Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Միլֆորդ ծոց

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Նոր Զելանդիա

Այցելություն Նոր Զելանդիա

ԹԵՐԵՎՍ մոտ 800 տարի առաջ էր, որ մաորի ցեղերը, օվկիանոսով հազարավոր կիլոմետրեր անցնելով, բնակություն հաստատեցին Նոր Զելանդիայում։ Այստեղ նրանք տեսան մի երկիր, որը բոլորովին նման չէր Պոլինեզիայի արևադարձային կղզիներին, որտեղից նրանք դուրս էին եկել։ Սա լեռների, սառցադաշտերի, տաք աղբյուրների և ձյան երկիր էր։ Դրանից հինգ դար հետո այստեղ բնակություն հաստատեց մեկ ուրիշ ցեղ, որը եկել էր հեռավոր Եվրոպայից։ Ներկայումս Նոր Զելանդիայի բնակիչների շրջանում ընդունված են և՛ անգլո-սաքսոնական, և՛ պոլինեզիական ծագում ունեցող ավանդույթները։ Բնակչության գրեթե 90 տոկոսը ապրում է քաղաքներում։ Երկրի մայրաքաղաքը՝ Վելինգտոնը, առանձնահատուկ է նրանով, որ աշխարհի ամենահարավային մայրաքաղաքն է։

Ցեխահրաբուխներ՝ Հյուսիսային կղզում

Նոր Զելանդիան շատ բազմազան ու գեղատեսիլ բնաշխարհ ունի։ Ուստի բոլորովին զարմանալի չէ, որ հարաբերականորեն մեկուսացած լինելով հանդերձ՝ այս երկիրը գրավում է զբոսաշրջիկներին. այստեղ ամեն տարի մոտ երեք միլիոն զբոսաշրջիկ է այցելում։

Ցիատեա ցեղի այս արծաթագույն երանգի բուսատեսակը կարող է հասնել մինչև 10 մետր (30 ֆուտ) բարձրության

Մինչև 1948 թ. կարծում էին, թե տակահե չթռչող թռչունը վերացած տեսակ է

Նոր Զելանդիան աչքի է ընկնում կենդանական աշխարհի արտասովոր տեսակներով։ Այստեղ չթռչող թռչունների ավելի շատ տեսակներ կան, քան աշխարհի որևէ այլ վայրում։ Միայն Նոր Զելանդիայում է հանդիպում տուատարան, որը մողեսանման սողուն է և կարող է ապրել մինչև 100 տարի։ Տեղաբնակ կաթնասուններից կան միայն չղջիկների մի քանի տեսակներ և խոշոր ծովային կաթնասունների մի քանի տեսակներ, այդ թվում կետեր ու դելֆիններ։

Եհովայի վկաները արդեն 120 տարի է, ինչ ակտիվ գործունեություն են ծավալում Նոր Զելանդիայում։ Նրանք Աստվածաշունչ են ուսուցանում առնվազն 19 լեզուներով, որոնց թվում են նիուե, ռարոտոնգա, սամոա և տոնգա պոլինեզյան լեզուները։

Մաորիները իրենց ազգային տարազով կատարում են պարային շարժումներով ուղեկցվող մի երգ