Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ

Ներողամտություն

Ներողամտություն

«ՄԱՆԿՈՒԹՅԱՆՍ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ ՈՒ ԳՈՌԳՈՌՈՑՆԵՐ ԵՄ ԼՍԵԼ,— պատմում է Պատրիսիա անունով մի կին։— Ես այդպես էլ չեմ սովորել ներել։ Եվ անգամ չափահաս տարիքում, օրեր շարունակ վիրավորանքը սրտումս էի պահում և չէի կարողանում քնել»։ Այո՛, երբ մարդու սիրտը լի է բարկության և վիրավորանքի զգացումով, նա չի կարող լինել ո՛չ երջանիկ, ո՛չ էլ առողջ։ Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, չներող մարդիկ հնարավոր է՝

  • թույլ տան, որ զայրույթն ու դառնության զգացումը վնասեն ուրիշների հետ ունեցած իրենց փոխհարաբերությունները, ինչի պատճառով էլ թերևս սկսեն մեկուսանալ և միայնության զգացում ունենան։

  • հեշտ վիրավորվեն, չափից շատ անհանգստանան կամ նույնիսկ խոր դեպրեսիայի մեջ ընկնեն։

  • այնքան կենտրոնանան վիրավորանքի վրա, որ այլևս ուրախություն չստանան կյանքից։

  • մեղավորության զգացում ունենան՝ սրտի խորքում հասկանալով, որ ճիշտ չեն վարվում։

  • ավելի շատ սթրես ապրեն և ավելի շատ առողջական խնդիրներ ունենան, ներառյալ արյան բարձր ճնշում, սրտի հիվանդություններ և քրոնիկական ցավեր, օրինակ՝ հոդացավ կամ գլխացավ։ *

Ի՞ՆՉ Է ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ։ Ներողամիտ լինել նշանակում է ներել վիրավորողին, սրտում չպահել զայրույթ, վիրավորանքի զգացում և վրեժխնդիր լինելու ցանկություն։ Ներել չի նշանակում մատների արանքով նայել սխալ արարքին, նսեմացնել դրա լրջությունը կամ ձևացնել, թե ոչինչ չի եղել։ Ընդհակառակը՝ դա լավ կշռադատված որոշում է, որը կայացնելով՝ մարդը ցույց է տալիս, որ սիրում է դիմացինին և պարտավորված է զգում պահպանել խաղաղությունը և լավ փոխհարաբերությունները։

Ներողամտությունը նաև ըմբռնողականության դրսևորում է։ Ներողամիտ մարդը հասկանում է, որ բոլորն էլ սխալվում են, լինի խոսքով, թե գործով (Հռոմեացիներ 3։23)։ Աստվածաշունչը հորդորում է. «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (Կողոսացիներ 3։13

Ուստի զարմանալի չէ, որ ներողամտությունը համարվում է սիրո կարևոր երեսակներից մեկը, իսկ սերը «միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիներ 3։14)։ Իսկապես, ներելը շատ կարևոր է։ Ինչպես նշվում է մի հայտնի բժշկական կայքում (Mayo Clinic), ներողամիտ մարդը՝

  •   ավելի լավ փոխհարաբերություններ է ունենում մարդկանց հետ և կարողանում է ըմբռնողականությամբ ու կարեկցանքով վերաբերվել անգամ իրեն վիրավորողին։

  • մտային և հոգևոր առումով ավելի առողջ է լինում։

  • ավելի քիչ է ունենում անհանգստություն, սթրես և դառնության զգացում։

  • ավելի քիչ է ունենում դեպրեսիայի ախտանշաններ։

ՆԵՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ։ Ինչպես նշվում է բժշկական մի հանդեսում, ինքդ քեզ ներելը «ամենից դժվար բանն է», բայցև «ամենից կարևորը առողջության համար», լինի մտային, թե ֆիզիկական (Disability & Rehabilitation)։ Ի՞նչը կարող է օգնել, որ ներեք ինքներդ ձեզ։

  • Ինքներդ ձեզանից կատարելություն մի՛ ակնկալեք, այլ իրատես եղեք և ընդունեք, որ ինչպես բոլորը, այնպես էլ դուք անկատար եք և անհնար է, որ սխալներ չանեք (Ժողովող 7։20

  • Դասեր քաղեք ձեր սխալներից, որ հետագայում հնարավորինս խուսափեք դրանք կրկնելուց։

  • Համբերատար եղեք ինքներդ ձեր հանդեպ, քանի որ բնավորության որոշ գծերից և որոշ վատ սովորություններից գուցե հնարավոր չլինի անմիջապես ձերբազատվել (Եփեսացիներ 4։23, 24

  • Ընկերակցեք այնպիսի մարդկանց հետ, ովքեր պատրաստ են քաջալերելու, բարի են, դրական մտածելակերպ ունեն և միշտ անկեղծ կլինեն ձեզ հետ (Առակներ 13։20

  • Եթե ցավ եք պատճառել ինչ-որ մեկին, ընդունեք ձեր սխալը և մի՛ հապաղեք ներողություն խնդրել։ Եթե հարթեք խնդիրը, ներքին խաղաղություն կունենաք (Մատթեոս 5։23, 24

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԻՍԿԱՊԵՍ ՕԳՏԱԿԱՐ ԵՆ

Պատրիսիան, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, Աստվածաշունչ ուսումնասիրելու շնորհիվ սովորեց ներել։ Նա գրում է. «Այժմ ես ձերբազատվել եմ դառնության զգացումից, որ թունավորում էր կյանքս։ Այլևս չեմ տառապում և ուրիշներին էլ տառապանք չեմ պատճառում։ Աստվածաշնչի սկզբունքները շատ օգտակար են և ցույց են տալիս, որ Աստված իսկապես սիրում է մեզ և լավագույնն է ցանկանում մեզ համար»։

Ռոն անունով մի մարդ ասում է. «Ճիշտ է, ուրիշների մտքերն ու արարքները չէի կարող վերահսկել, բայց իմը՝ կարող էի։ Եթե ուզում էի խաղաղություն ունենալ, պետք է սրտիցս հանեի վիրավորանքի զգացումը։ Մտածեցի, որ խաղաղությունն ու վիրավորանքի զգացումը կարելի է համեմատել հորիզոնի երկու հակադիր կողմերի հետ՝ հյուսիսի ու հարավի. չէի կարող միաժամանակ լինել և՛«հյուսիսում», և՛ «հարավում»։ Այժմ խիղճս հանգիստ է»։

^ պարբ. 8 Աղբյուրներ՝ «Mayo Clinic» և «Johns Hopkins Medicine» հայտնի բժշկական կայքեր և «Social Psychiatry and Psychiatric Epidemiology» հոգեբանական հանդես։