Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ֆինանսական դրություն

Ֆինանսական դրություն

Շատերը, կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները, կարողացել են նվազեցնել իրենց ֆինանսական խնդիրները։

ՊԼԱՆԱՎՈՐԵՔ ԾԱԽՍԵՐԸ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն, բայց ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակներ 21։5

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ունենալ հստակ ծրագիր ու հետևել դրան։ Ուստի հանգամանորեն պլանավորեք ձեր ծախսերը։ Հիշեք, որ չեք կարողանա գնել ձեր սրտի ուզած ամեն բան։ Ուստի նախքան ծախսելը ծանրութեթև արեք ամեն ինչ։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

  • Ծախսեր արեք ձեր բյուջեի սահմաններում։ Գրի առեք ձեր բոլոր ծախսերը և տեսակավորեք դրանք։ Այնուհետև ծախսի յուրաքանչյուր տեսակի համար որոշակի գումար նախատեսեք։ Եթե մի ոլորտում գերածախս է լինում, ապա վերցրեք մեկ այլ բանի համար նախատեսված գումարից, որպեսզի լրացնեք պակասուրդը։ Օրինակ, եթե նախատեսվածից շատ եք ծախսել մեքենայի վառելիքի վրա, ապա այդ գումարը վերցրեք պակաս կարևոր բանի, ասենք՝ ժամանցի համար նախատեսված փողից։

  • Խուսափեք անտեղի պարտքերից։ Հնարավորության սահմաններում ամեն ինչ արեք, որ պարտք չվերցնեք։ Փոխարենը՝ ձեզ անհրաժեշտ որևէ բան գնելու համար քիչ-քիչ գումար հետ գցեք։ Եթե օգտվում եք կրեդիտային (վարկային) քարտից, աշխատեք ամեն ամիս ամբողջությամբ մարել օգտագործված գումարը, որպեսզի տոկոսներ չվճարեք։ Եթե պարտք ունեք, ապա այն մարելու ծրագիր կազմեք ու պարտաճանաչորեն հետևեք դրան։

    Մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ երբ մարդիկ գնումներ անելիս օգտվում են կրեդիտային քարտերից, սովորաբար ավելի շատ են ծախսում։ Այնպես որ, վարկաքարտից օգտվելիս խոհեմ ու զուսպ եղեք։

 ԶԳՈՒՇԱՑԵՔ ՎՆԱՍԱԲԵՐ ՎԱՐՔԱԳԾԻՑ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ծույլը ձմռան պատճառով չի հերկում. հնձի ժամանակ նա կմուրա» (Առակներ 20։4

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Ծուլությունը կարող է տանել աղքատության։ Հետևաբար աշխատասեր եղեք և, ինչքան հնարավոր է, հանգամանորեն պլանավորեք ձեր ծախսերը, որպեսզի հետագայում կարիքի մեջ չհայտնվեք։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

  • Ջանասեր եղեք։ Աշխատանքը ձեր եկամտի աղբյուրն է, ուստի այն պահպանելու համար եղեք ժրաջան և հուսալի աշխատող։ Գործատերերը գնահատում են ջանասեր աշխատողներին։

  • Ազնիվ եղեք։ Գողություն մի՛ արեք։ Անազնվությունը կարատավորի ձեր համբավը, և հետագայում ձեզ համար շատ դժվար կլինի գործ գտնել։

  • Զգուշացեք ագահությունից։ Եթե շարունակ ձգտեք ավելի ու ավելի շատ գումար վաստակել, ի վերջո կվնասեք ձեր առողջությունը և ուրիշների հետ փոխհարաբերությունները։ Հիշեք, որ կյանքում փողից ավելի կարևոր բաներ կան։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՅԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Կարդացեք Աստվածաշունչը օնլայն. այն առկա է jw.org կայքում հարյուրավոր լեզուներով

ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄԻ՛ ՎԱՏՆԵՔ ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

«Հարբեցողն ու որկրամոլը կաղքատանան, և քնկոտությունը մարդուն ցնցոտիներ կհագցնի» (ԱՌԱԿՆԵՐ 23։21)

ՉԱՓԻՑ ՇԱՏ ՄԻ՛ ՄՏԱՀՈԳՎԵՔ

«Մի՛ մտահոգվեք ձեր հոգիների համար, թե ինչ պիտի ուտեք և ինչ պիտի խմեք, կամ ձեր մարմինների համար, թե ինչ պիտի հագնեք» (ՄԱՏԹԵՈՍ 6։25)

ՄԻ՛ ՆԱԽԱՆՁԵՔ

«Նախանձ աչք ունեցող մարդը հարստության հետևից է ընկնում, բայց չգիտի, որ իր վրա չքավորություն է գալու» (ԱՌԱԿՆԵՐ 28։22)