ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 32
Ընդօրինակիր Եհովային՝ եղիր խոհեմ
«Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (ՓԻԼԻՊ. 4։5)։
ԵՐԳ 89 Լսիր, հնազանդվիր և օրհնվիր
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1. Քրիստոնյան ի՞նչ առումով պետք է ծառի նման լինի (տես նաև նկարը)։
«ՃԿՎՈՂ ծառը քամուց չի կոտրվում»։ Այս ասացվածքը ընդգծում է մի կարևոր հատկություն, որի շնորհիվ որոշ ծառեր չեն կոտրվում և շարունակում են փարթամանալ։ Դա ճկվելու ունակությունն է։ Հոգևորապես բարգավաճելու համար քրիստոնյաները նույնպես պետք է ճկունություն դրսևորեն՝ լինեն խոհեմ։ Խոհեմությունը կօգնի, որ հարմարվենք մեր հանգամանքների փոփոխությանը և հարգենք ուրիշների որոշումները։
2. Ո՞ր հատկությունները կօգնեն հարմարվել փոփոխվող հանգամանքներին, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Որպես Եհովայի ծառաներ՝ մենք ձգտում ենք լինել խոհեմ, ինչպես նաև խոնարհ ու կարեկից։ Հոդվածից կիմանանք, թե այս հատկությունները ինչպես են օգնել որոշ քրիստոնյաների հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Կիմանանք նաև, թե այդ հատկությունները ինչպես կարող են օգնել մեզ։ Բայց նախ տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Եհովայից և Հիսուսից, ովքեր խոհեմություն դրսևորելու հարցում կատարյալ օրինակ են։
ԵՀՈՎԱՆ ԵՎ ՀԻՍՈՒՍԸ ԽՈՀԵՄ ԵՆ
3. Ի՞նչն է փաստում, որ Եհովան խոհեմ է։
3 Աստվածաշնչում Եհովան կոչվում է «Վեմ», քանի որ նա հաստատուն է և անսասան (2 Օրենք 32։4)։ Սակայն Եհովան նաև խոհեմ է։ Իրադարձությունների զարգացմանը զուգընթաց նա ճկունություն է դրսևորում, որպեսզի իրականացնի իր նպատակը։ Նա մարդկանց ստեղծել է իր պատկերով՝ փոփոխվող հանգամանքներին հարմարվելու ունակությամբ։ Բացի այդ՝ Աստվածաշնչում նա գրել է տվել սկզբունքներ, որոնք օգնում են մեզ իմաստուն որոշումներ կայացնել՝ անկախ նրանից, թե ինչ դժվարությունների ենք բախվում։ Եհովայի օրինակը, ինչպես նաև նրա տված սկզբունքները փաստում են, որ «Վեմ» լինելով հանդերձ՝ նա նաև խոհեմ է։
4. Բեր օրինակ, թե ինչպես է Եհովան խոհեմություն դրսևորել (Ղևտական 5։7, 11)։
4 Եհովայի վարվելակերպը կատարյալ է, և նա միշտ խոհեմություն է դրսևորում։ Նա կոպտորեն չի վարվում մարդկանց հետ։ Նկատի առնենք, թե Եհովան ինչպես էր խոհեմություն դրսևորում իսրայելացիների հանդեպ։ Օրինակ՝ Ղևտական 5։7, 11 համարներում հիշատակված դեպքերում Եհովան թույլ էր տալիս, որ յուրաքանչյուր իսրայելացի իր հանգամանքներին համապատասխան զոհաբերություն անի (կարդա)։ Նա հարուստներից ու աղքատներից նույն զոհաբերությունը չէր պահանջում։
5. Բեր օրինակ, թե ինչպես է Եհովան խոնարհություն և կարեկցանք դրսևորել։
5 Եհովայի խոնարհությունն ու կարեկցանքը մղում են նրան լինելու խոհեմ։ Օրինակ՝ Եհովայի խոնարհությունն ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր կործանել Սոդոմում ապրող չար մարդկանց։ Հրեշտակի միջոցով Եհովան պատվիրեց արդար Ղովտին փախչել լեռները, բայց վերջինս վախեցավ այնտեղ գնալ։ Նա աղաչեց Եհովային, որ ինքն ու իր ընտանիքը ապաստան գտնեն Սեգոր անունով փոքր քաղաքում, որը նույնպես կործանման էր ենթակա։ Եհովան կարող էր պահանջել, որ Ղովտը խստորեն հետևեր իր հրահանգներին, բայց նա կատարեց իր ծառայի խնդրանքը և արդյունքում փոխեց Սեգոր քաղաքը կործանելու իր մտադրությունը (Ծննդ. 19։18-22)։ Դարեր անց Եհովան կարեկցանք դրսևորեց Նինվեի բնակիչների հանդեպ։ Նա ուղարկեց Հովնան մարգարեին, որ հայտնի այդ քաղաքի և դրա չար բնակիչների վերահաս կործանման մասին։ Բայց երբ նինվեցիները զղջացին, Եհովան խղճաց նրանց և չկործանեց (Հովն. 3։1, 10; 4։10, 11)։
6. Օրինակով ցույց տուր, թե Հիսուսն ինչպես ընդօրինակեց Եհովայի խոհեմությունը։
6 Հիսուսը ընդօրինակում էր Եհովայի խոհեմությունը։ Նա ուղարկվել էր երկիր՝ քարոզելու «Իսրայելի տան կորած ոչխարներին»։ Բայց այդ հանձնարարությունը կատարելիս նա խոհեմություն դրսևորեց։ Օրինակ՝ մի անգամ, երբ ոչ իսրայելացի մի կին աղաչեց նրան բուժել իր աղջկան, ով «դիվահար էր և սաստիկ տանջվում էր», Հիսուսը կարեկցանք դրսևորեց և բուժեց այդ կնոջ աղջկան (Մատթ. 15։21-28)։ Նկատի առնենք մեկ այլ օրինակ։ Մի առիթով Հիսուսն ասել էր. «Ով ինձ ուրանա.... ես էլ նրան կուրանամ» (Մատթ. 10։33)։ Բայց նա չուրացավ Պետրոսին, ով երեք անգամ ուրացել էր իրեն։ Հիսուսը հաշվի առավ Պետրոսի զղջումն ու դրսևորած հավատը։ Հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվեց Պետրոսին և, ամենայն հավանականությամբ, հավաստիացրեց, որ սիրում է նրան և ներել է (Ղուկ. 24։33, 34)։
7. Փիլիպպեցիներ 4։5-ի համաձայն՝ ի՞նչ համբավ պետք է ունենանք։
7 Ինչպես տեսանք, Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը խոհեմ են։ Եհովան ակնկալում է, որ մենք նույնպես խոհեմ լինենք (կարդա Փիլիպպեցիներ 4։5)։ Այս համարը մեկ այլ թարգմանությամբ հետևյալ կերպ է հնչում. «Խոհեմ մարդու համբավ ունեցիր»։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Արդյո՞ք մարդիկ ինձ ճանաչում են որպես խոհեմ, զիջող և հանդուրժող անձնավորություն, թե՞ ավելի շատ հայտնի եմ որպես խիստ, կոպիտ և իրասածի մարդ։ Պնդո՞ւմ եմ, որ ուրիշները վարվեն հենց այնպես, ինչպես որ ես եմ կարծում՝ ճիշտ է, թե՞ լսում եմ մյուսների կարծիքը և հնարավորության դեպքում զիջում»։ Այն, թե ինչ չափով ենք խոհեմություն դրսևորում, ցույց է տալիս, թե որքանով ենք ընդօրինակում Եհովային և Հիսուսին։ Եկեք քննենք երկու իրավիճակ, երբ անհրաժեշտ է խոհեմություն դրսևորել՝ 1) երբ փոխվում են մեր հանգամանքները, և 2) երբ մեր և ուրիշների տեսակետներն ու որոշումները տարբերվում են։
ԵՂԻՐ ԽՈՀԵՄ, ԵՐԲ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԴ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ
8. Ի՞նչը կօգնի մեզ խոհեմ լինել, երբ մեր հանգամանքները փոխվում են (տես նաև ծանոթագրությունը)։
8 Խոհեմ մարդը ճկունություն է դրսևորում, երբ իր հանգամանքները փոխվում են։ Նման փոփոխությունները կարող են անսպասելի դժվարություններ ստեղծել մեզ համար, օրինակ, հնարավոր է՝ մեր առողջությունը հանկարծակի վատանա կամ էլ մեր երկրի տնտեսական ու քաղաքական վիճակի պատճառով մեր կյանքը տակնուվրա լինի (Ժող. 9։11; 1 Կորնթ. 7։31)։ Մեզ համար փորձություն կարող է լինել նաև աստվածապետական նշանակման փոփոխությունը։ Անկախ դժվարություններից՝ մենք կարող ենք հարմարվել նոր հանգամանքներին, եթե ձեռնարկենք հետևյալ չորս քայլերը. 1) ընդունենք իրականությունը, 2) առաջ նայենք, 3) կենտրոնանանք դրականի վրա և 4) օգնենք ուրիշներին։ b Տեսնենք, թե մեր եղբայրներից ու քույրերից ոմանք ինչ օգուտներ են քաղել՝ հետևելով այս քայլերին։
9. Մի միսիոներ զույգ ինչպե՞ս կարողացավ դիմանալ անսպասելի փորձություններին։
9 Ընդունիր իրականությունը։ Էմանուելն ու Ֆրանչեսկան միսիոներ էին նշանակվել մի երկրում։ Այս ամուսինները նոր էին սկսել սովորել տեղի լեզուն և հարմարվել ժողովին, երբ բռնկվեց COVID-19 համավարակը, ու նրանք ստիպված եղան մեկուսանալ։ Հետո անսպասելի մահացավ Ֆրանչեսկայի մայրը։ Ֆրանչեսկան շատ էր ուզում լինել իր ընտանիքի կողքին, բայց համավարակի պատճառով չկարողացավ վերադառնալ տուն։ Նրան ինչպե՞ս հաջողվեց դիմանալ այդ դժվարություններին։ Նախ՝ Էմանուելն ու Ֆրանչեսկան միասին աղոթում էին և իմաստություն խնդրում Աստծուց, որ ամեն օր կարողանային հաղթահարել տվյալ օրվա դժվարությունները։ Եհովան պատասխանում էր նրանց աղոթքներին ժամանակահարմար հոգևոր սննդի միջոցով։ Օրինակ՝ նրանք քաջալերվեցին մի տեսանյութից, որում մի եղբայր հետևյալն էր ասում. «Որքան արագ ընդունենք նոր հանգամանքները, այնքան արագ կվերագտնենք մեր ուրախությունը և կկարողանանք նոր հանգամանքներում մեր լավագույնն անել»։ c Բացի այդ՝ նրանք որոշեցին հմտանալ հեռախոսով վկայություն տալու հարցում և նույնիսկ սկսեցին մի անհատի Աստվածաշունչ ուսուցանել։ Նրանք նաև թույլ էին տալիս, որ տեղի եղբայրներն ու քույրերը աջակցեն իրենց, և երախտապարտ էին նրանց դրսևորած սիրո համար։ Մի հոգատար քույր մեկ տարի շարունակ ամեն օր կարճ հաղորդագրություն էր ուղարկում նրանց աստվածաշնչյան որևէ համարով։ Եթե մենք էլ ընդունենք մեր նոր հանգամանքները, ուրախություն կգտնենք այն ամենում, ինչ կարողանում ենք անել։
10. Ինչպե՞ս մի քույր հարմարվեց նոր հանգամանքներին։
10 Առաջ նայիր և կենտրոնացիր դրականի վրա։ Քրիստինա անունով մի ռումինացի քույր, ով ապրում է Ճապոնիայում, վհատվեց՝ իմանալով, որ իրենց անգլիախոս ժողովը լուծարվում է։ Դրա մասին շարունակ մտածելու փոխարեն քույրը որոշեց գնալ տեղի ճապոնախոս ժողով և իր լավագույնն անել այդ դաշտում։ Նա իր նախկին աշխատակցուհուն խնդրեց, որ օգնի իրեն բարելավել ճապոներենի իր իմացությունը։ Այդ կինը համաձայնվեց Աստվածաշնչի և «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկի միջոցով Քրիստինային ճապոներեն սովորեցնել։ Արդյունքում Քրիստինան սկսեց ավելի լավ խոսել ճապոներեն, իսկ այդ կինը հետաքրքրվեց ճշմարտությամբ։ Երբ առաջ ենք նայում և կենտրոնանում դրականի վրա, չնախատեսված փոփոխությունները կարող են անսպասելի օրհնություններ բերել։
11. Մի ամուսնական զույգ ինչպե՞ս հաղթահարեց տնտեսական խնդիրները։
11 Օգնիր մյուսներին։ Մի երկրում, որտեղ մեր գործունեությունը արգելված է, տնտեսական ճգնաժամի պատճառով մի Վկա զույգ զրկվեց կայուն եկամտից։ Ինչպե՞ս նրանք հարմարվեցին այդ իրավիճակին։ Նախ՝ նրանք կրճատեցին իրենց ծախսերը։ Բացի այդ՝ իրենց խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն որոշեցին օգնել ուրիշներին՝ ակտիվորեն մասնակցելով քարոզչական գործին (Գործ. 20։35)։ Ամուսինն ասում է. «Երբ զբաղված ես քարոզչական գործով, ավելի քիչ ժամանակ ես ունենում մտածելու բացասական բաների մասին և ավելի շատ ժամանակ՝ Աստծու կամքը կատարելու համար»։ Երբ մեր հանգամանքները փոխվում են, մենք պետք է հիշենք, թե որքան կարևոր է, որ շարունակենք օգնել ուրիշներին՝ հատկապես քարոզչական գործին մասնակցելով։
12. Պողոս առաքյալի օրինակը ինչպե՞ս կարող է օգնել մեզ ճկուն լինել մեր ծառայության մեջ։
12 Մենք պետք է ճկունություն դրսևորենք նաև մեր ծառայության մեջ. չէ՞ որ հանդիպում ենք տարբեր հավատալիքներ, մտածելակերպ և ծագում ունեցող մարդկանց։ Ճկունություն դրսևորելու և հարմարվող լինելու հարցում հիանալի օրինակ է Պողոս առաքյալը։ Հիսուսը նրան նշանակեց որպես «առաքյալ.... ազգերի համար» (Հռոմ. 11։13)։ Դրանից հետո Պողոսը քարոզում էր հրեաներին, հույներին, կրթված մարդկանց, հասարակ ժողովրդին, բարձրաստիճան պաշտոնյաներին և թագավորներին։ Այս լայն լսարանի սրտին հասնելու համար Պողոսը «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղավ» (1 Կորնթ. 9։19-23)։ Նա ուշադրություն էր դարձնում, թե իրեն լսող մարդիկ ինչ մշակույթից էին և ինչ ծագում ու հավատալիքներ ունեին, և հարմարեցնում էր իր մոտեցումը նրանց կարիքներին։ Մենք նույնպես կարող ենք ավելի արդյունավետորեն կատարել մեր ծառայությունը, եթե ճկուն լինենք և յուրաքանչյուր անհատի համապատասխան մոտեցում ցուցաբերենք։
ՀԱՐԳԻՐ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏԸ
13. Ըստ 1 Կորնթացիներ 8։9-ի՝ ո՞ր վտանգից կարող ենք խուսափել, եթե հարգենք ուրիշների տեսակետը։
13 Խոհեմությունը նաև օգնում է մեզ հարգել ուրիշների տեսակետը։ Օրինակ՝ մեր քույրերից ոմանք նախընտրում են շպարվել, իսկ մյուսները՝ ոչ։ Որոշ քրիստոնյաներ սիրում են չափի մեջ ալկոհոլ օգտագործել, իսկ մյուսները որոշել են հեռու մնալ դրանից։ Բոլորս էլ ուզում ենք առողջ լինել, բայց մեր առողջության պահպանման համար տարբեր բուժմեթոդներ ենք ընտրում։ Եթե մտածենք, որ մեր տեսակետը միշտ ճիշտ է, և փորձենք այն պարտադրել մեր հավատակիցներին, գուցե գայթակղության և բաժանումների պատճառ դառնանք։ Ինչ խոսք, մենք երբեք չենք ցանկանա նման բան անել (կարդա 1 Կորնթացիներ 8։9; 10։23, 24)։ Եկեք երկու օրինակի միջոցով տեսնենք, թե աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով՝ ինչպես կարող ենք հավասարակշռված լինել և խաղաղություն պահպանել։
14. Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքներով պետք է առաջնորդվենք հագուստի և հարդարանքի հարցում։
14 Հագուստ և հարդարանք։ Հագուկապի հետ կապված խիստ կանոններ սահմանելու փոխարեն Եհովան մեզ սկզբունքներ է տվել։ Մենք պետք է Աստծու ծառաներին վայել կերպով հագնվենք՝ դրսևորելով խոհեմություն, համեստություն և «ողջամտություն» (1 Տիմոթ. 2։9, 10; 1 Պետ. 3։3)։ Ուստի այնպես չենք հագնվում, որ անհարկի ուշադրություն հրավիրենք մեզ վրա։ Իսկ երեցները, առաջնորդվելով աստվածաշնչյան սկզբունքներով, կանոններ չեն սահմանում հագուստի և հարդարանքի հարցում։ Օրինակ՝ ժողովներից մեկում երեցները ցանկանում էին օգնել որոշ երիտասարդ եղբայրների, ովքեր մի տարածված սանրվածք ունեին, որը թեև կարճ էր, բայց բոլորովին անխնամ։ Երեցները ինչպե՞ս կարող էին օգնել այդ եղբայրներին՝ առանց կանոններ սահմանելու։ Շրջանային վերակացուն նրանց խորհուրդ տվեց եղբայրներին հետևյալն ասել. «Երբ բեմի վրա եք, և լսարանի ուշադրությունը ավելի շատ կենտրոնանում է ոչ թե ձեր ասելիքի վրա, այլ ձեր արտաքին տեսքի, ուրեմն հագուստի և հարդարանքի հարցում խնդիր ունեք»։ Այս պարզ առաջարկի շնորհիվ խնդիրը լուծվեց՝ առանց կանոններ սահմանելու։ d
15. Աստվածաշնչյան ո՞ր օրենքներով և սկզբունքներով պետք է առաջնորդվենք բուժմեթոդներ ընտրելիս (Հռոմեացիներ 14։5)։
15 Առողջություն։ Յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշի, թե ինչպես հոգա իր առողջության մասին (Գաղ. 6։5)։ Աստվածաշնչի օրենքներից ընդամենը մի քանիսն են, որոնք պետք է ազդեն բուժմեթոդներ ընտրելու քրիստոնյայի որոշման վրա։ Այդ օրենքներից են արյունից և ոգեհարցությունից հեռու մնալը (Գործ. 15։20; Գաղ. 5։19, 20)։ Մնացածը անձնական ընտրության հարց է։ Ոմանք նախընտրում են բուժում ստանալու համար բացառապես բուժհաստատություններ դիմել, մինչդեռ մյուսները այլընտրանքային բուժմեթոդներ են ընտրում։ Նույնիսկ եթե համոզված ենք որևէ բուժմեթոդի արդյունավետ լինելու կամ չլինելու մեջ, մենք պետք է հարգենք մեր եղբայրների ու քույրերի որոշում կայացնելու իրավունքը։ Այս առնչությամբ հարկավոր է ի մտի ունենալ հետևյալը՝ 1) միայն Աստծու Թագավորության ներքո լիարժեք և մնայուն բուժում կստանանք (Ես. 33։24), 2) յուրաքանչյուր քրիստոնյա պետք է «լիովին համոզված լինի», թե ինչն է լավագույնը իր համար (կարդա Հռոմեացիներ 14։5), 3) մենք չենք դատում ուրիշներին և գայթակղության քար չենք դնում նրանց առաջ (Հռոմ. 14։13), և 4) քրիստոնյաները սեր են դրսևորում և ընտրություն անելու իրենց ազատությունը ժողովի միասնությունից վեր չեն դասում (Հռոմ. 14։15, 19, 20)։ Եթե միշտ հիշենք վերոնշյալ չորս մտքերը, մտերիմ փոխհարաբերություններ կունենանք մեր եղբայրների ու քույրերի հետ և կնպաստենք ժողովի խաղաղությանը։
16. Երեցները ինչպե՞ս կարող են խոհեմություն դրսևորել (տես նաև նկարը)։
16 Խոհեմ լինելու հարցում երեցները պետք է լավ օրինակ լինեն (1 Տիմոթ. 3։2, 3)։ Օրինակ՝ երեցը չպետք է ակնկալի, որ իր առաջարկները միշտ կընդունվեն միայն այն պատճառով, որ ինքը մյուս երեցներից տարիքով ավելի մեծ է։ Նա գիտակցում է, որ Եհովայի ոգին կարող է գործել ցանկացած երեցի միջոցով, որպեսզի վերջինս այնպիսի միտք արտահայտի, որի շնորհիվ երեցների խորհուրդը իմաստուն որոշում կկայացնի։ Եվ եթե աստվածաշնչյան որևէ սկզբունք չի ոտնահարվում, խոհեմ երեցները պատրաստակամորեն թիկունք են կանգնում երեցների խորհրդի մեծամասնության կայացրած որոշմանը, անգամ եթե նրանք տվյալ հարցի հետ կապված այլ տեսակետ ունեն։
ԽՈՀԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ
17. Խոհեմություն դրսևորելով՝ ի՞նչ օրհնություններ ենք վայելում։
17 Խոհեմ լինելը բազմաթիվ օրհնություններ է բերում։ Մենք ավելի լավ փոխհարաբերություններ ենք վայելում մեր եղբայրների ու քույրերի հետ, և ժողովում խաղաղություն է տիրում։ Լինելով Եհովայի միասնական ժողովրդի մի մասը՝ մենք օրհնություն ենք համարում նաև Եհովայի ծառաների խառնվածքների և մշակույթների բազմազանությունը։ Բայց ամենակարևորն այն է, որ մենք բավականություն ենք ստանում այն բանի գիտակցումից, որ ընդօրինակում ենք մեր խոհեմ Աստծուն՝ Եհովային։
ԵՐԳ 90 Քաջալերենք միմյանց
a Եհովան ու Հիսուսը խոհեմ են և ուզում են, որ մենք էլ խոհեմ լինենք։ Խոհեմությունը կօգնի, որ հեշտությամբ հարմարվենք փոփոխվող հանգամանքներին, օրինակ, երբ մեր առողջությունը վատանում է, կամ ֆինանսական խնդիրներ ենք ունենում։ Այն նաև կօգնի, որ նպաստենք ժողովի խաղաղությանն ու միասնությանը։
b Տես «Ինչպես հարմարվել փոփոխություններին» հոդվածը 2016 թ. № 4 «Արթնացե՛ք»-ում։
c Տեսանյութը դիտելու համար jw.org կայքի որոնման դաշտում գրիր «Հարցազրույց՝ եղբայր Դմիտրի Միխայլովի հետ»։
d Հագուստի և հարդարանքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող ես գտնել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 52-րդ դասում։