Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 10

Եհովայի հանդեպ սերն ու երախտագիտությունը կմղեն քեզ մկրտվելու

Եհովայի հանդեպ սերն ու երախտագիտությունը կմղեն քեզ մկրտվելու

«Ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ» (ԳՈՐԾ. 8։36

ԵՐԳ 37 Ծառայում եմ Եհովային ամբողջ հոգով

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ինչպես գրված է Գործեր 8։27–31 և 35–38 համարներում, ի՞նչը եթովպացի պաշտոնյային մղեց մկրտվելու։

ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՍ մկրտվել ու դառնալ Քրիստոսի աշակերտ։ Շատերն են արել այս քայլը, քանի որ սկսել են սիրել Եհովային ու նրա հանդեպ երախտագիտության զգացումով են լցվել։ Նկատի առնենք մի օրինակ։ Խոսքը հնում ապրած մի պաշտոնյայի մասին է, ով ծառայում էր Եթովպիայի թագուհուն։

2 Այդ եթովպացի պաշտոնյան իսկույն մկրտվեց, երբ Սուրբ Գրքերից հասկացավ, թե ինչ պետք է անի (կարդա Գործեր 8։27–31, 35–38)։ Ի՞նչը մղեց նրան այդպես վարվելու։ Նա Երուսաղեմից Եթովպիա վերադառնալու ճանապարհին, կառքում նստած, Եսայիայի գիրքն էր կարդում, ինչը ցույց է տալիս, որ թանկ էր գնահատում Աստծու Խոսքը։ Եվ երբ Փիլիպոսը հանդիպեց նրան ու բացատրեց կարդացած խոսքերի նշանակությունը, նա երախտագիտությամբ լցվեց այն ամենի համար, ինչ Հիսուսն արել էր հօգուտ իրեն։ Իսկ ինչո՞ւ էր եթովպացի պաշտոնյան եկել Երուսաղեմ։ Որովհետև արդեն իսկ սիրում էր Եհովային։ Որտեղի՞ց գիտենք։ Նա եկել էր Երուսաղեմ նրան երկրպագելու։ Այս մարդը թողել էր իր նախնիների կրոնը և սկսել էր ճշմարիտ Աստծուն պաշտել նրան նվիրված միակ ժողովրդի հետ։ Այո՛, Եհովայի հանդեպ սերն էր, որ եթովպացուն մղեց անել իր կյանքի ամենակարևոր քայլը՝ մկրտվել ու դառնալ Քրիստոսի աշակերտ (Մատթ. 28։19

3. Մարդուն ի՞նչը կարող է հետ պահել մկրտվելուց (տես « Ինչպիսի՞ն է սիրտդ» շրջանակը)։

3 Եհովայի հանդեպ սերը քեզ էլ կմղի մկրտվելու։ Բայց քո սրտում ապրող մյուս սերերը կարող են հետ պահել քեզ այդ քայլից։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ հնարավոր է՝ վախենում ես, որ եթե մկրտվես, այլադավան հարազատներդ ու ընկերներդ, որոնց շատ ես սիրում, կսկսեն ատել քեզ (Մատթ. 10։37)։ Գուցե ունես խորապես արմատացած սովորություններ, որոնք Աստծու համար ատելի են, բայց դժվարանում ես ազատվել դրանց ճիրաններից (Սաղ. 97։10)։ Նաև հնարավոր է՝ փոքր հասակից տոնում ես այնպիսի տոներ, որոնք կեղծ կրոնի հետ են կապված։ Քեզ համար երևի թանկ են այդ տոնակատարություններից մնացած հուշերը։ Ուստի թերևս դժվարանում ես հրաժարվել Եհովային տհաճ ավանդույթներից (1 Կորնթ. 10։20, 21)։ Բայց հիմա ժամանակն է, որ ինքդ քեզ հարցնես. «Ամենից շատ ո՞ւմ կամ ի՞նչ եմ սիրում»։

ԱՄԵՆԻՑ ՇԱՏ Ո՞ՒՄ ՊԵՏՔ Է ՍԻՐԵՆՔ

4. Ի՞նչը պետք է լինի մկրտվելու գլխավոր շարժառիթը։

4 Իրականում շատ բաներ կան, որ արժե սիրել ու գնահատել։ Օրինակ՝ հնարավոր է՝ նախքան Եհովայի վկաների հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելը արդեն իսկ խոր հարգանքով էիր վերաբերվում այդ գրքին և սիրում էիր Հիսուսին։ Այժմ, երբ ճանաչում ես Վկաներին, հավանաբար սիրում ես շփվել նրանց հետ։ Բայց այս ամենը բավական չէ, որ ցանկանաս նվիրվել Աստծուն ու մկրտվել։ Այս քայլի գլխավոր շարժառիթը պետք է Եհովայի հանդեպ սերը լինի։ Եթե քո երկնային Հորը ամենքից ու ամենից շատ սիրես, թույլ չես տա, որ ինչ-որ մեկը կամ որևէ բան խոչընդոտի քեզ ծառայել նրան։ Այո՛, Աստծու հանդեպ սերը մկրտության տանող դուռ է, բայց և պաշտպանիչ ցանկապատ. այն կօգնի, որ միշտ հավատարիմ մնաս նրան։

5. Ինչի՞ մասին ենք խոսելու այս հոդվածում։

5 Հիսուսն ասել է, որ Եհովային պետք է սիրենք մեր ամբողջ սրտով, հոգով, մտքով և ուժով (Մարկ. 12։30)։ Ի՞նչը կօգնի, որ Աստծուն այդքան շատ սիրես ու հարգես։ Նրա սիրո շուրջ խորհելը (1 Հովհ. 4։19)։ Եհովայի հանդեպ խոր սերը քո մեջ այլ զգացմունքներ էլ կծնի և համապատասխան գործերի կմղի։ Եկեք խոսենք դրանց մասին։ *

6. Հռոմեացիներ 1։20-ի համաձայն՝ ո՞րն է Աստծուն ճանաչելու միջոցներից մեկը։

6 Եհովային ճանաչիր՝ զննելով նրա ստեղծագործությունները (կարդա Հռոմեացիներ 1։20; Հայտն. 4։11)։ Մտորիր այն իմաստության շուրջ, որ տեսնում ես բույսերի ու կենդանիների կառուցվածքում։ Իմացիր, թե ինչ զարմանալի ձևով է ստեղծված մարմինդ (Սաղ. 139։14)։ Մտածիր, թե Եհովան ինչ ահռելի էներգիա է դրել Արեգակի մեջ, որն ընդամենը մի կետ է միլիարդավոր աստղերի բույլում (Ես. 40։26 * Այսպիսի խորհրդածությունը կխորացնի հարգանքդ Արարչի հանդեպ։ Սակայն նրա հետ ամուր փոխհարաբերությունների հիմք դնելու համար բավական չէ իմանալ, որ նա իմաստուն է ու զորեղ։ Որպեսզի Եհովայի հանդեպ սերդ մեծանա, պետք է ավելի լավ ճանաչես նրան։

7. Աստծուն շատ սիրելու համար ինչո՞ւմ պետք է համոզվես։

7 Եհովային սիրելու համար պետք է համոզվես, որ նա սիրում է քեզ անհատապես։ Դժվարանո՞ւմ ես հավատալ, որ երկնքի ու երկրի Ստեղծիչը նկատում է քեզ և հոգ է տանում քո մասին։ Եթե այո, միշտ հիշիր, որ նա «յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործ. 17։26–28)։ «Եհովան քննում է բոլոր սրտերը», ուստի «եթե փնտրես նրան, նա թույլ կտա քեզ գտնել իրեն» (1 Տար. 28։9)։ Այն փաստը միայն, որ այժմ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, վկայում է, որ Եհովան իր «սիրառատ բարությամբ» «քեզ դեպի իրեն է քաշել» (Երեմ. 31։3)։ Որքան թանկ գնահատես այն ամենը, ինչ երկնային Հայրդ արել ու անում է քեզ համար, այնքան շատ կսիրես նրան։

8. Ինչպե՞ս կարող ես ցույց տալ երախտագիտությունդ Եհովայի սիրո համար։

8 Եթե ուզում ես արտահայտել երախտագիտությունդ Եհովայի սիրո համար, աղոթքի միջոցով զրուցիր նրա հետ։ Աստծուն շնորհակալություն հայտնիր նրանից ստացած բոլոր բաների համար, ինչպես նաև պատմիր մտահոգություններիդ մասին։ Այդպես սերդ նրա հանդեպ կմեծանա։ Եվ երբ տեսնես, թե նա ինչպես է պատասխանում աղոթքներիդ, ձեր ընկերությունը կամրանա (Սաղ. 116։1)։ Կհամոզվես, որ երկնային Հայրդ հասկանում է քեզ։ Բայց նրա հետ ավելի մտերմանալու համար պետք է ըմբռնես, թե նա ինչ մտածելակերպ ունի և ինչ է ակնկալում քեզանից։ Այս բաները հնարավոր է իմանալ միայն Աստծու Խոսքն ուսումնասիրելով։

Աստվածաշնչի ուսումնասիրությունը լավագույն միջոցն է մտերմանալու Եհովայի հետ և իմանալու, թե նա ինչ է ակնկալում մեզանից (տես պարբերություն 9) *

9. Ինչպե՞ս կարող ես փաստել, որ թանկ ես գնահատում Աստվածաշունչը։

9 Սիրիր Աստծու Խոսքը։ Միայն Աստվածաշունչն է ճշմարտապես հայտնում, թե ով է Եհովան, ինչպիսին է նա և քեզ առնչվող ինչ նպատակ ունի։ Դու կփաստես, որ թանկ ես գնահատում Սուրբ Գիրքը, եթե ամեն օր կարդաս այն, պատրաստվես Աստվածաշնչի պարապմունքիդ և կիրառես սովորածդ (Սաղ. 119։97, 99; Հովհ. 17։17)։ Ունե՞ս Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության գրաֆիկ։ Հետևո՞ւմ ես դրան։

10. Աստվածաշունչը ինչո՞վ է յուրահատուկ։

10 Աստվածաշունչը յուրահատուկ է նրանով, որ պատմում է Հիսուսի մասին, այն էլ ականատեսների շուրթերով։ Սա միակ գիրքն է, որ ճշգրտորեն հայտնում է, թե Հիսուսն ինչ է արել քեզ համար։ Կարդալով նրա ասած ու արած բաների մասին, ըստ ամենայնի, կցանկանաս ընկերանալ նրա հետ։

11. Ի՞նչը կօգնի քեզ ավելի շատ սիրել Եհովային։

11 Սիրիր Հիսուսին, և սերդ Եհովայի հանդեպ կխորանա։ Չէ՞ որ Հիսուսը կատարելապես արտացոլում է իր Հոր էությունը (Հովհ. 14։9)։ Ինչքան շատ բան իմանաս Հիսուսի մասին, այնքան լավ կճանաչես Եհովային և այնքան մեծ երախտագիտությամբ կլցվես նրա հանդեպ։ Օրինակ՝ խորհիր, թե Հիսուսն ինչ մեծ կարեկցանքով էր վերաբերվում այն մարդկանց, ում ուրիշները վերևից էին նայում՝ աղքատներին, հիվանդներին, անօգնականներին։ Մտածիր նրա տված գործնական խորհուրդների շուրջ և նկատիր, թե կյանքդ ինչպես է փոխվում դեպի լավը, երբ հետևում ես դրանց (Մատթ. 5։1–11; 7։24–27

12. Հիսուսին լավ ճանաչելը հավանաբար ի՞նչ անելու կմղի քեզ։

12 Սերդ Հիսուսի հանդեպ կմեծանա, եթե խորապես մտածես այն զոհաբերության մասին, որ նա արել է մեղքերիդ ներման համար (Մատթ. 20։28)։ Երբ գիտակցես, որ Հիսուսը հոժար սրտով իր կյանքը տվել է հանուն քեզ, ամենայն հավանականությամբ, կցանկանաս զղջալ արածդ սխալների համար և Աստծուց ներում խնդրել (Գործ. 3։19, 20; 1 Հովհ. 1։9)։ Որքան շատ սիրես Հիսուսին ու Եհովային, այնքան շատ կուզես լինել այն ժողովրդի մեջ, որը սիրում է նրանց։

13. Երկնային Հայրդ քեզ ի՞նչ պարգև է տվել։

13 Սիրիր Եհովայի ընտանիքը։ Այլադավան հարազատներդ ու ընկերներդ գուցե չհասկանան՝ ինչու ես ուզում նվիրվել Եհովային, և նույնիսկ քո դեմ դուրս գան։ Սակայն վստահ եղիր, որ երկնային Հայրդ կօգնի քեզ՝ տալով հոգևոր ջերմ ընտանիք։ Եթե այդ ընտանիքի անդամների հետ մտերիմ լինես, կտեսնես նրանց սերն ու աջակցությունը (Մարկ. 10։29, 30; Եբր. 10։24, 25)։ Հետագայում հարազատներդ, հնարավոր է, նույնպես ցանկանան ապրել Եհովայի օրենքներով ու ծառայել նրան (1 Պետ. 2։12

14. Ինչպե՞ս ես անձամբ համոզվել, որ 1 Հովհաննես 5։3-ում գրված խոսքերը ճշմարիտ են։

14 Սիրիր և պահիր Եհովայի օրենքներն ու սկզբունքները։ Նախքան Աստծուն ճանաչելը դու ինքդ էիր որոշում՝ ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ, բայց հիմա տեսնում ես, որ նրա սկզբունքները ավելի իմաստուն են (Սաղ. 1։1–3; կարդա 1 Հովհաննես 5։3)։ Օրինակ՝ մտորիր այն խորհուրդների շուրջ, որ Եհովան տալիս է ամուսիններին, կանանց, ծնողներին ու երեխաներին (Եփես. 5։22–6։4)։ Դրանց հետևելով՝ մի՞թե ընտանեկան կյանքդ չես բարելավել։ Աստվածային իմաստությամբ ընկերներ ընտրելով՝ մի՞թե ավելի լավ մարդ չես դարձել։ Մի՞թե այժմ ավելի երջանիկ չես (Առակ. 13։20; 1 Կորնթ. 15։33

15. Ի՞նչ կարող ես անել, որ ավելի լավ հասկանաս, թե ինչպես կիրառես աստվածաշնչյան սկզբունքները։

15 Երբեմն գուցե դժվար լինի հասկանալ, թե ինչպես կարելի է կիրառել աստվածաշնչյան այս կամ այն սկզբունքը։ Դրա համար էլ Եհովան իր կազմակերպության միջոցով նյութեր է տրամադրում, որ ավելի լավ ըմբռնես Աստվածաշունչը և ավելի հեշտ կողմնորոշվես, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ (Եբր. 5։13, 14)։ Կարդալով և ուսումնասիրելով այդ նյութերը՝ կտեսնես, որ դրանցում կոնկրետ հարցեր են քննարկվում, և գործնական խորհուրդներ են տրվում։ Արդյունքում թերևս ցանկանաս միանալ Եհովայի կազմակերպությանը։

16. Աստված ինչպե՞ս է կազմակերպել իր ժողովրդին։

16 Սիրիր Եհովայի կազմակերպությունը և թիկունք կանգնիր դրան։ Աստված իր ծառաներին հավաքել է ժողովներում, որոնց վրա որպես գլուխ նշանակել է իր Որդուն (Եփես. 1։22; 5։23)։ Հիսուսն էլ օծյալ եղբայրների մի փոքր խմբի նշանակել է կազմակերպելու իր հանձնարարած աշխատանքը։ Նա այդ խմբին կոչել է «հավատարիմ և իմաստուն ծառա»։ Հավատարիմ ծառան լրջորեն է վերաբերվում իր պարտականությանը, այն է՝ հոգևորապես սնել ու պաշտպանել քեզ (Մատթ. 24։45–47)։ Նա մեկ ուրիշ ձևով էլ է հոգ տանում քո մասին. միջոցներ է ձեռնարկում, որ ժողովում երեցներ լինեն ու հովվեն քեզ (Ես. 32։1, 2; Եբր. 13։17; 1 Պետ. 5։2, 3)։ Երեցները սրտանց ցանկանում են ծախսել իրենց ուժերն ու ժամանակը, որ մխիթարեն քեզ և օգնեն ավելի մտերմանալ Եհովայի հետ։ Նրանք նաև կաջակցեն, որ սովորես մարդկանց պատմել Աստծու մասին։ Դա ամենակարևոր բաներից է, որ նրանք կարող են անել քեզ համար (Եփես. 4։11–13

17. Հռոմեացիներ 10։10, 13, 14 համարների համաձայն՝ ինչո՞ւ պետք է ուրիշներին պատմենք Եհովայի մասին։

17 Օգնիր ուրիշներին, որ նրանք էլ սիրեն Եհովային։ Հիսուսն իր հետևորդներին պատվիրել է մարդկանց սովորեցնել իր Հոր մասին (Մատթ. 28։19, 20)։ Այս հանձնարարությունը ոմանք, հնարավոր է, պարտքի զգացումից կատարեն, բայց երբ սերդ Աստծու հանդեպ խորանա, դու էլ կունենաս այն զգացումը, որ ունեին Պետրոս ու Հովհաննես առաքյալները, ովքեր մի առիթով ասացին. «Մենք չենք կարող չխոսել այն ամենի մասին, ինչ տեսել ենք ու լսել» (Գործ. 4։20)։ Քիչ բան կարող է այնպիսի երջանկություն բերել, ինչպիսին զգում ես, երբ ինչ-որ մեկին օգնում ես մտերմանալ Եհովայի հետ։ Պատկերացրու՝ ինչ մեծ ուրախություն ապրեց Փիլիպոս ավետարանիչը, երբ եթովպացի պաշտոնյային բացատրեց սուրբգրային ճշմարտությունը և օգնեց մկրտվել։ Եթե Փիլիպոսի պես դու էլ հնազանդվես Հիսուսին ու կատարես քարոզելու պատվերը, ակնհայտ կդառնա, որ ուզում ես Եհովայի վկա լինել (կարդա Հռոմեացիներ 10։10, 13, 14)։ Այդ ժամանակ հավանաբար կտաս եթովպացու հնչեցրած հարցը. «Ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ» (Գործ. 8։36

18. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

18 Որոշելով մկրտվել՝ կանես կյանքիդ ամենակարևոր քայլը։ Այդ քայլի կարևորությունը հաշվի առնելով՝ լավ կլինի՝ քննես դրա նշանակությունը։ Ի՞նչ է հարկավոր իմանալ մկրտության մասին։ Ի՞նչ պետք է անես դրանից առաջ ու հետո։ Այս հարցերի պատասխանները կտրվեն հաջորդ հոդվածում։

ԵՐԳ 2 Քո անունը Եհովա է

^ պարբ. 5 Եհովային սիրող որոշ մարդիկ կասկածում են, որ պատրաստ են մկրտվելու և դառնալու նրա Վկաներից մեկը։ Եթե դու էլ այսպիսի կասկածներ ունես, այս հոդվածում կգտնես գործնական առաջարկներ, թե ինչ կարող ես անել, որ հասնես մկրտության։

^ պարբ. 5 Մարդիկ տարբեր են, ուստի հոդվածում տրված խորհուրդները ոմանք գուցե այլ հերթականությամբ կիրառեն։

^ պարբ. 6 Ավելի շատ օրինակներ կգտնես «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» և «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկներում։

^ պարբ. 61 ՆԿԱՐ։ Քույրը թերթիկ է տալիս մի երիտասարդ վաճառողուհու, որին հանդիպել է գնումներ անելիս։