Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԼԱՎ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2. Ստեղծեք նպաստավոր պայմաններ

2. Ստեղծեք նպաստավոր պայմաններ
  • Դուք վճռել եք ճիշտ սնվել, բայց անուշահամ պաղպաղակը ձեզ աչքով է անում։

  • Որոշել եք թողնել ծխելը, բայց ձեր ընկերը կրկին ծխախոտ է առաջարկում ձեզ, թեև գիտի ձեր որոշման մասին։

  • Ծրագրել եք ամեն օր մարզվել, բայց ծուլանում եք նույնիսկ ձեր սպորտային կոշիկները հանել պահարանից։

Նկարագրված իրավիճակների մեջ ընդհանրություն տեսնո՞ւմ եք։ Փորձը ցույց է տալիս, որ լավ սովորություններ զարգացնելու և վատ սովորություններից ձերբազատվելու հարցում մեծ դեր ունեն մեր ստեղծած պայմանները և այն մարդիկ, որոնց հետ ժամանակ ենք անցկացնում։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22։3

Աստվածաշունչը խորհուրդ է տալիս հեռատես լինել։ Հեռատեսություն դրսևորելով՝ կխուսափենք այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են խանգարել մեր նպատակներին, և բարենպաստ պայմաններ կստեղծենք դրանք իրագործելու համար (2 Տիմոթեոս 2։22)։ Կարճ ասած՝ խելամիտ կլինի, որ նպաստավոր պայմաններ ստեղծենք մեր նպատակների իրականացման համար։

Այնպես արեք, որ սխալ անելը դժվար լինի, իսկ ճիշտ անելը՝ հեշտ

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

  • Այնպես արեք, որ սխալ անելը դժվար լինի։ Օրինակ՝ եթե ցանկանում եք ձեր սննդակարգից հանել անառողջ սնունդը, աշխատեք խոհանոցում չպահել այնպիսի ուտելիք, որը վնասակար է ձեզ համար։ Այդ դեպքում գայթակղությանը տրվելը շատ ավելի դժվար կլինի։

  • Այնպես արեք, որ ճիշտ անելը հեշտ լինի։ Օրինակ՝ եթե ծրագրել եք առավոտյան մարզվել, ապա նախքան քնելը ձեր սպորտային հագուստը դրեք անկողնու կողքին։ Դժվարը սկսելն է, ուստի այնպես արեք, որ սկսելը հեշտ լինի ձեզ համար։

  • Ընկերների ընտրության հարցում զգույշ եղեք։ Մենք հակված ենք ընդօրինակելու այն մարդկանց, ում հետ ժամանակ ենք անցկացնում (1 Կորնթացիներ 15։33)։ Ուստի նվազեցրեք շփումը նրանց հետ, ովքեր խրախուսում են այնպիսի սովորություններ, որոնցից փորձում եք ձերբազատվել, և ձգտեք շփվել այն մարդկանց հետ, ովքեր կօգնեն ձեզ զարգացնելու լավ սովորություններ։