ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 11
Պատրա՞ստ ես մկրտվելու
«Մկրտությունը.... հիմա էլ ձեզ է փրկում» (1 ՊԵՏ. 3։21)։
ԵՐԳ 28 Լինենք Եհովայի ընկերը
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1. Տուն կառուցելու համար ի՞նչ է հարկավոր անել։
ՄԻ ՄԱՐԴ որոշում է տուն կառուցել։ Նա գիտի՝ ինչպիսի տուն է ուզում։ Բայց արդյո՞ք միանգամից շինանյութեր կգնի ու կսկսի կառուցել։ Ո՛չ։ Նախքան շինարարություն սկսելը նա պետք է մի կարևոր բան անի՝ հաշվի ծախսերը, որպեսզի իմանա, թե արդյոք բավարար միջոցներ ունի շինարարությունն ավարտելու համար։ Եթե այդ մարդը նախօրոք ճշգրիտ հաշվարկներ անի, ապա, ամենայն հավանականությամբ, կկարողանա կառուցել տունը։
2. Ղուկաս 14։27–30 համարների համաձայն՝ նախքան մկրտվելը ինչի՞ շուրջ պետք է մտածես։
2 Եթե Եհովայի հանդեպ սերն ու երախտագիտությունը մղում են քեզ մտածել մկրտության մասին, ապա դու լուրջ որոշման առաջ ես կանգնած։ Դա շատ նման է տուն կառուցելու որոշմանը։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Ուշադրություն դարձրու Հիսուսի խոսքերին՝ գրված Ղուկաս 14։27–30 համարներում (կարդա)։ Այստեղ Հիսուսը խոսում է այն մասին, թե ինչ է նշանակում իր աշակերտը լինել, և նշում է, որ դրա համար պետք է համաձայն լինենք անելու անհրաժեշտ «ծախսերը», այսինքն՝ պատրաստ լինենք զոհողությունների գնալու և դժվարություններ կրելու (Ղուկ. 9։23–26; 12։51–53)։ Ուստի մկրտվելուց առաջ պետք է խորապես մտածես այն մասին, թե ինչ է իր հետ բերելու այդ քայլը։ Այդպես դու պատրաստ կլինես հավատարմորեն ծառայելու Եհովային որպես մկրտված քրիստոնյա։
3. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։
3 Քրիստոսի մկրտված աշակերտ դառնալու համար արժե՞ զոհողություններ անել։ Իհա՛րկե արժե։ Մկրտությունը անթիվ օրհնությունների դուռ է բացում, օրհնություններ, որ կստանաս թե՛ հիմա, թե՛ ապագայում։ Ուստի մկրտությանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր քննարկենք։ Դա կօգնի
քեզ հասկանալ, թե արդյոք պատրաստ ես մկրտվելու։Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՄԱՆԱԼ ՆՎԻՐՄԱՆ ՈՒ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
4. ա) Ի՞նչ է նվիրումը։ բ) Ի՞նչ է նշանակում անձն ուրանալ, ինչպես գրված է Մատթեոս 16։24-ում։
4 Ի՞նչ է նվիրումը։ Նախքան մկրտվելը դու պետք է նվիրվես Եհովային։ Դրա համար պետք է նրան սրտանց աղոթես և ասես, որ որոշել ես ողջ կյանքում՝ հավիտյան ծառայել իրեն։ Աստծուն նվիրվելով՝ քո «անձն ուրանում ես» (կարդա Մատթեոս 16։24)։ Այդուհետ դու Եհովային ես պատկանում, իսկ դրանից մեծ պատիվ չի կարող լինել (Հռոմ. 14։8)։ Քո նվիրմամբ դու Աստծուն ասում ես, որ այդ օրվանից ապրելու ես ոչ թե սեփական կամքդ կատարելու, այլ իրեն ծառայելու համար։ Նվիրումը երդում է՝ Աստծուն տրված լուրջ խոստում։ Նա մեզ չի ստիպում այդպիսի երդում տալ, բայց երբ տալիս ենք, ակնկալում է, որ կպահենք այն (Սաղ. 116։12, 14)։
5. Ի՞նչ տարբերություն կա նվիրման ու մկրտության միջև։
5 Նվիրումն ինչո՞վ է տարբերվում մկրտությունից։ Նվիրումը մի քայլ է, որի մասին իմանում եք միայն դու և Եհովան։ Իսկ մկրտությունը հանրային է՝ կատարվում է մարդկանց ներկայությամբ, սովորաբար՝ համաժողովների ժամանակ։ Մկրտվելով՝ ուրիշներին ցույց ես տալիս, որ նվիրվել ես Եհովային։ * Այդպես նրանք իմանում են, որ քո Աստված Եհովային սիրում ես ամբողջ սրտով, հոգով, մտքով և ուժով, և որ վճռել ես հավիտյան ծառայել նրան (Մարկ. 12։30)։
6–7. 1 Պետրոս 3։18–22 համարներում ի՞նչ երկու պատճառ է նշված, թե մկրտվելն ինչու է անհրաժեշտ։
6 Մկրտությունը անհրաժեշտությո՞ւն է։ Այս հարցին պատասխանելու համար մտորիր 1 Պետրոս 3։18–22 համարների շուրջ (կարդա)։ Ինչպես որ տապանն էր Նոյի հավատի բացահայտ ապացույցը, այնպես էլ քո մկրտությունն է մարդկանց ակնհայտորեն ցույց տալիս, որ նվիրվել ես Եհովային։ Բայց արդյո՞ք այդ քայլը անհրաժեշտություն է։ Այո՛։ Պետրոսը բացատրել է, թե ինչու։ Առաջին պատճառն այն է, որ մկրտությունը կարող է փրկել։ Այն կփրկի մեզ, եթե մեր գործերը ցույց տան, որ հավատում ենք Հիսուսին, հավատում ենք, որ նա մահացել է մեզ համար, հարություն է առել ու գնացել երկինք և «հիմա Աստծու աջ կողմում է»։
7 Երկրորդ՝ մկրտվելով «մաքուր խիղճ կունենանք»։ Երբ նվիրվում ենք Աստծուն ու մկրտվում, մեր ու նրա միջև հատուկ փոխհարաբերություններ են հաստատվում։ Քանի որ անկեղծորեն զղջացել ենք մեր արած սխալների համար ու սկսել ենք հավատալ Հիսուսի քավիչ զոհաբերությանը, Եհովան ներում է մեր մեղքերը։ Դրա շնորհիվ կարող ենք մաքուր խիղճ ունենալ նրա առաջ։
8. Գլխավորաբար ի՞նչը պետք է մղի քեզ մկրտվելու։
8 Ո՞րը պետք է լինի մկրտվելու շարժառիթը։ Աստվածաշնչի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում դու շատ բան ես իմացել Եհովայի էության, մտածելակերպի ու գործելակերպի մասին։ Սովորածդ հասել է սրտիդ ու մղել, որ նրան շատ սիրես։ Աստծու հանդեպ այդ սերն է, որ պետք է լինի մկրտվելու որոշմանդ գլխավոր պատճառը։
9. Ի՞նչ է նշանակում մկրտվել Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, ինչպես գրված է Մատթեոս 28։19, 20 համարներում։
9 Մկրտվելուդ մյուս պատճառն այն է, որ իմացել ես աստվածաշնչյան ճշմարտությունները և ընդունել ես դրանք։ Նկատի առ, թե Հիսուսն ինչ է ասել, երբ իր հետևորդներին պատվիրել է աշակերտներ պատրաստել (կարդա Մատթեոս 28։19, 20)։ Հիսուսի խոսքերով՝ աշակերտները պետք է մկրտվեն «Հոր, Որդու և սուրբ ոգու անունով»։ Ի՞նչ է սա նշանակում։ Դու պետք է սրտանց հավատաս այն ամենին, ինչ Աստվածաշունչն ասում է Եհովայի, նրա Որդու՝ Հիսուսի և սուրբ ոգու մասին։ Այս ճշմարտությունները շատ զորեղ են և կարող են հասնել սրտիդ խորքը (Եբր. 4։12)։ Եկ վերհիշենք դրանցից մի քանիսը։
10–11. Քո երկնային Հոր մասին ի՞նչ ճշմարտություններ ես իմացել և ընդունել։
10 Մի պահ մտածիր սովորածդ ճշմարտությունների մասին, որոնք վերաբերում են քո երկնային Հորը։ Նրա «անունը Եհովա է»։ Նա մեր Արարիչն է, «միակ Բարձրյալն է ամբողջ երկրի վրա», «միակ ճշմարիտ Աստվածն» է (Սաղ. 83։18; Ես. 37։16)։ Նաև իմացել ես, որ «Եհովայի՛նն է փրկությունը» (Սաղ. 3։8; 36։9)։ Նա միջոցներ է ձեռնարկել, որ մեզ փրկի մեղքից ու մահից, և հավիտյան ապրելու հույս է տվել (Հովհ. 17։3)։ Նվիրվելով ու մկրտվելով ցույց կտաս, որ Եհովայի վկա ես (Ես. 43։10–12)։ Այդպիսով կմիանաս Աստծու ծառաների համաշխարհային ընտանիքին, ովքեր հպարտությամբ կրում են նրա անունը և այն հայտնում են ուրիշներին (Սաղ. 86։12)։
11 Ի՜նչ մեծ պատիվ է հասկանալ այն սուրբգրային ճշմարտությունները, որոնք բացահայտում են մեր երկնային Հոր էությունը։ Ընդունելով այդ անգին ճշմարտությունները՝ կմղվես նվիրվելու Եհովային և մկրտվելու։
12–13. Աստծու Որդու վերաբերյալ ի՞նչ ճշմարտություններ ես իմացել և ընդունել։
12 Ինչպե՞ս արձագանքեցիր, երբ իմացար Աստծու Որդուն վերաբերող հետևյալ ճշմարտությունները։ Հիսուսը իր դիրքով տիեզերքի երկրորդ անձնավորությունն է։ Նա հոժար սրտով զոհել է իր կյանքը և փրկագնել է մեզ։ Եթե մեր գործերով փաստենք, որ հավատում ենք նրա քավիչ զոհաբերությանը, կկարողանանք մեղքերի ներում ստանալ, մտերմանալ Աստծու հետ և հավիտյան ապրել (Հովհ. 3։16)։ Հիսուսը մեր Քահանայապետն է։ Նա ուզում է օգնել մեզ, որ իր տված փրկանքի շնորհիվ լինենք իր Հոր մտերիմ ընկերը և օրհնվենք (Եբր. 4։15; 7։24, 25)։ Հիսուսը նաև Աստծու Թագավորության Թագավորն է. նրա միջոցով է Եհովան սրբացնելու իր անունը, վերացնելու չարությունը և գալիք դրախտում անվերջանալի օրհնություններ թափելու իր ծառաների վրա (Մատթ. 6։9, 10; Հայտն. 11։15)։ Հիսուսը տիպար է մեզ համար, որին պետք է ընդօրինակենք (1 Պետ. 2։21)։ Ապրելով Աստծու կամքը կատարելու համար՝ նա հրաշալի օրինակ է թողել բոլորիս (Հովհ. 4։34)։
13 Ընդունելով Հիսուսի մասին սուրբգրային ճշմարտությունները՝ կսկսես սիրել Աստծու թանկագին Որդուն։ Այդ սերը կմղի քեզ Հիսուսի պես ապրել Աստծու կամքը կատարելու համար։ Արդյունքում քո մեջ ուժգին ցանկություն կառաջանա նվիրվելու Եհովային ու մկրտվելու։
14–15. Սուրբ ոգու մասին ի՞նչ ճշմարտություններ ես իմացել և ընդունել։
14 Ի՞նչ մտածեցիր, երբ իմացար սուրբ ոգու մասին հետևյալ ճշմարտությունները։ Այդ ոգին անձ չէ, այլ Աստծու գործուն ուժն է։ Եհովան դրա միջոցով ներշնչել է մարդկանց, որ գրի առնեն իր Խոսքը՝ Աստվածաշունչը։ Նույն ոգին օգնում է մեզ հասկանալ ու կիրառել այն, ինչ կարդում ենք Սուրբ Գրքում (Հովհ. 14։26; 2 Պետ. 1։21)։ Մեր երկնային Հայրը իր ոգու միջոցով «սովորականին գերազանցող ուժ» է տալիս մեզ (2 Կորնթ. 4։7)։ Այդ ոգին զորացնում է մեզ, որ քարոզենք բարի լուրը, դիմադրենք գայթակղություններին, պայքարենք վհատության դեմ ու հաղթահարենք փորձությունները։ Այն նաև օգնում է հիանալի հատկություններ զարգացնել՝ «ոգու պտուղը» (Գաղ. 5։22)։ Աստված առատաձեռնորեն իր ոգին տալիս է նրանց, ովքեր ապավինում են իրեն և անկեղծորեն խնդրում են այն (Ղուկ. 11։13)։
15 Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ
Եհովան սուրբ ոգու միջոցով օգնում է իրեն երկրպագողներին ծառայել իրեն։ Ընդունելով սուրբ ոգու մասին իմացածդ ճշմարտությունները՝ կմղվես նվիրվել Աստծուն և մկրտվել։16. Ի՞նչ իմացանք նվիրման ու մկրտության մասին։
16 Աստծուն նվիրվելու և մկրտվելու որոշումը շատ լուրջ է։ Ինչպես արդեն նշել ենք, դու պետք է պատրաստ լինես անել դրա համար անհրաժեշտ «ծախսը»՝ կրել սպասվող դժվարությունները և զոհողությունների գնալ։ Բայց այդ «ծախսը» չնչին է՝ համեմատած այն օրհնությունների հետ, որ կստանաս։ Մկրտությունը կարող է փրկել քեզ։ Այդ քայլի շնորհիվ մաքուր խիղճ ես ունենում Աստծու առաջ։ Մկրտվելուդ գլխավոր շարժառիթը պետք է Եհովայի հանդեպ սերը լինի։ Նաև պետք է սրտանց հավատաս այն ամենին, ինչ իմացել ես Հոր, Որդու և սուրբ ոգու մասին։ Այս հարցերը քննարկելուց հետո ի՞նչ եզրակացության եկար. պատրա՞ստ ես մկրտվելու։
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՍ ՆԱԽՔԱՆ ՄԿՐՏՎԵԼԸ
17. Մկրտությունից առաջ ի՞նչ քայլեր է հարկավոր անել։
17 Եթե զգում ես, որ պատրաստ ես մկրտվելու, ապա, ամենայն հավանականությամբ, արդեն մի շարք քայլեր ձեռնարկել ես, որ լավ փոխհարաբերություններ կառուցես Աստծու հետ։ * Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրության արդյունքում շատ բան ես իմացել Եհովայի ու Հիսուսի մասին և հավատ ես զարգացրել (Եբր. 11։6)։ Դու համոզված ես, որ Աստված կկատարի իր Խոսքում գրված խոստումները, նաև վստահ ես, որ Հիսուսի քավիչ զոհաբերությանը հավատալով՝ կկարողանաս ազատվել մեղքից ու մահից։ Դու զղջացել ես մեղքերիդ համար՝ խոր ցավ ես ապրել, որ սխալներ ես գործել, ուստի Եհովայից ներում ես խնդրել։ Բացի այդ՝ դարձի ես եկել, այսինքն՝ վերջնականապես թողել ես Աստծու համար անընդունելի ապրելակերպը և սկսել ես նրան հաճելի կյանք վարել (Գործ. 3։19)։ Հավատիդ մասին սկսել ես պատմել մարդկանց։ Ամեն անհրաժեշտ բան արել ես, որ չմկրտված քարոզիչ դառնաս, և քարոզչական գործում միացել ես ժողովին (Մատթ. 24։14)։ Այժմ քո երկնային Հայրը հպարտանում է քեզանով։ Քո արած քայլերով շատ ես ուրախացրել նրա սիրտը (Առակ. 27։11)։
18. Ուրիշ ի՞նչ է հարկավոր անել մկրտվելուց առաջ։
18 Մկրտվելուց առաջ ուրիշ բաներ էլ է հարկավոր անել։ Ինչպես արդեն ասել ենք, պետք է նվիրվես Եհովային՝ անձնական սրտագին աղոթք անես ու խոստանաս նրան ամբողջ կյանքումդ կատարել իր կամքը (1 Պետ. 4։2)։ Այնուհետև պետք է ժողովի երեցների խորհրդի կոորդինատորին հայտնես, որ ցանկանում ես մկրտվել։ Նա էլ մի քանի երեցի կխնդրի հանդիպել քեզ հետ։ Ի դեպ, նրանց հետ հանդիպումը թող քեզ չվախեցնի։ Այդ բարյացակամ եղբայրները ճանաչում ու սիրում են քեզ։ Նրանք քեզ հետ աչքի կանցկացնեն սուրբգրային հիմնական ուսմունքները, որ արդեն սովորել ես։ Այդ եղբայրներն ուզում են հավաստիանալ, որ հասկանում ես աստվածաշնչյան ուսմունքները և գիտակցում ես նվիրման ու մկրտության կարևորությունը։ Եթե նրանք տեսնեն, որ պատրաստ ես մկրտվելու, մոտակա համաժողովին կարող ես դա անել։
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՍ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
19–20. Ի՞նչ է հարկավոր անել մկրտությունից հետո և ինչպե՞ս։
19 Երբ մկրտվես, դրանից հետո ի՞նչ պետք է անես։ * Հիշիր, որ Եհովային նվիրվելիս դու երդում ես տվել, և նա ակնկալում է, որ կպահես այն։ Ուստի մկրտությունից հետո էլ պետք է նվիրմանդ համաձայն ապրես։ Ինչպե՞ս։
20 Մոտ մնա ժողովիդ։ Դառնալով մկրտված քրիստոնյա՝ դու միացել ես Աստծու ծառաների համաշխարհային եղբայրությանը (1 Պետ. 2։17)։ Ժողովում ծառայող եղբայրներդ ու քույրերդ քո հոգևոր ընտանիքն են։ Կանոնավորաբար հաճախելով ժողովի հանդիպումներին՝ ավելի կմտերմանաս նրանց հետ։ Բացի այդ՝ ամեն օր կարդա Աստվածաշունչը և խորհրդածիր (Սաղ. 1։1, 2)։ Սուրբ Գրքից որևէ հատված ընթերցելուց հետո ժամանակ հատկացրու և խորապես մտածիր կարդացածիդ շուրջ։ Այդպես Աստծու խոսքերը կհասնեն սրտիդ։ Է՞լ ինչ է անհրաժեշտ անել։ «Շարունակ աղո՛թք արա» (Մատթ. 26։41)։ Սրտաբուխ աղոթքներդ քեզ ավելի կմոտեցնեն Եհովային։ Նաև «շարունակիր նախ [Աստծու] թագավորությունը.... փնտրել»՝ քարոզչական գործին առաջնային տեղ տալով քո կյանքում (Մատթ. 6։33)։ Կանոնավորաբար ծառայելով՝ հավատդ ամուր կպահես, ուրիշներին էլ կօգնես հավիտենական կյանքի տանող ճանապարհով քայլել (1 Տիմոթ. 4։16)։
21. Մկրտության արդյունքում ի՞նչ ձեռք կբերես։
21 Երբ վճռես նվիրվել Եհովային ու մկրտվել, կկայացնես կյանքիդ ամենակարևոր որոշումը։ Ճիշտ է, այն իր հետ դժվարություններ կբերի, բայց անշուշտ արժե՛ անել այդ «ծախսը»։ Չէ՞ որ այս հին աշխարհում կրածդ բոլոր նեղությունները «վաղանցիկ են ու թեթև» (2 Կորնթ. 4։17)։ Մինչդեռ իրագործելով որոշումդ՝ այսօր իսկ ավելի երջանիկ կապրես, ապագայում էլ կստանաս «իսկական կյանքը» (1 Տիմոթ. 6։19)։ Ուստի խնդրում ենք, ինքդ քեզ հարցրու. «Պատրա՞ստ եմ մկրտվելու»։ Ապա աղոթիր և խորապես մտածիր այդ մասին։
ԵՐԳ 50 Իմ նվիրման աղոթքը
^ պարբ. 5 Մտածո՞ւմ ես մկրտվելու մասին։ Եթե այո, ապա այս հոդվածը քեզ համար է։ Այստեղ մկրտությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր են քննարկվում։ Պատասխանելով այդ հարցերին՝ կհասկանաս, թե արդյոք պատրաստ ես մկրտվելու։
^ պարբ. 5 Տես « Երկու հարց, որոնց պետք է պատասխանես մկրտությանդ օրը» շրջանակը։
^ պարբ. 19 Եթե դեռ չես ավարտել «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» և «Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ» գրքերի ուսումնասիրությունը, քեզ ուսուցանողի օգնությամբ մինչև վերջ ուսումնասիրիր դրանք։