ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մենք «թանկարժեք մարգարիտ» գտանք
ՈՒԻՆՍԹՈՆ և Փամելա (Փեմ) Փեյները ծառայում են Եհովայի վկաների՝ Ավստրալասիայի մասնաճյուղում։ Այս երջանիկ զույգի անցած ուղին միշտ չէ, որ հարթ է եղել։ Նրանց կյանքում ուրախությունների հետ մեկտեղ եղել են նաև ցավալի իրադարձություններ։ Օրինակ՝ Ուինսթոնն ու Փամելան զգացել են, թե ինչ մեծ ցավ է պատճառում դեռևս չծնված երեխայի կորուստը։ Նրանք նաև հաղթահարել են զանազան դժվարություններ, օրինակ՝ հարմարվել են տարբեր մշակույթների։ Չնայած այդ ամենին՝ այս զույգը երբեք չի դադարել սիրել Եհովային ու նրա ժողովրդին և միշտ ուրախություն է ստացել իր ծառայությունից։ Մենք նրանց խնդրել ենք մի փոքր պատմել իրենց մասին։
— Ուի՛նսթոն, կպատմե՞ս, թե երբ ես սկսել փնտրել Աստծուն։
— Նախ ասեմ, որ ծնվել եմ ոչ կրոնասեր ընտանիքում։ Մանկությունս անցել է Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի ագարակներից մեկում։ Այն աշխարհից կտրված էր, ուստի հազվադեպ էր լինում, որ ընտանիքիս անդամներից բացի ինչ-որ մեկի հետ շփվեի։ Մոտ 12 տարեկանից սկսեցի փնտրել Աստծուն։ Ես աղոթեցի նրան ու խնդրեցի, որ օգնի իմանալ ճշմարտությունը իր մասին։ Ի վերջո լքեցի մեր ագարակը և աշխատանք գտա Հարավային Ավստրալիա նահանգի Ադելաիդա քաղաքում։ Իսկ 21 տարեկանում, երբ Սիդնեյում անցկացնում էի արձակուրդս, ծանոթացա Փեմի հետ։ Նա ինձ պատմեց կրոնական մի ուղղության մասին, որի հետևորդները պնդում էին, թե բրիտանացիները սերել են Իսրայելի այսպես կոչված կորուսյալ ցեղերից՝ այն տասը ցեղերից, որոնցից կազմված էր Իսրայելի հյուսիսային թագավորությունը, և որոնք մ. թ. ա. ութերորդ դարում գերեվարվեցին։ Երբ վերադարձա Ադելաիդա, այդ մասին հարցուփորձ արեցի աշխատակիցներիցս մեկին, որը սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Մեր զրույցի ընթացքում հիմնականում խոսեցինք Վկաների հավատալիքների մասին։ Ու չնայած որ այդ զրույցը ընդամենը մի քանի ժամ տևեց, ես հասկացա, որ դա մանկությանս տարիներին իմ արած աղոթքի պատասխանն էր։ Ես «թանկարժեք մարգարիտ» գտա՝ ճշմարտությունն իմացա իմ Արարչի ու նրա Թագավորության մասին (Մատթ. 13։45, 46)։
— Փե՛մ, մեզ հայտնի է, որ դու նույնպես փոքր հասակից փնտրել ես այդ մարգարիտը։ Ինչպե՞ս գտար այն։
— Ի տարբերություն Ուինսթոնի՝ ես կրոնասեր ընտանիքում եմ ծնվել։ Մենք ապրում էինք Նոր Հարավային Ուելսի Քոֆս Հարբոր քաղաքում։ Ծնողներս, տատիկս ու պապիկս հարում էին բրիտանական իսրայելիզմ կոչվող կրոնական ուղղությանը։ Ինձ, փոքր
եղբորս, մեծ քրոջս, ինչպես նաև զարմիկներիս մանկուց սովորեցրել էին, թե բրիտանական ծագում ունեցող մարդիկ են վայելում Աստծու հավանությունը։ Սակայն ես համոզված չէի դրանում և հոգևոր քաղց էի զգում։ Երբ 14 տարեկան էի, սկսեցի այցելել տարբեր եկեղեցիներ՝ անգլիկան, բապտիստական, ադվենտիստական, բայց հոգևոր քաղցս այդպես էլ չբավարարվեց։Հետագայում մեր ընտանիքը տեղափոխվեց Սիդնեյ, որտեղ էլ ծանոթացա Ուինսթոնի հետ։ Ինչպես նա ասաց, կրոնի վերաբերյալ մեր զրույցները ի վերջո հանգեցրին այն բանին, որ նա սկսեց Վկաների օգնությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Դրանից հետո ինձ ուղղված նրա նամակները լի էին սուրբգրային համարներով։ Պետք է խոստովանեմ, որ սկզբում դա ինձ շատ անհանգստացրեց, նույնիսկ նեղսրտեցի։ Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այն, ինչ գրում էր Ուինսթոնը, ճշմարտություն է։
1962 թ.-ին տեղափոխվեցի Ադելաիդա, որ ավելի մոտ լինեմ Ուինսթոնին։ Նա հոգ էր տարել, որ ապրեի մի Վկա զույգի՝ Թոմաս և Ջենիս Սլոմանների տանը։ Նրանք Պապուա Նոր Գվինեայում միսիոներ էին եղել։ Սլոմանները արտասովոր բարություն ցուցաբերեցին իմ հանդեպ և հոգևորապես շատ օգնեցին ինձ։ Ես 18 տարեկան էի, երբ սկսեցի ուսումնասիրել Աստծու Խոսքը։ Շուտով վերջնականապես համոզվեցի, որ գտել եմ ճշմարտությունը։ Երբ ես և Ուինսթոնն ամուսնացանք, անմիջապես լիաժամ ծառայություն սկսեցինք։ Ու չնայած դժվարություններին՝ մեր ծառայությունը շատ օրհնություններ բերեց մեզ, և դրանք ավելի խորացրին մեր գնահատանքը այն թանկարժեք մարգարտի համար, որ գտել էինք։
— Ուի՛նսթոն, մի փոքր պատմիր քո ծառայության վաղ տարիների մասին։
— Մեր ամուսնությունից շատ չանցած՝ Եհովան մեր առջև բացեց հոգևոր «գործունեության լայն դռներից» առաջինը (1 Կորնթ. 16։9)։ Ջեք Փորթերը, որն ինձ հետ ծառայում է Ավստրալասիայի մասնաճյուղի կոմիտեում, այն ժամանակ մեր շրջանային վերակացուն էր։ Երբ նա և իր կինը՝ Ռոսլինը, այցելեցին մեր փոքր ժողով, մեզ քաջալերեցին, որ ռահվիրա դառնանք։ Մենք պատիվ ունեցանք հինգ տարի կատարելու այդ ծառայությունը։ Իսկ երբ ես 29 տարեկան էի, ինձ ու Փեմին խնդրեցին շրջանային ծառայություն սկսել Խաղաղ օվկիանոսի հարավային մասի կղզիներում, որոնք այդ ժամանակ Ֆիջիի մասնաճյուղի վերահսկողության տակ անցան։ Մեր տարածքի մեջ էին մտնում Ամերիկյան Սամոան, Թուվալուն, Կիրիբատին, Նաուրուն, Նիուեն, Սամոան, Վանուատուն, Տոկելաուն և Տոնգան։
Այն ժամանակներում որոշ մեկուսի կղզիներում բնակվող մարդիկ կասկածամտությամբ էին վերաբերվում Եհովայի վկաներին, ուստի մենք պետք է խոհեմ ու շրջահայաց լինեինք (Մատթ. 10։16)։ Ժողովները փոքր էին, և պատահում էր, որ նրանք չէին կարողանում մեզ կացարան տրամադրել։ Ուստի տեղի գյուղացիներին խնդրում էինք, որ իրենց հետ մնանք, նրանք էլ միշտ բարությամբ էին վերաբերվում մեզ։
— Ուի՛նսթոն, գիտեմ, որ թարգմանչական գործը ձեզ շատ է հետաքրքրում։ Կհիշե՞ս, թե այդ հետաքրքրությունը երբ արթնացավ ձեր մեջ։
— Տոնգայում ծառայելիս իմացանք, որ այնտեղ մեր հավատակիցները իրենց լեզվով միայն մի քանի թերթիկներ ու գրքույկներ ունեն։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը նրանք անցկացնում էին «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» ձեռնարկի անգլերեն օրինակով։ Ուստի մի անգամ՝ երեցների դպրոցի դասընթացի ժամանակ, որը չորս շաբաթ էր տևում, տեղի երեցներից երեքը համաձայնվեցին այդ գիրքը թարգմանել տոնգա լեզվով, չնայած որ այնքան էլ լավ չէին տիրապետում անգլերենին։ Հետո Փեմը մեքենագրեց ձեռագիրը, և մենք այն ուղարկեցինք Միացյալ Նահանգների մասնաճյուղ՝ տպագրության։ Ողջ նախագիծը ութ շաբաթ տևեց։ Թեև այդ հրատարակության թարգմանության որակը, մեղմ ասած, այն չէր, սակայն տոնգա լեզվով խոսող բազմաթիվ մարդիկ ճշմարտությունը հենց դրա միջոցով են սովորել։ Ես ու Փեմը թարգմանիչներ չենք, բայց այդ դեպքը մեր մեջ հետաքրքրություն արթնացրեց թարգմանչական գործի հանդեպ։
— Փե՛մ, կղզային կյանքը շա՞տ է տարբերվում Ավստրալիայում ապրելուց։
— Այո՛, շատ։ Իհարկե, ամեն տարածք իր ուրույն դժվարություններն ուներ, բայց եթե ընդհանրացնեմ, մենք ստիպված էինք լինում հարմարվել սարսափելի շոգին, խոնավությանը, հիվանդություններին, մոծակների ամպերին ու առնետների առկայությանը, երբեմն էլ բավարար ուտելիք չէինք ունենում։ Բայց մյուս կողմից՝ ամեն երեկո մենք պարգևատրվում էինք հրաշք տեսարաններով. մեր ֆալեից՝ պոլինեզիական տնից, որը ծղոտե տանիքով,
առանց պատերի կառույց էր, երևում էր անծայրածիր Խաղաղ օվկիանոսը, որն իր մեղմ ալիքներով մեր երեկոները հանդարտությամբ էր լցնում։ Իսկ արծաթափայլ գիշերներին լուսնի շողերը, արտացոլվելով օվկիանոսի հայելու մեջ, նրբագեղորեն ուրվագծում էին կոկոսյան արմավենիների սլացիկ իրանները։ Այդ թանկ պահերը մղում էին մեզ խորհրդածել Արարչի մասին և աղոթել, ինչի շնորհիվ ձերբազատվում էինք բացասական մտքերից։Մեզ հատկապես դուր էին գալիս այնտեղի երեխաները։ Նրանք շատ զվարճալի էին։ Երբ տեսնում էին մեզ՝ սպիտակ օտարերկրացիներիս, երկուսիս էլ հետաքրքրությամբ զննում էին։ Մի անգամ, երբ այցելել էինք Նիուե, մի փոքրիկ տղա ձեռք տվեց Ուինսթոնի մազոտ թևերին ու ասաց. «Ի՜նչ լավն են բմբուլներդ»։ Ակնհայտ էր, որ նա երբեք այդպիսի մազոտ ձեռքեր չէր տեսել, դրա համար էլ չգիտեր՝ ինչպես նկարագրեր դրանք։
Մեր սիրտը ցավում էր, երբ տեսնում էինք, թե այնտեղի մարդկանցից շատերը ինչ աղքատ պայմաններում են ապրում։ Ճիշտ է, նրանց շուրջը դրախտային բնություն է, բայց նրանց կյանքը հեռու է դրախտային լինելուց։ Այդ կղզիներում մարդիկ նորմալ բուժսպասարկում չեն ստանում և խմելու ջրի շատ քիչ պաշարներ ունեն։ Բայց չնայած այդ ամենին՝ այնտեղի մեր հավատակիցները հոգսաշատ չեն թվում։ Նրանք սովոր են կյանքի այդ պայմաններին։ Մեր եղբայրներն ու քույրերը ուրախ են, որ շրջապատված են իրենց հարազատներով, որ երկրպագության վայր ունեն և կարողանում են փառաբանել Եհովային։ Նրանց օրինակը մեզ սովորեցրել է կենտրոնանալ ամենակարևոր բաների վրա և պարզ կյանքով ապրել։
— Փե՛մ, երբեմն դու ստիպված ես եղել քեզ համար լիովին նոր պայմաններում ջուր կրել և ուտելիք պատրաստել։ Ինչպե՞ս ես կարողացել դա անել։
— Ես դրա համար հայրիկիս եմ պարտական։ Նա այնքան օգտակար բաներ է սովորեցրել ինձ, օրինակ՝ ինչպես կրակ վառել և վրան ուտելիք պատրաստել կամ ինչպես սակավ միջոցներով գոյատևել։ Մի անգամ Կիրիբատի կատարած այցելության ժամանակ մենք ապրում էինք մի փոքր հյուղակում, որի հատակը կորալով էր ծածկված, պատերը բամբուկից էին, իսկ տանիքը՝ ծղոտից։ Ուտելիք պատրաստելու համար ես հատակի մեջ փոս փորեցի և մեջը կրակ վառեցի՝ որպես վառելիք օգտագործելով կոկոսի կեղևներ։ Իսկ ջրի համար գնացի ջրհորի մոտ և տեղացի կանանց հետ հերթ կանգնեցի։ Ջուր հանելու համար նրանք մոտ երկումետրանոց ձող էին օգտագործում, որի ծայրին մի բարակ պարան էր կապված։ Դա ձկնորսական կարթի պես մի բան էր, բայց կեռիկի փոխարեն՝ պարանի ծայրին մի թիթեղյա աման էր ամրացված։ Կանայք այդ հարմարանքը իջեցնում էին ջրհորը և, որպեսզի ամանը թեքվեր ու ջրով լցվեր, ճիշտ պահին ձեռքի կտրուկ շարժում էին անում։ Կարծում էի՝ դա հեշտ է, մինչև ինքս չփորձեցի։ Երբ հասավ իմ հերթը, մի քանի անգամ փորձեցի ջուր հանել, բայց ամանը պարզապես զարկվում էր ջրին և մնում դրա վրա։ Երբ բոլորը մի կուշտ ծիծաղեցին, կանանցից մեկը իր օգնությունն առաջարկեց։ Տեղաբնիկները միշտ բարի էին և օգնելու պատրաստ։
— Դուք երկուսդ էլ ժամանակի ընթացքում շատ սիրեցիք ձեր ծառայությունը կղզիներում։ Այդ օրերից ի՞նչ վառ հիշողություններ ունեք։
Ուինսթոն — Մեզնից մի փոքր ժամանակ պահանջվեց, որ ծանոթանանք որոշ սովորույթների։ Օրինակ՝ պարզվեց, որ երբ եղբայրները մեզ հյուրասիրում էին, մեր առաջ դնում էին ամեն բան, ինչ ունեին։ Սկզբում մենք չգիտեինք, որ պետք է նրանց էլ ուտելիք թողնենք, ուստի ուտում էինք այն ամենը, ինչ դնում էին մեր առաջ։ Բայց, իհարկե, երբ իմացանք՝ ինչն ինչոց է, էլ այդպես չարեցինք։ Չնայած մեր կոպիտ սխալներին՝ եղբայրները ըմբռնումով էին մոտենում մեզ։ Եվ երբ գրեթե վեց ամիսը մեկ այցելում էինք նրանց, մեծ ոգևորությամբ ընդունում էին մեզ։ Մենք այն ժամանակներում նրանց տեսած միակ Վկաներն էինք, որ իրենց կղզուց չէինք։
Մեր այցելությունները նաև շրջապատի մարդկանց համար էին լավ վկայություն լինում։ Շատ գյուղացիներ կարծում էին, թե այնտեղի մեր եղբայրները իրենք իրենց համար կրոն են հորինել։ Ուստի երբ տեսնում էին, որ նույն կրոնը դավանող երկու օտարերկրացի այցելում են տեղի եղբայրներին, հասկանում էին, որ սա հնարովի բան չէ, այլ իրական կազմակերպություն է, որը հոգ է տանում իր անդամների մասին։ Դա տպավորում էր նրանց։
Փեմ — Իմ ամենաթանկ հիշողություններից մեկը Կիրիբատիի հետ է կապված։ Այնտեղի ժողովը կազմված էր ընդամենը մի քանի եղբայրներից ու քույրերից։ Այդ ժողովի միակ երեցը՝ Սինիկայ Մատերան, իր կարողացածի չափով ամեն բան անում էր, որ հոգ տաներ մեր մասին։ Մի օր էլ, հիշում եմ, նա, զամբյուղը ձեռքին, եկավ մեզ մոտ։ Դրա մեջ միայն մեկ
ձու էր դրված։ «Սա ձեզ»,— ասաց նա։ Հավի ձուն այդ ժամանակներում շատ դժվար ճարվող բան էր։ Այդ փոքր, բայց մեծահոգի արարքը անչափ հուզեց մեր սիրտը։— Փե՛մ, տեղյակ ենք, որ դու վիժման հետևանքով երեխա ես կորցրել։ Ինչպե՞ս ես դիմացել այդ ցավին։
— 1973 թ.-ին հղիացա։ Այդ ժամանակ մենք Խաղաղ օվկիանոսի հարավային շրջաններում էինք։ Ուստի որոշեցինք վերադառնալ Ավստրալիա, որտեղ էլ չորս ամիս անց կորցրինք մեր երեխային։ Ինչպես ես, այնպես էլ Ուինսթոնը շատ ծանր տարանք այդ կորուստը։ Ժամանակի ընթացքում սրտիս ցավը մեղմացավ, բայց ամբողջովին չանցավ, մինչև որ ստացանք «Դիտարանի» 2009 թ. ապրիլի 15-ի թողարկումը։ «Ընթերցողների հարցերը» խորագրում հետևյալ հարցն էր քննարկվում. «Եթե երեխան մահանում է մոր արգանդում, արդյոք նա հարություն կառնի՞»։ Հոդվածը հավաստիացնում էր, որ նման դեպքերում Եհովան է որոշելու ինչ անել, իսկ նա միշտ անում է այն, ինչ ճիշտ է։ Մի բան հաստատ է. նա կբուժի այն բոլոր վերքերը, որ կյանքը այս չար աշխարհում հասցրել է մեզ։ Եհովան իր Որդուն իշխանություն է տվել, որ «Բանսարկուի գործերը քանդի» (1 Հովհ. 3։8)։ Այդ հոդվածից հետո մենք ավելի շատ գնահատեցինք այն «թանկարժեք մարգարիտը», որ ձեռք ենք բերել՝ դառնալով Եհովայի ժողովրդի մի մասնիկը։ Ի՞նչ էինք անելու առանց Թագավորության հույսի։
Մեր երեխային կորցնելուց հետո կրկին լիաժամ ծառայություն սկսեցինք։ Մի քանի ամիս Ավստրալիայի Բեթելում ծառայեցինք, ապա նորից շրջանային ծառայության անցանք։ Չորս տարի այցելեցինք Նոր Հարավային Ուելսի գյուղական տարածքների և Սիդնեյի ժողովները։ Իսկ 1981 թ.-ին հրավիրվեցինք Ավստրալիայի մասնաճյուղ, ինչպես նախկինում այն կոչվում էր։ Եվ ահա մինչ օրս շարունակում ենք այդ ծառայությունը։
— Ուի՛նսթոն, Խաղաղօվկիանոսյան կղզիներում ծառայելու փորձը օգնե՞լ է քեզ ներկայիս աշխատանքում, որ անում ես որպես Ավստրալասիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ։
— Իհա՛րկե, այն էլ ոչ մեկ անգամ։ Բանն այն է, որ Ավստրալիայի մասնաճյուղին խնդրեցին հոգ տանել Սամոայի և Ամերիկյան Սամոայի մասին։ Ապա Նոր Զելանդիայի մասնաճյուղը միացավ Ավստրալիայի մասնաճյուղին։ Այժմ Ավստրալասիայի մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող տարածքը ներառում է Ավստրալիան, Սամոան, Ամերիկյան Սամոան, Կուկի կղզիները, Նոր Զելանդիան, Նիուեն, Թիմոր Լեստեն, Տոկելաուն և Տոնգան։ Ես պատիվ եմ ունեցել դրանցից շատերն այցելելու որպես մասնաճյուղի ներկայացուցիչ։ Այդ կղզիների թանկագին եղբայրների ու քույրերի հետ համագործակցելու փորձը ինձ շատ է օգնում այժմ, երբ մասնաճյուղից եմ ծառայում նրանց։
Վերջում կասեմ հետևյալը. ես ու Փեմը մեր անձնական փորձից գիտենք, որ միայն մեծահասակները չեն, որ փնտրում են Աստծուն։ Պատանիների մեջ էլ քիչ չեն նրանք, ովքեր ուզում են գտնել ճշմարտության «թանկարժեք մարգարիտը», նույնիսկ եթե նրանց ընտանիքի մյուս անդամները չեն հասկանում դրա արժեքը (2 Թագ. 5։2, 3; 2 Տար. 34։1–3)։ Համոզված եղեք, որ Եհովան, սիրառատ Հայր լինելով, շատ է ուզում, որ բոլորը՝ ինչպես մեծահասակները, այնպես էլ երիտասարդները, հավիտենական կյանք ստանան։
Ավելի քան 50 տարի առաջ, երբ ես ու Փեմը սկսեցինք փնտրել Աստծուն, չէինք էլ պատկերացնում, թե այդ որոնումները մեզ ուր կտանեն։ Թագավորության մասին ճշմարտությունը, իսկապես որ, անգին մարգարիտ է։ Մենք վճռել ենք ամեն ինչ անել, որ երբեք չկորցնենք այդ գանձը։