ հավատարիմ մնացին Աստծուն։
Մենք ի ծնե օժտված չենք այսպիսի ուրախությամբ։ Այն ինքնաբերաբար չի զարգանում մեր մեջ։ Ինչո՞ւ։ Որովհետև իսկական ուրախությունը Աստծու սուրբ ոգու պտղի մասն է։ Եհովայի ոգու օգնությամբ մենք կարող ենք դառնալ լիովին «նոր անձնավորություն», որին բնորոշ է նաև ուրախությունը (Եփես. 4։24; Գաղ. 5։22)։ Երբ զարգացնում ենք այս հատկությունը, ավելի հեշտ ենք հաղթահարում խնդիրները։
ՀԵՏԵՎԵՆՔ ՆՐԱՆՑ ՕՐԻՆԱԿԻՆ
Եհովան լավ բաներ էր նպատակադրել մարդկանց համար։ Նա չի ուզում, որ երկրի վրա վատ բաներ տեղի ունենան, ինչը հաճախ տեսնում ենք այսօր։ Սակայն Եհովան ուրիշների վատ արարքների պատճառով չի կորցնում իր ուրախությունը։ Աստծու Խոսքում գրված է. «Զորությունն ու ուրախությունը նրա բնակավայրում [են]» (1 Տար. 16։27)։ Բացի այդ, Եհովայի «սիրտն ուրախացնում» են այն լավ բաները, որ անում են նրա ծառաները (Առակ. 27։11)։
Մենք ընդօրինակած կլինենք Եհովային, եթե չափից շատ չանհանգստանանք, երբ ինչ-որ բան մեր ակնկալածի պես չլինի։ Ուրախությունը կորցնելու փոխարեն՝ կարող ենք կենտրոնանալ այն լավ բաների վրա, որ ունենք այսօր, *
և համբերատարությամբ սպասել ավելի լավ բաների, որ կտեսնենք ապագայում։Նաև կարող ենք Աստվածաշնչում կարդալ այն բազմաթիվ մարդկանց մասին, ովքեր պահպանեցին իրենց ուրախությունը՝ չնայած փորձություններին։ Օրինակ՝ Աբրահամը հայտնվեց այնպիսի իրավիճակներում, որոնցում իր կյանքին վտանգ էր սպառնում, և ուրիշների պատճառով զանազան դժվարություններ կրեց (Ծննդ. 12։10–20; 14։8–16; 16։4, 5; 20։1–18; 21։8, 9)։ Բայց չնայած այդ ամենին՝ նա իր սրտում ուրախություն պահպանեց։ Ինչպե՞ս։ Նա իր մտքում վառ էր պահում այն հույսը, որ ապրելու է նոր աշխարհում՝ Մեսիայի իշխանության ներքո (Ծննդ. 22։15–18; Եբր. 11։10)։ Հիսուսն ասաց. «Ձեր հայր Աբրահամը շատ ուրախացավ՝ հույս ունենալով տեսնել իմ օրը. նա տեսավ այն և ուրախացավ» (Հովհ. 8։56)։ Մենք կարող ենք ընդօրինակել Աբրահամին՝ մտածելով այն ուրախության մասին, որ սպասում է մեզ ապագայում (Հռոմ. 8։21)։
Աբրահամի պես՝ Պողոս առաքյալն ու նրա ծառայակից Շիղան կենտրոնացած էին Աստծու խոստումների վրա։ Նրանք ամուր հավատ ունեին և պահպանում էին իրենց ուրախությունը՝ չնայած դժվարություններին։ Օրինակ՝ հիշենք այն դեպքը, երբ նրանք դաժան ծեծի ենթարկվեցին ու բանտ գցվեցին։ Աստվածաշնչում կարդում ենք, որ «կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում էին և երգով գովաբանում Աստծուն» (Գործ. 16։23–25)։ Նրանց զորացնում էր իրենց հույսը։ Նաև նրանք ուրախ էին, քանի որ տառապում էին Քրիստոսի անվան համար։ Մենք կարող ենք ընդօրինակել Պողոսին ու Շիղային՝ միշտ հիշելով այն լավ արդյունքների մասին, որ լինում են, երբ հավատարմորեն ծառայում ենք Աստծուն (Փիլիպ. 1։12–14)։
Այսօր մենք ունենք ընդօրինակման արժանի շատ եղբայրներ ու քույրեր, որոնք, չնայած փորձություններին, պահպանել են իրենց ուրախությունը։ Օրինակ՝ 2013 թ. նոյեմբերին «Հայան» հզոր թայֆունը հարվածեց Ֆիլիպինների կենտրոնական մասին՝ ավերելով ավելի քան 1 000 Վկա ընտանիքների տներ։ Ջորջի տունը, որը գտնվում էր Տակլոբան քաղաքում, հողին հավասարվեց։ Նա ասում է. «Չնայած այս ամենին՝ եղբայրները երջանիկ են։ Դժվարանում եմ խոսքերով արտահայտել մեր ուրախությունը»։ Ինչ մեծ դժվարությունների էլ բախվենք, մենք կպահպանենք մեր ուրախությունը, եթե գնահատանքով խորհենք այն բաների մասին, որ Եհովան արել է մեզ համար։ Ուրախության ուրիշ ի՞նչ պատճառներ է Եհովան մեզ տվել։
ՄԵՐ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Ի՞նչը կարող է ուրախության ավելի մեծ պատճառ լինել, քան Եհովայի հետ փոխհարաբերությունները։ Մի պահ մտածիր. մենք ճանաչում ենք տիեզերքի Գերիշխանին։ Նա մեր Հայրն է, Աստվածն ու Ընկերը (Սաղ. 71։17, 18)։
Մենք նաև թանկ ենք գնահատում կյանքի պարգևը և այն վայելելու կարողությունը (Ժող. 3։12, 13)։ Որպես բանական էակներ, որոնց Եհովան ձգել է դեպի իրեն՝ մենք հասկանում ենք, թե որն է նրա կամքը մեր առնչությամբ (Կող. 1։9, 10)։ Ուստի մեր կյանքն իսկապես իմաստ ունի. մենք գիտենք, թե ուր ենք գնում։ Մինչդեռ շատերը պատկերացում չունեն, թե որն է կյանքի իմաստը։ Մատնանշելով այս տարբերությունը՝ Պողոս առաքյալը գրեց. ««Ոչ մի աչք չտեսավ, ու ոչ մի ականջ չլսեց, և ոչ մեկի սիրտը չհասկացավ այն բաները, որ Աստված պատրաստեց իրեն սիրողների համար»։ Բայց մեզ Աստված հայտնեց դրանք իր ոգու միջոցով» (1 Կորնթ. 2։9, 10)։ Ի՜նչ ուրախ ենք, որ հասկանում ենք Եհովայի կամքն ու նպատակը։
Մտածիր, թե ուրիշ ինչեր է Եհովան արել մեզ համար։ Մի՞թե երջանիկ չենք՝ իմանալով, որ մեր մեղքերը կարող են ներվել (1 Հովհ. 2։12)։ Աստծու ողորմության շնորհիվ մենք վառ հույս ունենք, որ շուտով ապրելու ենք նոր աշխարհում (Հռոմ. 12։12)։ Իսկ հիմա Եհովան մեզ տվել է անգին եղբայրներ ու քույրեր, որոնց հետ կարող ենք երկրպագել նրան (Սաղ. 133։1)։ Բացի այդ, Աստվածաշունչը հավաստիացնում է մեզ, որ Եհովան իր ժողովրդին պաշտպանում է Սատանայից ու նրա դևերից (Սաղ. 91։11)։ Եթե մտածենք այս բոլոր օրհնությունների մասին, մեր ուրախությունը կավելանա (Փիլիպ. 4։4)։
ԻՆՉՊԵ՞Ս ԱՎԵԼԱՑՆԵՆՔ ՄԵՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Եթե քրիստոնյան արդեն ուրախ է, կարո՞ղ է արդյոք ավելացնել իր ուրախությունը։ Հովհ. 15։11)։ Այո՛, մեր ուրախությունը կարող է մեծանալ։ Ուրախությունն ավելացնելու ջանքերը կարելի է համեմատել կրակը վառ պահելու հետ։ Որպեսզի այն ավելի ուժգին վառվի, պետք է դրա մեջ փայտ գցես։ Նույն ձևով էլ պետք է քո մեջ վառվող հոգևոր կրակի մեջ «փայտ» գցես, որ ավելի ուրախ լինես։ Հիշիր. ուրախությունը բոցավառվում է Աստծու ոգուց։ Ուստի ավելի ուրախ կլինես, եթե միշտ Եհովայից խնդրես նրա ոգին և աղոթելով խորհրդածես նրա Խոսքի շուրջ, որը ոգու ներշնչմամբ է գրված (Սաղ. 1։1, 2; Ղուկ. 11։13)։
Հիսուսն ասաց. «Այս խոսքերն ասացի ձեզ, որ լիովին զգաք այն ուրախությունը, որ ես ունեմ» (Բացի այդ, ուրախությունդ կշատանա, եթե ակտիվորեն մասնակցես այն գործերին, որոնք հաճելի են Եհովային (Սաղ. 35։27; 112։1)։ Ինչո՞ւ։ Մենք այնպես ենք ստեղծված, որ «վախենանք ճշմարիտ Աստծուց և պահենք նրա պատվիրանները, քանի որ դա է մարդու ողջ պարտականությունը» (Ժող. 12։13)։ Այլ կերպ ասած՝ մենք այնպես ենք ստեղծված, որ կատարենք Աստծու կամքը։ Ուստի բնական է, որ Եհովային ծառայելով՝ մենք ամենից շատ ենք ուրախություն ստանում։ *
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԲԵՐԱԾ ՊՏՈՒՂՆԵՐԸ
Եթե ջանքեր թափենք, որ Աստծուց եկող ուրախությունն ունենանք, դա ոչ միայն կնպաստի, որ մեզ լավ զգանք, այլև ուրիշ օգուտներ էլ կբերի։ Օրինակ՝ ավելի շատ կհաճեցնենք մեր երկնային Հորը, քանի որ ուրախությամբ կծառայենք նրան, ինչ խնդիրների էլ բախվենք (2 Օրենք 16։15; 1 Թեսաղ. 5։16–18)։ Բացի այդ, իսկական ուրախությունը կօգնի, որ մերժենք նյութապաշտական ապրելակերպը և ձգտենք ավելի շատ զոհողություններ անել Աստծու Թագավորության համար (Մատթ. 13։44)։ Երբ տեսնենք, թե դա ինչ լավ արդյունքներ է բերում, ավելի մեծ ուրախությամբ կլցվենք, բավարարվածության ավելի մեծ զգացում կունենանք և կերջանկացնենք ուրիշներին (Գործ. 20։35; Փիլիպ. 1։3–5)։
«Եթե այսօր ձեր կյանքից գոհ եք ու երջանիկ, ապա հավանականությունն ավելի մեծ է, որ ապագայում առողջ կլինեք»,— գրել է Նեբրասկայի համալսարանի (ԱՄՆ) մի գիտաշխատող, որը վերլուծել է առողջությանը վերաբերող մի շարք ուսումնասիրություններ։ Այս հետևությունը համահունչ է Աստվածաշնչին, որտեղ ասվում է. «Ուրախ սիրտը բուժիչ է» (Առակ. 17։22)։ Փաստորեն, եթե ավելացնես ուրախությունդ, ապա, ամենայն հավանականությամբ, ֆիզիկապես ավելի առողջ կլինես։
Թեև մենք անհանգիստ ժամանակներում ենք ապրում, սակայն կարող ենք իսկական ու հարատև ուրախությամբ լցվել, եթե աղոթելու, Եհովայի Խոսքն ուսումնասիրելու և դրա շուրջ խորհրդածելու միջոցով ստանանք սուրբ ոգին։ Բացի այդ, մեր ուրախությունը կշատանա, եթե մտածենք մեր ներկա օրհնությունների մասին, ընդօրինակենք ուրիշների հավատը և կատարենք Աստծու կամքը։ Այս ամենն անելով՝ կտեսնենք, թե որքան ճշմարիտ են Սաղմոս 64։10-ում գրված խոսքերը. «Արդարը Եհովայով կուրախանա և ապաստան կգտնի նրա մոտ»։
^ պարբ. 10 Համբերատարության մասին կխոսվի «ոգու պտղին» նվիրված շարքի հետագա հոդվածներից մեկում։
^ պարբ. 20 Ուրախությունդ շատացնելու համար լրացուցիչ խորհուրդներ կգտնես « Ուրախությունն ավելացնելու այլ կերպեր» շրջանակում։