Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Կոմելինազգիների ընտանիքին պատկանող հատապտղի վառ կապույտ գույնը

Կոմելինազգիների ընտանիքին պատկանող հատապտղի վառ կապույտ գույնը

ԱՖՐԻԿԱՅՈՒՄ աճում է կոմելինազգիների ընտանիքին պատկանող վայրի թփի մի տեսակ (Pollia condensata), որի փոքրիկ պտուղները աչքի են ընկնում բուսական աշխարհում երբևիցե հանդիպած ամենավառ կապույտ գույնով։ Սակայն այն չունի կապույտ գունանյութ (պիգմենտ)։ Այդ դեպքում ի՞նչն է հատապտղի այդ պայծառ գույնի գաղտնիքը։

Նկատի առնենք հետևյալը։ Հատապտղի կեղևի բջիջների պատերը պարունակում են մանր ցելյուլոզային թելիկներ, որոնք լուցկու հատիկների շարքի նման դասավորված են կողք կողքի և կազմում են շերտեր։ Յուրաքանչյուր շերտ դասավորված է ներքևի շերտի համեմատ որոշակի անկյան տակ, այնպես որ հաջորդաբար վեր բարձրացող շերտերի դասավորությունը նմանվում է պարույրի կամ գալարի։ Թելիկներն ինքնին չունեն կապույտ երանգ։ Գույնը ստացվում է դրանց հատուկ դասավորության արդյունքում։ Այսպիսով՝ հատապտղի պայծառ մետաղական երանգի և վառվռուն գունախաղի գաղտնիքը ոչ թե գունանյութն է, այլ բջիջների յուրահատուկ կառուցվածքը։ Հիմնականում բջիջները կապույտ երանգավորում են ստանում, բայց տարբեր անկյուններից նայելիս դրանցից մի քանիսը կարող են կանաչ, վարդագույն կամ դեղին երանգներ ստանալ, ինչը շերտերի հաստության չնչին տարբերությունների արդյունք է։ Բացի այդ՝ հատապտուղը մոտիկից զննելիս կարելի է տեսնել, որ գունավորումը հարթ ու համաչափ չէ, այլ կետային է, ինչպես համակարգչի էկրանին հայտնվող պատկերը։

Քանի որ այս յուրօրինակ հատապտուղները չունեն գունանյութ, դրանց գույնը չի խամրում անգամ թփից պոկվելուց հետո։ Նույնիսկ կան ավելի քան մեկ դար առաջ հավաքված հատիկներ, որոնք հիմա նույնքան վառ գույն ունեն, որքան նոր հավաքված հատիկները։ Այս հատապտուղը պիտանի չէ ուտելու համար, քանի որ չունի պտղամիս, այլ միայն սերմեր։ Այդուհանդերձ, ինչպես նշում են գիտնականները, դրա վառ գույնը իր անդիմադրելի հրապույրով գրավում է թռչուններին։

Գիտնականները կարծում են, որ այս յուրօրինակ հատապտղի՝ առանց գունանյութի գունավորումը կարող է մղել նորարարությունների՝ սկսած չխամրող ներկերի արտադրությունից մինչև այնպիսի թղթերի ստեղծումը, որոնք հնարավոր չի լինի կեղծել։

Ի՞նչ եք կարծում։ Աֆրիկայում աճող այս հատապտղի վառ կապույտ երանգը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։