Կրոնական և բարոյագիտական դիրքորոշում բժշկական թերապիաների և դրանց առնչվող այլ հարցերի վերաբերյալ
Եհովայի վկաները սիրում են կյանքը, ուստի ողջամտության սահմաններում անում են հնարավոր ամեն բան՝ իրենց կյանքը փրկելու համար։ Նրանք որակյալ բուժօգնություն են փնտրում և ընդունում են բուժման ձևերի մեծ մասը։
Աբորտ
Գիտակցաբար դրդել որևէ մեկին աբորտ անելու նշանակում է կանխամտածված վերջ դնել մարդկային կյանքին։ Դա անընդունելի է Եհովայի վկաների համար։ Եթե ծննդաբերության ժամանակ հարկավոր է ընտրել՝ մոր կյանքը, թե երեխայի, ապա դա ծնողների կամ օրինական խնամակալների որոշումն է։
Ալկոհոլ, թմրադեղեր և դեղանյութեր
Աստվածաշունչը չի արգելում ալկոհոլային խմիչքների չափավոր օգտագործումը (2 Օրենք 14։26; Եփեսացիներ 5։18; 1 Տիմոթեոս 5։23)։ Չափավորության և կյանքի ու մտային կարողությունների հանդեպ հարգանքի վերաբերյալ աստվածաշնչյան սկզբունքները բացառում են որևէ բանի չարաշահումը, օրինակ՝ ծխախոտի գործածությունը, զվարճանալու նպատակով թմրանյութեր օգտագործելը։ Բժշկի վերահսկողությամբ թմրանյութը որպես դեղանյութ օգտագործելը, այդ թվում նաև անտանելի ցավերի համար թմրադեղերի կիրառումը անձնական որոշման հարց է։
Աուտոպսիա և հերձում
Մոտ հարազատ(ներ)ը որոշում է, թե արդյոք անհրաժեշտ է աուտոպսիա անել մահվան պատճառը իմանալու համար։
Աուտոտրանսֆուզիա (տե՛ս աղյուսակը)
Եհովայի վկաները վիրահատությունից առաջ աուտոարյուն (սեփական արյուն) չեն տալիս։ Սակայն աուտոտրանսֆուզիայի այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հեմոդիլյուցիան, «սել-սեյվերը», սրտաթոքային սարքը և հեմոդիալիզը անձնական որոշման հարց են։ Պետք է ներարկել անարյուն հեղուկներ։ Ընդունելի կարող են լինել նաև արյան էպիդուրալ փակումը (պլոմբում), պլազմաֆերեզը, արյան պիտակումը և աուտոլոգիական թրոմբոցիտային գելը։ Բժիշկները պետք է նախօրոք պարզեն, թե յուրաքանչյուր պացիենտ որ նյութերը և մեթոդներն է ընդունում։
Եհովայի վկաների դիրքորոշումը դոնորային արյան և աուտոարյան վերաբերյալ
Հակաբեղմնավորիչներ
Աստվածաշունչը չի արգելում բեղմնավորման կանխումը։ Ամուսնացած զույգը առանձին և պատասխանատվության զգացումով պետք է որոշի, թե արդյոք կօգտագործի ընտանեկան պլանավորման պատշաճ մեթոդներ։ Սակայն Վկաները չեն ընդունում այնպիսի հակաբեղմնավորիչներ, որոնք քայքայում են արդեն իսկ բեղմնավորված սաղմը, ինչը հավասար է աբորտ անելուն։
Արյան ֆրակցիաներ (տե՛ս աղյուսակը)
Եհովայի վկաների կրոնը չի բացառում ֆրակցիաների գործածությունը, որը ստացվել է արյան հիմնական բաղադրիչներից, օրինակ՝ ալբումին, իմունոգլոբուլին, արյան մակարդման գործոններ և հեմոգլոբին։ Բժիշկները պետք է նախապես պարզեն, թե յուրաքանչյուր պացիենտ որ նյութերը և մեթոդներն է ընդունում (տե՛ս « Իմունոգլոբուլիններ և շիճուկներ» և « Այլընտրանքային բուժման մեթոդներ»)։
ՓԱՍՏ
Եհովայի վկաները անձամբ են որոշում, թե արյան ֆրակցիաների առնչությամբ բուժման որ մեթոդն է ընդունելի։ Բժիշկները պետք է նախօրոք իմանան յուրաքանչյուր պացիենտի ընտրության մասին։
Արյան փոխներարկում (տե՛ս աղյուսակը)
Եհովայի վկաները չեն ընդունում արյան փոխներարկում՝ հիմնելով իրենց տեսակետը հետևյալ աստվածաշնչյան համարների վրա. «Միայն թե միսը իր հոգով, այսինքն՝ իր արյունով, մի՛ կերեք» (Ծննդոց 9։3, 4)։ «[Դու] դրա արյունը պետք թափես և հողով ծածկես» (Ղևտական 17։13, 14)։ «Հեռու մնալ... պոռնկությունից, խեղդված կենդանիներից և արյունից» (Գործեր 15։19, 20)։ Թեև այս համարները բժշկական տեղեկություն չեն, բայց Վկաները դրանցով բացառում են ամբողջական արյան, էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների և պլազմայի գործածությունը։ Վկա պացիենտները արյան փոխներարկման փոխարեն պահանջում են այնպիսի բուժում, որի ժամանակ կիրառվում են արյան փոխարինողներ (տե՛ս « Այլընտրանքային բուժման մեթոդներ»)։
ՓԱՍՏ
Եհովայի վկաները հավատով բուժումներ չեն անում։
Ոսկրածուծի տրանսպլանտացիա
Քանի որ Աստվածաշնչի համաձայն՝ ոսկրածուծը արյանը համարժեք չէ, ոսկրածուծի տրանսպլանտացիա անել կամ չանելը անձնական որոշման հարց է (Եսայիա 25։6)։
Երեխայի դաստիարակություն, անտեսում և ֆիզիկական բռնություն
Երեխային անտեսելը կամ նրա հանդեպ բռնություն գործադրելը ոչ մի արդարացում չունի։ Ինչ խոսք, երեխային դաստիարակելը, կրթելը ե սիրով ուղղելը շատ կարևոր է նրանց զարգացման ու ձևավորման համար։
Թլփատություն
Քրիստոնեության վաղ շրջանում թլփատությունը այլևս կրոնական նշանակություն չուներ (1 Կորնթացիներ 7։19)։ Հետևաբար, այսօր տղա երեխային թլփատելու հարցը ծնողների անձնական որոշումն է։ Իսկ մանկահասակ աղջիկներին կանացի թլփատության ենթարկելը, ինչը բնորոշվում է որպես սեռական օրգանների հաշմում, համարվում է դաժան և անիմաստ սովորություն։
Որոշում կայացնելու և տեղեկացված լինելու իրավունք
Եհովայի վկաները անհրաժեշտության դեպքում ակտիվորեն բուժօգնություն են փնտրում։ Բազմաթիվ դատարաններ ընդունել են պացիենտի հիմնարար իրավունքը բուժման հետ կապված անձնական որոշում կայացնելու վերաբերյալ և պաշտպանել են ինքնակամ համաձայնության իրավունքը տեղեկացված լինելու իրավունքի սկզբունքի հիման վրա։ Որոշ երկրներում սա վերաբերում է նաև հասուն պատանիներին։
Պացիենտը (կամ ծնողները/երեխաների խնամակալները) պետք է լիովին տեղեկացված լինի ախտորոշման, հիվանդության հավանական ընթացքի և բուժման հնարավոր տարբերակների մասին, որպեսզի տեղեկությունների հիման վրա կարողանա որոշումներ կայացնել։ Ծնողները ունեն թե՛ բնական, թե՛ օրինական իրավունք այդպիսի որոշումներ կայացնելու իրենց փոքրահասակ երեխաների համար։
Եհովայի վկաները արյուն և արյունը չթափած կենդանու միս չեն ուտում (Գործեր 15։20, 28, 29)։ Բացի աստվածաշնչյան այս պատվերից, Եհովայի վկաները սննդակարգի հետ կապված այլ սահմանափակումներ չունեն։
Էֆթանազիա
Տե՛ս « Կյանքի երկարացում և մահանալու իրավունք/կամքի ակտ կամ լիազորագիր»
Իմունոգլոբուլիններ և շիճուկներ
Եհովայի վկաների կրոնը բացարձակ կերպով չի արգելում արյան ֆրակցիաներից պատրաստուկները։ Յուրաքանչյուր Վկա պետք է ինքը որոշի, թե արդյոք կարող է ընդունել իմունոգլոբուլիններ կամ շիճուկներ՝ պատրաստված արյան ֆրակցիաներից։
Օրգանների դոնոր/տրանսպլանտացիա
Թեև Աստվածաշունչը կոնկրետ պատվիրում է արյուն չօգտագործել, սակայն աստվածաշնչյան ոչ մի պատվեր ուղիղ չի արգելում որևէ հյուսվածքի կամ ոսկորի օգտագործումը։ Հետևաբար, որևէ օրգան վերցնել կամ տալը անձնական որոշման հարց է։
Հովվական գործ
Եհովայի վկաները հոգևոր աջակցություն և գործնական օգնություն են տրամադրում իրենց հավատակիցներին հիվանդության կամ հոսպիտալացման ընթացքում։ Այդ պատճառով մեծ քաղաքներից շատերում հաստատվել են հիվանդներին այցելող խմբեր, որոնք կազմված են փորձառու ծառայողներից։
Պլազմաֆերեզ
Երբ պլազմայի փոխարինիչ (օրինակ՝ արհեստական կոլոիդ) է օգտագործվում, ապա պլազմաֆերեզի գործածությունը յուրաքանչյուր Վկա պացիենտի անձնական որոշման հարց է։ Դոնորային պլազման ընդունելի չէ Եհովայի վկաների համար։
Կյանքի երկարացում և մահանալու իրավունք/կամքի ակտ կամ լիազորագիր
Կյանքը սուրբ է։ Այս պատճառով խելամիտ և մարդասիրական ջանքեր պետք է թափել՝ պահպանելու և երկարացնելու կյանքը։ Սակայն Աստվածաշունչը չի պահանջում արտասովոր, բարդ, անհանգստացնող և թանկ միջոցներ ձեռնարկել մահացող անձնավորության կյանքը պահպանելու համար։ Որոշ դեպքերում բժիշկները գուցե գան այնպիսի եզրակացության, որ այդպիսի միջոցները պարզապես ավելի կերկարացնեն մահանալու պրոցեսը և/կամ պացիենտի կյանքը նման դեպքում դառնում է անիմաստ։ Պացիենտի գրավոր բացատրությունը կամ բանավոր հրահանգները պետք է հարգել։
Կրոն և բուժումներ (հավատով բուժումներ)
Եհովայի վկաները հավատում են Աստծուն, բայց հավատով բուժումներ չեն անում։
Կրոնական ծեսեր, արարողություններ և սովորույթներ
Եհովայի վկաները հատուկ ծեսեր ու արարողություններ չեն անում հիվանդ կամ մահամերձ մարդկանց բուժելու համար։ Ողջամտության սահմաններում ամեն ջանք պետք է թափել հիվանդ անհատին բժշկական օգնություն տրամադրելու և հոգևորապես մխիթարելու համար։
ՓԱՍՏ
Շատ երկրներում Եհովայի վկաները իրավական փաստաթղթով լիազորում են որևէ ներկայացուցչի(ների)՝ որոշում կայացնելու կամ բժշկի հետ խորհրդակցելու, եթե պացիենտը ի վիճակի չէ դա անելու։
Վերարտադրողական տեխնոլոգիա
Ամուսնական զույգը կարող է անձնական որոշում կայացնել կնոջ ձվաբջջի (ձվաբջիջների) և ամուսնու սերմնահեղուկի օգտագործմամբ արհեստական բեղմնավորման վերաբերյալ։ Սակայն իրար հետ չամուսնացած անհատների ձվաբջիջով և սերմնահեղուկով դա անելը անընդունելի է (Ղևտական 18։20; Եբրայեցիներ 13։4)։ Սուրագատ հղիությունը նույնպես անընդունելի է։
Ցողունային բջիջների փոխպատվաստումներ
Սաղմի կյանքի գնով վերցված ցողունային բջիջները անընդունելի են Եհովայի վկաների համար։ Սակայն յուրաքանչյուր պացիենտ ինքն է որոշում ընդունել կա՛մ իր սեփական, կա՛մ մեկ ուրիշի արյունից հավաքած ցողունային բջիջները, բայց այն պայմանով, որ արյան բաղադրամասերը միտումնավոր չեն հավաքվել, պահվել կամ վերաներարկվել ցողունային բջիջների հետ։
Փոխարինող կամ ներկայացուցիչ
Շատ երկրներում յուրաքանչյուր Վկա պացիենտ, իր հանգամանքներից և օրենքներից ելնելով, պետք է որոշի, թե ում նշանակի որպես փոխարինող(ներ) կամ ներկայացուցիչ(ներ) այն դեպքերի համար, երբ ի վիճակի չի լինի բուժման հարցերի վերաբերյալ արտահայտել իր կամքը։ Եթե պացիենտը նշանակել է իր ներկայացուցիչներին «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» փաստաթղթում, ապա պացիենտի անկարող լինելու դեպքում ներկայացուցչի կայացրած որոշումները պետք հաշվի առնել ու հարգել (տե՛ս « Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» և « Որոշում կայացնելու և տեղեկացված լինելու իրավունք»)։
Սննդակարգի հետ կապված ուսմունքներ և օրենքներ
ՓԱՍՏ
Շատ Եհովայի վկաներ ընդունում են սեփական արյան գործածության մեթոդներ, օրինակ՝ սեփական արյան պահպանումը ռեինֆուզիայի միջոցով և հեմոդիլյուցիան։
Արյան պիտակում
Որոշ Եհովայի վկա պացիենտներ թույլ են տալիս, որ իրենց արյունից մի մասը հեռացվի, և դրան ավելացվի դեղանյութ տարբեր ախտորոշիչ թեստերի կամ բուժման նպատակով։
Այլընտրանքային բուժման մեթոդներ
Խուսափել արյան փոխներարկումից նշանակում է սիստեմատիկորեն օգտագործել բժշկական այլ մեթոդներ արյունահոսությունը և անեմիան կարգավորելու համար։ Այլընտրանքային այս մեթոդների կիրառության ժամանակ օգտագործվում են դեղամիջոցների համատեղ կիրառում, սարքավորումներ և/կամ վիրաբուժական մեթոդներ արյան կորուստը նվազագույնի հասցնելու կամ դրանից խուսափելու և պացիետի սեփական արյան արտադրությունը խթանելու համար։ Արյան փոխներարկումից խուսափելու այս մոտեցումը երբեմն անվանվում է անարյուն բժշկություն կամ վիրաբուժություն, արյան պահպանում կամ պացիենտի արյան կառավարում։ a
Պատվաստումներ
Եհովայի վկաները դեմ չեն պատվաստումներին և դա համարում են անձնական որոշման հարց։ Նրանցից շատերը որոշում են պատվաստվել։
Լրացուցիչ ինֆորմացիայի համար
Եհովայի վկաները ողջ աշխարհում ունեն ավելի քան 2000 Հիվանդանոցների հետ կապի կոմիտեներ (ՀԿԿ)։ Այս ցանցը վստահելի ինֆորմացիա է տրամադրում արյան փոխներարկումից խուսափելու կլինիկական ստրատեգիաների վերաբերյալ և օգնում է Եհովայի վկա պացիենտներին ստանալու որակյալ բուժօգնություն։
ՀԿԿ-ի անդամներից մեկի հետ կապ հաստատելու համար այցելեք www.jw.org/hy > Տեղեկատվություն առողջապահության ոլորտի աշխատողների համար > Կապ հաստատեք տեղի ներկայացուցչի հետ։
Հիվանդանոցային տեղեկատվական ծառայություն Եհովայի վկաների համար
Հայաստանի գրասենյակ +374 98 400 969 | HID.AM@jw.org
© 2024 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
1/24
a Եհովայի վկաների Հիվանդանոցների հետ կապի կոմիտեները արյան այլընտրանքային բուժման մեթոդների մասին տեղեկություն կարող են տրամադրել բժիշկներին, ինչպես նաև կարող են խորհրդակցության համար հանդիպումներ կազմակերպել այն բժիշկների հետ, ովքեր արդեն փորձ ունեն առանց արյան փոխներարկման պացիենտներին բուժօգնություն ցույց տալու հարցում։