Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լավ հարաբերություններ ուրիշների հետ. ինչպե՞ս

Լավ հարաբերություններ ուրիշների հետ. ինչպե՞ս

Մեր Արարիչը օգնում է՝ իմանանք, թե ինչպես կարող ենք լավ հարաբերություններ ունենալ ուրիշների հետ՝ լինի տանը, աշխատավայրում թե ընկերական շրջապատում։ Քննենք նրա իմաստուն խորհուրդներից մի քանիսը, որոնք շատերին են օգնել։

Ներողամիտ եղեք

«Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք.... մեծահոգաբար ներել միմյանց» (ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 3։13

Բոլորս էլ սխալվում ենք։ Հնարավոր է՝ վիրավորենք ուրիշներին, կամ էլ նրանք՝ մեզ։ Հետևաբար պետք է ներենք մարդկանց, նաև կարիք ունենք, որ ուրիշներն էլ մեզ ներեն։ Երբ ներում ենք, ազատվում ենք դառնության զգացումից։ Այդպես վարվելով՝ «չարի փոխարեն չարով [չենք] հատուցում» և մեզ վիրավորողին չենք հիշեցնում նրա սխալներն ու թերությունները (Հռոմեացիներ 12։17)։ Իսկ ի՞նչ անենք, եթե վիրավորանքն այնքան խորն է, որ չենք կարողանում չմտածել դրա մասին։ Առանց ուրիշների ներկայության պետք է հարգանքով խոսենք այդ մարդու հետ։ Մենք պիտի նպատակ ունենանք խաղաղություն հաստատելու, ոչ թե ապացուցելու, որ դիմացինը սխալ է (Հռոմեացիներ 12։18

Խոնարհ և հարգալից եղեք

«Խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք» (ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐ 2։3

Խոնարհ և հարգալից մարդու հետ հաճելի է շփվել։ Մյուսները գիտեն, որ նա բարի է, ուշադիր և դիտավորյալ չի վիրավորի իրենց։ Եթե մտածենք, որ  ուրիշներից լավն ենք, և շարունակ մերը պնդենք, լարվածություն կստեղծենք ու վիճաբանության առիթ կտանք։ Մարդիկ կխուսափեն մեզանից, և դժվար թե ընկերներ ունենանք։

Անկողմնակալ եղեք

«Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (ԳՈՐԾԵՐ 10։34, 35

Արարչին հաճելի կլինենք, թե ոչ, կախված չէ մեր ազգությունից, լեզվից, սոցիալական դիրքից կամ մաշկի գույնից։ «Նա մեկ մարդուց [է ստեղծել] մարդկանց բոլոր ազգերը» (Գործեր 17։26)։ Ուստի կարելի է ասել, որ բոլոր մարդիկ եղբայրներ ու քույրեր են։ Երբ ուրիշներին բարությամբ և արժանապատվությամբ ենք վերաբերվում, ուրախություն ենք պատճառում նրանց, ինքներս ենք ուրախանում ու հաճեցնում ենք մեր Ստեղծչին։

Մեղմ եղեք

«Հագեք.... մեղմությունը» (ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 3։12

Եթե մեղմ լինենք, ուրիշները մեր ներկայությամբ չեն լարվի, անկաշկանդ կշփվեն մեզ հետ և անհրաժեշտության դեպքում կուղղեն, քանի որ գիտեն, որ մեղմությամբ կարձագանքենք։ Իսկ եթե որևէ մեկը զայրանա մեզ վրա, մեր հանդարտ պատասխանը կարող է հանգստացնել նրան։ «Մեղմ պատասխանը հեռացնում է ցասումը, բայց ցավ պատճառող խոսքը բարկություն է բորբոքում»,— ասվում է Առակներ 15։1-ում։

Առատաձեռն ու շնորհակալ եղեք

«Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (ԳՈՐԾԵՐ 20։35

Այսօր շատ մարդիկ ագահ են և միայն իրենց մասին են մտածում։ Բայց իսկական երջանկությունը գալիս է առատաձեռն լինելուց (Ղուկաս 6։38)։ Առատաձեռն մարդիկ երջանիկ են, քանի որ ավելի շատ սիրում են մարդկանց, քան նյութական բաները, ինչն էլ մղում է շնորհակալ ու երախտագետ լինել, երբ ուրիշներն են առատաձեռնություն դրսևորում նրանց հանդեպ (Կողոսացիներ 3։15)։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Ո՞ւմ հետ կցանկանամ շփվել՝ ագահ ու անշնորհակալ, թե առատաձեռն ու երախտագետ մարդու հետ»։ Ուրեմն եղեք այնպիսին, ինչպիսին ուզում եք ուրիշները լինեն (Մատթեոս 7։12