Անցնել բովանդակությանը

Հնագույն արձանագրությունները հաստատում են Իսրայելի ցեղերից մեկի բնակության վայրի մասին աստվածաշնչյան տեղեկությունը

Աստվածաշունչն ասում է, որ երբ իսրայելացիները նվաճեցին և իրենց ցեղերի միջև բաժանեցին Ավետյաց երկիրը, Մանասեի ցեղի տասը տոհմերը հողաբաժին ստացան Հորդանանի արևմուտքում այդ ցեղի մյուս տոհմերից առանձին (Հեսու 17։1–6)։ Կա՞ն արդյոք դա փաստող հնագիտական ապացույցներ։

1910 թ.-ին Սամարիայում հայտնաբերվեց կավե բեկորների մի հավաքածու, որոնց վրա մակագրություններ կային։ Այդ բեկորները (նաև կոչվում են օստրակոններ) պարունակում էին մայրաքաղաքում գտնվող արքունական պալատ ճոխ ապրանքներ, այդ թվում՝ գինի և կոսմետիկ յուղ առաքելու մասին եբրայերենով գրված արձանագրություններ։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 102 օստրակոններ՝ թվագրված մ.թ.ա. ութերորդ դարով։ Սակայն դրանցից միայն 63-ն են լիովին ընթեռնելի։ Այնուհանդերձ, հայտնաբերված բոլոր բեկորների տվյալները ի մի բերելով՝ բովանդակալից տեղեկություն ենք ստանում տոհմերի հետ կապված ամսաթվերի, նրանց անունների, ինչպես նաև այդ ապրանքները ուղարկողների և ստացողների ինքնության մասին։

Ուշագրավ է, որ սամարական օստրակոնների վրա հիշատակված բոլոր տոհմերը պատկանում են Մանասեի ցեղին։ Աստվածաշնչյան հնագիտության վերաբերյալ մի աշխատության համաձայն՝ այդ տեղեկությունը «փաստում է, որ Մանասեի տոհմերը իսկապես բնակվել են Աստվածաշնչում հիշատակված տարածքներում» (NIV Archaeological Study Bible)։

Այս մակագրության մեջ հիշատակված է Նոյ անունով մի կին, որը Մանասեի հետնորդներից էր

Սամարական օստրակոնները նաև հաստատում են Աստվածաշնչի գրողներից մեկի՝ Ամոսի խոսքերի ճշգրտությունը, որն այդ ժամանակաշրջանում ապրող հարուստների մասին ասաց. «[Նրանք] գավաթներից գինի են խմում, օծվում են ընտիր յուղերով» (Ամոս 6։1, 6)։ Խեցու այդ կտորները վկայում են, որ նման ապրանքներ իսկապես ներմուծվել են այն տարածք, որտեղ բնակվում էին Մանասեի տասը տոհմերը։