ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 17
Եհովայի օգնությամբ դիմադրիր չար ոգիներին
«Մեր պայքարը.... երկնային ոլորտում եղող ոգեղեն չար ուժերի դեմ [է]» (ԵՓԵՍ. 6։12)։
ԵՐԳ 55 Նրանցից մի՛ վախեցիր
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1. Եփեսացիներ 6։10–13 համարների համաձայն՝ Եհովայի հոգատարության դրսևորումներից ամենասրտառուչը ո՞րն է։ Բացատրիր։
ԵՀՈՎԱՆ տարբեր կերպերով հոգ է տանում իր ծառաների մասին, սակայն նրա հոգատարության դրսևորումներից ամենասրտառուչն այն է, որ նա օգնում է մեզ դիմադրել մեր թշնամիներին։ Մեր գլխավոր թշնամիները Սատանան ու նրա դևերն են։ Եհովան զգուշացնում է մեզ նրանց մասին և տալիս է անհրաժեշտ ամեն բան, որ կարողանանք պայքարել նրանց դեմ (կարդա Եփեսացիներ 6։10–13)։ Եթե ընդունենք Եհովայի օգնությունը և լիովին ապավինենք նրան, կկարողանանք հաղթանակած դուրս գալ այդ պայքարից։ Եվ կունենանք նույն վստահությունը, որ Պողոս առաքյալն ուներ։ Նա ասել է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել» (Հռոմ. 8։31)։
2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Մենք ճշմարիտ Աստծու ծառաներ ենք, ուստի մեզ չափից շատ չեն հետաքրքրում Սատանան ու նրա դևերը։ Մեր առաջնային նպատակը Եհովային ավելի լավ ճանաչելն ու նրան հավատարմորեն ծառայելն է (Սաղ. 25։5)։ Սակայն մենք պետք է տեղյակ լինենք, թե Սատանան հիմնականում ինչպես է գործում։ Ինչո՞ւ։ Որպեսզի նրան չհաջողվի խաբել մեզ (2 Կորնթ. 2։11)։ Այս հոդվածում կքննենք, թե Սատանան ու դևերը գլխավորաբար ինչպես են փորձում մոլորեցնել մարդկանց։ Նաև կիմանանք, թե ինչպես դիմադրենք նրանց։
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՉԱՐ ՈԳԻՆԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ
3–4. ա) Ոգեհարցությունը ի՞նչ է։ բ) Ի՞նչ տարածում ունի ոգեհարցությունը։
3 Սատանան ու դևերը փորձում են մարդկանց մոլորեցնել մեծ մասամբ ոգեհարցության միջոցով։ Դրանով զբաղվողները պնդում են, թե կարող են իմանալ կամ անել այնպիսի բաներ, *
որոնք տրված չեն մարդկանց։ Օրինակ՝ ոմանք պնդում են, թե աստղերի ու մոլորակների դիրքի և այլ բաների միջոցով կարողանում են գուշակել ապագան։ Ոմանք էլ ասում են, թե կարողանում են զրուցել մահացածների հետ։ Կան մարդիկ էլ, որոնք կախարդության կամ մոգության միջոցով թուղթ ու գիր են անում ինչ-որ մեկի։4 Իսկ ի՞նչ տարածում ունի ոգեհարցությունը, և ինչքա՞ն մարդ է հավատում դրա ունեցած ազդեցությանը։ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի 18 երկրներում արված մի հարցման համաձայն՝ դրանց բնակչության մեկ երրորդը հավատում է մոգության և կախարդության ուժին։ Եվ գրեթե նույնքան մարդ էլ հավատում է, որ ոգիների հետ հաղորդակցվելը հնարավոր է։ Համանման հարցում արվել է նաև Աֆրիկա մայրցամաքի 18 երկրներում։ Հարցման արդյունքում պարզվել է, որ դրանց բնակչության գրեթե կեսից ավելին նույնպես հավատում է կախարդության ուժին։ Սակայն Սատանան «մոլորեցնում է ողջ երկիրը», ուստի, որտեղ էլ ապրենք, պետք է զգուշանանք ոգեհարցությունից (Հայտն. 12։9)։
5. Եհովան ի՞նչ կարծիք ունի ոգեհարցության վերաբերյալ։
5 Եհովան «ճշմարտության Աստված» է (Սաղ. 31։5)։ Ուստի տեղին է իմանալ, թե նա ինչ կարծիք ունի ոգեհարցության մասին։ Եհովան ատում է այն։ Ահա թե նա ինչ էր ասել իսրայելացիներին. «Ձեր մեջ չպետք է լինի իր որդուն կամ աղջկան կրակի մեջ այրող, գուշակություն անող, մոգությամբ զբաղվող, նախանշաններ մեկնող, կախարդ, ուրիշներին հմայող, ոգեհարցի կամ գուշակի հետ խորհրդակցող կամ էլ մեռելներին հարցուփորձ անող, որովհետև բոլոր նրանք, ովքեր անում են այս բաները, գարշելի են Եհովայի համար» (2 Օրենք 18։10–12)։ Թեև մենք՝ քրիստոնյաներս, Մովսիսական օրենքի տակ չենք, սակայն գիտենք, որ ոգեհարցության վերաբերյալ Եհովայի կարծիքը չի փոխվել (Մաղ. 3։6)։
6. ա) Սատանան ինչպե՞ս է ոգեհարցության միջոցով վնասում մարդկանց։ բ) Ինչպես բացատրվում է Ժողովող 9։5-ում, իրականում ի՞նչ վիճակում են մահացածները։
6 Աստված մեզ պատվիրել է հեռու մնալ ոգեհարցությունից, որովհետև շատ լավ գիտի, որ Սատանան դրա միջոցով վնասում է մարդկանց։ Այդ զենքն օգտագործելով՝ նա տարատեսակ ստեր է տարածում, ներառյալ այն սուտը, որ մահացած մարդիկ ապրում են հանդերձյալ աշխարհում (կարդա Ժողովող 9։5)։ Սատանան ոգեհարցությունը օգտագործում է նաև մարդկանց վախի մեջ պահելու և ճշմարիտ Աստծուց հեռացնելու համար։ Նա ուզում է, որ ոգեհարցությամբ զբաղվող մարդիկ ոչ թե Եհովային վստահեն, այլ չար ոգիներին։
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԱԴՐԵՆՔ ՉԱՐ ՈԳԻՆԵՐԻՆ
7. Եհովան ինչո՞վ է զինում մեզ։
7 Ինչպես արդեն նշվեց, Եհովան զինում է մեզ անհրաժեշտ տեղեկություններով, որպեսզի Սատանան ու դևերը չկարողանան մոլորեցնել մեզ։ Քննենք, թե ինչպես կարող ենք պայքարել Սատանայի ու նրա դևերի դեմ։
8. ա) Ո՞րն է չար ոգիներին դիմադրելու գլխավոր միջոցը։ բ) Սաղմոս 146։4-ը ինչպե՞ս է քողազերծում մահացածների մասին Սատանայի հորինած սուտը։
8 Կարդա Աստծու Խոսքը և մտորիր դրա շուրջ։ Սա գլխավոր միջոցն է, որով կարող ենք մերկացնել չար ոգիների տարածած ստերը։ Աստծու Խոսքը սրի նման ծվեն-ծվեն է անում Սատանայի ստերը (Եփես. 6։17)։ Օրինակ՝ Սուրբ Գիրքը քողազերծում է այն սուտը, թե մահացածները կարող են հաղորդակցվել կենդանի մարդկանց հետ (կարդա Սաղմոս 146։4)։ Այն նաև հիշեցնում է, որ միայն Եհովան կարող է ճշգրտորեն կանխատեսել ապագան (Ես. 45։21; 46։10)։ Եթե կանոնավորաբար կարդանք Աստվածաշունչը և խորհրդածենք դրա շուրջ, ապա հեշտությամբ կկարողանանք բացահայտել չար ոգիների հունցած ստերը և ատել դրանք։
9. Ի՞նչ արարողություններից ու սովորույթներից պետք է հեռու մնանք։
9 Մի՛ արա որևէ բան, ինչը կապ ունի ոգեհարցության հետ։ Լինելով Քրիստոսի հետևորդներ՝ մենք ոգեհարցության ոչ մի տեսակով չենք զբաղվում։ Օրինակ՝ չենք դիմում ոգեհարցների կամ որևէ այլ ձևով չենք փորձում հաղորդակցվել մահացածների հետ։ Ինչպես քննարկվեց նախորդ հոդվածում, մենք նաև չենք մասնակցում թաղման հետ կապված այնպիսի արարողությունների, որոնց հիմքում հոգու անմահության գաղափարն է։ Բացի այդ, չենք փորձում աստղագուշակության կամ բախտագուշակության միջոցով իմանալ ապագան (Ես. 8։19)։ Մենք քաջատեղյակ ենք, որ այս բոլոր բաները շատ վտանգավոր են, և որ դրանք ուղղակիորեն կապ են ստեղծում Սատանայի ու նրա դևերի հետ։
10–11. ա) Առաջին դարում ոմանք ի՞նչ արեցին, երբ իմացան ճշմարտությունը։ բ) Հաշվի առնելով 1 Կորնթացիներ 10։21-ը՝ ինչո՞ւ պետք է ընդօրինակենք Եփեսոսի քրիստոնյաներին և ինչպե՞ս կարող ենք դա անել։
10 Ձերբազատվիր ոգեհարցության հետ կապ ունեցող բոլոր իրերից։ Երբ առաջին դարում Եփեսոսի բնակիչներից ոմանք, ովքեր ոգեհարցությամբ էին զբաղվում, լսեցին ճշմարտությունը, վճռական քայլերի դիմեցին. «Մոգությամբ զբաղվողներից բավականին թվով մարդիկ իրենց գրքերը մեկտեղ հավաքեցին և ամենքի առաջ այրեցին» (Գործ. 19։19)։ Այս մարդիկ ամեն բան արեցին չար ոգիներին դիմադրելու համար։ Մոգության մասին այդ գրքերը շատ թանկ արժեին։ Բայց նրանք ոչ թե նվիրեցին ուրիշին կամ վաճառեցին դրանք, այլ ոչնչացրին։ Նրանց համար Եհովայի բարեհաճությունը այդ գրքերից անհամեմատ ավելի թանկ էր։
11 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել առաջին դարի այդ քրիստոնյաներին։ Մենք իմաստուն 1 Կորնթացիներ 10։21)։
վարված կլինենք, եթե ձերբազատվենք մեր ունեցած ցանկացած բանից, ինչը կապ ունի ոգեհարցության հետ, լինի դա թալիսման, աչքի ուլունք, պատին փակցված աղոթք, թե այլ առարկաներ, որոնք մարդիկ կրում կամ պահում են չար ոգիներից պաշտպանվելու համար (կարդա12. Մեր ընտրած զվարճությունների վերաբերյալ ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։
12 Ծանրութեթև արա քո ընտրած զվարճությունները։ Հարցրու ինքդ քեզ. «Չե՞մ կարդում այնպիսի գրքեր, ամսագրեր կամ ինտերնետային հոդվածներ, որոնք ոգեհարցության մասին են։ Ի՞նչ երաժշտություն եմ լսում, ի՞նչ ֆիլմեր ու հեռուստածրագրեր եմ դիտում, համակարգչային ի՞նչ խաղեր եմ խաղում։ Դրանց մեջ ոգեհարցություն չկա՞, չկա՞ն վամպիրներ, զոմբիներ կամ միստիկական այլ կերպարներ։ Այնտեղ մոգությունը, կախարդությունը կամ հմայությունը չե՞ն ներկայացվում որպես անվնաս զվարճանք»։ Իհարկե, սխալ կլինի ասել, թե ժամանցի բոլոր ձևերը, որոնցում ներկայացվում են ֆանտաստիկ պատմություններ կամ հեքիաթներ, անպայմանորեն կապ ունեն ոգեհարցության հետ։ Սակայն երբ որոշում ես, թե ինչ զվարճություն ընտրես, վճռիր հեռու մնալ այն ամենից, ինչ Եհովան ատում է։ Մենք ուզում ենք ամեն բան անել, որ «մաքուր խիղճ ունենանք» Աստծու առաջ (Գործ. 24։16)։ *
13. Դևերի մասին պատմություններ պատմելը ինչո՞ւ է սխալ։
13 Դևերի մասին պատմություններ մի՛ պատմիր։ Մենք ուզում ենք ընդօրինակել Հիսուսին (1 Պետ. 2։21)։ Մինչև երկիր գալը Հիսուսը երկնքում էր ապրել, ուստի անհամար պատմություններ գիտեր Սատանայի ու դևերի վերաբերյալ։ Բայց նա չէր պատմում նրանց արածների մասին։ Հիսուսն ուզում էր Եհովայի վկա լինել, ոչ թե Սատանայի գովազդային գործակալ։ Մենք կընդօրինակենք Հիսուսին, եթե դևերի մասին պատմություններ չտարածենք։ Մենք ուզում ենք խոսքով ցույց տալ, որ մեր «սիրտը հուզված է բարի բանից»՝ աստվածաշնչյան ճշմարտությունից (Սաղ. 45։1)։
14–15. ա) Չար ոգիներից ինչո՞ւ չպետք է սարսափենք։ բ) Ի՞նչ ապացույց կա, որ Եհովան այսօր պաշտպանում է իր ժողովրդին։
14 Մի՛ սարսափիր չար ոգիներից։ Այս անկատար աշխարհում մեզ կարող են վատ բաներ պատահել. հնարավոր է՝ վթարի ենթարկվենք, անսպասելիորեն հիվանդանանք, անգամ մահանանք։ Սակայն պետք չէ մտածել, թե այդ ամենի հետևում չար ոգիներն են կանգնած։ Աստվածաշնչում ասվում է, որ «ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժող. 9։11)։ Ինչ վերաբերում է դևերին, Եհովան բազմիցս փաստել է, որ նրանցից շատ ավելի զորավոր է։ Օրինակ՝ Աստված Սատանային թույլ չտվեց սպանել Հոբին (Հոբ 2։6)։ Մովսեսի օրերում Եհովան ձախողման մատնեց մոգությամբ զբաղվող եգիպտացի քրմերին (Ելք 8։18; 9։11)։ Փառավորված Հիսուսը իր Հոր զորությամբ երկնքից վայր նետեց Սատանային ու նրա դևերին։ Իսկ մոտ ապագայում այդ չար ոգիները կգցվեն անդունդը, որտեղից ոչ մեկին չեն կարողանա վնասել (Հայտն. 12։9; 20։2, 3)։
15 Բազմաթիվ ապացույցներ կան, որ Եհովան այսօր պաշտպանում է իր ժողովրդին։ Մի պահ մտածիր. մենք աշխարհով մեկ քարոզում և ուսուցանում ենք Աստծու Խոսքը՝ բացահայտելով Սատանայի չար գործերը (Մատթ. 28։19, 20)։ Կասկած չկա, որ եթե նա կարողանար, կդադարեցներ մեր ողջ գործունեությունը, բայց ի վիճակի չէ։ Ուստի չար ոգիներից չպետք է սարսափենք։ Մենք շատ լավ գիտենք, որ «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տար. 16։9)։ Եթե հավատարիմ ենք Եհովային, դևերը չեն կարող մնայուն վնաս հասցնել մեզ։
ԸՆԴՈՒՆԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՐՀՆՎԻՐ
16–17. Չար ոգիներին դիմադրելու համար ինչո՞ւ է քաջություն անհրաժեշտ։ Բեր օրինակ։
16 Չար ոգիներին դիմադրելու համար քաջություն է անհրաժեշտ։ Մեր ընկերները կամ հարազատները լավ մղումներով գուցե ստիպեն մեզ մասնակցել ոգեհարցության հետ կապ ունեցող արարողությունների։ Սակայն
Եհովան օրհնում է նրանց, ովքեր, քաջություն ցուցաբերելով, հրաժարվում են նման բաների մասնակցելուց։ Նկատի առնենք մեր քույրերից մեկի՝ Էրիկայի օրինակը, ով ապրում է Գանայում։ Էրիկան 21 տարեկան էր, երբ համաձայնվեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նրա հայրը մոգությամբ զբաղվող քուրմ էր։ Հերթական ոգեհարցական ծիսակատարության ժամանակ աղջկա հարազատներն ու շրջապատի մարդիկ ակնկալում էին, որ նա կմասնակցեր դրան և կուտեր իր հոր աստվածներին զոհաբերված կենդանիների մսից։ Երբ Էրիկան հրաժարվեց դա անել, նրա ընտանիքը համարեց, որ նա վիրավորել է աստվածներին։ Նրանք հավատում էին, որ աստվածները կպատժեն իրենց՝ տալով ֆիզիկական կամ հոգեկան հիվանդություն։17 Էրիկայի ընտանիքը փորձեց պարտադրել նրան, որ մասնակցի այդ արարողությանը, բայց նա տեղի չտվեց ու դրա համար ստիպված եղավ հեռանալ տնից։ Վկաներից ոմանք Էրիկային իրենց տուն ընդունեցին։ Կարելի է ասել, որ Եհովան օրհնեց նրան՝ տալով նոր ընտանիք՝ հավատակիցներ, որոնք իսկական եղբայրներ ու քույրեր դարձան նրա համար (Մարկ. 10։29, 30)։ Թեև աղջկա հարազատները հրաժարվեցին նրանից և անգամ այրեցին նրա իրերը, նա նվիրված մնաց Եհովային, մկրտվեց և այժմ ծառայում է որպես ռահվիրա։ Էրիկան չի սարսափում դևերից։ Ինչ վերաբերում է իր ընտանիքին, նա ասում է. «Ես ամեն օր աղոթում եմ, որ հարազատներս նույնպես կարողանան զգալ Եհովային ճանաչելու բերկրանքը և վայելել այն ազատությունը, որ ստանում ենք՝ երկրպագելով մեր սիրառատ Աստծուն»։
18. Եհովային ապավինելով՝ ի՞նչ օրհնություններ ենք ստանում։
18 Ինչ խոսք, ոչ բոլորս ենք բախվում հավատի այնպիսի փորձության, ինչպիսին ունեցավ Էրիկան։ Սակայն բոլորս էլ պետք է ապավինենք Եհովային և դիմադրենք չար ոգիներին։ Եթե այդպես անենք, շատ օրհնություններ կստանանք, և Սատանան չի կարողանա իր ստերով մոլորեցնել մեզ։ Բացի այդ, դևերի հանդեպ վախը մեզ կաթվածահար չի անի։ Եվ իհարկե, այդպես վարվելով՝ կամրապնդենք Եհովայի հետ ունեցած ջերմ փոխհարաբերությունները։ Հակոբոս աշակերտը գրել է. «Հպատակվեք Աստծուն, հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից։ Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակ. 4։7, 8)։
ԵՐԳ 150 Աստծուն փնտրեք, որ փրկվեք
^ պարբ. 5 Լինելով սիրող Հայր՝ Եհովան նախազգուշացրել է մեզ, թե չար ոգիները ինչ վնասներ կարող են հասցնել։ Ինչպե՞ս են նրանք փորձում մոլորեցնել մարդկանց։ Ի՞նչ կարող ենք անել, որ դիմադրենք այդ ոգիներին։ Այս հոդվածում կքննենք, թե Եհովան ինչպես է մեզ օգնում, որ չընկնենք նրանց ազդեցության տակ։
^ պարբ. 3 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Ոգեհարցությունը ներառում է դևերի հետ կապ ունեցող ցանկացած հավատալիք կամ գործողություն։ Դրանով զբաղվող մարդիկ հավատում են, թե մարդու մեջ կա մի անմահ հոգի, որը ֆիզիկական մարմնի մահից հետո շարունակում է ապրել և հաղորդակցվել ողջերի հետ, օրինակ՝ ոգեհարցի միջոցով։ Ոգեհարցության դրսևորումներից են նաև կախարդությունն ու գուշակությունը։ Այս հոդվածում մոգություն բառը կիրառվում է գերբնական չար ուժերի միջամտությամբ արվող գործողությունների իմաստով, որոնցից են թուղթ ու գիր անելը կամ քանդելը։ Այս բառը չի վերաբերում աճպարարությանը, որն արվում է հանդիսատեսին զվարճացնելու համար։
^ պարբ. 12 Երեցները իրավունք չունեն կանոններ սահմանելու զվարճությունների վերաբերյալ։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է առաջնորդվի Աստվածաշնչով մարզված իր խղճով և ինքը որոշի, թե ինչ կարդա, դիտի կամ խաղա։ Ընտանիքի գլուխը իմաստուն վարված կլինի, եթե հավաստիանա, որ իր տան անդամների ընտրած զվարճությունները չեն հակասում աստվածաշնչյան սկզբունքներին։ Ավելի շատ տեղեկությունների համար jw.org® կայքում կարդա «Կա՞ն ֆիլմեր, գրքեր կամ երգեր, որ արգելքի տակ են Եհովայի վկաների համար» հոդվածը (ՄԵՐ ՄԱՍԻՆ > ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ)։
^ պարբ. 54 ՆԿԱՐ։ Հիսուսը՝ որպես հզոր երկնային Թագավոր, առաջնորդում է հրեշտակներից կազմված զորքը։ Նրանց գլխավերևում Եհովայի փառավոր գահն է։